Տարիներ շարունակ չէի ուզում որպես տուրիստ այցելել Արևմտյան Հայաստան։ Մտածում էի՝ հետաձգեմ մինչև ճանապարհները բացվեն, ու ես իմ ապուպապերի հողի վրա ոտք դնեմ տիրոջ իրավունքով։ Երևում է՝ մոտակա ժամանակներում երազանքս չի կատարվի, իսկ ես արդեն ծերանում եմ… Ի վերջո, անսանցի տղայիս հորդորներին ու հիմա տուրիստական խմբի հետ այստեղ եմ՝ ավերակ դարձած Մշո Սուրբ Կարապետ վանքի բլուրների վրա։ Վանքից ոչ մի հետք։ Միայն մոտակայքում երևում էին քրդերի տներ, որոնց պատերի մեջ թարս ու շիտակ տեղադրված էին հայի համար մասունք դարձած խաչքարերի ջարդված կտորներ։
Մեր խումբը լուռ ու շվարած կանգնած էր երբեմնի հայ դպրության կենտրոններից մեկի փլատակների վրա և տխրում էր։
Եղանք նաև Վանի բերդում, որտեղ ծածանվում էր թուրքական դրոշը։ Նույն դրոշը հպարտորեն ծածանվում էր նաև Ղարսի բերդի վրա։
Ղարս–Անի ճանապարհի եզրին աչքի զարնող մի փոքր սպիտակ հուշարձան տեսա։ Խնդրեցի կանգնեցնել ավտոբուսը։ Մինչ այդ լինելով Մուշում, Արդահանում, Բայազետում, Վանում և այլուր՝ հայերին վարկաբեկող և նսեմացնող բազմաթիվ նշաններից հասկացա, որ սա էլ դրանցից մեկը կլինի, որովհետև այն տեղադրված էր մի ճանապարհի վրա, որտեղ բացառապես օտարազգի տուրիստներ էին անցնում։ Բախտս բերում էր այն առումով, որ մեր խմբի գիդը իմ վաղեմի բարեկամ թուրքագետ Անդրանիկ Առաքելյանն էր։
Հուշարձանը երեք մետր բարձրությամբ, կրաջրով ներկած բետոնե քառակողմ բուրգ էր՝ վրան պղնձյա թիթեղից մակագրություն։ Անդրանիկը թարգմանեց այն․ «Թուրքերով բնակեցված այս գյուղի բնակչությանը, մինչև վերջին մարդը (կին, երեխա, ծեր), 1915 թվականին դաժանաբար կոտորել են հայ բարբարոս ազգայնամոլները»։
Մոտակայքում գյուղի հետք չկար։ Շուրջը մի քանի կիլոմետր տրամագծով, ալպիական բնապատկերով սփռված հարթավայր էր։ Մի՞թե այս կողմերում երբևիցե թուրքական բնակավայր է եղել։ Ջարդի տարիներին այստեղ կողք կողքի ապրել են բնակչության փոքրամասնություն կազմող հայեր և քրդեր։ Հուշարձանի ետևում՝ ճանապարհից մոտ հիսուն մետր հեռու, քրդական երկու ընտանիք կար, հավանաբար՝ սարվորներ՝ իրենց խրճիթներով, գոմերով և աթարի դեզերով։ Ճիշտ մեր լեռնային շրջանների սարվորների նման, որ մնացել է իմ մանկության հիշողություններում, և որոնց բազմաթիվ անգամ կարոտել ու վերարտադրել եմ իմ կտավներում։ Գուցե «թուրքական գյուղ» ասելով՝ դա՞ նկատի ունեին։
Վիրավորանքից ու անզորությունից սիրտս քարացել էր։ Մի՞թե կարելի է այսքան անմարդկայնորեն ծաղրել մի ազգի խեղճությունն ու անզորությունը, որի պատմական դժբախտության պատճառը իրենց խղճի վրա է։ Ինձ թվաց՝ ցուցատախտակին գրված է․ «Այստեղ ապրում էր մի փիղ, որին դաժանաբար հոշոտեց կրկեսի փոքրիկ շնիկը՝ արյունարբու Տուզիկը»։
Այո՛, զավեշտ է։ Սակայն զավեշտ է մեզ համար։ Իսկ արդյոք աշխարհի տարբեր երկրներից ժամանած տուրիստների համար նույնպե՞ս զավեշտ է։
Մենք՝ հայերս, տարօրինակ ժողովուրդ ենք։ Փող ենք ծախսում, տուրիստական ուղեգիր ձեռք բերում, որպեսզի գնանք մեր պապենական լքված հողի վրա հիմնավորապես տխրենք ու վերադառնանք։ Տխրությունը մեր ուղն ու ծուծի մեջ է։ Մեր երգերը «Վա՜խ, դլե յաման» ու «Կռո՜ւնկ, ուստի կուգաս» են։ Նորմալ պետությունները հասկացել են, որ խաղաղություն պարտադրելու համար հարկավոր է սուր կռել և երբեք այն պատյանը չդնել։ Իսկ մեզ միշտ թվացել է՝ խաղաղ ապրելու համար բավական է գութան կռել ու երգել. «Աշխարհն որ կա, վըր գութնին ա, գութան չըլնի աշխարհն ինչ ա…»։ Ակամա հիշեցի արժանահիշատակ աշնակցի գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին, որ արմատներով սասունցի է։ Նա իր պատմվածքներից մեկում հետաքրքիր միտք է արտահայտել, որ հայերս մեր բոլոր զրույցներում հիշում ենք թուրքին։ Մեր երգերը թուրքերից վրեժ լուծելու և մեր աղջիկներին ու մայրերին նրանցից պաշտպանելու մասին է։ Երբ մենք խոսում ենք պատերազմից, թուրքը մեր հիմնական թեման է, երբ խոսում ենք խաղաղությունից՝ դարձյալ թուրքն է, խոսում ենք մեր ցավերից ու եղեռնից, նորից թուրքն է ու թուրքը… Եվ վերջում բացականչում է․ «Էս ինչքա՜ն ենք սիրում թուրքին…»։
Բայց մենք աշխարհին ինչպե՞ս հասկացնենք, որ մեր բոլոր պատերազմները պարտադրված են եղել։ Մեր հանդեպ օտարների անարդարությունների շնորհիվ մենք մեր բոլոր չորս հարևաններին էլ հող ենք տվել… Կամ արդյոք աշխարհին պե՞տք են մեր ցավերը։ Մի՞թե հզոր տերություններին հետաքրքրում են փոքր ազգերի ու ազգությունների ճակատագրերը։
Հինավուրց քաղաքի բարձր պարիսպների տակ, հսկա շքեղ կամարակապ մուտքի մոտ, մի քանի լեզվով ցուցանակ է տեղադրված աշխարհի տարբեր երկրներից ժամանած տուրիստների համար, որն իբր պատմական «ճշգրիտ» տեղեկություններ է պարունակում Անի քաղաքի մասին։
– Գիտե՞ս ինչ է գրված այս ցուցանակի վրա,- ինձ դիմելով՝ հարցրեց Անդրանիկը։
– Գուշակում եմ,- տխուր պատասխանեցի ես։
Անդրանիկը հավաքեց խմբին և բարձրաձայն թարգմանեց ցուցանակի բովանդակությունը, որը մոտավորապես այսպիսին էր. «Անի քաղաքը տարբեր ազգերի ու ազգությունների մշակույթների յուրահատուկ խառնուրդ էր։ Այստեղ ապրել են թուրքեր, ադրբեջանցիներ, ասորիներ, հույներ, քրդեր…» և այլն, և այլն։ Իսկ հայը ոչ մի տեղ հիշատակված չէր։
Նույն ստորացված վիճակը…
Պարզվում է՝ երբեմնի հայկական մայրաքաղաք, ամենահարուստ մշակույթային կենտրոնում, հազար ու մի եկեղեցիների քաղաքում հայեր չեն ապրել… Մի՞թե պատմության կեղծարարները հազար անգամ ավելի հանցագործներ չեն, քան դատարանում սուտ վկայություն տվողները։
Անին հարյուր հեկտարի վրա սփռված հայ մտքի յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված եկեղեցիների, մատուռների, նախշազարդ անկրկնելի խոյակների, հսկա պարիսպների և հազար ու մի շինությունների հազարամյա շքեղազարդ ավերակ դարձած քաղաք է։ Այստեղ նույնիսկ ոտքի տակի հողը և նրան խառնված կավե ամանների փշրված մասունքը հայի համար հուշարձան է և սրբություն։
