Եթե կարողանաս ճգնաժամդ վերաիմաստավորել այնպես, որ նրա ներսում քեզ կաշկանդված չզգաս, ապա դա ճգնաժամի հաղթահարման փորձ է։
Պատահում է՝ մենամարտի ես բռնվում քո իսկ հորինած գրական հերոսի հետ և զգալով, որ պարտվում ես, սկսում ես պատառոտել գրվածքներդ ու չես էլ նկատում, թե ինչպես է հերոսը դուրս պրծնում կոտորածից։
Ոչ միշտ է հաջողվում ինքդ քեզ հասկացնել, որ սիրտը ևս մի օրգան է, որն իր ֆունկցիաներում թերանում է, երբ չափից դուրս հանդուրժողականություն ես դրսևորում։
Չափել եմ իմ խաղաղությունը. եթե դատարկեմ, մի դույլ կլցվի։ Խորհուրդ եմ տալիս քեզ պահել դույլի սահմաններում, որ չվնասվես։
Հազար եմ ասել՝ մտքիդ թելը փոխարինիր պարանով, որ կարողանաս արհեստական բանականության հետ քայլ գցել։
Ես այսօր զբոսնելու եմ մեր վայրերով. դու էլ եկ, և որպեսզի երկուսս էլ վատ չզգանք, հանդիպումը կկոչենք պատահական։
Պատնեշը, որը կառուցել ես ինքդ քո ճանապարհին, զգուշությամբ փլուզիր, որ ինքդ քեզ չվնասես։
Եթե ներսումդ մտքերդ եռում են, վառարանի կրակը հանգցրու, որ չուշաթափվես։
Եթե կշեռքի մի նժարին դու ես, իսկ մյուսին՝ ապրած տարիներդ, դեն նետիր անցյալիդ շղթաները և կունենաս ժամանակի հետ մենամարտում ոչ-ոքի արդյունք։
Սովորիր լայն մտածել, որ անհաջողություններիդ տարածքը փոքրանա։
Ինքդ քո ետևում թաքնվելուց առաջ ճշտիր՝ չկա՞ արդյոք թաքստոցիդ մոտակայքում հայելի, որը կբացահայտի քո տեղը։
Որքան էլ փորձես բառերիդ ազգային տարազ հագցնել, եթե նրանց չես տվել ազգային ոգի, նրանք քեզանից կփախչեն։
Ինքդ քեզանից մի խլիր երջանկությունդ. այն ոչ մեկին չես կարողանա հրամցնել որպես քաղցրավենիք։
Որքան էլ ամուր ճիպոտով ծեծես գլխիդ չափսերին չհամապատասխանող գլխարկին, միևնույն է՝ նրա համառությունը չես կոտրի։
Ինչ տեսակ քծնանքի բառեր ուզում ես օգտագործիր, եթե միտքդ ուրիշ տեղ է, այնտեղից հետ չի գա։
Փորձում եմ գտնել ամենաչարաճճի գույնը, բայց ստացվում է հակառակը. լավատեսությունս բարկությունից բռնում է օձիքս, և դեմքիս հայտնվում է չարաճճիություն արտահայտող գույն։
Չեմ կարողանում պահարանում ազատ դարակ գտնել, ուր կխցկեմ իմ իսկ կողմից պարտության մատնված լռությանը։
Արդյոք բռնապետն է ավելի դաժան, թե նրան սպասարկողները։
Հանդուրժելով գրական հերոսի քմահաճույքները՝ գրողը կորցնում է գլուխը և հերոսի գլուխն է տեղավորում իր ուսերին։
Կան գրական հերոսներ, որոնք թրաֆիքինգի են ենթարկում գրողին, իսկ գրողին թվում է, թե ինքն է գլխավոր դերում։
Պատահում է՝ գրպաններիդ դատարկությունը այնքան է ծանրացնում մտքերդ, որ ոտքերդ սկսում են ըմբոստանալ։
Նրան, ով փորձում է տեղավորվել քո ներսում, շատ հասկանալի բացատրիր, որ քո ներսում ազատ տարածք չկա։
Ընկճախտով տառապողին ուր ուզում ես տեղափոխիր՝ նա կսայթաքի և կմնա դարերի արանքում։
