ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ – 80

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր խոսքում նշեց. «Ամեն անհատ ստեղծում է մի դաշտ, որ ուրիշը չի կարող: Լևոնը իր ստեղծած դաշտի տերն էր, որ սկսվեց «Գարուն» ամսագրից և այնուհետև շարունակվեց»: Նա անդրադարձավ նաև Լևոն Անանյանի՝ Գրողների միությունը պահպանելու, աշխատանքները բարելավելու ջանքին, երբ նա ՀԳՄ նախագահ էր:

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ասաց. «Ես միշտ հիշում ու կարոտում եմ  և չեմ կարողանում պատկերացնել, որ նրա ջերմ, բազմակողմանի զարգացած տեսակը չկա: Լավ կլիներ, որ նրա նման նվիրյալներ հայ ժողովուրդը շատ ունենար»:

ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը նշեց, որ Արցախում ծանոթ էին հայ գրողների գրքերին, բայց անձնապես սկսեցին ճանաչել, երբ Լևոն Անանյանը դարձավ ՀԳՄ նախագահ, և  գրողները սկսեցին այցելել Արցախ:

Գրական թերթի խմբագիր Կարինե Խոդիկյանը պատմեց 1990-ականների դժվարին տարիներին «Գարուն» ամսագրում Լևոն Անանյանի հետ համատեղ աշխատանքի մասին: «Լևոնը «Գարուն»-ում ստեղծել էր մի ընտանիքի համակեցություն, որտեղ բոլորս շնչում-արտաշնչում էինք, մեր սրտերը խփում էին մի զարկով՝ մեր խմբագրին համահունչ սրտի զարկով, որովհետե մենք տեսնում էինք, թե ինքն ինչքան է նվիրված «Գարուն»-ին, և մեզանից ոչ մեկը չէր կարող ետընթաց անել»,- նշեց նա: Կ. Խոդիկյանն ընթերցեց Լևոն Անանյանի «Քնարական վերջաբան՝ ծննդավայր» էսսեն:

Բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը խոսեց Լևոն Անանյանի անհատականության, բարության, ազնվության, նվիրումի, «Գարուն» ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ գրական անդաստանում ունեցած  ներդրման մասին՝ ասելով, որ  «նա սկիզբ դրեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարին «Գարուն»-ի էջերում և մեծ աշխատանք կատարեց սփյուռքի հետ կապի ուժեղացման համար»: Արձակագիր, թարգմանչուհի Դիանա Համբարձումյանը պատմեց Լևոն Անանյանի կազմակերպմամբ հայ գրողների խմբի՝ Բեյրութ այցելության, ինչպես նաև նոր գրական միջազգային կապերի հաստատման բնագավառում ունեցած նրա մեծ ներդրման մասին:

Ըստ Ալիս Հովհաննիսյանի՝ «Երևույթներ կան, որ երբ հեռանում են մեզանից՝ մեր աշխարհի մթնոլորտը ամբողջովին փոխվում է: Այդպիսին էր Լևոն Անանյանը»:

Բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանը հիշողություններ պատմեց Լևոն Անանյանի մասին՝ խոսելով նրա նվիրվածության, կազմակերպչական ունակությունների, հայ-վրացական բարեկամության ասպարեզում ունեցած մեծ ներդրման մասին ու նշելով, որ «Լևոն Անանյանի կեցվածքի, խառնվածքի լեցունությունն է, որ մնացել է մեր ու մեր գրական տարեգրության մեջ: Մենք միշտ նրան երանությամբ ենք հիշում»:

Լևոն Բլբուլյանն ընթերցեց Լևոն Անանյանի մասին գրած իր «Ստեղծարար, բարի էություն» խոսքը՝ նշելով  որպես «Գարուն» ամսագրի խմբագիր և այնուհետև որպես ՀԳՄ նախագահ նրա  անձնվեր աշխատանքի, գրական, հրապարակախոսական, հրատարակչական, մշակութային  ու հասարակական  գործունեության, նրա  նախաձեռնությամբ ստեղծված և այժմ հաջողությամբ շարունակվող Գիրք նվիրելու օրվա, ինչպես նաև նրա բազմաթիվ արժանիքների մասին:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն հայտնեց  հիշատակի ցերեկույթի կազմակերպման, հնչած ելույթների, իր հոր կատարած աշխատանքի գնահատանքի ու հիշողությունների համար՝ նշելով Գրողների միության հարակից Պոեզիայի պուրակում նախատեսվող հուշարձանի մասին, որի վրա գրվելու է Լևոն Անանյանի խոսքը. «Ես գալիս եմ դեպի քեզ՝ ինչպես կգնան խորքը հոգու անքննելի ու անթեք»:

Սեփ․ լր․