Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակագիր Անժելա Սահակյանի «Արցախապատում» հրապարակախոսական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ սա «Արցախապատում» ժողովածուի 2-րդ հատորն է և նվիրված է Արցախի համար պայքարում զոհված ազատամարտիկներին, նշեց, որ Ա. Սահակյանը, տեղափոխվելով Ֆրանսիա և այնտեղ աշխատելով հայկական ռադիոյում, շարունակել է հանդես գալ Հայաստանի, Արցախի վերաբերյալ նյութերով: «Հայը, որտեղ էլ ապրի, չի կարող հեռու մնալ հայի ցավերից, մեր ընթացքի հանդեպ մտահոգություններից»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ հորդորելով միշտ վառ պահել հերոսների հիշատակը, քանի որ նրանք զոհվել են ապագայի համար:
Արևշատ Ավագյանը, անդրադառնալով Ազգային ռադիոհեռուստատեսությունում, Մշակույթի հայկական ֆոնդում իր և Ա. Սահակյանի համագործակցությանը, կարևորեց Ֆրանսիայում «Արցախապատումի» 1-ին հատորի լույսընծայումը:
Անուշ Վարդանյանի հավաստմամբ՝ Ա. Սահակյանը, հայտնվելով Ֆրանսիայում, ոչ միայն Հայաստան աշխարհի իրադարձություններին է հետևել, այլև Ֆրանսիայում իր շուրջն ստեղծել է հայրենասիրական հաղորդումներ պատրաստելու մթնոլորտ: Նշելով, որ Ա. Սահակյանն իր մտքերը, հույզերը ներկայացրել է «Արցախապատում» ժողովածուով, Ա. Վարդանյանն անհրաժեշտ համարեց այն թարգմանել այլ լեզուներով, քանի որ ստեղծված է գիտական ճիշտ հիմքի վրա և գրված է գեղարվեստական լեզվով:
Ըստ Արփեն Մովսիսյանի՝ Ա. Սահակյանը երբեք չի ընկրկում, ուղիղ իր ճանապարհն ունի, այդ ուղիով է ընթանում և համոզում է բոլորին, թե որքան կարևոր են նվիրյալները այսօր մեր հասարակության մեջ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