ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, լրագրող
Արմենակ Ղազինյանին
ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Հարգարժան Արմենակ Ղազինյան կամ ԱՐՄԵՆԱԿ ՋԱՆ…
Ի սրտե շնորհավորում եմ 85-ամյա գեղեցիկ հոբելյանդ:
Հայ պարբերական մամուլի, նաև գրահրատարակչության բնագավառում քո վաստակը մի առանձին, ինքնուրույն տեղ ունի: Այդ պանծալի 85 տարիներից 55-ը, այսինքն՝ ավելի քան կես դարը, միասին ենք աշխատել: Դու «ՖԻԼՄ», «ԳԵՂԱՐՎԵՍՏ» թերթերի և «+ԿԻՆՈ» ամսագրի խմբագրական ընտանիքի լիարժեք անդամն ես: Այդ 55 տարիներին դու «կռիվ ես տվել» մեր լեզվի մաքրության ու անաղարտության համար: Եղել ես անզիջում, անգամ այն պարագայում, երբ տպարանում գիշերվա ուշ ժամին ցանկացել ենք աչք փակել այսինչ տողի, այսինչ կետադրականի բացակայության վրա… Օրինակ ես բերել ու մեզ համոզել՝ ասելով. «Բա որ դպրոցում աշակերտները վաղը վիճեն ու ասեն՝ թերթում էսպես էր գրված»: Դու մեզ բոլորիս ուսուցչապետություն ես արել: Ավելին ասեմ. եթե թվարկածս մամուլում ես եմ եղել խմբագիրը, հետագայում դու ես դարձել իմ բոլոր գրքերի խմբագիրը: Փոխվել ենք դերակատարումով, բայց ոչ՝ հավատամքով:
Մեր խմբագրության բոլոր ժամանակների աշխատակիցների անունից ի սրտե շնորհավորում եմ պանծալի հոբելյանդ և մաղթում միայն ու միայն առողջություն…
Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ
***
Ուղիղ 10 տարի առաջ, 75-ամյակի առթիվ, հրատարակվեց Արմենակ Ղազինյանի բանաստեղծությունների «Ընծայագիրքը»։ Այս ժողովածուն՝ տարբեր տարիների բանաստեղծություններով, իսկական գանձ էր, մեծ մասը քառյակներ են (գրեթե երկու երրորդը՝ 530 քառյակ)՝ խորազնին մտորումներ կյանքի, սիրո, նվիրվածության, մարդկային դավաճանության և Արևելքին բնորոշ Նախախնամության անտարբերության մասին… Լի փիլիսոփայական ընդհանրացումներով, որոնք հնչում են մեր բոլորի՝ մեծ Թումանյանի երաժշտության ներքո։ Բայց Արմենակը… Զարմանալի է, որ այս աներևակայելի համեստ մարդը, բարձրակարգ գրագետ բանասերը խմբագրում ու բարձրորակ սրբագրումներ է անում տարբեր հրատարակչությունների համար՝ միաժամանակ գրելով ու գրեթե թաքցնելով իր բանաստեղծությունները…
Վերջերս նրան տվեցի իմ հերթական գիրքը կարդալու և ուղղելու համար… Վերև չբարձրացավ, շտապում էր, ուստի, մենք մի երկու րոպեով նստեցինք դպրոցի մոտ գտնվող նստարանին և… զրուցեցինք մի ամբողջ ժամ։ Ինչի՞ մասին։ Պոեզիայի մասին, էլ ինչի՞։ Հրանտ Թամրազյանի դասավանդած պոեզիայի, արաբկիրցի Վահագն Դավթյանի, Շիրազի հետ մեր հանդիպումների մասին… Մեր զրույցը միշտ սկսում էինք «շիրազականով», «տերյանականով», «չարենցականով»։
Եվ հիմա ես վայելում եմ Արմենակի քառյակները և ափսոսում, որ ընտրեց ուրիշների տեքստերը ուղղելու ուղին։ Բայց նրա հրաշալի իմացությունն ու հիշողությունը մեզ շատ է անհրաժեշտ:
Ափսոս, ես պետք է վերադարձնեմ «Ընծայագիրքը». Արմենակը ինձ տվել էր կարդալու իր՝ վերջին օրինակը: Պետք է առաջարկեմ վերահրատարակել այն։
Գոհար ՌՇՏՈՒՆԻ
Արմենակ ՂԱԶԻՆՅԱՆ
***
Եվ այսպես մի կյանք մնաց ետևում
Օրեր իմ, որքան արագ եք թռնում,
Կար մի ժամանակ՝ օրը տարի էր,
Բայց հիմա տարին մեկ օր է թվում։
1996
***
Բախտը իր ոտով եկավ ինձ այցի,
Ես նրա առջև դուռս չբացի,
Բախտի արժեքը չէի իմանում,
Բախտս կորցրել, բախտ եմ որոնում։
1995
***
Շուրջս վաղուց լույս դառած
Հոգիներն են իմ սիրած,
Ես քարացել մի քարի՝
Մնացել եմ շիվարած։
1996
***
Ամեն ինչին սիրահարված,
Ամեն կողմից սրահարված,
Սիրտ, ինչպե՞ս ես դու դիմանում՝
Ստանալով այսքան հարված։
1994
***
Վանքի մամռոտ պատի տակ
Փոքրիկ մի գառ սպիտակ
Արածում էր ու խաղում՝
Իր սև բախտին անգիտակ։
1994
***
Ժողովուրդը վերածվել է ամբոխի,
Չկա մեկը առանց քենի ու ոխի,
Ավերվում են մեր շեները անդադար,
Մի՞թե սա էր նպատակը ոսոխի։
2001
