ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է
բանաստեղծ, հրապարակագիր

ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆԻՆ

ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Մանիկ Աճեմյանի հոբելյանի առթիվ խոսքս նրա տարիների գրական հասարակական գործունեութունը գնահատելն է. իր հավատամքն է՝ «Ժամանակը անսահմանի խորհուրդն ունի… մարդկային կյանքն ու գործը՝ հույս-երազանքի իրագործում, որ ավանդվում, պատգամվում է սերնդեսերունդ»։
Իր աշխատանքային՝ «Պիոներ կանչյան» տարիներից եմ ճանաչում Մանիկ Աճեմյանին, երբ ես «Բողբոջ» գրական ակումբի սան էի և աշակերտել եմ Աճեմյանին՝ փորձելով սերտել ոչ միայն գրական վարպետություն, այլև ազգային ինքնության և հոգևոր արժեքների գնահատման կարողություն: Պատանիների հետ աշխատելու նրա ոգեշնչող ակտիվությունն ու էներգիան որոշակի ազդեցություն, անշուշտ, թողեցին իմ աշխարհայացքի վրա՝ հատկապես երկրորդ մասով՝ ազգային ինքնության և հոգևոր արժեքների գնահատման շարունակական ձգտման առումով։
Այդ կարևոր շարունակականությունը ինձ համար նկատելի էր նաև «Արեգնածին» կազմակերպության հիմնմամբ։ Մանիկ Աճեմյանի ղեկավարությամբ՝ «Արեգնածինը» ժամանակին համընթաց դարձավ այն հզոր ուժը, որը միավորեց գրականությունը և բարեգործությունը՝ ազդելով մի խումբ երիտասարդների վրա։ Այս կազմակերպության գործունեությունը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է արվեստի և հասարակական ակտիվության միջոցով ստեղծել փոփոխություններ, ամրապնդել ազգային ինքնությունը և նպաստել հասարակական խնդիրների լուծմանը։ Մանիկ Աճեմյանը՝ որպես բանաստեղծուհի և հասարակական գործիչ, ոչ միայն հարստացրեց հայ մշակույթը իր ստեղծագործություններով, այլև առաջնորդեց «Արեգնածին»-ը դեպի մի ուղի, որը միավորում է հոգևոր արժեքներն ու գործնական նախաձեռնությունները: Նրա գործունեությունը՝ որպես «Արեգնածին» կազմակերպության ղեկավար, ցույց է տալիս, թե ինչպիսի հզոր ազդեցություն կարող է ունենալ արվեստի և հասարակական ակտիվության համատեղումը:
Մեր նախնիները, ամենատարբեր փորձություններով անցնելով, մեզ ավանդել են բանաձևեր, որոնց ականջալուր լինելով՝ ավելի հեշտ կլինի հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են մեր առջև ծառանալ: «Արեգնածին»-ը այս պատգամները փորձում է ի մի բերել և պարբերաբար ու շարունակաբար փոխանցել հաջորդ սերունդներին:
…Երբ մոռացման մեջ
Մենք մնացել ենք
Մեր սպասումով,
Եվ լքել օրը,
Թողել անկյունում՝
Ճանապարհների
Որոնածը մեր
Արհամարhված է։
«Անդորր» բանաստեղծությունը արտացոլում է լուռ սպասման և կորստի զգացումները, երբ ուղիները՝ կյանքի և մշակույթի որոնումները, մոռացվել են։ Աճեմյանի այս տողերը կարելի է դիտարկել որպես խորհրդանիշ «Արեգնածին»-ի առաքելության՝ վերադարձնելու մեզ դեպի մեր արմատները, դեպի այն հոգևոր և մշակութային արժեքները, որոնք ժամանակին մոռացվել են, բայց որոնք այժմ «Արեգնածին»-ը կրկին ջերմացնում և վերակենդանացնում է։ Մանիկ Աճեմյանի մուսան, որը նա փոխանցում է իր ստեղծագործությունների միջոցով, ծառայում է որպես ուղեցույց՝ ցույց տալով, թե ինչքան կարևոր է չմոռանալ անցյալը և չլքել մեր ազգային ինքնությունը, հատկապես այն ժամանակ, երբ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ։ Մնում է, որ սերունդներն այդ ամենին ունկնդիր լինեն ու կյանքի կոչեն։
Կարեն ՂԱԶԱՐՅԱՆ
լրագրող