Ինքնաձիգով զինված թուրք զինվորները հսկում են ձորը։ Ներքևում լսվում է Ախուրյանի խշշոցը։ Դիմացի հակառակ լանջին երևում է Հայաստանի Հանրապետությանը պատկանող գյուղը՝ իր ժամանակակից տներով և մարդկանցով։ Տիգրան Հոնենց եկեղեցին գտնվում է այդ գյուղի դիմաց։ Միակ եկեղեցին է, որ թուրքերը իբր վերանորոգել են։ Միայն ափսոս, կարծես յաթաղանի շեղակի հարվածով եկեղեցու գմբեթը թեք հարթությամբ կտրել են։ Սուրբ Առաքելոց եկեղեցին անհուսալի վիճակում է։ Նախշազարդ թափված քարերը դարեր ի վեր պահպանել են իրենց երբեմնի շքեղությունը։ Մայր տաճարի մասին ոչինչ չեմ ուզում ասել, բազմաթիվ լուսանկարներից բոլորս գիտենք նրա վեհ և խղճալի վիճակը։ Կամարի թռիչքը արծվի բացված թևի նման տարածվել է երկինք ու քարացել։ Զարմանալի է, հազար տարի շարունակ կախված մնալով օդում՝ փուլ չի եկել…
Նկատեցի որ մեր խումբը կանգնած էր հսկա տարածված կամարի տակ ու լալիս էր։
Աբուղամրեց փոքր եկեղեցու մոտ Եվրոպայից եկած տուրիստական խումբ էր հավաքված։ Թրքուհի գիդը խոսում էր անգլերեն։ Անդրանիկին խնդրեցի թարգմանել նրա խոսքը։ Հանկարծ օտար տուրիստներից մեկը մատնացույց արեց կամարաձև մուտքի վերևի հայատառ տեքստը և ինչ-որ բան հարցրեց։ Անդրանիկն անմիջապես թարգմանեց ինձ համար․
– Ի՞նչ լեզվով է գրված…
Անդրանիկը թարգմանեց նաև թրքուհու պատասխանը․
– Տառերը կորած և անհայտ ցեղի գրեր են, և ցավոք, մեր գիտնականները դեռ չեն վերծանել դրանք։
Թրքուհու «կորած, անհայտ ցեղ» արտահայտությունից արյունը խփեց գլխիս։
Լարվածությունից քիչ մնաց քունքերիս երակները պայթեին։ Հուզված դիմեցի Անդրանիկին․
– Էդ թուրք աղջկան ասաˊ, որ մեր խմբից յուրաքանչյուրը, ավելի ստույգ, այս փոքրիկ, տասը տարեկան աղջնակը կարող է լուսավորել ձեր գիտնականներին՝ կարդալով այդ գրերը։
– Չի կարելի, խնդիրներ կունենանք, խնդրում եմ, զսպիˊր քեզ ու լռիˊր,- ինձ սաստեց Անդրանիկը։
Ես մի կերպ զսպեցի հուզմունքս… Մի՞թե Աստված ներել է մեր հարևաններին, ո՞վ գիտի, Աստծո գործերն անքննելի են․․․
Բազմաթիվ հայկական հուշարձանների մոտ ոչ մի հուշատախտակ չկար։ Չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրն ուներ իր ճարտարապետն ու շինարարը, իր հարուստ հայ նշանավոր տոհմիկ հովանավորը և կառուցման ժամանակը։
Հանկարծ նկատեցի երկրաշարժից տապալված մզկիթի կողքին (այն նման էր աղյուսե խողովակի) հուշատախտակ, որի վրա գրված էր․ «Այս թուրքական մզկիթը դավադրաբար պայթեցրել է ազգությամբ հայ Հովհաննես Գրիգորյանը»։
«Այնուամենայնիվ, Անի քաղաքում մի հայ եղել է»,- տխուր մտածեցի ես…
Վերադարձի ճանապարհին ավտոբուսում Անդրանիկի հոգնած գլուխը նիրհում էր իմ ուսին, իսկ ես դառնացած մտածում էի․ «Քանի դեռ քնած է հայկական լեռնաշխարհի խաղաղատենչ երազող հոգին, թրքուհի ջահել գիդը կշարունակի աշխարհի առաջ ամոթաբար բացել իր փարթամ կուրծքն ու ծեծել այն, որպես երդում իր ասածների անվիճելի «ճշմարտության»։ Նրա թարախանման խեժը կաթիլ առ կաթիլ կծորա աշխարհում անտեղյակ ուղեղներին։ Եվ թարախի շերտը կպղծի դարերի խորքից մազապուրծ փրկված Անիի ասեղնագործ սրբացած խճաքարերը…»։
Հայացքիս առաջ հառնեց առայժմ հայկական երդիկների նման խաղաղ ծխացող Թոնդրակ լեռը, որը մի օր անպայման կժայթքի…
(Սերգեյ Խաչատրյան)
Գեղանկարիչ, 3000 յուղաներկ կտավների հեղինակ, բանաստեղծ և արձակագիր։
