Լույսի բռնկումներն աստիճանաբար ուժգնանում էին, երբ սկսվում էր հերթական ցնցումային նոպան: Նախքան կուրանալը Ռազմիկը հասցնում էր վերջին անգամ տեսնել աշխարհը, որն անմիջապես թաղվելու էր լույսի անծայրածիր օվկիանոսում: Դա հասարակ արևալույս չէր: Դա կուրացնող էներգիա էր՝ բաղկացած հազարավոր ճաճանչներից, որոնք խլում էին ոչ միայն տեսողությունը, այլև գիտակցությունը:
Երբ սկսվում էին նոպաները, մայրն ամեն անգամ գրկում էր որդուն, շրջում էր կողքի, սպասում, մինչև ցնցումները կհանդարտվեին, հետո պառկեցնում էր անկողնում և աղոթում Աստծուն, որ հաջորդ նոպայի ժամանակ իր զավակից հեռու չլինի: Մորից բացի ոչ ոք չէր կարող օգնել Ռազմիկին, մեղմել նրա ցնցումները: Նույնիսկ դպրոցում, երբ նոպան անսպասելի վրա էր տալիս, դասարանցիները ծիծաղում էին, իսկ ուսուցիչները, վախով մի կողմ քաշված, չէին իմանում՝ ինչպես վարվել նման դեպքերում, թեև գիտեին՝ տղան ընկնավոր է: Միայն մայրական շունչն ու ջերմությունն էր հանդարտեցնում, ապա և՝ գիտակցության բերում Ռազմիկին: Երբ նա ուշքի էր գալիս, ոչինչ չէր հիշում, միայն մտաբերում էր կուրացնող լույսի ճառագայթներում նշմարվող փոքրաթիվ բծերը, որոնք միանում էին իրար, դառնում զիգզագներ և լողում լուսապայծառ օվկիանոսում:
Դեղահաբերով ծանրաբեռնելուց բացի, նյարդաբաններն անզոր էին օգնել տղային: Ինչպես դեղամիջոցը, նույն կերպ և մայրական քնքշանքը, թեև մեղմացնում էր նոպան, բայց վերջնականապես չէր ապաքինում: Դատապարտված լինելով մշտական հսկողության տակ պահել զավակին՝ մայրն ապավինում էր միայն Աստծուն:
Ռազմիկը սիրում էր բակում թրև գալ, սակայն բանտված էր տանը և ընկերներ չուներ: Այն օրից ի վեր, ինչ բակի տղաները տեսել էին Ռազմիկի նոպաները, ցնցումների մեջ ընկնելը, սկսել էին ծաղրուծանակի ենթարկել, մինչև իսկ կապկել նրա շարժումները: Իմանալով այդ մասին՝ մայրն արգելել էր որդուն բակ իջնել: Որպեսզի տղան չձանձրանար տանը փակված մնալով, մայրը մի շեկ կատվիկ էր տուն բերել: Նա վաղուց էր լսել, որ կատուները յուրահատուկ էակներ են. պաշտպանում են չար աչքից, տան մեջ ներդաշնակություն են հաստատում և ապաքինում տարատեսակ հիվանդություններ: Մայրը հույս չուներ, որ կատվի ներկայությունը տան մեջ կնպաստեր որդու առողջության բարելավմանը, բայց վստահ էր, որ Ռազմիկը կունենար մտերիմ ընկեր՝ ի դեմս Շեկլիկի: Այդպես էին անվանել կատվիկին նրա շեկ, երկարուկ և խիտ մորթու համար: Այդ գույնի էին նաև Ռազմիկի մազերը:
Շատ արագ ընտելանալով տանը և ընտանիքի անդամներին՝ Շեկլիկը լիովին տրվել էր չարաճճիություններին: Օրվա գերակշիռ մասը քնած էր մնում, իսկ գիշերները կազմակերպում վազքի մրցում, որի միակ մասնակիցն ու հաղթողն ինքն էր: Իր վրա կենտրոնացնելով տան անդամների ուշադրությունը՝ այնուհետև հաղթանակ էր տանում բարձրացատկի և հեռացատկի մրցումներում: Թռնում էր պահարանին, պահարանից՝ սեղանին, սեղանից՝ հեռուստացույցին, հեռուստացույցից՝ անկողնուն, անկողնուց էլ՝ ուղիղ Ռազմիկի վրա: Արթնացած Ռազմիկն աշխուժանում էր և, մոռանալով քնի մասին, դառնում Շեկլիկի անփոխարինելի խաղընկերը: Նրանք վազվզում, խաղում էին մինչև լուսաբաց, հետո Ռազմիկը պառկում էր քնելու, իսկ Շեկլիկը, մեկնվելով նրա փորին, կամացուկ մռլտում էր ու նույնպես քուն մտնում: Տեսնելով, որ Ռազմիկն արդեն ուներ թեկուզ մեկ, բայց նվիրված ընկեր, մայրն ի սրտե ուրախանում էր: Տղայի նոպաների հաճախականությունն էլ նվազում էր: Ամիսներ անց նոպաներն ամբողջությամբ վերացել էին, և Ռազմիկն ապրում էր բոլորովին այլ կյանքով։ Մայրը, որ նախկինում վախով էր ուղարկում նրան դպրոց, չիմանալով, թե կսկսվի՞, արդյոք, հերթական նոպան, այժմ հանգիստ էր ու անվրդով: Նրա աչքերը, որ վարժվել էին որդուն տեսնել թույլ ու հիվանդ, հիմա տեսնում էին առողջ ու կենսուրախ: Մանկությունը վերադարձել էր իր բնօրրանը, և մայրը համոզված էր, որ այդ ամենում մեծ դերակատարում էր ունեցել Շեկլիկը, և որ հենց նա էր ապաքինել Ռազմիկին:
