Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ԱՐԴԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Կարինե Խոդիկյանի «Հետադարձ վերադարձ»[1] վեպի յուրահատկությունը և տարբերությունը ժամանակակից այլ վեպերից նկատելի է թե՛ կառուցվածքի, թե՛ բովանդակության առումով։ Վեպը որոշակիորեն դրամատուրգիա է հիշեցնում, որտեղ գործող անձինք ոչ թե մենախոսում են բեմական առոգանությամբ, այլ` հանդարտ պատմում են իրենց կյանքի, առօրյայի, դժվարությունների և իրականության մեջ կատարվող դեպքերի մասին։ Ընդհանրապես հատուկ առանձնացված վիպական կերպարները բացում են իրենց ներաշխարհը, հոգեվիճակը, դժվարությունները, ծրագրերը և այն, ինչ կապված է իրենց առօրյայի հետ։ Երբեմն, կառուցվածքից ելնելով, կարող է թվալ, թե մենք գործ ունենք «շրջանակված պատմություն» հասկացության հետ, բայց դա կլինի ոչ ճիշտ պատկերացում, որովհետև ժամանակ առ ժամանակ հեղինակը միջամտում է կերպարի ապրումներին, հաճախ էլ կերպարները երկուսով են հանդես գալիս, և մենախոսությունը վերածվում է երկխոսության, ինչը իր հերթին դրամատուրգիա է հիշեցնում։ Հեղինակի խոսքը սեղմ է (դարձյալ բնորոշ դրամատուրգիային), որը սակայն հնարավորություն է տալիս ընթերցողին՝ մտովի շարունակել հեղինակի ասելիքը, իհարկե, յուրովի։
Կարինե Խոդիկյանի վեպի կենտրոնական գործող անձինք չորս կանայք են՝ Վանինեն, Անետը, Արսինեն, Էսթերը, և սրանց համեմատությամբ երկրորդ պլանում են Վարսինեն, Լիլիթը, Նուշը, իսկ մահացած Մանեի հիշատակը շարունակում է կրքեր բորբոքել։ Սակավաթիվ տղամարդիկ՝ Միքայելը (Միքոն), Տիգրանը, Ավետը, Գոռը, Արտակը, Դավիթը, հազվադեպ ու կարճ են խոսում․ պատմությունը հիմնականում առաջ են տանում կանայք։ Այս հանգամանքը բնորոշ է Կ․ Խոդիկյանին, որի ստեղծագործություններում հստակորեն շեշտվում է ֆեմինիզմի կարևորությունը, այս վեպում ևս։
Վեպի հաջորդական զարգացման ընթացքում կանայք թեև առաջին պլանում են, բայց նրանց զուգահեռ, ուղղակի կամ ենթատեքստում երկրի վիճակի պատկերն է՝ կենցաղ, սոցիալական խնդիրներ, աղքատություն, քովիդ, պատերազմի թողած աղետ, առողջական խնդիրներ, նոր պատերազմի անակնկալ շարունակություն, ողբերգություն․․․
Նշված հանգամանքները սոսկ թվարկում չեն, այլ` իրական բովանդակություն ունեցող ապրելակերպ։ Ահա Վանինեի և Միքայելի որդի Տիգրանն ավարտում է դպրոցը, բայց ծնողները չեն կարող նրա համար պատշաճ նվեր առնել․ «Տիգրանին ի՞նչ ենք նվիրելու, վերջապես դպրոց է ավարտում, վերջին զանգի ու մնացած բաների գումարը կա, կոստյումի համար խոսել եմ, վարձույթի սրահից նորմալ գնով կվերցնենք․․․» (էջ 7)։ Այսինքն՝ ոչ թե նոր հագուստ, այլ վարձույթից վերցրած։ Տիգրանի հայրը երկրից դուրս է գնում՝ փող աշխատելու համար․ «-Նորմալ փող կուղարկեմ, ինչքան կարող ենք էսպես ապրել»,- արդարանում է նա։ Եվ երկրից դուրս գնալու կամ մի քանի տեղ աշխատելու անհրաժեշտությունը բնորոշ է վեպի գործող անձերից շատերին։ Կանանցից մեկը՝ Արսինեն, բաժանվել է ամուսնուց և կանգնում է ֆինանսական դժվարությունների առաջ ու թեև աշխատում է թանգարանում, բայց ապրուստն ապահովելու համար լրացուցիչ աշխատանքի է անցնում հրուշակեղենի պատրաստման նկուղ-սրահում։ Դա, իհարկե, զարմացնում է հրուշակագործներին․ «․․․պատուհանիկից երևում էր թանգարանի՝ պատկառանք ներշնչող շենքը, երևի դժվար էր պատկերացնել էնտեղից նկուղ վայրէջքիս հետագիծը» (էջ 134)։ Դա ոչ շատ հեռավոր այն ժամանակն էր, երբ բարձրագույն կրթություն ստացած շատ մարդիկ ընտանիքը պահելու համար տաքսիստներ էին դարձել։