Մինչ անանձնական ուրախությունը սեփականաշնորհելը, ճշտիր՝ արդյոք այդ ուրախությունը կորցրե՞լ են, թե՞ դեն են նետել։
Աշունը որքան էլ չցանկանա անձրև, միևնույն է, այն կիջնի՝ դեղինը ուրիշ գույներից զատելու համար։
Հիշողության ավելցուկը կդանդաղեցնի ընթացքդ, և կմնաս անցյալում։
Ինքդ քեզ փակուղի ուղեկցելուց առաջ ճշտիր՝ նրան, ում ուղեկցում ես, արժանի՞ է դրան։
Պահապան հրեշտակդ պարտավոր չէ քո պատյանը քարշ տալ ամենուր. մի օր նա կձանձրանա. ամրացիր, որ պատյանիդ ծանրությունից չկքես։
Եթե կորցնում ես գլուխդ, կորցրու կոկիկ՝ սանրված և սափրված, որ գտնողը միայն դատարկությունը չգնահատի։
Մտիր մոտակա վաճառատունը, գնիր երկաթյա շղթաներ, եկ տուն, այն բառերը, որոնք կծում են օգտագործելիս, կապիր այդ շղթաներով մահճակալիդ ոտքից, հետո նոր դուրս եկ տնից։
Երբ ինքդ քեզանից այնքան ես ձանձրանում, որ խաղաղությունդ սկսում է աղմկել, վերցրու ինքդ քեզ և գնա գրողի ծոցը. այնտեղ անելիք կունենաս։
Երբ խորքումդ կուտակված լռությունը նեղում է քեզ, դա նշանակում է, որ այն կորցրել է վաղեմության ժամկետը, և ժամանակն է նրանից ազատվել։
Ծառի կանգուն մնալը քամիների դաստիարակության արդյունքն է։
Կառավարության շենքում գտնվող աթոռները փոշոտ չեն լինում։
Ծառը որքան էլ ծերացած լինի, միևնույն է, կհիշի գարունը՝ թեկուզ մեկ ծաղկով։
Մաշված լարի վրայով քայլելը ոչ թե հերոսության, այլ հուսահատության նշան է։
Կա մարդկանց մի զանգված, որոնք վազում են բախտի հետևից՝ չիմանալով, որ այդպես հեռանում են իրենք իրենցից։
Հասնելով այնտեղ, որտեղ ոչ ոք չկա, կհասկանաս, որ կորցրել ես ինքդ քեզ։
Քնելուց ուշադիր եղիր՝ ձեռքերդ երազից դուրս չմնան. եթե մնան, չես կարողանա փաթաթվել երազիդ հերոսին։
Քեզ մեկ կարկատում ես մի շիշ օղուն, մեկ՝ մանկության երազանքներին՝ չիմանալով, որ կարկատանները ավելի շուտ են մաշվում, քան կարկատանի թելերը։
Քո ճանապարհը որքան էլ մաշված լինի, միևնույն է, քեզ տեղ կհասցնի։
Շաքե ջան, էսքանը…
Այդ ինչպես է լինում, որ կարողանում ես տեղավորվել օղու կիսադատարկ շշի մեջ առանց օգնության, իսկ դուրս գալու համար պահանջվում է զանգ փրկարար ծառայություններին։
Կարտոֆիլ ես ցանել՝ կարտոֆիլ կհավաքես, խնձորենի ես տնկել՝ խնձոր կհավաքես, ատելություն ես սերմանել՝ սիրո չես արժանանա։
Երբ տանը ոչ ոք չկա, նստիր պատին նկարած գնացքը և ճամփորդիր. երկրագունդը կլոր է՝ երեկոյան ինքդ քեզ կդիմավորես։
Հոգնած մտքերդ իջեցրու շալակիցդ և ճանապարհդ շարունակիր թեթևացած։
Չգնված իրերը հետ չեն վերցվում, նույնն է թե՝ գրի չառնված մտքերը տող չեն լցնում։
Խուսափիր հայացքներից, որոնք փորձում են մակարդվել ներսումդ. նրանք հակահիգիենիկ են և բազում վարակներ են տարածում։
Սիրտդ դռան պես բաց մի թող. անկոչ հյուրերը սիրում են կեղտոտ ոտնամաններով ներխուժել։
