Սկիզբը՝ «ԳԹ», թիվ 15
Դաժան է Կաֆկայի աբսուրդը, Դաժան է Կաֆկան ու նախևառաջ` իր նկատմամբ (գուցե` միա՛յն իր նկատմամբ), միակ վայելքը, որ թողել է իրեն, գրելն է, այստեղ նա անձնազոհ նվիրյալ է, բայց ինչո՞ւ, այն աբսուրդային դաժան ճշմարտություններից հետո, որ ինքն է բացահայտել, գրելն այլևս իմաստ ունի՞… Դժվար է ասել… Նախ` հենց գրելով է բացահայտել, գրելու շնորհիվ, հետո` գուցե գրելը դատավարական ալիբի է իր համար, գուցե ուզում է մնալ ժամանակի մեջ, դրանով փրկվել, չկորսվել անհետ, «խայտառակված»։ Այս վերջինը կարող է ավելի քան զարմանալի թվալ Կաֆկայի դեպքում։ Թեև, ինչո՞ւ է զարմանալի, Ֆրանցը երեխա է, վիրավորված, խռոված երեխա, ուզում է կծել Դատավորի ձեռքը, գրիչով, ուժե՛ղ, որ սպի մնա, իր վրեժն է, ինքնասպանության հասցված երեխայի վրեժը։ Սակայն գուցե Դատավորը, իր թաքուն ցանկությամբ, հենց դա էլ ուզո՞ւմ է Կաֆկայից, գրիչ է տվել ձեռքը, թե` հանիր վրեժդ, պստիկ վրիժառու, հանճարեղ վրիժառու։ Այո, այնպիսի տպավորություն է, որ Աշխարհը մտադրվել էր՝ ինչ գնով էլ լինի` հանճարեղ գրող թխել Ֆրանց Կաֆկա խմորից, որովհետև տեսել էր նրա` այդպիսին դառնալու հնարավորությունը, նրա բացառիկ տեսակը, իրեն ու աշխարհն այդպես տեսնելու, հարաբերվելու, ապրելու և իր դիտանկյունից դա լավագույնս գրառելու տեսակը։ Խեղճ Կաֆկա, խեղճ նահատակ, հաղթած Կաֆկա։
Հետաքրքիր է Կաֆկայի` Դատարանը տարածության մեջ ծավալելու, տեղավորելու մտահղացումը, այն և՛ բուն դատարանական շենքում է` հարակից ինչ-որ միջանցքներով, սենյակներով, ուր ճաշ են եփում, լվացք անում, սիրախաղով զբաղվում, և՛ ուրիշ ինչ-որ տներում է, տանիքների տակ, բակում, փողոցում… Այսինքն, Դատարանն ամենուրեք է, բացի Երկնքից, բայց Երկնքի անունը չտալով` մնացած ամենուրեք լինելը, կարծում եմ, հենց Երկնքի, Երկնային Դատարանի ակնարկն է, հուշումը։ Այսպիսով Կաֆկան միավորում է բոլոր ժամանակների բոլոր անմեղ-մեղավորների մեղքերը, գումարում իր մեղքին և տանում Վեր` Երկնային Դատավարության։
Կաֆկայի ստեղծագործություններից շատերն անավարտ են, օրինակ` «Բույնը» պատմվածքը, բոլոր երեք վեպերը։ Թերևս միայն «Դատավարությունն» է, որ ավարտուն է, թերիի տպավորություն չի թողնում, սակայն, այդուհանդերձ, հեղինակի որոշ ցանկություններ չեն իրագործվել, Կաֆկան ուզել է ևս մի քանի գլուխներով լրացնել վեպը, մի քանի գլուխներ էլ տեղերով փոխել, չի արել, չնայած դրան` վեպը կառուցիկ է, գործողությունները` չխզվող դինամիկ, կերպարները՝ ցցուն, հյութեղ, ասելիքը` հասցված, թերին երևի միայն իրեն է երևացել, մտածում եմ` եթե լրացներ, վեպը գուցե շահեր, սակայն գուցեև հակառակը` տուժեր, ինչո՞ւ եմ այսպես մտածում, որովհետև «Դատավարությունն» ինձ համար լրիվ է, այլևս շահելու տեղ չունի և այնքան արժեքավոր է ու սիրելի, որ չէի ուզենա նրան գրիչ դիպչեր, թեկուզև` հեղինակի գրիչը։