Շատ ավելի դաժան են պատերազմի թողած հետքերը․ պատերազմի ժամանակ զոհվում են ոչ միայն զինվորները, հոգեպես «մեռնում են» նրանց հարազատները, ամայանում են նրանց սրտերը։ Գրողի ընդգրկած հայացքը լայն է, նկարագրած դեպքերն ու զգացումները՝ ցավեցնող․ «Դեռ ականջներիս մեջ արձագանքում է զինվորական համազարկը, Դավիթի հորեղբոր՝ դագաղին կառչած ձեռքերը աչքիս առաջ են, Նուշի սնգրտոցից սիրտս կտրտվում է» (էջ126)։ Դավիթը Նուշի սիրած տղան էր․․․ Այս և նման հանգամանքները ենթատեքստ ունեն․ գրողը նրբորեն նկատում է, որ հարազատներ կորցրած մարդիկ խանդով են նայում զոհ չունեցողներին, թեև վերջիններս մեղավոր չեն։ Տաքսու վարորդին, որ Եռաբլուրից ամեն օր բազմաթիվ մարդկանց է տանում (հավանաբար նկատի ունի հարազատներին), Վանինեն պատմում է, թե ինչպես օտարերկրացի մի կին պատերազմը կանգնեցնելու համար առաջարկել է գրավյալ՝ ավելի ճիշտ՝ ազատագրված հողերը հանձնել թշնամուն։ Իսկ տաքսիստը հակադարձում է․ «Էդ ծանոթիդ կասես, որ մեր տղաների արյունը էդ հողերի ամեն մի թիզի վրա է, ու մենք տալու հող չունենք» (էջ 12)։
Կ․ Խոդիկյանի առաջադրած հարցերը բազմազան են և շարունակում են լինել արդիական։ Նրա վեպը ավելորդ լավատեսություն չունի, ինչը չի նշանակում, թե նա լավը չի ուզում տեսնել։ Նա ուղղակի լավատեսության վարագույրը ետ է տանում, որպեսզի ընթերցողները բաց աչքերով տեսնեն իրականությունը։
Հասարակական կյանքի վերաբերյալ այս սկզբունքներն ու հակասությունները նա տեղափոխում է կերպարների ներաշխարհ, որը նույնպես լի է հակասություններով ու բարդույթներով։ Առաջին հայացքից թվում է, թե այս կանանց մտերմությունը բխում է նրանց մտածողության ու վարքագծի նմանությունից, բայց վեպի զարգացման ընթացքում հեղինակը աստիճանաբար նրանց հեռացնում է միմյանցից՝ ընդգծելով ոչ թե և ոչ միայն նրանց վարքագծի, այլև ի հայտ եկած նոր հանգամանքների առկայությունը։ Ինչպես իրական կյանքում, այնպես էլ Խոդիկյանի վեպում, այս կերպարները զգալի չափով ակամա հեռանում են միմյանցից ամենատարբեր պատճառներով՝ դավաճանություն, խաբեություն, վրեժ, խանդ։
Վեպում կարևոր տեղ են գրավում հոգեբանական խնդիրները, որոնք միշտ չէ, որ ծագում են սոցիալական կամ պատերազմական վիճակից։ Հեղինակը խորանում է երևույթների մեջ, պատճառներ փնտրում ոչ միայն անհատների, այլև ժողովրդի հոգեբանության, ինչպես նաև նախորդներից ժառանգած սնահավատության մեջ։ Այս երևույթները կարող են մանրուք թվալ, բայց դրանք իրենց բացասական դերը կատարում են։ Լիլիթը վախենում է երեխա ունենալ, որովհետև գրբացը նրան հուշել էր, որ եթե երեխան ծնվի, Լիլիթի մայրը կմեռնի։ Արսինեն հակաբեղմնավորիչների փոխարեն Լիլիթին վիտամիններ է տալիս, նրա երեխան ծնվում է, և թեկուզ Լիլիթի մայրը մեռնում է, բայց, իհարկե, ոչ երեխայի ծնվելու պատճառով։ Սերնդեսերունդ անցնելով ՝ սին գաղափարները կարող են խաթարել հոգեբանորեն առողջ մարդկանց կյանքը։ Վեպում այդպիսի կերպար է Արսինեն, որի Արսեն նորածին եղբայրը մահացել էր օրորոցում, ինչը մարդիկ «մեկնաբանել» էին իբրև թե կատուն է խեղդել երեխային՝ մոր անզգուշության պատճառով։ Արսինեի մայրը վարկաբեկվում է և մահանում, Արսինեն՝ կատվի վտանգը սրտում, հրաժարվում է երեխա ունենալուց, որի պատճառով քայքայվում է նրա ընտանիքը։ Նա հետագայում բացում է այդ ընտանեկան գաղտնիքը և երեխա որդեգրում մանկատնից։ Բնականաբար, պետք