Խաչը, որը կրում ես, տարիքիդ հետ կծանրանա, և կսկսես փնտրել ճանապարհ, որը հարթ է։
Երբ հոգիդ ժպտում է, ժպիտդ բաժանիր անցորդներին, որ ստանալիք ժպիտ ունենաս։
Երջանկությունը կարելի է տանել շալակած, կարելի է քարշ տալով, կարելի է նաև ճախրել՝ երջանկության ուսերին բազմած։
Նա, ով ցանկանում է ոչնչացնել քեզ, զգուշացիր. նա դրա փորձն ունի՝ նա արդեն ոչնչացրել է ինքն իրեն։
Քո արտացոլանքը միայն քո հայելու մեջ մի փնտրիր. օտար հայելիները ավելի անկեղծ են։
Հաճախ ճամփորդիր դեպի քո ներսը, որ կարողանաս ներսումդ կուտակված քաոսը կարգի գցել։
Հոգուդ և եղանակի մշուշը թանձրանում է, երբ աչքերդ լույս չեն փնտրում։
Որքան հեռու փախչես ինքդ քեզանից, այնքան կհեռացնես քեզ բոլորից։
Երբ սառնություն է թե դրսում, թե քո ներսում, վառարանի բոցերի մեջ նետիր խռովությունդ։
Չնայած նրան, որ առաջին ձյունը անհարմարություններ է բերում, միևնույն է՝ այն գեղեցիկ է։
Բոլոր գործած սխալները ուղղելը ևս մի սխալ է։
Ճահիճը և ագահությունը ունեն կլանելու հատկություն. երկուսից էլ խուսափիր։
Մի փորձիր գզգզված հոգով ներխուժել ինչ-որ մեկի անդորրը. կհոսանքահարվես։
Ուրիշների մեջ թաքնվելու փոխարեն թաքնվիր ինքդ քո մեջ. քո ներսը ավելի հիգիենիկ է։
Լռությանը թույլ մի տուր, որ իշխի՝ կմոլորվես։
Երբ ժպիտդ պատված է մերկասառույցով, զգույշ արտահայտվիր, որ բառերդ չսայթակեն։
Բոլորս էլ չարաշահում ենք ժամանակը՝ չարաշահելով ինքներս մեզ։
Զգացմունքներով ժլատ լինելը ձախորդությունների հիմքն է։
Շնորհակալության «լիմիթը» անսպառ է, ներողությանը՝ ոչ։
Երբ ճանապարհը կսայթակի ոտքերիդ տակ, թարմացրու մտքերդ, որ չսայթակես։
Կոռուպցիան դավաճանության թավշյա տարբերակն է։
Եթե հաճախ գոհանաս կյանքով, քեզ ընդառաջ եկող անհաջողությունները կսայթակեն։
Երբ պատահականությունը քեզ հրաշալի անակնկալ է պարգևում, բարի եղիր շնորհակալ լինել։
Օրերդ մի խզբզիր. կգա ժամանակ, որ անհրաժեշտ կլինի վերընթերցել։
Ուրիշին ցավեցնելով՝ ապառիկի մեծ տոկոսադրույքով ցավեցնում ես քեզ։
Հոգիդ մի փայլեցրու այնպես, որ ով ուզենա նայի նրա մեջ և, թողնելով արտացոլանքը, հեռանա։
Ժամանակը չի սիրում, երբ իրեն դավաճանում են։
Արևը միայն քեզանով մի արա՝ կայրվես։
Ոտքերիցդ հանիր անցյալի ոտնաշղթաները և զբոսնիր թեթևացած։
Սիրո կողմից վրաերթի ենթարկված մտքերով դժվար կլինի ճամփորդել դեպի խաղաղություն։
Ինչ-որ տարիքում բոլորս էլ հաշվում ենք աստղերը, սակայն կորցնում ենք հաշիվը։
Երազները հաճախ դավաճանում են, երազանքները՝ ոչ։
Քո մեջ բնակվող գազանին զբոսանքի տանելիս մի մոռացիր բառերիդ դնչկալ հագցնել։
Երբ հոգնածությունից շուրթերդ չեն ժպտում, ժպտա աչքերով։
Սերը բնության հանդեպ փոխադարձ է։
Հայրենիքը սիրում են լուռ, կնոջը՝ բառերով։
