Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ճի՞շտ է հարցադրումը։ Ճի՞շտ է արվեստի որևէ ճյուղ, ընդսմին գրականությունը, սահմանել (սահմանափակել) սեռով։ Համենայնդեպս, եթե «Կինը, որը երգում է» (կամ պարում է, կամ դեր է կատարում) սահմանումը թվում է արդարացված՝ վերաբերելով նախ և առաջ արվեստագետի ֆիզիկականին (ձայն և մարմին), «Կինը, որը գրում է» (կամ նկարում է, կամ բեմադրում է)՝ ֆիզիկականից անդին, ուստիև՝ ավելի բարդ է։

Կանանց (կնոջական) գրականության վերաբերյալ քննարկումները հավերժ են։ Հնչել են բյուրավոր իրարամերժ կարծիքներ։ Մինչև անգամ անցյալ դարում տվյալ երևույթի մասին սահմանվել է հատուկ եզրույթ (գինոկրիտիցիզմ), և դա ստեղծել է կինը (ճիշտ մարտի 8-ի պես)՝ այդպիսով ևս մեկ առումով իրեն առանձնացնելով հակառակ սեռից։ Բայց մի կողմից հասկանալի է այդ «անկախանալու» ձգտումը՝ հաշվի առնելով տղամարդակենտրոն աշխարհի դարավոր վերապահությունը (մեղմ ասած) կնոջ ստեղծագործության հանդեպ։

Շատ տարիներ առաջ գրասեր-գրական մի միջավայրում արտասանում էինք մեր սիրած բանաստեղծությունները։ Հնչեց մեր մի բանաստեղծուհու գործերից մեկը, և ես ասացի, որ ոճից անմիջապես զգացվում է, որ գրողը կին է։

– Այսինքն՝ թույլ է,– անմիջապես հարեց ներկա մի բանաստեղծ։

Մինչդեռ իմ նկատառումը վերաբերում էր բոլորովին ուրիշ բանի՝ ձայնի, ոճի, «գույնի» տարբերությանը՝ մինչ այդ հնչած բանաստեղծություններից…

Եվ չարչրկված «Ինչո՞ւ չկան հանճարեղ կին գրողներ (նկարիչներ, կոմպոզիտորներ, բեմադրիչներ)» հարցին միշտ կեսկատակ տալիս եմ թերևս նույնպես չարչրկված պատասխանը. «Որովհետև ի տարբերություն կնոջով ներշնչվող տղամարդ ստեղծագործողների՝ կանայք չունեն ներշնչանքի նման աղբյուր»։

Այս հարցադրումը մշտապես կքննարկվի, բայց հիմա ուզում եմ ասել՝ ո՞վ է հա՛յ կին գրողը…

Նա հերոս է։ Հատկապես՝ հեռու և մոտիկ անցյալում ապրածները։ (Ճիշտ մեր առաջին դերասանուհիների պես)։ Համաշխարհային պրակտիկայից լսե՞լ եք, որ միանձնուհի բանաստեղծուհին սերունդներ կրթի վարագույրի ետևից, ինչպես Սահակդուխտ Սյունեցին է վարվել ութերորդ դարում։ Կամ գեղագրուհի բանաստեղծուհին ամուսին ընտրի ոչ թե թեկնածուներից ամենագրավիչին կամ ուժեղ ու քաջին, այլ՝ նրան, ով կկարողանա գեղագրության մեջ հավասարվել իրեն, ինչպես Ալիծ Տարսոնացին է վարվել 13-14-րդ դարերում։ Հերոս է Սրբուհի Տյուսաբը, որն «արմենուհիներին» ցանկանում էր տեսնել կրթված, աշխատող, մերժում էր բռնի ամուսնությունն ու պաշտպանում ազատ սերն ու ընտրությունը։ Հերոս է Զապել Եսայանը, որը կարևորեց կնոջ՝ աշխարհում գործոն բարերար տարր դառնալու գաղափարը։ Հերոս է Լասը, որը նացիստական համակենտրոնացման ճամբարում անգամ մինչև նահատակությունը շարունակում էր ստեղծագործել պատահական թղթերի վրա… Ցանկը կարելի է շարունակել։

Երբ նոր գիրք եմ առնում ձեռքս, ինձ համար կարևոր չէ հեղինակի սեռը, միայն թե գիրքը լինի հետաքրքիր, ուսանելի, ախորժընթեր… Սակայն դառնում եմ կողմնապահ և բոլորովին այլ է վերաբերմունքս, երբ ձեռքս եմ առնում հայրենակցուհիներիս գրքերը՝ անցյալի թե ներկայի, հայագիր թե օտարագիր։ Ուզում եմ այնտեղ կարդալ այն, ինչի մասին մենք՝ հայ տղամարդիկս, չենք գրել ու չենք գրի։ Ուզում եմ, որ դրանք լինեն միմիայն շատ լավը և գրական անդաստանի սիմֆոնիայում (չասելու համար՝ կակաֆոնիայում) շահեկանորեն առանձնանան ու լսելի դարձնեն նաև հայուհո՛ւ ձայնը…

Նշեմ, որ հայուհու գրած վերջին գրական գործը, որն ինձ տպավորել է, Նաիրա Փիրումյանի «Մետաքսի փշոտ ճանապարհը» պատանեկան պատմավեպն է, տակավին անտիպ։ Մաղթում եմ, որ շուտ ի հայտ գա այն գրասեր և առատաձեռն տղամարդը, որը պատրաստ կլինի հովանավորել այդ արժանի ստեղծագործության հրատարակությունը…