Գիշերը ժամապահ զինվորն անհամբերությամբ է սպասում, թե երբ կանցնի իր երկու ժամը, որ գա հողատնակ, ամեն ինչ թողնի երկու ժամից այն կողմ ու պարտքը կատարածի անխռովությամբ իրեն հանձնի քնին: Դա՝ զինվորը, իսկ ինչ անի հենակետի ավագը, եթե գիշերը մի քանի անգամ ժամապահ է փոխում: Որքան էլ ուզում է զինվոր լինես, օրգանիզմդ ինչքան էլ ջահել ու առողջ լինի, եթե քնիդ ռիթմը խախտվում է, անքնությունը կպչում է աչքերիդ, ու գիշերը լուսացնում ես առանց աչք փակելու: Այդպես եղավ և այս անգամ: Բաց աչքերով ժամապահների հետ լուսացրի, իսկ արևագալին եկա հողատնակ` գոնե մի քանի ժամով աչքս կպցնելու մտադրությամբ: Պառկեցի չոր թախտին, վրաս քաշեցի գորշ, կեղտակուր ծածկոցը և աչքերս փակեցի: Բայց ինձ վիճակված չէր քնել: Աչքս կպած կլիներ տասը կամ տասնհինգ րոպե, երբ մեկն ականջիս ասաց.
– Վեր կաց, ո՞ւր ես քնել, հայրդ մեռավ:
Երազի ձայն չէր, իրական ու կենդանի էր: Ասես մեկը թեքվեց ականջիս ու ասաց, բայց այնքան բարձր ու հստակ ասաց, որ քնի բարակ թաղանթը ճղվեց միանգամից, ու տեղումս նստեցի: Հողատնակում ոչ ոք չկար: Գարնան տաք առավոտը նույնիսկ հերթափոխից ազատ զինվորներին դուրս էր կանչել, ու նրանք քունը մոռացած՝ դուրս էին եկել արևի տակ տաքանալու:
– Հայրդ մեռավ,- ձայնը արձագանքում էր գլխիս մեջ, ու սիրտս թպրտում էր առաջին անգամ կրակելու օրվա պես:
Հայրս… Ծեր չէ հայրս, բայց իր առողջության ձեռքը կրակն է ընկել: Օրը մի տեղը ցավում է: Ինքը բանի տեղ դնել չի ուզում, օրվա աշխատանքային ռեժիմը չի խախտում, բայց երբ ցավը շատ է տանջում, մեկ-մեկ տնքում է: Այդպես էլ` վիրահատության ժամանակ: Իմ բանակ գալուց առաջ էր, հայրս ստիպված եղավ վիրահատվել: Նախքան վիրահատությունն իրեն պահում էր, իսկ երբ նարկոզից դուրս եկավ, մի տեսակ իրար խառնված էր, ինքն էր ասես ու ինքը չէր: Նայում, ճանաչում ու չէր ճանաչում: Եվ տնքում էր, նեղվում հատկապես իրեն միացրած փողրակներից: Մայրս թաշկինակով սրբում էր քրտինքը, երեսը թաց շորով զովացնում, բայց հայրս նայում ու չէր տեսնում և ինքն իրեն կորցրած ու խեղճ էր: Ես նրան այդքան խեղճացած չէի տեսել երբևէ: Չգիտեմ՝ վախեցա՞ծ էր, թե՞ չէ, բայց մի պահ աչքերը հառեց երեսիս ու հարցրեց.
– Վե՞րջն է, հա՞:
– Չէ,- ասացի,- այ հեր, վաղը-մյուս օրը դուրս կգրեն:
Հետո թեքվեցի վրան ու կամաց հարցրի.