Մի թաքնվիր երազներում, թաքնվիր երազանքներում։
Հիշողությունները առաձգական են. որքան ձգես՝ կձգվեն։
Երբ հոգիդ ժպտում է, հնազանդվիր, և արևը ավելի մոտիկից կջերմացնի։
Բոլոր խեղկատակներին թվում է, թե իրենք ծաղրածուներ են, միայն թե սխալ բեմ են բարձրացել։
Մտքերդ մի մոռացիր տանը. մենակությունը նրանց կձանձրացնի, և նրանք կկորցնեն իրենց արդիականությունը։
Երջանկությունդ մի առ շրջանակի մեջ. նրան պատի մեջ մեխված մեխը չի կարողանա պահել։
Գողացված թռիչքով հեռուն չես թռչի։
Եթե հաշտ չես լռության հետ, հաշտվիր ինքդ քեզ հետ. թող լռությունը նախանձից տրաքվի։
Մի թակիր այն դուռը, որը բացվելիս այնպես է ճռռում, որ թվում է՝ հիմա ամբողջ շենքը փուլ կգա։
Այն օրը, երբ հայտնագործես երկիր մոլորակը, հայտնագործիր նաև ինքդ քեզ, որ արժանի լինեք մեկմեկու։
Եթե ուզում ես զգալ ծովի ջերմությունը, գրկիր ալիքները, բայց այնպես, որ չփշրվեն։
Երբ տխրությունդ հավասար է բերնեբերան լցված բաժակի, ապա ցողիր օրվա դեմքին և կունենաս խաղաղ օր։
Մի թույլ տուր, որ ափերիդ մեջ սպառվի ծափը. այն թերապիաներից լավագույնն է։
Երբ անձրևը այնքան հորդառատ է, որ թվում է՝ հիմա շունչը կկտրվի, ծանր մտքերդ հանձնիր նրան, թող մոլորվի։
Երբ ներսդ այնքան լիքն է, որ խաղաղությունը խեղդվում է մտքերիդ մեջ, ազատ արձակիր։
Թախիծիդ այնպես ես փաթաթվել, կարծես սիամյան երկվորյակներ լինեք. թախիծդ դիր դատարկ ծաղկամանի մեջ և ջուր լցրու ծաղկամանը։
Հիմարը, որը քո ներսում է, թույլ մի տուր, որ քեզ էլ հիմարացնի։
Թղթե ինքնաթիռով ճամփորդելիս մտքերդ թող տանը, որ ծանրությունից ինքնաթիռը չընկնի։
Քո այդ բարդ համադասական ժպիտը թե գրականության, թե տրամադրության հերը կտանի։
Ուրիշի հեքիաթում ոչ ոք քեզ արքայազնի հաստիք չի տա, այնպես որ՝ քո հեքիաթը հորինիր։
Ինքդ քեզ մոռացել թողել ես մանկությունում. հասկացիր՝ այն հիմա արդիական չէ։
Ճառ ասելուց խուսափիր դժվարամարս արտահայտություններից, օգտագործիր «դիետիկ» մտքեր։
Ճգնաժամային պահերը պահանջում են պարզ լուծումներ։
Յուրաքանչյուրը հորինում է իր սիրո բանաձևը և անվերջ փնտրում դրա լուծումը։
Ցանկացած ճանապարհ անցնելու համար ընտրիր ճանապարհին համապատասխան ոտնամաններ։
Երբ ժամանակի կարիքը շատ ես զգում, այն քեզանից երես է թեքում։
Ամեն անգամ, երբ սիրտս կարկատում են, ինքս ինձ խոստանում եմ սիրո մեջ լինել չափավոր։
Ինքդ քեզ շալակած տանելիս զգույշ եղիր՝ չսայթակես։
Անհնարին ոչինչ չկա, եթե դու ժամանակի հետ համերաշխ ես։
Այդպես էլ չկարողացա քամուն հասկացնել, որ իմ ներսի գինին աջ է թեքում. ինքն էլ, եթե ցանկանում է օգնել, ձախից փչի։
Խուսափում եմ առավոտյան ծանր բառեր օգտագործելուց, որ օրս չծանրանա։
Գիտեի, որ մարդ լինելը դժվարություն է, բայց չգիտեի, որ ոմանց համար այն անհնար է։
