ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

Տաղանդավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, կարդալով Լյուդվիգ Դուրյանի անդրանիկ` «Արշալույսի երգեր» ժողովածուն, ասել է. «Էս տղին բերեք մոտս` տեսնեմ, հոգում աստվածային կայծ ունի, ազնիվ խմորից է շաղախված»: Աստվածային կայծ ունեցող Լյուդվիգ Դուրյանի քնարերգությունը գուցե և կապված է նրա նախնիների տիեզերահռչակ Անի մայրաքաղաքից սերելու հետ:

Բանաստեղծը մեզանում, հատկապես ոչ գրական շրջանակներում, հայտնի է իր հրաշք այն բանաստեղծություններով, որոնք ցայսօր երգվում են ու սիրված են, որովհետև այդ քերթվածների մեղեդիները հորինել են մեր լավագույն կոմպոզիտորները` Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Խաչատուր Ավետիսյանը:

Շնորհակալ գործ է իրականացրել բանաստեղծի դուստրը` Սիրանուշ Քրիստոստուրյանը` ի մի հավաքելով և ծավալուն հատորով տպագրելով Լյուդվիգ Դուրյանի անտիպ բանաստեղծությունները: Հատկապես հիացմունք է պատճառում ժողովածուին կցված սեղմ, սակայն խիստ խոսուն նախաբանը` «Իմացյալ կյանք» խորագրով: Այդ խոսքում բանաստեղծի մասին ասված է ամեն ինչ:

Անտիպ բանաստեղծությունները գրվել են տարբեր տարիների և ունեն ժանրային բազմատեսակ դրսևորումներ. դրանք հասնում են մինչև 2010 թվականը` մինչև բանաստեղծի մեզանից հեռանալը: Բանաստեղծությունները հայրենասիրական են, սիրային, խոհափիլիսոփայական. հատկապես նրանցում հաճախ է արծարծվում դարեր ի վեր բանաստեղծներին տանջող չարի ու բարու փոխհարաբերության խնդիրը: Հայերի ազգային խորհրդանիշը` Մասիսը, նույնպես շարունակ հայտնվում է բանաստեղծի խոհերում.

Կա մեր հոգում` հայահավաք,//Հայաստանված Մասիս սար.//Մեր կեցության բարձունքն ավագ-//Աստվածությանն հավասար: (էջ 11)

1969-ին է գրված «Շտապում են» հիանալի բանաստեղծությունը: Սա ամենօրյա մարդկային կյանքի փիլիսոփայությունն է: Ո՞ւր են շտապում մարդիկ. նրանք շտապում են մթերք ու հագուստ գնել, կինո գնալ, սիրել ու կրթվել, բամբասել ու փառաբանել, քծնել ու քծնանք վայելել, հրամայել, գոռալ, հմայել ու երբեմն կույր մնալ, մաքուր լինել, նաև կեղտոտվել, բուժվել և տուժել ու վերջում` մահանալ:

Սա յուրօրինակ էկզիստենցիալիստական գծապատկեր է:

Հայ ժողովրդի ազգային դժվար ճակատագիրը հուզել է բանաստեղծին, մանավանդ նա հրաշալի պատկերացնում է, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածքը դամոկլյան սրի նման հաճախ կախված է եղել Հայաստանի գլխին: Հայ-թուրքական հարաբերությունները ևս իրենց տեղն են գտել բանաստեղծի ասելիքի մեջ.

Թուրք բանաստեղծ, հիմա գիտեմ,//Անիծում ես հային դու,// Պահապան ես դառնում կոչմամբ//Քո ազգային շահին դու://Իսկ թե իրոք բանաստեղծ ես-//Նայիր ներսդ, լա˜վ նայիր…//Եվ կտեսնես, որ խղճազերծ//Ծառայում ես չարին դու: (էջ 243)

Հայրենիքը Լյուդվիգ Դուրյանի համար զուտ հռետորական պատկերացում չէ. նա խորքով ծանոթ է իր երկրի պատմական անցյալին, հայերի կատարած կարևոր դերին համաշխարհային պատմության մեջ: Դրա համար էլ նա, դիմելով աշխարհի չար ուժերին, հրամայական շեշտով պահանջում է.

