ՀԳՄ-ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը, գրական-մշակութային այլ նախաձեռնությունների թվում, մշակել և առաջարկել է նաև հանրապետության մարզպետարանների հետ գործնական համագործակցու­թյան լայն ծրագիր: Արդեն իսկ ստացվել են առաջին արձագանքները ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի և ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի ստորագրությամբ` համագործակցության պատրաստակամության վերաբերյալ, որի համար Հայաստանի գրողների միությունը հայտնում է իր խորին երախտագիտությունը: Համոզված ենք, որ դրական արձագանքները կշարունակվեն նաև հանրապետության մյուս մարզերից:

ՀԳՄ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳԻՐ

ՀԳՄ-ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը այս և հետագա տարիների համար մշակել է մեր երկրի գրական-մշակութային կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն ուղղված գործողությունների և միջոցառումների լայն ծրագիր: Դրանում, բնականաբար, մեծ տեղ է հատկացված նաև հանրապետության մարզերին: Հանրապետության համաչափ զարգացման քաղաքականության շրջանակներում, Հայաստանի գրողների միությունը պատրաստակամ է համագործակցելու մարզպետարանների հետ՝ տեղերում գրական-մշակութային մթնոլորտի բարելավմանը, դասական և ժամանակակից գրականության արժեքներին ընթերցող լայն հասարակայնությանը պատշաճ մակարդակով ծանոթացմանը, մարզերում ստեղծագործող գրողների խրախուսմանը, նրանց վաստակի գնահատմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:
Ելնելով վերը նշված նպատակադրումից` առաջարկում ենք Ձեզ, Հայաստանի գրողների միության հետ համատեղ, իրականացնել միջոցառումների հետևյալ ծրագիրը՝
ա) մարզում ստեղծագործող վաստակաշատ գրողի հոբելյանի նշում,
բ) մարզում ստեղծագործող գրողի նոր լույս տեսած գրքի շնորհանդես,
գ) մարզում ստեղծագործող գրողների գործերի (արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկական) մրցանակաբաշխություն (մարզպետարանի և ՀԳՄ համատեղ ժյուրիով),
դ) հանրապետական գրական միջոցառումների անցկացում մարզում (մանկապատանեկան գրքի շաբաթ, պոեզիայի փառատոն, համաժողովներ, խորհրդակցություններ և այլն),
ե) ամեն տարի ՀԳՄ ներկայացմամբ պետական պատվերով տպագրվում են նաև մարզերում ստեղծագործող գրողների գրքերը: Ցանկալի է, սակայն, որ յուրաքանչյուր մարզում, մարզպետարանի և ՀԳՄ աջակցությամբ, հրատարակվի սկսնակ և երիտասարդ գրողների գործերի ժողովածու կամ տարեգիրք:
զ) գրողների հանդիպումներ մարզի կրթական և մշակութային հաստատություններում (վճարումը՝ մարզպետարանի օժանդակությամբ՝ յուրաքանչյուր գրողին՝ 10.000 դրամի չափով),
է) մարզում ստեղծագործող գրողների տարեկան հանդիպում Երևանում՝ ընթերցողների հետ (ՀԳՄ դահլիճում):
Կարծում ենք` առաջարկված ծրագրի իրականացումը կնպաստի ՀԳՄ-մարզպետարան կապի ամրապնդմանը, մարզի գրողների սոցիալական վիճակի և ստեղծագործական ակտիվության բարելավմանը, գրքի և գրականության նկատմամբ ընթերցողների հետաքրքրության աճին, ինչը, համոզված ենք, դրական ազդեցություն կունենա նաև մարզում առկա սոցիալական, տնտեսական և այլ հիմնախնդիրների լուծման վրա:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
ՀԳՄ նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի հետ համատեղ, մարզի մեծանուն և վաստակաշատ գրողների հոբելյանական տարեթվերի առիթով, պարբերաբար կազմակերպվում են մեծարման հանդիսություններ, ինչպես նաև նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի և ասմունքի փառատոներ, համաժողովներ, քննարկումներ և այլ բազմաբնույթ միջոցառումներ:
Լոռու մարզպետարանը այսուհետ ևս կշարունակի վերոնշյալ միջոցառումների շրջանակներում համագործակցել ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի հետ, ինչը կնպաստի մարզում գրական-մշակութային կյանքի բարելավմանը:

Արթուր ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՀՀ Լոռու մարզպետ

ՀԳՄ նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Ի պատասխան Ձեր 22.01.2014 թվականի N ԳՄ-9 գրության` հայտնում ենք, որ լիովին ողջունում ենք մարզերում գրական-մշակութային կյանքի բարելավմանը, դասական և ժամանակակից գրականության արժեքներին ընթերցող լայն հասարակայնությանը պատշաճ մակարդակով ծանոթացմանը, մարզերում ստեղծագործող գրողների խրախուսմանը միտված Ձեր նախաձեռնությունը և այդ ուղղությամբ ՀՀ մարզպետարանների հետ համագործակցության պատրաստակամությունը: Առաջարկվող միջոցառումների ցանկը և դրանց իրագործման ձևաչափերը կքննարկվեն նաև Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային մասնաճյուղի ղեկավարության հետ, որից հետո կկազմվի համատեղ գործողությունների ծրագիր-ժամանակացույց:

Կովալենկո ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
ՀՀ Կոտայքի մարզպետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։