– Լավ չե՞ս, հա՞:
– Չէ,- ասաց՝ փորձելով ժպտալ,- էն անտերի մեջ դրած շլանգները մրմռացնում են:
– Ոչինչ, դիմացիր,- հույս տվեցի,- մի քանի ժամ հետո կհանեն:
Էդ էր ու էդ, էլ չտնքաց, պահեց իրեն, ցավն ատամի տակ առավ, սեղմեց ու հաղթեց նրան: Հա, հաղթեց, բայց էդ մի ցավին: Նրա վրա ինչն էր շատ` ցավը: Բայց բանակ գալուցս առաջ ոնց որ լավ էր: Ինձ ճանապարհեց: Հավաքակայան չեկավ, քանի որ Երևանի շոգից մոտը շնչարգելություն էր սկսվում, բայց ճանապարհեց ու աչքից մի կաթիլ արցունք չընկավ: Իսկ հիմա ահա ինչ-որ ձայն ինձ գուժում է նրա մահը:
«Հիմար բան էր, կանցնի»,- ինձ համոզեցի ես, սիգարետ կպցրեցի, մի քանի ումպ ծուխ քաշեցի, հետո նորից պառկեցի՝ փորձելով քնել, սակայն այդ ձայնը, կենդանի ու իրական, ականջիցս դուրս չէր գալիս, և ես այլևս չէի կասկածում: Համոզված էի, որ հայրս մահացել է: Բայց ինչի՞ց: Նրա ցավերից և ոչ մեկը կարծես մահացու չէր: Գլխի ու դեմքի ցավի՞ց: Բորբոքված դիմային ներվը խեղճ մարդու հոգին հանում է արդեն տասը տարի: Աննշան ցրտից ցավում է, աննշան տաքից ցավում է, ու նա ափը դեմքին դրած՝ պայքարում է ցավի դեմ: Դեմքին մեղր է քսում, որ քաշի, մեղմացնի ցավը: Այդպես տան մեջ գնում-գալիս է մեղրոտ ու քաղցր ու չի տնքում, վախենում է տնեցիներին զզվեցնել, վախենում է՝ հոգնենք իրենից: Իր ներսում ինչ է առնում-տալիս` չգիտենք: Մի քանի անգամ բժշկի գնաց, բայց ոչ մի օգուտ չստացավ ու հիմա հույսն Աստծո ու Նրա տված արդար մեղրի վրա դրած՝ ապրում է: Բայց ախր էդ ցավից էլ չեն մեռնում: Ճիշտ է, մի կարգին չեն ապրում, բայց չեն էլ մեռնում:
Ես վեր եմ կենում պառկած տեղից, դուրս եմ գալիս հողատնակից ու աչքս հառում եմ հենակետ բերող ճանապարհին: Եթե հայրս չկա, ուրեմն, իմ ետևից մեքենա կուղարկեն, հո չե՞ն կարող հորս առանց ինձ թաղել: Ախր ես նրա միակ տղան եմ:
– Չքնեցի՞ր, ավագ ջան,- շողոմ ժպտում է խոհարարը,- սուրճ ուզո՞ւմ ես:
Ես հայացքս ճամփին հառած` գլխով եմ անում: Մի քանի րոպե անց Հրանտը սուրճ է բերում: Ես խմում եմ անջատված ու հայացքս չեմ կտրում ճանապարհից: Հիմա այնպես է մեջս արմատ գցել հորս մահացած լինելու միտքը, որ ներքուստ նույնիսկ մի քիչ նեղվում եմ, որ մեքենան ուշանում է: Լրիվ մոռացել եմ հենակետի հոգսերը, աչք ու ականջ եմ դարձել ու նայում եմ ճանապարհին:
– Ավո, հո վատ չե՞ս,- թևիցս քաշում է լեննագանցի Ծոիգը: Անունն Արտակ է, բայց Ծո ենք ասում, քանի որ լավ տղա է, անունը քաղցրացնում ենք «իկ» մասնիկով,- Ավո, խո բան չի՞ էղե,- անհանգստանում է նա:
– Չէ, Ծոիկ ջան,- առանց հայացքս ճանապարհից կտրելու պատասխանում եմ ես ու առանց նրա կողմը նայելու հարցնում,- ոչ մի հեռախոսի մեջ շունչ չկա՞:
– Ծը՛,- գլուխը բացասաբար շարժում է նա:
Ես գիտեմ, որ հենակետում հինգ հեռախոս կա, գիտեմ, որ նրանք վաղուց լիցքաթափված են, և հենակետում էլ հոսանք չկա: Կա շտաբին միացրած առանց համարի հեռախոսը, որի լսափողը թե բարձրացնես, շտաբի հերթապահ սպային կմիանաս: Բայց հո չե՞մ կարող հերթապահ սպային հայտնել, թե ինչ-որ մի ձայն վատ լուր է հայտնել: Խե՞նթ եմ, ինչ եմ: Ո՞վ կհավատա կամ կպատասխանի նման հարցումին: Մտքիս մեջ տենդագին կշռում եմ իրավիճակը, փորձում եմ խաղաղեցնել ներսս, ամուր բռնում եմ վզիցս կախված խաչն ու… Չէ, հորս առողջության համար չեմ աղոթում, լիովին համոզված եմ, որ նա մահացել է: Աղոթում եմ, որ հրամանատարությունը տեղում լինի, որ իմ ետևից մեքենա ուղարկի, որ հորեղբայրներս Ռուսաստանից ժամանակին եկած լինեն, որ…
Օրն արդեն կիսվել է, իսկ շտաբի «Վիլիս»-ը չի երևում: Ես ձեռքի հետ ժամապահ եմ փոխում, կարգավորում եմ ամենօրյա հարցերը, նույնիսկ մի կտոր հաց ու երշիկ եմ ուտում և ծխում եմ իրար հետևից: Բերանս դառն է, ներսս դառն է, օրս դառն է: Լավ կլիներ, եթե լաց լինեի, բայց տասներկու զինվորի ներկայությամբ, առանց իրական պատճառի ո՞նց լաց լինես: Ասենք, եթե նույնիսկ պատճառ լինի էլ, հորս մահվան չափ ծանր պատճառ, էլի լաց լինել չեմ կարողանա: Լաց լինելու համար հարկավոր է փափկած լինել, իսկ ես բանակ գալուց ի վեր քարացած եմ:
Ամբողջ օրը աչքիս առջևից չի հեռանում հորս ճլորած ժպիտը: Երբ ներքուստ խեղճացած է լինում, ժպտում է, բայց մի տեսակ: Խե՞ղճ ասեմ՝ չէ, մոլորվա՞ծ ասեմ` էլի չէ, ավելի շատ ճլորած, թառամած ժպիտ է բացվում դեմքին, և թեթև դողում է «դժգոհության կնճիռը»: Ես եմ այդպես անվանում: Նրա դեմքի ձախ կողմում, քթից մինչև բերանի անկյունը մի կնճիռ է իջնում, որ դժգոհ ժամանակ ավելի է խորանում և անհամարձակ դողում է: Երբ ինձնից դժգոհ է լինում, առաջինն այդ զգում եմ «դժգոհության կնճռին» նայելով: Մոտենում, ձեռքով ուղղում եմ կնճիռն ու… իրար հասկանում ենք անխոս: Այդ ժամանակ նույնպես ժպտում է: «Տեսնես մեռած ժամանակ դժգոհության կնճիռը հարթվե՞լ է»,- անցնում է մտքովս, ու այդ միտքը խեղդում եմ ծխի դառը քուլաների մեջ:
Օրը դեպի իրիկուն է թեքվում, իսկ ճանապարհը դատարկ է: Չեմ ուրախանում այդ փաստից: Մտապատկերիս մեջ հորս դագաղն է, վրան` խաչված Քրիստոս: Չեմ իմանում` ո՞վ է բերել այդ դագաղը առանց ինձ ու հորեղբայրներիս: Մեզ ո՞ւր է կարգին բարեկամ: Հարևաննե՛րը… Հարևանի բերած դագաղն ի՞նչ պիտի լինի: Ամեն հարևան թեթև ափսոսանք է ապրում կամ չի ապրում մեռած դրկիցի համար: Հո հարազատ չէ՞, որ սիրտը մղկտա: Հարևաններից ոմանք գուցե թե ուրախանա՞ն հորս մահով: Ո՞վ գիտե մարդու սիրտը: Գուցե նրանցից մեկն ուզենա, որ հորս մահից հետո նրա մշակած փոքրիկ բանջարանոցն իրենը լինի: Ինքը ծառ չի տնկի, հորս տնկած ծառերը կկտրի ու բոստանում «բուդկա» կդնի: Մեջը կլցնի քըրչ ու փալաս, թուրքական ծամոն, անորակ երշիկ, կողքի գյուղում լցրած, վրան «Ջերմուկ»-ի պիտակ կպցրած գազավորված ջուր… Իսկ ծառե՞րը… Ո՞ւմ է հարկավոր խնձորենին, որի պտուղը դեռ մասուրի չափ չդարձած, ուտում են թաղի երեխաները:
Չէ, մարդ հարևանի բերած դագաղի մեջ չպիտի պառկի: Հարևանը հենց ժողովրդի ասած «ուզող-չուզողն» է: Կգա մեռելիդ վրա, ծաղիկ կբերի, վաշ-վիշ կանի, բայց հետո կմտնի իր տուն ու թախտին պառկելով՝ անհոգ քուն կմտնի:
Չէ, ինչ էլ լինի, ես ժամանակին պիտի գնամ, հասնեմ հորս: Բայց ո՞նց: Հո չե՞մ կարող թողնել դիրքն ու գլուխս տնկած գնալ: Եթե նույնիսկ ձայնը ճիշտ լինի, և հայրս իրոք մեռած լինի, դա կհամարվի հանցագործություն: Իսկ այսպես մնալ` կնշանակի սիրտ սևացնել ու կեսմարդ դառնալ: Թե հերթափոխի սկզբում լիներ, կկարողանայի տուն զանգել, բայց հիմա հեռախոս չկա: Ճանապարհի վրա մի ժամ առաջ մեքենա երևաց: Ոչ այն է` ուրախացա, ոչ այն է՝ տխրեցի: Բայց մեքենայի ապակիները փայլեցին արևի տակ, եկավ-եկավ, հետո թեքվեց ու մտավ թփերի մեջ: Ծոիկը հեռադիտակն իջեցրեց աչքերից ու դարձավ ինձ.
– Ավո ջան, տղա ու աղջիկ են: Մարդիկ ապրում են, հո մեզ նման սահման չե՞ն պահում:
Ուրիշ ժամանակ լիներ, ես հեռադիտակն ուրիշին չէի զիջի, կհետևեի մեքենային, բայց հիմի… Բոլորն զգում էին, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեին` ինչ, ու սսկվել-մնացել էին: Արևն արդեն դեպի մայրամուտ էր թեքվում, ու ես դարձա Ծոիկին.
– Գնալու եմ հարևան հենակետ:
– Ընչի՞,- լարվեց նա:
– Ճիշտն ասած, տան վրայով վատ բան է անցնում մտքովս:
– Հը՞…- բերանը կիսաբաց արեց Ծոիկը:
– Դրանից ավել ասելու բան չկա,- ձեռքս նրա ուսին դրեցի ես,- գնամ, տեսնեմ հեռախոս ունե՞ն: Արամի հոգին խորն է, մի ճար կանի:
Գիտեմ, որ մինչև հարևան հենակետ ու ետ` երեք ժամ կտևի: Բոլորին զգուշացնում եմ, իմ փոխարեն կարգում Ծոիկին ու ճամփա եմ ընկնում: Թե ուղիղ գնաս, մինչև հարևան հենակետ կհասնես քառասուն րոպեում, բայց ճանապարհը թշնամու դիպուկահարի նշանառության տակ է, ու պիտի գնաս ոլոր-մոլոր, ձորերով ու բլուրների ստորոտով, զգույշ: Բայց ավելի լավ է երկար քայլես, տեղ հասնես, քան թե…
– Ճապոնացիներն ասում են` օրը տասը հազար քայլ պիտի անի մարդ, որպեսզի առողջ լինի,- ասում է հայրս ու ճանապարհ է ընկնում: Ես՝ ինը-տասը տարեկան տղա, հետևում եմ նրան: Ամեն օր քայլում ենք դեպի լիճ, մարզանք անում ու վերադառնում: Ես չեմ ուզում այդքան քայլել, ես հոգնում ու ձանձրանում եմ ֆիզիկական վարժություններից, բայց չեմ համարձակվում բացահայտ հակառակվել ու ասում եմ.
