Ջ ՈՒ Ղ Ա
Ժամատեղերն խափանեցաւ,
Պաշտօնեից ձայնն հատաւ,
Լոյսն ու կանթեղքն խաւարեցաւ,
Պայծառութիւնն աւեր դարձաւ…
Դավիթ Գեղամեցի. Ողբք ի Ջուղայ
*
Կեսգիշեր է, տոթ:
Կապան-Երևան գնացքի հոգնած
Ուղևորները
Նիրհում են արդեն՝
Անվերջ կրկնվող թխկոց-չխկոցից
Եվ «եմիշ» ծախող շրջմոլիկների
Միալար ձայնից
Մի կերպ ազատված…
Իսկ մենք երկուսով չենք ուզում քնել.
Այնպես ենք ուզում Ջուղա քաղաքը
Տեսնել այս գիշեր,
Մեր կորած երկրի լքված հեքիաթը
Լսել այս գիշեր,
Այնպես ենք ուզում, որ թեկուզ մի պահ,
Թեկուզ մի վայրկյան
Փշալարերը շան նման հսկող
Լուսարձակներն այս
Հանկարծ, պատահմամբ
Այս խավար կիրճը լույսով ողողեն,
Որ գիշերային տեսիլքի նման
Հայտնվի Ջուղան մեր աչքի առաջ՝
Ծաղկած քարերի հրաշք անտառով,
Պոմբլոզի ժամով,
Սուրբ Գևորգ վանքով…
. . . . . . . . . . . . . .
Բայց, ավա՛ղ, Ջուղան երազ է մնում,
Լուսաստղը մարում, և լույսն է բացվում,
Մեր պատուհանից միայն Արաքսն է
Որդեկորույս մոր հին ողբը երգում…
Իսկ ընկերուհիս պատուհանի տակ
Ննջում է արդեն.
Երազի մեջ է Ջուղա քաղաքի
Հրաշքը տեսնում…
1986
*
Արաքսի աջ ափով
Ջուլֆա-Դարաշամբ խճուղով անցնելիս
Հանդիպակաց ափին,
Պղնձագույն-խորհրդավոր կիրճում
Ջուղայիս վիրավոր խաչքարերը տեսա՝
Թեքված, շուռ տված…
Ջարդած ու գետը նետած…
Տեսա… և հին վերքս տնքաց կրկին,
Ճեղք տվեց Վիշապասար լեռան նման…
Եվ այդ հուսահատ պահին՝
Որպես բալասան անամոք իմ վերքին,
Իրանյան ափում,
Ծաղկանկար քարերի
Խոշտանգված անտառի դիմաց,
Հովվի վեհատես մատուռը տեսա՝
Խնամքով նորգված մի բարեգութ ձեռքով:
Տեսա, և դառնաղի արցունքներիս միջից
Օրհնեցի Իրանը
Եվ աղոթեցի իմ դրացու և եղբոր համար…
2001
*
Մռայլ, դժնդակ այն դեկտեմբերին,
Երբ հանդարտ ձյուն էր մաղում
Գողթնիս երփներանգ լեռներին,
Երբ արդեն չորս դար
Ջուղայիս շիրմատան ննջեցյալները
Քնած էին հավերժական քնով՝
Աշխարհի չար ու բարուց,
Հողի առուծախից,
Հայրենազրկման գույժ ու տառապանքից
Անմասն ու անտեղյակ,
Մի վայրենի ոռնոց հանկարծ խզեց
Լռությունը իմ սուրբ ավերակաց:
Եվ ծանոթ խուժանի
Չարագործ ձեռքը
Այս անգամ
Մեռյալներին հասավ՝
Նրանց անմեղ շիրիմներին հանգչող
Անձեռակերտ-անտես խաչքարերին…
Կա՛նգ առ, մարդատյա՛ց գազան,
Այստեղ ննջում է մի ողջ պատմություն,
Մի ողջ մշակույթ մի հին ազգի,
Որի գինը երբեք չես հասկացել
Եվ չես հասկանալու երբեք…
Այս ծաղկանկար քարերի ներքո,
Որ փշրվում են քո բիրտ մուրճի տակ,
Մի պատվախնդիր խոջա է ննջում,
Մի բարեգործ իշխան,
Մի ազնիվ գրիչ-ծաղկող
Կամ ոսկեձեռիկ մի գրչուհի,
Որոնց շնորհներն աստվածատուր
Այնքան խորթ են քեզ
Ու քո բիրտ ցեղին…
Կա՛նգ առ, հեռո՛ւ գնա
Հալածվածի պաշտպան և ատենահաս
Իմ Սուրբ Գևորգ վանքի
Դեռ հավերժող սրբատաշ քարերից,
Ում հատուցումից չես փրկվելու
Քո ողջ ցեղով-ցեղախմբով
Երբեք…
2005