Մի՛ պակասեցրեք իմ ազգը երբեք…//Մի՛ պակասեցրեք համը աշխարհի…//Աղքատ է վանքը առանց սրբազան// Մոմ ու նշխարի: (էջ 211)

Նա հրաշալի է տեսնում, թե ինչպես ոմանք յուրացնում են հայրենիքի բարիքները, ինչպես Ավետիք Իսահակյանը կասեր նման մարդկանց համար` հայրենիքը «պերճ արոտավայր է` հարուստների ցոփ»: Դուրյանն էլ ներկայացնում է այդօրինակ մարդկանց նկատմամբ ձևավորված համընդհանուր ոչ հարգալի վերաբերմունքը.

Հայրենիքը նրանց հանդեպ//Ինչպե՞ս լցվի հարգանքով…//Երբ որ նրանք հայրենիքը//Դարձրեցին կթու կով… (էջ 217)

Իրապես,  Պետրոս Դուրյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը նրա սիրելի բանաստեղծներն են, և Լ. Դուրյանը շարունակողն է այդ բանաստեղծների քնարերգության: Գուցե այդ է պատճառը, որ նա չի ընդունում որոշ նորերի «նոր երգություն» երևույթը, որը ինչ-որ առումով հնի հերքումն է, բայց բոլորովին էլ կատարյալ չլինելով` նրանց հասցնում է դափնիների ու փառքի: (էջ 66)

1998-ին գրված մի փոքրածավալ քերթվածում Դուրյանը Լենինին ու Ստալինին անվանում է նեռ, որոնց պատճառով եղել են անմեղ զոհեր ավելի, քան նրանց համատարած մոնումենտների պղնձե քաշը: (էջ 234)

Դուրյանն ունի ուշագրավ քառյակներ ու էքսպրոմտներ: Մի էքսպրոմտում, որը նվիրված է մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանին, կա այն ճշմարիտ գնահատականը, թե Սարյանի վրձնած ծաղիկները բուրում են ու հավերժ անթառամ են:

Հետևելով իր ժամանակների բանաստեղծների գրվածքներին` նա համամիտ է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի այն մտքին, թե հայերին երբեմն պակասում է միմյանց նկատմամբ ունենալիք սերը, որը պարտադիր պայման է ամեն մի ազգի առաջընթացի համար: (էջ 235)

Իրոք, Հովհաննես Շիրազի «Դանթեականը» մեր խաչված ազգի համահավաք, դարեդար չխլացող բողոքի ճիչն է, որն ուղղված է առ անարդար աշխարհը և առ Աստված.

Ողջ տիեզերքի տիրապատկանը, //Աստվածն անպարփակ, Տերն ամենալուր,//Կարդում Շիրազի «Դանթեականը», //Հառաչանքի մեջ արտասվում էր լուռ:  (էջ 190)

2004-ին է գրված «Երեք աղջիկ` գյուղի ճամփին» գողտրիկ քերթվածը, որը պատկերում է իսկական տղամարդու պլատոնական հիացումը նորաբողբոջ կանացի գեղեցկությամբ: (էջ 223) Սրա կողքին կա կարևոր մի կին, որը նրա կյանքի ուղեկիցն է, որին նա անպայմանորեն սիրում է և նրանից սիրված է: Դա իր կնոջը նվիրված ջերմ քերթված է, որն իրատեսորեն ներկայացնում է այն անքակտելի կապը, որն առկա է նվիրված ամուսինների միջև (էջ 121): «Զանգն աստծո» գրքի վերջում զետեղված են հինգ փոքրածավալ պոեմներ: Այս հատորը առավել տպավորիչ է դարձել կազմի վրա եղած Հենրիկ Մամյանի պատկերած Լյուդվիգ Դուրյանի գունավոր դիմանկարով և գրքի ներսում եղած Ստեփան Գրիգորյանի, Արտաշես Հովսեփյանի ու Փարավոն Միրզոյանի` բանաստեղծի բացառիկ հաջողված դիմանկարներով:

Հատորում զետեղված այն բանաստեղծությունները, որոնք ավելի ուշ շրջանի են, նվիրված են մոտեցող մահվան ճնշող իրողությանը: Ահա այդ թախծաշաղախ տողերից, որոնք խիստ տպավորիչ են.

Ինչ վատ է ասել,

Որ անցավոր եմ…

Կարծես ասում եմ,

Թե հանցավոր եմ…

Մի բան էլ մնաց

Ասելու, ասեմ.

Արդեն հեռացող

Ու թախծավոր եմ: (էջ 186)

One thought on “ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։