Վրացիք ու հայերը, հենված նույն հավատի վրա, խաչված Քրիստոսի հայացքի ներքո ապրում են, միմյանց երբեք փշե պսակ չեն հյուսում:
Էդվարդ Միլիտոնյան
Սրտերը մեր Հայոս – Քարթլոս նախնիների
Բաբախել են համատրոփ:
Մաղվալա Գոնաշվիլի
Ստեղծագործական կյանքում բեղուն ու բազմաքանքար Էդվարդ Միլիտոնյանը 2025 թվականին հրատարակեց «Հայոսը Քարթլոսի մասին» գիրքը, որը թվով 95-րդն է: Անոտացիայում գրված է. «Ժողովածուն ամփոփում է Վրաստանի և վրաց գրականության վերաբերյալ հեղինակի բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները և վրաց գրողներից թարգմանությունները: Հիշատակվում է նաև հայ-վրացական մշակույթի կապերի առանցքն ամրակայած Սայաթ-Նովայի, Թումանյանի, Իսահակյանի, Փարաջանովի և այլ մեծանուն արվեստագետների գործունեության բարեկամական շառավիղները»: Այս գիրքը Հայոսի բարեխոսքն է Քարթլոսին՝ որպես «Հայ-վրացական բարեկամության և Հայոս-Քարթլոսի վրաց-հայկական եղբայրության լեգենդի տոհմածառ», որը հյուսք է վրացական սոճիով և հայկական բարդիով և կրում է օրհնությունը «…հայ և վրաց եկեղեցիներից թևածող//Ժամերգության»:
Էսսեներ: Այս գիրքը Էդվարդ Միլիտոնյանի ներսով անցած գրական և մշակութային փոխհարաբերությունների կենսական ու հոգևոր գեղարվեստական հաշվետվությունն է, որի զգալի մասը էսսեներ են՝ ածանցված բարեկամության ծիրում, որպես հազարամյակներ իրար կողք ապրած, ավանդույթները պահպանած և համերաշխ դրկիցների պես հավերժի ճամփան բռնած երկու ժողովուրդներ: Էսսեները հագեցած են զգայաշարժ ասելիքով, չեն դոփում տեղում ու շարժվում են՝ լսելի դարձնելով երկու բարեկամ ազգերի ոտնաձայները, որոնք համահունչ են միմյանց ընթացքին ու կարեկից են իրար. «Դավիթ Շինարարը՝ Բագրատունիների հռչակավոր դինաստիայի արքան, կտակել էր՝ շիրմաքար չլինի, վրացիք պիտի անցնեն հողի վրայով, և հանգուցյալը պարզորեն լսի նրանց կենդանի ոտնաձայները, Վրաստանի հավերժ ապրող երթը: Այդ կտակը չլիներ, նրա թոռ Գեորգիի դուստր Վեհապանծ Թամար թագուհին մի շքեղ դամբարան կկառուցեր: Ես էլ անցա: Հեյ, Դավիթ Շինարար, լսիր և իմացիր՝ Վրաստանն ունի և բարեկամներ: Զգույշ անցա և հաստատուն, ասես մտել էի հինավուրց տաճար»: Սա մի հատված է Էդվարդ Միլիտոնյանը «Գելատիում» էսսեից:
Հետաքրքիր հրապարակախոսական շեշտադրություն ունի «Տաքգլխության վնասները» էսսեն. «Վազգեն Սարգսյանը մի թևավոր խոսք ունի. «Ես վախենում եմ չվախեցողներից»: Այդ «չվախեցողները» երբեք իրենց ջանին ջափա չեն տալիս հասկանալու իրավիճակի թակարդները, տարածաշրջանի և աշխարհի հնարավոր զարգացումների ներքին հոսանքները, մեզնով և մեր ցանկությամբ չպայմանավորված մակընթացություններն ու տեղատվությունները, մեծերի, հաճախ փոքրերի գիտակցությանը չհասնող, երկար ու կարճ տեղափոխությունները»: Ցավոք, այդպես էլ ուրիշների սխալների վրա չկարողացանք ճիշտը սովորել, եթե չասենք՝ մեր սխալներից էլ չենք սովորում, ու էսսեն նորից հիշեցնում է՝ տասը չափիր, մեկ կտրիր իմաստախոսությունը:
«Հին ու նոր վերնատունը» էսսեն վրաց-հայկական եղբայրական գրական տան հիմքի անառիկության մասին է, որն իրենց նման մեծ ու ոգեղեն անկյունաքարերով կառուցել են Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը՝ դառնալով գրավականը մեծ գործի, և «Այդ մեծ գործի շարունակողները Վրաստանում եղան մեր ժամանակակիցներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Վան Բայբուրթը, Ժորա Սնխչյանը»:
Ժողովածուի յուրաքանչյուր էսսեում կենցաղային պատումներից մինչև հոգևոր պատումներ (հաճախ էսսսեն էսսեի մեջ) իրենց համարժեք ասելիքն ունեն, բայց մի բան, որ բոլոր էսսեներում առկա է, դա բարին տեսնողի ու կամեցողի շունչն է տաք ու հաճելի:
Թիֆլիս – Թբիլիսի – Երևան: «Վրաստանն ու Օսիպ Մանդելշտամը» էսսեում Է. Միլիտոնյանն անդրադառնում է Մանդելշտամի հանրահռչակ բանաստեղծական շարքին. «1930 թվականին Հայաստանից Վրաստան վերադառնալուց հետո խախտել է 1925-ից 30 թվականը ձգված հարաբերական բանաստեղծումի լռությունը և Թբիլիսիում է գրել Հայաստանին նվիրված 12 բանաստեղծությունների շենշող, պատմականությամբ և ռեալ կյանքի շաղախով հունցած, Մարտիրոս Սարյանի գույներով, հատկապես դեղինի, օխրայի, կապույտի երանգներով հմայող շարքը: Վրաստան-Հայաստան՝ մեկը մեկին լրացնող կենսատու, ջերմեռանդ, արևելյան ասելիքի կախարդիչ աշխարհընկալում, ուր ողբերգության ու Արարատի մեծափառ հավերժության ձուլվածքն է հուշել նոր տեսակի՝ Արարատյան մարդու ոգեկոչումը: Հայոսի և քարթլոսի բանաստեղծական թրծվածք՝ լեռնային արևի քուրայում»:
Ահա թե ինչու Էդվարդ Միլիտոնյանի համար Թիֆլիս-Թբիլիսին աստվածային մարդասիրությամբ, երգերի ու պոեզիայի անմահությամբ քաղաք է, ուր բանաստեղծները չեն մահանում, ինչի ապացույցն է քաղաքն իր հզոր կենսասիրությամբ, որը բազմաձայն կրկներգի պես հնչում է ամենօրյա կյանքում:
«Մեծն Տիգրան և Գափրինդաշվիլի» էսսեի համեստ վկայությունն է ազգերի միմյանցով ուրախանալն ու հարստանալը. «Թբիլիսիում ծնված երկու աշխարհի չեմպիոնները՝ Տիգրան Պետրոսյանը և Նոնա Գափրինդաշվիլին պանծացրին մեր երկու ժողովուրդների անունը և հետնորդների առջև լայն ճանապարհ բացեցին շախմատի մեծ աշխարհ: Աշխարհում հազվագյուտ են այն քաղաքները, որտեղից շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի չեմպիոններ են ծնվել: Կեցցես, Թբիլիսի, քեզ շախմատի աստվածուհի Կաիսան երբեք չչորացող դափնեպսակ է ուղարկել»:
«Հայոսը Քարթլոսի մասին» գրքում հեղինակը զետեղել է նաև «Թիֆլիս քաղաք» բանաստեղծական շարքը, որը 2017 թվականին տեղ էր գտել «Մի բուռ խոսք» չափածո գրված գրքի բանաստեղծական շարքերի կողքին (Է. Միլիտոնյանը սիրում է շարքերով մտածել), և որին ես անդրադարձել եմ «Ոգու կանչ» թերթի թիվ 11, 2017 թվականի համարի «Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ, քուրա մը խոսք» գրախոսականում: Մեջբերեմ այդ գրախոսականից «Թիֆլիս քաղաք»-ին վերաբերող հատվածը. «Թիֆլիս քաղաքը»-ը Էդվարդ Միլիտոնյանի լավագույն շարքերից մեկն է, որտեղ միտք ու զգայականը միահյուս հոսքաշիթով անցնում են ժամանակի ու տարածության միջով. «Թիֆլիսը՝ մի մեծ շախմատի տախտակ,//Այստեղ սիրո ձիերը հաղթում են//Ատելության փղերին://Աստված բոլորին առաջարկում է՝//Ոչ-ոքի»: Սակայն Աստծո մոտ ոչ-ոքին նաև կիսել է նշանակում, և շահողը միշտ չունեցողն է լինում, քանի որ չունեցողը ի՞նչը կիսի, իսկ ունեցողը բան ունի կիսելու, հետևապես աշխարհում անպակաս են լարախաղացները, որոնք աղոթքները փոխարինում են սին երդում-կենացներով. «Երբ առաջին անգամ տեսա//Թիֆլիսը,//Նետի զարկի պես կտրուկ հասկացա՝//Ես չեմ կարող երազել//Ավելի լարախաղաց մի քաղաք,//Քան սա է»: Թիֆլիսը տալիս է բոլորին հոգու զանգի անանձնական ղողանջը, սակայն «Ծաղրածուն ասում է՝ ամեն օրենք ունի բացատրություն», մանավանդ այս քաղաքում մարդիկ ձգտում են նմանվել թռչուններին, բայց՝ «Ափսոս է տեսնել ու երազել Թիֆլիսում//Եվ աչքերը փակել,//Ինչ է թե՝ բնության օրենքն է»: Էդվարդ Միլիտոնյանը փորձում է լարախաղացին օդի մեջ տեսնել՝ որպես «ձեռքերը բացած խաչի տեսիլք», ու քրիստոնեաբար մաղթում՝ «Սիրեցեք զմիմեանս//Օդում, ջրում, ցամաքում//Եվ հատկապես հոգու մեջ»:
Թարգմանություններ: Գրքի այս բաժնում ներկայացված են Մաղվալա Գոնաշվիլիի, Բաղաթեր Արաբուլիի բանաստեղծությունները Էդվարդ Միլիտոնյանի թարգմանությամբ (տողացի թարգմանությունները՝ Հրաչյա Բայրամյանի և Նինո Սպանդերաշվիլիի):
«Մեր քույր ակացիան» խորագրով Մաղվալա Գոնաշվիլիին նվիրված հոբելյանական խոսքում Էդվարդ Միլիտոնյանը վրաց բանաստեղծուհուն առանձնակի ջերմությամբ է բնութագրում. «Նրա ձայնի մեջ լսելի են մշուշի մեջ ծնվող արցունքի ծնունդը, գյուղական ու քաղաքային կյանքի հոգսաշատ, նաև գունագեղ առօրյայի ձայնաշիթերը, ժամանակակից աշխարհի զիգզագվող ռիթմի մերթ ցավը, մերթ այդ ցավից արտածվող սարկազմը, և ամեն դեպքում հեղինակի նրբանուրբ քնարականության դուդուկի նվագն է»: Մեջբերենք վրացուհու գեղեցիկ քնարական բանաստեղծություններից մեկը Միլիտոնյանի հիանալի թարգմանությամբ. «Փողոցներն են քեզ հետևում կրքոտ,//Ականջօղերդ դյութում են, գերում,//Բոլորն են սիրում քեզ անկեղծ, խանդոտ,//Բացի նրանից, ում դու ես սիրում://Դահլիճն է լցված հույզով ու դողով,//Քո պոեզիան է դարձել թալիսման,//Բոլորն են լսում քեզ ուշի ուշով,//Բայց ոչ նա, ում դու ձոնեցիր այսքան://Երբ կհայտնվես հավերժի ճամփին,//Եվ վարագույրը կիջնի պաղ, մթար,//Բոլորը կգան, կարտասվեն լռին,//Բացի նրանից, ում համար մեռար»:
«Ուրիշ երկինքներ դիտելու համար» գրախոսականում, որը Բաղաթեր Արաբուլիի ստեղծագործությունների մասին է (նա Միլիտոնյանի ջահել տարիների ընկերն է), դրվատելի ջերմությամբ գրում է. «Նրա պոեզիան շաղախված է հարազատ ելևէջներով, պատմության անտաշ քարերի մամռապատ խորհրդով, Վրաստանի կիրճերի ու լեռների, դաշտերի ու բլուրների ոգեղեն քարտեզով: Նրա հետ ցավ ես ապրում լքված գյուղերի, ավեր ամրոցների, դատարկվող շեների առջև»:
Արաբուլիի պոեզիայից այս նմուշը վկայում է վերոգրվածը. «Քսանի կիրճում մամռապատ, խոնավ//Մշուշի բույրն է գետից բարձրանում,//Եվ լի է այստեղ պատմություն ու ցավ,//Քեզ հանդիպելու համար եմ ձգտում://Օ՛, երկնավոր ընծա, իմ Քարթլի,//Դու թևակոտոր ֆենիքս ես հիմա,//Շնորհակալ եմ քեզ անասելի,//Իմ անցյալը միշտ փրկելու համար://Այսօր դու տրտում լույսով ես լցված//Ցուրտ մայրամուտի երկնքի նման,//Եվ դրոշներ են մշուշներդ բաց,//Որ փողփողում են հանուն մաքառման» («Քսանի կիրճում»):
Վերջնախոսք: «Հայոսը Քարթլոսի մասին» գիրքը ձոն է՝ նվիրված երկու ժողովուրդների ճշմարիտ բարեկամությանը: Ի դեպ, ճշմարիտ բառը և՛ հայերենում, և՛ վրացերենում նույն իմաստն ու խորքն ունի: Էդվարդ Միլիտոնյանը գրում է. «Վրաց դասական պոետ Իոսեբ Նոնեշվիլին հրաշալի բանաստեղծություն է գրել, որ նշում է մեր երկու ազգերի լեզուներում դրոշ, օջախ և ճշմարիտ բառերի նույնականության իրական բովանդակությունը պատմության խորապատկերին: Այս պատգամը շարունակվում է երկու երկրների ժամանակակից շատ գրողների ստեղծագործություններում»:
Թերևս «Հայոսը Քարթլոսի մասին» գրքին նվիրված այս գրախոսականում հիշատակելու դեռ շատ արժանի բաներ կան, բայց սահմանափակվենք այսքանով: Ասելիքս եզրափակեմ Էդվարդ Միլիտոնյանի «Բազմաձայն երկիր Վրաստանը» գրքի առաջաբանի խոսքով. «Հայերն ու վրացիները հանդիսավոր կամ պարզ, սովորական հանդիպումների ժամանակ հաճախ հիշատակում են Հայոս ու Քարթլոս եղբայրների լեգենդը, որը սակայն երկու ժողովուրդների պատմության օրինական և իրական ծնունդն է և շարունակվում է այդպիսին լինել հիմա, և վստահ եմ՝ ապագան ևս կապացուցի՝ լեգենդի կենսական և հավիտենական հիմքերը»:
Հ.Գ. Մենք՝ Հայոսն ու Քարթլոսն ենք. «…հանդիպում ենք//Երկնքի և երկրի միջև,//Ուր սրտի զարկերով են միմյանց հաղորդում//Սիրո և եղբայրության գաղտնագրերը://Եղբայրներն անմահ են անմահությամբ,//Բանաստեղծները՝ սրտագրով://Երդում – կենացի փոխարեն՝ լուռ աղոթք» («Թիֆլիս քաղաք»):
