ՇՌԱՅԼ ՈՒ ՍՐՏԱԲԱՑ․ Վարդգես Խանոյանի հիշատակին

Իր երկրային կյանքն ավարտեց և այլ չափում անցավ ՀԳՄ անդամ, բանաստեղծ, մանկագիր, արձակագիր ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ։ Երկնային արքայություն քեզ, մեր լավ ընկեր։ Վարդգես Խանոյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականից բնակվում էր Ջերմուկ քաղաքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի բարձրագույն դպրոցը։ Աշխատել է մշակութային տարբեր ոլորտներում, եղել առողջարանի գրադարանավար։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Արևի ձայն», 1984 (գրական ալմանախ), «Հրաշալի քաղաքացին», 1989, «Քաջերը մահ չունեն», 1995, «Թախծի ծառ», 2012, «Արևի ճանապարհով», 2014: Բանաստեղծություններում անդրադառնում է հայրենի բնաշխարհին, մարդկային հույզերին ու ապրումներին։ Արցախյան պատերազմում զոհված ջերմուկցիներին է նվիրված «Քաջերը մահ չունեն» գրքույկը՝ լուսանկարներով ու համառոտ կենսագրականով։ 2016 թվականին Խանոյանի և գրող, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Լուսավոր հետագիծ» գիրքը՝ նվիրված «Ջերմուկ աշխարհ» առողջարանի ղեկավար՝ բժիշկ Ստեփան Ավագյանին։ Բանաստեղծն ինքն իրեն արդեն ներկայացրել էր՝ ես լեռներից եմ գալիս։ Լեռներից եկավ, մնաց լեռներին ու գնաց լեռն ի վեր, դեպի հավերժական լույսը, որ նախնիների ձայները հավաքի ու Ձենով Օհանի պես ձայն տա գագաթներից, որ ապրողները չմոռանան նախնյաց ոգիների ուժն ու զորության առասպելը։ «Ես լեռներից եմ գալիս,//մանկությանս ձայնն եմ`//լեռան աղբյուրի պես ղողանջող…//Ես լեռներից եմ գալիս`//նախահայրերիս ձայներն//իմ երակներում,//առասպելվող դարերը//կոպերիս վրա…»: Վարդգես Խանոյանն իր տվածուրիկ տաղանդով էր հարաբերվում գրականության հետ, ինչ էլ երկնում էր՝ ազնիվ ու մաքուր հոգու առկայծում էր` մատը դրած ժամանակի և հիշողության զարկերակին, աշխարհընկալման որոնումներով և հեռապատկերային զգացողություններով։ Հանուն հայրենիքի զոհված որդիների կորուստը անչափելի ցավ էր թողել բանաստեղծի հոգու ելումուտին, միշտ էր հիշում, ափսոսանքը ներքին տարածքում էր, ինչպես էլ արտահայտվում՝ քիչ էր համարում։ Շատ նեղվելուց իրեն չէր կորցնում բանաստեղծը, անցում էր կատարում դեպի մանկանց անաղարտ աշխարհը, գրում նրանց համար, հարյուրավոր երեխաների օգնում առաջին քայլը կատարելու՝ տպագրված տեսնելու իրենց բանաստեղծությունները, ոգեշնչում և ճանապարհ էր հարթում դեպի ստեղծագործ աշխարհ։ Իրական ու կենդանի զգայություններով էին օժտված նրա հերոսները, արհեստական հնարանքը հեռու էր նրա գրականությունից։ Գրում էր իր կանոններով և ցանկությամբ, կառուցում իր պատկերային մտածողությունն ու հարթությունը։ Նրան ուղեկցում էին սեփական փորձը, կյանքի ընթացքն ու դատողությունը։ Վարդգես Խանոյանի մուսան իր հոգեկերտվածքն էր։ Հայրենանվեր խնկաբույր ունեն այն քերթվածքները, ուր հայրենիքի ցավն ու ուրախությունն են, ձեռքբերումն ու կորուստը։ Հոգու անչափելիի մեջ մարդն էր, որ մնա Աստծո արարչանքին հավատարիմ, քանզի ինքը հենց այդ հավատարիմներից էր՝ նվիրված, կամեցող, ստեղծող, հյուրասեր, շռայլ ու սրտաբաց։

Սիրելի Վարդգես Խանոյան, անկրկնելի ու հարգված ընկեր, նվիրումդ բոլորին անմոռանալի է, դու առհավետ ներկան ես, քո հոգու աղբյուրի զուլալ ու մաքուր ջրի պես, ննջիր խաղաղությամբ։ Թո՛ղ բոլորն ունենան քո սիրտը։ «Բանաստեղծի սիրտը միշտ//Անարատ է ցողի պես//Ու շռայլ է, իմացի՛ր,//Ու շռայլ է հողի պես://Հասկացե՛ք այդ խենթերին,//Նրանք քիչ են ու բարի,//Եվ լուռ տանում են ուսած՝//Բյուր հոգսերն աշխարհի»:

Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