 

***
Լռությունն է
Իմաստուն՝
Անբառ, անխոս.
Շշուկները
Շրջանցվում են
Անդառնալի
Օրվա վերջում։
Անշրջելին
Անթեղված է
Իրականում,
Պայքարի մեջ
Ժամանակի
Համբերություն։
***
Բարու ավանդույթը
Լռությունն է,
Գարնան նոր օրեր…
Սպասում։
Պիտի գա, անշուշտ,
Վաղվա օրը,
Հորիզոնը լույս է
Արձագանքում։
– Բարի է երազի
Ելևէջը,
Նոր օրը կիրակի
Անսովոր
***
Արեգնածին օրերից
Մինչև նվագ
Բերկրության…
***
Ամառային ժամանակ
Գույն ու լույսի
Ջերմությամբ։
Եվ հավատն է վերստին
Ուրախության չափ
Շռայլ,
Արեգակի շողերի
Պայծառությամբ
Հիացած։
Արեգնածին օրերից
Մինչև ոգին
Արարման…
***
Գարնան լույսն է
Ավետում
Ուրախությունն
Աներկբա։
Այն ծաղկում է ամենուր,
Հառնում օրվա
Խնդությամբ,
Միայն զգա,
Որ երգ կա.
Սրտիդ զարկին`
Համբերանք…
Ապրեցնելու
Կանչն է այս
Լիացնում հույս
Ու ժամանակ։
***
Երազ-հույզերի
Թևավոր խոսքով
Նույնացած հուշը
Քո հապճեպ ապրած
Ժամանակի հետ
Պիտի սավառնի
Դեմ հանդիման է
Գալիքը, իրոք,
Որին պիտի մենք
Հանդիպենք,
անշուշտ։
***
Ու… երբ գա օրը,
Վերադարձ չունի
Կյանքի ուղեկից
Հուշ-ժամանակը։
***
Վերադարձ
    Ամառ
      Կիրակի
***
Կրկնվող լույսի
Շողը առաջին
Ամռան ջերմության
Երազներն ունի.
Ծիրանին բացվող
Առավոտների
Ներշնչանք բարու
Եվ սպասումի…
Երբ սփռվում է
Ամենուր խինդով
Ներդաշնակ
Ապրած
Օրվա ժամերին ՝
Ծիրանին բացվող
Առավոտների
Անդարձ երազ է
Իրիկնամուտին…
***
Կարոտն իմ հույսի եզերքից
Ձայն և ելևէջ երկնքից,
Անուրջն ու ձգտումն ամենքիս
Դեպի այն՝
փնտրված կիրակին.
——-
Ուր հորիզոնն է արեգակի —- Ա
***
Այն, ինչ ապրել եմ,
Երազի պես էր,
Գայթակղության պես
Անհաս բարձունքի
Երբ մի քայլ առաջ
Կարոտի երգն էր,
Եվ արձագանքն էր
Անդարձ օրերի
2
….Հնչեց վերստին
Գալիքը հուսո.
Ուշացած է նա
Ում հոգում սերտած
Կյանքի հուշերում
Երգը չի թևում:
***
Օրվա նորահայտ
Ճամփաբաժանում
Հառնում է բարին,
Ի վերուստ ընծա
Յուրաքանչյուրիս։
Բայց՝ համբերություն,
Հիմա, այս պահին
Երազանքներն են
Օրորում մարդուն,
Նա ով չի քնում
Միայնության մեջ
Լույսն ու ստվերը
Չի էլ նկատում։
Իր համար օրը
Ժամանակն է նույն.
Ցերեկը՝ կեսօր
Իսկ երեկոն՝ ուշ
***
Ամեն վայրկյան,
Ամեն վայրկյան
Ժամն է զնգում,
Դառնում ներկա
Օրորվում են երգերը իմ
Հիշողության մեղեդու տակ:
Վերդարձիր,
վերադարձիր
Կորած է այն, ինչ չգտար։
***
Այգաբացից առաջ
Արթնանում է բարին,
Իր նորօրյա երգով
Ձոնված առավոտին։
Ժամերի մեջ պահված
Հույսի ելևէջ է
Ձայնում կրկին, կրկին…
***
Ճշմարիտ է, որ մենք
Քայլ անելուց առաջ
Պիտի զգանք պահը
Մեր երազի կանչի,
Որ հնչում է երկնի
Հորիզոնից անդին…