– Պապ, մենք հայ ենք, չէ՞, հո ճապոնացի չե՞նք:
– Հա, Ավետիս տղա,- միտքս հասկանում է նա,- բայց ճապոնացին էլ մարդ է, երկու ոտք, մի գլուխ ու մի սիրտ ունի, և նրա գլուխն էս հարցերում ավելի լավ է աշխատում: Թե չես ցանկանում մարզվել, ամուր ու պինդ տղամարդ լինել, էդ ուրիշ,- իմ ինքնասիրությանն է կպչում նա:
– Չէ, դրա համար չեմ ասում,- ինձ հավաքում ու նրա ետևից հասնում եմ ես:
Հայրս իր ամեն օրն սկսում էր մարմնամարզությամբ: Ամեն առավոտ սառը ցնցուղ էր ընդունում, բայց հազար հիվանդություն ուներ: Ես չէի ուզում հորս ասել, վախենում էի վիրավորել, սակայն միշտ մտածում էի՝ եթե մարզանքն օգուտ տար, ուրեմն, հորիցս առողջ մարդ չէր գտնվի աշխարհում: Չէի ասում, հայրս մեղք էր. մեկ ոտքերն էին բռնվում, մեկ թիկունքն էր ցավում, մեկ ծնկներն էին հրաժարվում ծառայել, մեկ արյան ճնշումն էր բարձրանում, մեկ դեմքն էր ցավում, մեկ` ստամոքսը… Բայց նա ասես կարդում էր իմ մտքերն ու մի օր ասաց.
– Ավետիս տղա, եթե ես մարզանք չանեմ, այսքան ուշադիր չլինեմ իմ առողջությանը, շուտ հող կլինեմ, ու դու մեղք կլինես:
– Բա հիմա մեղք չե՞մ, այ հեր,- մտքինս բարձրաձայն արտահայտեցի ու ավելի արագացրի քայլերս…
Արցունքը հոսում էր առանց ինձ հարցնելու: Այժմ շրջապատում ոչ ոք չկար, մենակ էի ու կարող էի բարձրաձայն խոսել հորս հետ, կարող էի լաց լինել:
…Երեխա էի՝ քաղաքի բնակարանում մեծացած, ոտքս հողի փոխարեն ասֆալտին կպցրած տղա: Հորեղբայրներս էկան, գյուղ տարան: Մրսեցի՞, թե՞ շնից ու կատվից ինչ-որ մանրէ անցավ, չիմացան, շուրթերս ուռեցին, ջերմությունս բարձրացավ մինչև երեսունինը աստիճան: Բերեցին ու իրենք փախան: Բժիշկները քննում էին ու չէին կարողանում իմանալ պատճառը, իսկ ես ջերմության մեջ տառապում էի: Մայրս տեգրերի մասին մտածածը բարձրաձայն չէր ասում, բայց տագնապած ու վախեցած էր: Վախեցած էր նաև հայրս, որ ժամերով նստում էր հիվանդասենյակի իմ մահճի մոտ, բռնում զարկերակս ու հաշվում էր սրտիս զարկերը:
– Լորիկ, իմ լորիկ,- ճակատս շոյում ու մրմնջում էր նա:
– Բա ինչո՞ւ լորիկ,- մի անգամ աչքերս բացեցի ես:
– Լորիկ, որովհետև սիրտդ բռնված լորի պես թպրտում է:
Այդպես տևեց մի շաբաթ, իսկ հետո ջերմությունն անցավ: Իսկ ես հորս ձեռքի ջերմությունը մինչև այժմ զգում եմ բազկիս վրա:
– Հա, այ հեր, մի քանի ամիս էլ համբերեիր, էլի,- հիշողությունից իրականություն վերադառնալով՝ արագացրեցի քայլերս:
– Հոսանքը սպառվելու վրա է,- հեռախոսն ինձ մեկնեց Արամը:
Դողացող մատներով հավաքեցի համարը: Զանգը գնաց միանգամից, ամեն անգամվա պես նազ ու տուզ չարեց:
– Այո՞,- իր սովորական, կիսահարցական տոնով լսափողի մեջ ասաց հայրս:
– Պա՞պ,- արտաբերեցի ես:
– Հա՞,- նորից ասաց հայրս, ու կապն անջատվեց:
Ես երկար ժամանակ կանգնած էի՝ անջատված հեռախոսն ականջիս դրած: Հետո անկախ ինձանից ժպտացի՝ պատկերացնելով, թե նա ինչպես է հարցական նայում հեռախոսին, անջատված, փայտացած փողի մեջ մի քանի անգամ «ալո» ասում և լսափողը խնամքով դնում է տեղը:
