ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ78 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց անվանի բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը: Ռ. Պողոսյանի պոեզիան ավելի քան կես դար գրականագետների և ընթերցողների ուշադրության կենտրոնում է, գնահատվում է ըստ արժանվույն: Հարուստ կենսագրություն ունի մեր գրչակից ընկերը: Ծնվել է 1937 թ. հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում: 1961 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1969 թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: 1974 թ. ընտրվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար և բաժանմունքը ղեկավարել մինչև 1990 թվականը: 1990-1998 թթ. եղել է Վանաձորի թիվ 46 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենը, իսկ 2002-2006 թթ.՝ Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրենը: Բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով, 1964 թ.-ին արժանացել է ՀԳՄ մրցանակի, 1997 թ.` ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի, իսկ 2010 թ. «Մասրածաղկի բույրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակի:
Հայ գրականության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ 2012-ին Ռ. Պողոսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մեդալը բանաստեղծին է հանձնել ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: «Ռազմիկ Պողոսյանի յուրաքանչյուր նոր գիրք նոր հայացք է կյանքին, իրականությանը: Ուրախ եմ, որ բանաստեղծն արարում է բյուրեղացված, մաքուր լիրիկա՝ իր ինքնատիպությամբ և խոսքի հզոր ուժով»,- շնորհավորելով հոբելյարին՝ նշել է Լ. Անանյանը:
2007 թ. Ռ. Պողոսյանը պարգևատրվել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով, նույն թվականին արժանացել է «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Մի քանի անգամ ընտրվել է Կիրովականի քաղխորհրդի պատգամավոր:
Ռ. Պողոսյանի հրատարակած ամեն գիրք մի հայտնություն էր ընթերցողի համար: 1965-ին լույս է տեսել բանաստեղծի առաջին գիրքը՝ «Գարնանային նվագներ», 1974-ին՝ «Բանաստեղծություններ», 1980-ին՝ «Մի ափ հող», 1986-ին՝ «Կարոտը սահման չունի», 2004-ին՝ «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ», 2010-ին՝ «Մասրածաղկի բույրը», 2013-ին՝ «Թռչունների պատարագը» բանաստեղծությունների ժողովածուները:
Ռ. Պողոսյանն այն բացառիկ բանաստեղծներից էր, ովքեր անկախ տարիքից կենսունակ են և անընդհատ նոր շերտեր են բացում պոեզիայի աշխարհում: Ռազմիկ Պողոսյանն իր անջնջելի հետքն է թողել հայ պոեզիայի անդաստանում և երկար կհիշվի ոչ միայն իր հարազատների, այլև գրչակից ընկերների, հազարավոր ընթերցողների կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ

Մեզանից հեռացավ մեր ավագ ընկերը՝ անվանի բանաստեղծ, ակտիվ քաղաքացի Ռազմիկ Պողոսյանը: Նա այն մարդկանցից էր, ով անտարբեր չէր իրեն շրջապատող մարդկանց վշտին և ուրախությանը:
Ռազմիկն իր ստեղծագործություններով դաստիարակում էր նոր սերնդին՝ լինել բարի, ազնիվ, անտարբեր չմնալ շրջապատում տիրող անարդարություններին, լինել ներողամիտ, սիրել իրեն շրջապատող բնությունն ու Լոռվա չքնաղ աշխարհը:
Մեծ ցավ եմ ապրում քո կորստի համար, իմ ավա՛գ ընկեր, լա՛վ մարդ ու բանաստեղծ:
Հպարտ եմ, որ ունեցել եմ քեզ նման լավ խորհրդատու, լավագույն ընկեր:
Բարեկա՛մս, ես քաջ գիտեմ, որ սերունդները քեզ չեն մոռանա, որ քո յուրաքանչյուր բանաստեղծություն նրանց համար նոր ճանապարհ կբացի դեպի լուսավոր ապագա:

Լենա ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

ԴԱՐՁԱՎ ԿԱՐՈՏ

Մենք դուրս ենք գալիս փակագծերից
Եվ գնում դեպի գալիքը անտուն,
Եվ ինչ էլ անում, ինչ էլ չենք անում,
Փակագծերում պարփակված կյանքի
Հրաշքն է անվերջ մեզ առաջնորդում:

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

«Իմ ամենամեծ ձեռքբերումը մաքուր, բյուրեղացած բանաստեղծությունն է»,- ասում էր նա: Եվ, իրոք, նա ստեղծեց բյուրեղացած գործեր, ապրեց բանաստեղծավարի, տառապեց բանաստեղծավարի և մահկանացուն կնքեց՝ որպես բանաստեղծ: Իր ձգտումն էր՝ աշխարհը մարդկայնացնել, առօրյա քաշքշուկի ու վազքի մեջ պահպանել բարոյական անաղարտությունը: Լինելով ներաշխարհի բանաստեղծ՝ խորապես տառապում էր մեր աշխարհի համար, ժամանակի թոհուբոհում կասկածներով ու հարցերով կեղեքում ինքզինքը և ներդաշնակություն ու հանգրվան գտնում իդեալական իր աշխարհում՝ վերակերտելով այդ աշխարհը՝ մանկության, հայրենի բնության, հարազատների պատկեր-խորհրդանիշերով:
Գնաց դեպի մանկություն՝ առաջնորդվելով հրաշքով, փարվելով կարոտներին ու դառնալով կարոտ.

… Հետո մի պահի, մի վերջին պահի
Մեր խամրո՜ղ, մեռնող կոպերի ներքո
Հառնում է հանկարծ մի վաղ առավոտ…
Եվ մենք, դառնալով դեպի մանկություն,
Գնում ենք այնտեղ ու դառնում կարոտ:

Հարգանք և խոնարհում իր հիշատակին:
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.