Սիլվի Ռիեսկո Բերնիեր

Սիլվի Ռիեսկո Բերնիերը իսպանացի բանաստեղծ է, Լեզուների պաշտոնական դպրոցների դասախոս և լեզվաբանության դոկտոր։ Մադրիդի գրողների միության փոխնախագահն է և Խաղաղության դեսպան (2019)։ “La magia de la leche”, “Poemocionario en ti”, “También yo”, “A las 8 en tu ventana” գրքերի, ինչպես նաև երկու մանկական գրքերի հեղինակն է։

 

ԵՐԲ ՄԻ ՐՈՊԵ ՈՒՆԵՆԱՄ

Կարգի կբերեմ եղունգներս
(անհամաչափ սոխեր),
երբ մի րոպե ունենամ:

Կկտրեմ այս մազափունջը,
որ չտարբերվի մյուսներից,
երբ մի րոպե ունենամ:

Դուրս կգամ ինչ-որ անկարևոր գործով,
առանց «համենայնդեպս»-ի ուսապարկի,
երբ մի րոպե ունենամ:

Կհասնեմ
նամակներին, սերիալներին, ընթերցանությանը,
երբ մի րոպե ունենամ:

Կում կանեմ թեյից՝
«դանդաղության համը» վայելելով,
երբ մի րոպե ունենամ:

Դադար կառնեմ՝ զանգելու քեզ,
լսելու քեզ առանց լարվելու,
երբ մի րոպե ունենամ:

Կնայեմ հայելուն
հակա-կնճիռային ժպիտով,
երբ մի րոպե ունենամ:

Եվ կգա գիշերը,
խոստումը հորիզոնների,
որոնք ինձ հետ կփլվեն
սպառված՝
ընդամենը մի րոպեում:

 

***

«Մամա», երբ կանչում է:

«Մամաա՜»՝ երբ պատմում է:

«Մամաաաա»՝ երբ բողոքում է´

«Մամա´-մամա´»՝ երբ շտապ է:

«Մամի»՝ երբ ցավում է

կամ իսկապես սիրում է:

«Մմմմամաամա»՝ երբ վախենում է,

«Մա-մա´»՝ երբ զայրանում է:

«Մամիտա»՝ երբ շոյում Է:

«Մամա».

Կարճ, հենց այդպես,

Երբ նայում է աչքերիս,

և իմաստ է ստանում մնացած ամեն ինչ:

 

ԱՐԴԵՆ

«Արդենը» եկավ արդեն.

Աննակատ:

Անտեսանելի:

Արդեն:

 

Արդեն ինձ տեսնում ես, երբ նայում ես ինձ,

Արդեն գտնում ես ինձ իմ բույրով,

Արդեն լոգանք ընդունելը ճոխություն չի,

Արդեն ինքնուրույն ես շրջվում տեղում:

 

Արդեն չեմ դողում ամեն շրջադարձին,

Արդեն առանց երգ ես քնում,

Գիշերվա կեսին են այցերն արդեն,

և երբեմն՝ քո անկողնում:

 

Արդեն չկան տակդիրներ, անձեռոցիկներ,

Արդեն պատառաքաղից ես օգտվում,

Երբեմն ուտում ես ծնկներիս նստած,

Արդեն անմեջք աթոռին ես նստում:

 

Արդեն խոսում ես վարժ, սահուն,

Արդեն կամակոր ես, ըմբոստ

Արդեն գիշերները երկար չեն այնքան,

Ոչ  էլ ճամփորդելը՝ առաքելության պես մի բան:

 

Արդեն մոռանում եմ՝ քաշդ ինչքան է,

Արդեն գաղտնաբառերն եմ մտապահում,

Արդեն ընտրում ես քո հագուստը,

Արդեն բարձրակրունկներ եմ հագնում:

 

Արդեն մաքուր է զգեստս, թե սպիտակ չի,

Արդեն ուսիս չունեմ ուսապարկ,

Արդեն նկուղում է սայլակը,

Արդեն լուսանկարներում ես էլ կամ:

Արդեն նկարում ես գույներով՝

Մի րոպե, նույնիսկ երկուսը,

Արդեն մազափունջնս սանրված է,

Արդեն հավաքում ես քոնը, կամ՝ ոչ:

 

Արդեն ունես հազար գաղափար,

Արդեն հարցնում ես՝ ինչո՞ւ,

Արդեն կարողանում եմ կենտրոնանալ

Երկու… համարյա երեք վայրկյան…

 

Արդեն բառերս նամակներ են,

Արդեն քոները՝ խրատ,

Արդեն հերթով չի սեղանի շուրջ նստելը,

Արդեն տխությունդ ցավ է ինձ համար:

 

Արդեն զգում եմ այնքա՜ն խոր

Պարանի պտույտը նորեն,

Ու ծնվում է քո շուրթերից.

-Ես մեծացել եմ արդեն:

Թարգմանությունը իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Նաև ես»/También yo/, Dilema 2023