Կատուն դարձել էր տղայի անբաժան ուղեկիցը: Մայրը մի մեծ, տարողունակ պայուսակ էր գնել, որի մեջ դնելով Շեկլիկին՝ Ռազմիկը հաճախ էր գնում զբոսնելու: Նույնիսկ հյուր գնալիս էր իր հետ տանում Շեկլիկին: Ամեն անգամ, երբ դուրս էր գալիս շենքի շքամուտքից, բակի տղաները քմծիծաղով էին նայում նրա ուղղությամբ և ցանկանալով գրավել ուշադրությունը՝ կապկում էին ցնցումային շարժումները, որոնց մասին նա մոռացել էր: Երբ տեսնում էին, որ իրենց ջանքերը մնում են ապարդյուն, փախցնում էին պայուսակը: Շպրտելով պայուսակը մեկից մյուսին՝ զվարճանում էին կատվի վախեցած մլավոցներից և Ռազմիկի՝ պայուսակը խլելու փորձերից: Նրանք շպրտում էին պայուսակն ու փախչում, երբ հագենում էին իրենց զվարճանքից: Ռազմիկը չէր հասկանում նրանց հակակրանքի պատճառը և գիտակցում էր, որ պետք է համարժեք պատասխան տար, սակայն ակամա շարունակելով մնալ տուժողի կարգավիճակում՝ երկարաձգում էր այդ պատասխանը:
Օրերից մի օր, երբ Ռազմիկի մայրը տուն էր վերադարձել աշխատանք ստանալու նպատակով հերթական հարցազրույցից, Շեկլիկը հասցրել էր նրա ոտքերի արանքով աննկատ դուրս սողոսկել: Կատուն, իր բնազդներին համապատասխան, բաց դուռ տեսնելով՝ նպատակադրվել էր ոչ թե փախչել տնից, այլ` ուսումնասիրել դռնից այն կողմ գտնվող անմատչելի աշխարհը: Ինչպես հայտնի է, կատուների համար որևէ անմատչելի բան չէր կարող լինել: Տեսնելով, որ Շեկլիկը տանը չէ, կինն անհանգստացել էր և շտապել դուրս: Տնտղելով ամբողջ շքամուտքն ու բակը՝ չէր գտել կատվին: Քիչ անց դպրոցից վերադարձել էր Ռազմիկը: Իմանալով կատարվածի մասին՝ սկսեց իր փոքրիկ ընկերոջ որոնումը: Հուսահատ պտտվելով շենքի շուրջը՝ գտավ Շեկլիկին ավտոտնակներից մեկի մոտ: Կենդանին անշարժ պառկած էր, իսկ ավտոտնակի դուռը տեղ-տեղ ներկված էր արյունով: Միայն մորթու գույնով Ռազմիկը ճանաչեց Շեկլիկին՝ գլուխը ջնջխված էր: Նա կռացավ, վախվորած գրկեց իր փոքրիկ ընկերոջ արնաշաղախ մարմինը: Ու միայն արյան նկատմամբ մանկական վախը ստիպեց այդ պահին զսպել կորստի արցունքները:
Նա հեռվից էր նկատել իր կողմն ուղղված չարախինդ հայացքները, բայց չտեսնելու տվեց: Չարախնդացողների խմբում ճանաչել էր Հենդրիկ անունով տղային, որին շրջապատում Հենդուլ էին ասում: Ռազմիկի դեմ ուղղված բուլինգի նախաձեռնողը սովորաբար նա էր լինում: Շարունակելով չտեսնելու տալ զվարճասերներին՝ Ռազմիկը վերցրեց Շեկլիկի անկյանք մարմինն ու տարավ տուն: Տեսնելով սատկած կենդանուն՝ մայրը լաց եղավ` ասես թափելով այն արցունքները, որոնք Ռազմիկը զսպել էր իր մեջ: Մինչ մայրը սգում էր ընտանիքի անբաժան մասը կազմող Շեկլիկի կորուստը, Ռազմիկը խոհանոցից վերցրեց դանակը, թաքցրեց վերնաշապկի տակ ու դուրս եկավ տնից: Մոր հարցին՝ ուր է գնում, Ռազմիկը չպատասխանեց:
Զվարճասերները, որ հավաքվել էին բակի տաղավարում, Ռազմիկին դիմավորեցին իրենց բնորոշ կատակներով: Քայլելով նրանց ուղղությամբ՝ Ռազմիկը վերնաշապկի տակից հանեց դանակը: Զվարճասերների դեմքերից անմիջապես անհետացան ժպիտները, դադարեցին կատակները: Ռազմիկը մոտեցավ նրանց, վերջին անգամ տեսավ զարհուրած դեմքերը. հաջորդ վայրկյանին լույսի անկառավարելի բռնկումներն արդեն կլանել էին դրանք: Ճառագայթներն աղեղների պես տարածվեցին, խտացան, ձևավորեցին ճերմակ մակերես, որի վրա հայտնվեցին տարուբերվող փոքրիկ բծեր: Այդ բծերը միացան իրար, ալիքվեցին, ձուլվեցին լույսի ալեկոծված օվկիանոսում, ապա վերստին հայտնվեցին՝ զիգզագների վերածված: Զիգզագները երանգավորվեցին, հետզհետե դարձան կարմրավուն: Կարմիրը սկսեց կաթել լուսե օվկիանոսի մեջ՝ գունավորելով այն: Օվկիանոսն արդեն ալ կարմիր էր…