է անպայման ընդգծել, որ ժողովրդական ոչ բոլոր հավատալիքներն ու ավանդություններն են սնամեջ, և դժվար է ասել, թե մեր ժամանակներում ժողովուրդը կարող է հավատալ նման հեքիաթների, բայց ոչինչ բացառված չէ․․․ պարզապես նշված երևույթները տիպական չեն։ Խոդիկյանի վեպում շատ ավելի տիպական են խանդի ու վրեժի օրինակները։ Յուրաքանչյուր կին, թաքուն կամ բացահայտ, ուզում է ուշադրություն գրավել, իսկ վեպում Վարսինեի ավագ աղջիկը՝ Անետը, անտեսված է անգամ մոր կողմից, մանավանդ որ վերջինս փայփայում ու պաշտպանում է Անետի փոքր քրոջը՝ Մանեին, ինչը դառնում է խուլ հակամարտություն քույրերի միջև։ Վրեժի ու խանդի մոլուցքի մեջ Անետը դավաճանում է կյանքում իրեն նեցուկ կանգնած Էսթերին… նրա ամուսնու հետ։ Այստեղ, անշուշտ, կարող են հարցեր առաջանալ․ դա արդյոք սոսկ վրե՞ժ էր, թե՞ հոգեկան խանգարմունք, որ զարգացել էր տարիների ընթացքում անտեսված լինելու պատճառով։ Գուցե և՛ մեկը, և՛ մյուսը, սա հասարակական բարքերի անկման ցուցանիշ է։ Ամենայն հավանականությամբ Խոդիկյանը չի թանձրացնում երևույթները։ Նախաքրիստոնեական ժամանակներից մինչ այսօր տիրող բարքերի մասին կարելի է հազարավոր գրքեր կարդալ և դադարել զարմանալուց։ Անետի պարագայում զարմանալին ոչ թե քրոջ նկատմամբ վերաբերմունքն է (ընդ որում՝ փոխադարձ), այլ՝ իրեն փայփայած ու օգնած Էսթերին դավաճանելը։ Սա էլ է ընդունված երևույթ․ ժողովուրդն ասում է՝ «Լավություն անողի գլուխը ծակ է լինում»։ Զ․ Խալափյանի «Վասիլ Մեծ․․․» վեպի հերոսներից մեկը՝ Քրիսոքիրը, սպանվում է այն հույնի ձեռքով, որի համար ինքը բարիք էր գործել։ Այսինքն՝ մարդկային բարոյականության անկման ցուցանիշն անփոփոխ է մնում բոլոր ժամանակներում:
Ինչպես ամեն մարդ իրական կյանքում, այնպես էլ Կ․ Խոդիկյանի վեպում յուրաքանչյուր կերպար ունի իր առանձնահատկությունը։ Ենթադրվում է, որ Վանինեի կերպարի որոշ հատկանիշներ բնորոշում են հենց գրքի հեղինակին, և հուշող հանգամանքն առաջին հերթին նրա պիեսի բեմադրությունն է Գերմանիայում, թեև հեղինակը հարակից այլ պատմություններով՝ կապված Միքայելի ու Տիգրանի հետ, փորձում է սքողել տեսանելին։ Ամեն դեպքում Խոդիկյանն ստեղծել է իրարից էականորեն տարբերվող կերպարներ՝ յուրաքանչյուրին իրեն վիճակված ճակատագրով։ Որոշ ընդհանրություններ տեսնելով կանանց վարքագծի մեջ՝ հեղինակը անհատականացնում է նրանց՝ յուրաքանչյուրին դնելով կյանքի շարունակության տարբեր ուղիների վրա։
Ամեն դեպքում՝ կանանց բարեկամության, ընկերության ընդհանուր մթնոլորտում շեշտվում են դժվարությունները և դրանց հաղթահարման ջանքերը։ Բացակայում է չհիմնավորված լավատեսությունը և խրախուսվում չարիքին դիմադրելու կամքը, որի համար զոհողություններ են անհրաժեշտ։
Կանանց պարագայում մի հարց մեզ համար մնում է չբացահայտված․ ինչո՞ւ կանանց մի մասի անունները (Վանինե, Վարսինե, Արսինե) ունեն համահունչ վերջավորություն, թեև նրանցից յուրաքանչյուրն ունի կյանքի տարբեր ընկալում ու ճակատագիր։ Ընդ որում մինչև գրքի առնվազն կեսը ընթերցողը ստիպված ետ է շրջում գրքի էջերը՝ անունների հարցում չսխալվելու համար։
Կ․ Խոդիկյանի գրքի վերնագիրը՝ «Հետադարձ վերադարձ», հավանաբար հուշում է այն մասին, որ իրենց կյանքի ինչ-որ հատվածում դժվարությունների ու փորձությունների հանդիպած այս կանայք գնում են դեպի վեպի սկիզբ՝ նորովի սկսելու համար հետագա կյանքը։
[1] Կարինե Խոդիկյան, Հետադարձ վերադարձ,Եր․, «Արմավ» հրատ․, 2024թ․, 166 էջ։