Այլ է մյուս երկու վեպերի խնդիրը, և այդ խնդիրը ֆինալ չունենալն է։ «Ամերիկա» վեպը, որը Կաֆկայի առաջին վեպն է, վերնագիր էլ չի ունեցել, նրա մոտ ընկեր և կենսագիր Մաքս Բրոդն է հետո վերնագրել (Կաֆկան այս վեպի մասին խոսելիս մերթ ասել է` վեպը, մերթ էլ` ամերիկյան վեպը, կամ էլ` «Անհետ կորածը»)։ Սակայն վերնագիրն այնքան էական չէ, ավա՛րտը չկա, մեզ հասել են ավարտի երկու էսքիզային ֆրագմենտներ միայն։ Կաֆկան մի քանի անգամ վեպը լքել է, ժամանակ անց անդրադարձել, ապա դարձյալ լքել։ Այս վեպում, թվում է, Կաֆկայի համար աշխարհը դեռևս տեղ ունի անմեղության, արդարության համար, համընդհանուր, ամենուրեքյան Դատավարության գաղափարը դեռ վերջնականապես ձևավորված, արմատացած չէ նրա աշխարհայացքի մեջ, և սրա պատճառով հայտնված կասկածանքի տվայտանքներն են գուցե խանգարել վեպի ավարտին։
Երրորդ, վերջին վեպը` «Դղյակը», նույնպես ֆինալ չունի, ֆինալի մի տարբերակ Կաֆկան պատմել է Բրոդին, այն է` հերոսը՝ Կ․-ն, Դղյակի գրասենյակների հետ արդարության համար մղած իր պայքարը չի դադարեցնում, սակայն անձնամաշ պայքարից հյուծվում է, մահանում, և հենց այդ ժամանակ Դղյակից կարգադրություն է իջնում` թույլ տալ հողաչափ Կ.-ին ապրել և աշխատել դղյակամերձ գյուղում։ Այս ֆինալով ի՞նչ էր ասվելու, որ, այնուամենայնիվ, կա՞ արդարություն, կա՞ հաշտության հնարավորություն աշխարհի հետ… Չեմ կարծում, հերոսի նկատմամբ այս բարեհաճությունը ավելի շատ հեգնանքի է նման, ծաղրի, ես, օրինակ, այլ կերպ եմ տեսնում հեղինակի հուշած ֆինալային տարբերակը` Դղյակը հողաչափ Կ.-ի մահվան լուրն իմանալուց հետո՛ է միայն, որ իջեցնում է իր բարեհաճ կարգադրությունը, որովհետև մերժելու կարիք այլևս չունի, բարեգութ ու արդարամիտ ներկայանալու պատեհ առիթ է ընձեռվել, Կ.-ի մահվան, ասել է թե` սպանության մեղքն իրենից հեռացնելու հնարավորություն։
Կաֆկայական այս անավարտությունների մեջ յուրատեսակ հմայք կա, մասնակցության հրավերի հմայք, կարող ես մտովի լրացնել-ավարտել անավարտ թողած գործը` ելնելով Կաֆկայի աշխարհայացքից, տեսակից, փորձից, կարող ես քեզ մի քիչ Կաֆկա զգալ, կարող ես նաև ըստ քեզ հանգուցալուծել՝ ելնելով քո փորձից, տեսակից ու պատկերացումից, այնպես` իբր դու ես գրել վեպը ու հիմա պիտի վերջնագիրը տաս, կարող ես եզրակացություններ անել, համեմատել, վիճաբանել Կաֆկայի հետ, ընկերանալ, դրա հնարավորությունը նա թողել է քեզ։ Օրինակ, փորձենք ավարտել «Բույնը» պատմվածքը․ մտածենք` արդյո՞ք գետնափոր Դղյակի տեր գազանիկը կհանդիպի նորահայտ հարևանին, թե՞ միայն լսելով է հարաբերվելու, իսկ եթե հանդիպեն, հանդուրժողականություն, հաշտություն կկայանա՞, հարևանություն կանե՞ն, թե՞ միմյանց բուկ կկրծեն տարածքի համար կռվում, թե՞ Կաֆկա-գազանիկը կթողնի-կհեռանա` իր համար նոր Դղյակ փորելու, թե՞ խաղաղ մենության մեջ ապրելու հնարավորությունը չիրագործվող պատրանք համարելով, հոգնած ու հուսահատ` ինքնասպան կլինի կամ ինքնասպան լինելու անկարող` այնպես կանի, որ Դատավարության առաջ հայտնվի ու դատապարտվի մահվան։ Բացի անավարտությունների խաղից, Կաֆկան մեզ հրամցրել է նաև այլաբանությամբ վարագուրած բազմաթիվ արտահայտություններ, բանաձևեր, կարող ես, իհարկե, «չխաղալ», ասել` դե աբսուրդ է, ինչ փնտրեմ` ինձ տանջեմ։ Բայց այդպես չէ, կաֆկայական աբսուրդի տակ տրամաբանելի լուծումներ կան, պատճառահետևանքային կապեր, բանալիներ, Կաֆկան այսբերգի արտաքին, երևացող մասն այնպես է կառուցել, որ գայթակղում է` խորք գնալ, փնտրել։ Օրինակ, «Դատավարության» դատարանի քահանան ասում է Յոզեֆ Կ.-ին՝ «Դատարանին քեզնից ոչինչ պետք չէ, նա ընդունում է քեզ, երբ դու գալիս ես, և բաց է թողնում, երբ գնում ես»։ Ի՞նչ է սա, հիմա դու ազա՞տ ես, թե՞ այնուամենայնիվ Դատի տակ, ընտրության հնարավորությո՞ւն ունես, թե՞ խաբում, միամտացնում է… Անձամբ ես այսպես եմ կարծում` Դատարա՛նը չի քեզ մեղադրում, դո՛ւ ես, որ մեղքեր ես առել վրադ, որ քեզ մեղավոր ես զգում, որ ընդունում ես մեղավոր լինելդ, ուստի, քեզնից անկախ էլ, ակամա էլ, ի վերջո, գալիս ես Դատարան, և նա քեզ ընդունում է, իսկ երբ հաջողում ես ինքդ քեզ խաբել, թե` այնուհանդերձ մեղավոր չեմ, թողնում է՝ գնաս, բայց արդեն Դատարանն էլ գիտի, դու էլ գիտես, որ վերադառնալու ես։ Սակայն եթե Դատարանը քեզ չի սպառնում, դու ինչո՞ւ ես ինքնակամ մտնում Դատի տակ, քե՛զ պահիր քո մեղքը, ինքդ դատիր քեզ… չե՞ս կարող, սեփական դատարանը կարող է կողմնակա՞լ լինել… Հարց է, խնդիր… Ու այսպես` խնդիրներ, հարցեր, խնդիրներ, և բոլորը` մեր մասին, մեր ներսի, մեր էության, մեր կորիզի, և խորանալով (Կաֆկայից խթանը ստացել ես)` կարող ես շատ հեռուներ հասնել` ելնելով այն բանից, թե ընդունո՞ւմ ես քո Դատավարությունը, ի՞նչ չափով ես ընդունում, ո՞րն ես ընդունում, ո՞րը թողնում, թե՞ մերժում ես առհասարակ, ո՞նց ես գնալու Երկինքներ՝ ապաշխարելո՞վ, թե՞ վրեժխնդրւթյամբ ծարաված…
Տոլստոյը կամ Հեսսեն, Ջոյսը կամ Մաննը իրենց վեպերն անֆինալ չեն թողել (էդ էր պակաս), ավարտած-լուծած, անթերի, սիրունիկ-կոկիկ փաթեթավորած հրամցրել են։ Մի կողմից մեծ վարպետության ու նաև հարգանքի դրսևորում է, բայց մյուս կողմից` քեզ թողել են ներքևում, իրենք իրենց կատարելության բարձունքից մեծամիտ, մերժում-կասկած չընդունող հայացքով են նայում, քեզ անելիք չեն թողել, ընկերության չեն հրավիրում։ Իսկ Կաֆկան ընկեր է, քեզ իր կողքին տեղ է տալիս, հավասարը հավասարի, ասում է` արի միասին նայենք այս աշխարհին, արի միասին ապրենք այս «խայտառակությունը», միասին ապրենք Դատավարությունը։
Կաֆկայի համար իր ֆինալային և այլ թերացումները, ըստ ամենայնի, մշտական տվայտանքների ցավ են եղել, իբր` այդպես էլ լիարժեք վեպ չգրեցի, պարտվեցի (գուցե սա է պատճառը, որ պատվիրել է այրել ձեռագրերը)։ Անձամբ ինձ համար` սա նրա հմայիչ բացառիկության ներկապնակի ևս մի երանգն է։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ ֆինալ չունեցան նրա կարևոր ստեղծումները, կարող էր, չէ՞, բանականությանը «զոռ տալով»՝ իրեն ավելի հարազատ տարբերակ ընտրել և ավարտ կառուցել։ Բայց չարեց, գրողական հմտությունն ու փորձը կզորեին, բայց չարեց, Կաֆկան ազնիվ է, Կաֆկան իրեն կեղծիք թույլ չի տա, ոգեշնչումով ուղղորդվելու, արվեստին չդավաճանելու, պրոֆեսիոնալիզմի աստիճանին ոտք չդնելու իր հավատամքին Կաֆկան չի դավաճանի, առանց ոգեշնչումի, ինտուիցիոն զգայա և մտաճառագումների չի կամեցել դիպչել իր ստեղծումներին, իսկ ոգեշնչումը, ինտուիցիան երևի միշտ չէ, որ ճիշտ ժամանակին ու բավարար չափով են այցելել, ուստի, թողել է հետոյի, սպասել է նոր բարեբախտ այցելության։ Իսկ «հետոն» հապաղեց, Դատավճիռը վազանցեց` ավելի շուտ այցելեց…
Ասում են` Կաֆկան ընկճախտ է բերում։ Ես այդպես չեմ մտածում` Կաֆկան ընկճանք չի բերում, հակառակը, փոխանցելով իր սեփական փորձը, կիսվելով, վստահելով` պատրաստում է մեզ հանդիպելու մեր աբսուրդին, մեր Դատավարությանը, որ անակնկալի չգանք։ Կաֆկան ամրացնում է նրանց, ովքեր ունեն ամրանալու ներուժ, բայց դժվարանում են գտնել իրենց ու իրենց տեղը Դատավարության մեջ, միևնույն ժամանակ նա միավորում ու սատարում է նրանց, ովքեր իրենց տեսակով մենակյաց են, ընկճանքի հակված, ասում է` թեև մենակ ես, բայց մենակ չես, ես քեզ հետ եմ, ես ձեզ հետ եմ, միասին ենք, իսկ միացյալ թուլությունն արդեն թուլություն չէ, ուժ է, ասում է` աշխարհն այս է, տոքսիկ է, աբսուրդային է, բայց պիտի ապրենք մեր Դատավարությունը, որպեսզի պատրաստված գնանք մեր Դատավճռին։
Համամիտ եմ, հեշտ չէ Կաֆկա կարդալը, ինչ-որ տեղ գուցե, այո, դաժան է, որոշ դեպքերում` ձգձգված, կրկնվող։ Սակայն նա չի գրել, որ իրեն կարդալով` վայելք ապրենք, ինքը ոնց ապրել, ինչ ապրել է` այն էլ փոխանցում է, չի խաբում` մեր քիմքին հաճելի լինելու կամ գոնե տհաճ չլինելու համար։ Ապրել է տառապելով, գրել հրճվանքով, գրելու պրոցեսն իր վայելքն էր, իրենն էր, գուցե միակ բանը, որ իրենն էր, իրենով էր կառավարվում (իր կյանքն էլ իրենն էր, բայց ի՛նքը չէր կառավարում, ուստի, այնքան էլ իրենը չէր), գրելը իրեն հասկացող, իր մենությունն իր հետ կիսող ընկեր էր, իր «խայտառակության» արդարացումը, ոգեշնչման հորձանքը թղթին իջեցնելու` գրականություն ստեղծելու հրճվանքը։ Դե իսկ մենք… մենք ի՞նչ, մենք` ոնց կուզենք։ Խնդիրն այն է` կուզե՞նք, թե՞ կխուսափենք։ Սակայն փորձել, կարծում եմ, պետք է` Ֆրանց Կաֆկայի բացառիկ տեսակին ծանոթանալու, իր տեսած ուրիշ, աբսուրդային աշխարհը տեսնելու, այն իր հետ ապրելու, քո ապրածի հետ համեմատելու, քո տեսակը շոշափելու, շոյելու կամ ապտակելու համար, Դատավարությունը ճանաչելու համար, այն ակնածանքով կամ վախով դիտարկելու համար, կամ էլ բացահայտելու, որ վրան թքելու համարձակությունն ունես։
Նկատել եմ` հայերս, մեծամասամբ, զգուշանում ենք, խուսափում ենք Կաֆկայից, չենք սիրում Կաֆկայի գրականությունը, բայց քանի որ համաշխարհային ճանաչում ունի, սնոբորեն երկրորդում ենք` «Օ՜, Կաֆկա»։ Մեր երակներում, այնուամենայնիվ, պահպանվում են արևի աստծո ճառագները, նաև` արևային երկրի բնակիչներ ենք, մեր ներսում և դրսում պլպլացող արևը փախցնում է մեր տեսողությունը իրականության խորքային, մութ ուրվագծումներից, արդյոք նաև այս պատճառով չէ՞, որ, արևի լույսով միամտված՝ մեծամասամբ ճիշտ չենք գնահատում աշխարհի վերաբերմունքները, անպատրաստ ենք դիմավորում մեզ պատուհասող արհավիրքները։ Թող զարմանալի չթվա` կաֆկայական Դատավարության աբսուրդը մեծ չափով հենց հայերիս է վերաբերում (հավաքական Յոզեֆ Կ., չէ, Հովսեփ Կ.), մեզանում ընդունված «հայի բախտ» եզրույթն արդյոք աբսուրդի ճանաչումը չէ՞… Նայենք, արդյո՞ք մենք Դատավարության աբսուրդի մեջ չենք գոյում հարյուրամյակներ շարունակ, և Դատավճռի սպառնալիքը մշտապես կախված չէ գլխներիս, արդյոք մեզ մի՞շտ է հասկանալի Վերին Ատյաններում պարբերաբար դադարող-վերսկսվող Դատավարությունը մեր նկատմամբ… Արդյո՞ք Դղյակը վերջապես բարեհաճ Կարգադրություն կիջեցնի մեզ համար և այն ուշացած չի լինի, և մենք, մեր լայնարձակ հրաշալի տարածքներից քշված, արդյոք վերջապես խաղաղ, ապահով գոյությամբ կհաստատվե՞նք մեր այս վերջին, պստիկ «Դղյակում»…
