Մայր ու հող․․․
Մայրը ու հողը
Մարդուն պարգև են՝
Տրված ի վերուստ․․․
Նրանք մեզ ծնում,
Նաև սնում են
Մեծ սիրով՝ մանկուց․․․
Մորը սիրելիս
Աստվածացնում ես,
Դարձնում պաշտամունք,
Հանում ես երկինք․․․
Երբ հողն ես սիրում,
Հողը դարձնում ես
Մայր հող, Հայրենիք․․․
Երբ մայր ես կորցնում,
Երբ էլ դա լինի,
Դու որբանում ես․․․
Երբ հողն ես կորցնում,
Կորցնում ես տունդ
Ու Սուրբ Հայրենիք․․․
Ու թե զավակն ես
Կոչում քեզ քո մոր
Ու քո Սուրբ հողի,
Տիրոջ դուռը միշտ
Գնա ծնկաչոք,
Ով քար աշխարհին
Ե՛վ հող է տվել,
Եվ՛ ջուր է տվել
Ու երկնել է․․․ Մա՛յր․․․
Հողը․․․
Երբ որ փոքր էի, թույլ ու դեռ փխրուն
Իմ ոտքերի տակ
Ես ամրությունն եմ զգացել հողի․․․
Իսկ երբ բերնիվար փռվել եմ հողին,
Շուրթերիս վրա արցունքախառը
Զգացել եմ և իմ հողի համը․․․
Շատ տարիներ անց, նոր եմ հասկացել,
Թե պանդխտության գնացող հայը,
Ամեն ինչ թողած, թաշկինակի մեջ
Ինչո՞ւ է տարել այդ մի բուռ հողը․․․
***
Դա հող չէ միայն մեզ համար եղել․
Օտարության մեջ այն և դարձել է
Մեր հայ լինելը պահելու մասունք․․․
Արիացի հայը,
Որքան իր կյանքում, որ նեղն է ընկել,
Հողն իր չի՛ ծախել․
Անգամ շատ քաղցած լինելու դեպքում,
Չի՛ փոխել հացով․․․
Հողն աչքեր ունի և հիշողություն․
Նա իր աչքերով տեսել է նաև
Իրեն ծախելը,
Կամ «փեշքեշ» տալը անարգ թշնամուն՝
Անարժան աթոռը պահելու համար․․․
Դրանից է որ, հայի մեծ սիրտը
Ճեղքվել է կեսից ու խոր անդունդներ
Թողել մեր հայոց քարտեզի վրա․․․
Հիմա ինձ ասեք՝ ո՞նց հանգիստ նայեմ
Թշնամուն անցած հողի աչքերին,
Նայեմ պապերիս շիրմաքարերին,
Ու գերեվարված հայոց վանքերի
Արցունքից սառած, թախծոտ աչքերին․․․
Սրբապղծության մի ծանր քար է
Ասես ուսերիս․
Ու ողնաշարս չեմ կարողանում
Մի կարգին ուղղել․․․
Այս ամեն ինչը իմ պատմությունն է,
Եվ պատմությունն է, ինչ խոսք, իմ երկրի․․․
Սա մի՛ մոռացեք, բայց և իմացե՛ք․
Դար դարի վրա, քար քարի վրա
Դրած շա՜տ ամուր
Մեր հայոց բերդն է կանգուն այս հողում,
Ով արմատներին նրա մոտենա,
Ուժն ու գանձերը՝ անփոխարինելի,
Կտեսնի նրա․․․
Հողն այս փոքրացել, բայց չի վերացել,
Բյուրեղացել է․․․
Մի տիրոջ ձեռք է հաճախ պակասել,
Որ կարողանա լեզուն հասկանալ,
Իր սուրբ մայր հողի,
Եվ մաճ բռնելիս
Հարազատ լեզվով խոսի հողի հետ․․․
Որ սերունդները և իմ թոռները
Դեռ իրենց փխրուն ու թույլ ոտքերով
Միշտ ամուր կանգնեն Մայր հողի վրա,
Իրենց ոտքի տակ մշտապես զգան
Ամրությունը և ուժն Աստծո տված․․․
***
Երբ ուզում եմ, մայր, հասկանալ՝
Ի՜նչ ես տվել աշխարհին․
Աշխարհից մեծ սիրտ եմ տեսնում
Տիեզերքի նժարին․․․
Մի տեղ գնալիս․․․
Երկիր իմ, հիմա
Դու ավելի ես
Նմանվել մորս
Ու մոր պես ամուր
Նստել հոգուս մեջ…
Բայց, աղաչում եմ,
Որ սա չընդունվի
Միայն որդու խոսք…
Ես վիզս միշտ ծուռ
Ու դատարկված եմ
Գնացել հեռու,
Տանս հիվանդ եմ
Երբ թողել մորս…
Իմ Մայր Հայրենիք,
Հիմա նույն վախով,
Սրտի դողով եմ
Ես մի տեղ գնում,
Երբ դո՛ւ ես հիվանդ.
– Ես սարսափում եմ
Իմ որբանալուց…
Աղոթքի պահին…
Որքան որ օրդ ամպոտ է, մռայլ,
Գիշերն՝ անաստղ, կորած խավարում,
Երբ աղոթում ես, սուրբ հավատքով է
Լցվում քո հոգին․․․
Անգամ երբ Տերը հեռու է քեզնից,
Ու նրա ձեռքը չես ըզգում գլխիդ,
Երբ աղոթում ես, զորեղանում ես,
Տիրոջ լույսով է զորանում հոգիդ։
Ու թե ուզում ես քնել խաղաղված,
Արթնանալ Տիրոջ Սուրբ, բարի լույսով,
Նարեկ ունեցիր հոգուդ մեջ պահած,
«Նարեկ» ունեցիր գլխիդ տակ դրած։
Ամեն օր մի քիչ…
Կարգին չարթնացած՝ դեռ քնկոտ, մենակ
Միշտ մոտեցել եմ իմ պատուհանին,
Հաճախ մի լավ բան չեմ տեսել դրսում,
Ու նոր մի ցավ է ծնվել իմ ներսում։
Ոտնահետքերը ինձ շատ հարազատ
Մարում են քիչ-քիչ․․․
Կյանք է, ի՜նչ արած, հաճախ անզոր ես
Դու անել ոչինչ։
Մարդկանց հետ, կարծես, խոսել չի լինում,
Մեղավորը միշտ դու ես դուրս գալիս,
Ամեն օրն իր հետ մի բան է բերում,
Պարտքի պես ծանր դնում ուսերիդ։
Տիրոջ տան դուռը՝ մի բան խնդրելու՝
Էլ երես չունեմ, չեմ գնում վաղուց։
Ինքս ինձ հետ եմ լոկ կռիվ տալիս,
Ինձ հետ եմ անհաշտ՝ վաղուց, դեռ մանկուց․․․
Օր օրի գույներս խամրում են քիչ-քիչ,
Երեկվանը չեմ՝ ամեն օր մի քիչ…
Անհնարին է հավատալ
Անհնարին է հավատալ, որ Աստծո ծիրից
Փախած այս դարում,
Հազար անաստված բանից վշտացած,
Այսքան տմարդի վարքից կշտացած՝
Անգամ ինքն իր դեմ չարացած դարում
Կծնվի մեկը, ով որ կարող է
Պայթող բողբոջի կրքից խենթանալ,
Գարնան մի ծաղկի բույրով արբենալ,
Ցրտում, խավարում մի լույսի ցոլքով
Ապրել, գոհանալ…
Անհնարին է
Անգամ հավատալ, որ այսքան խաբված,
Որ այսքան խոցված լինելուց հետո
Մեզ սիրտ է մնում՝ սիրելու համար,
Ապրելու համար, մեռնելու համար…
Մեր լեռներում…
Ես մեր լեռներում
Քարայծ եմ տեսել,
Հրաշք մի քարայծ,
Որ տիրոջ նման
Ուժերին վստահ,
Կանգնած մի ժայռի՝
Իր հեռուներն էր
Բարձունքից հսկում,
Որ իր ձագերին
Բան չպատահի:
Գեղեցկությունը,
Եվ ուժը նրա,
Շուք էին տալիս
Ցածում՝ անտառին։
Վաղուց չեմ տեսնում
Իր պատվանդանին
Կանգնած քարայծին,
Ու հսկա ժայռն այդ
Առանց քարայծի
Նման է դատարկ
Մի պատվանդանի:
Ի՜նչ ունեմ, չունեմ,
Հավատացեք ինձ․
Եվ կյանքս կտամ,
Որ այդ քարայծը
Նորից հայտնվի
Իր ժայռի վրա։
Այնպե՜ս կուզեի,
Իմ հրաշք աղջիկ,
Քեզ մի օր տանեմ,
Ու դու էլ տեսնես,
Գեղեցկությունը
Եվ ուժը նրա։
Տեսնես, թե շուքը՝
Նրա ազդեցիկ,
Ո՜նց է տարածվում
Ցածում՝ անհանգիստ
Անտառի վրա:
