Նորայր ԱԴԱԼՅԱՆ – 90

ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ

Խոսքաձևերից ամենադժվարը, թերևս, ինքնախոսությունն է, որովհետև ո՞ւմ, եթե ոչ քեզ ես ասում բացարձակ ճշմարտու­թյունը՝ քո ներփակ-անտեսանելի Հոգուն, որ քո մեջ ապրող տիեզե­րական պահապանն է, նույն ինքն՝ Աստված։ Հոգին պետք է, այո, մե­ծատառով գրել, քանի որ նա երևույթ է ավելի, քան մարդկային, աշխարհագրական, մշակութային, գիտական բյուրավոր անուններ։ Ամենքը չէ, որ Հոգի ունեն։ Լինում է շատ ու ավելի շատ կեղծ հոգի՝ չար, նախանձ, դավադիր, վրիժառու, թունավոր, որի ներքին-արտա­քին նշանը սև կամ սևախառն գույնն է։ Այնինչ Հոգին կրում է վերին լույսը և լույս է արտածում իր աչքերով։ Ես հավատում եմ դրախտի գոյությանը, նաև գիտեմ՝ դժոխք կա։ Որտե՞ղ կհայտնվեմ վաղը կամ մի քանի տարի հետո։ Իհարկե, ցանկանում եմ դրախտին արժանա­նալ, բայց դա պայմանավորված է Հոգուս լույսի մաքրությամբ։ Ար­դյո՞ք իմ լույսն այնքան անաղարտ է, որ այժմ չկասկածեմ՝ այս եր­կուսից որի՞ն եմ ընդհուպ մոտեցել…

Ես հուզական մարդ եմ, շատերը դա չգիտեն, ավելի իմ զգաց­մունքներն են մտածում։ Իմ ամբողջ գեղարվեստական «ինտելեկ­տուալիզմը» ձևավորվել է ինձ համար գլխավոր երեք հուզմունքներից՝ սեր, մենակություն, տառապանք։ Հաճախ նրանք են ինձ թելադրել արձակ ու դրամատուրգիական սյուժեները։ Իմ ստեղծագործություն­ներում նրանք առանձին գոյություն չունեն, սերը տառապում է մենա­կությունից, մինչև անգամ միմյանց հավասարապես խորը սիրող հո­գիների դեպքում։ Երջանիկ սերն աբսուրդ է, սերը միշտ դրամա է, Հո­գու վեհացում, եթե խաղ չէ, այլ` ինքնամոռաց թռիչք՝ ողբերգական անկումներով։ Սերն ու խաղը հակապատկերներ են, մեկը՝ միշտ խորքում, մյուսը՝ մակերեսի վրա։ Գուցե մակերեսայինն է երջանկություն պատճառում քեզ… Ես երիտասարդ էի, երբ կարդացի ծեր ոլիմպիա­ցու «Մարենբադյան էլեգիան»։ Երկրորդ անգամ չեմ կարդացել։ Մինչև այսօր էլ այն մխում է Հոգուս մեջ, ասես ի՜մ կրակը լինի, ի՜մ իրականությունը, ի՜մ սյուժեն, ի՛մ եսը։ Անցյալ դեկտեմբերին ես եղա Գյոթեի վայմարյան տուն-թանգարանում։ Այս ննջասենյակի միայ­նակ մահճակալին է նա ավանդել իր Հոգին մարդկությանն ու տիե­զերքին։ Հայացքս տրտմորեն շոյում է մահճակալը… Վերջին վայր­կյաններին ի՞նչ է նրա սրտով անցել… Հանկարծ պատասխանը գտ­նում եմ՝ մարենբադյան էլեգիան, իր սերը։ Ի՞նչ կանցնի իմ սրտով, երբ պահը գա, և զանգը ղողանջի։ Նույնիսկ էքզիստենցիալիզմը ես ապրում եմ և ոչ արտահայտում փիլիսոփայական մտահանգումներով, որ իմ թերությունն է ու թերացումը. այստեղ երկուսի զուգակցումն է արդարացված, ինչպես Քամյուի մոտ։

Ես միասեր եմ, հակառակ շատերի, իմ Հոգին ի վիճակի չէ միաժամանակ ամփոփելու երկուսին, անգամ՝ հրապուրանքներ, մինչև իսկ գեղեցկություններ՝ լինեն մարմնական թե հոգևոր։ Իմ ներքին մարդը քայլում է մեկի ետևից գրեթե ընդմիշտ, հավերժության չափ երկար։ Աստղային բախտացույցում լինելով առյուծ՝ ես կարող եմ և ստրկացնել քեզ, և ստրկանալ իմ զգացմունքների վանդակում, երկրորդն իմ առյուծին առավել բնորոշ է՝ նրա վեհ-ողբերգական թուլու­թյունը։

Հնարավոր է ինձ հեշտությամբ խոցել, բայց ինձ ավելի տառա­պեցնում է Հոգուս հասցված վիրավորանքը, մանավանդ՝ անտեղի ու չարակամորեն, նրանց կողմից, ում նվիրված եմ եղել մեր օրերի բա­րոյական օրենքներին անհարիր սիրով ու անկեղծությամբ։ Եթե այդպիսիք թեկուզ մեկ բառով ապաշխարում են, ես պատրաստ եմ նրանց ներել ու ժպտալ։

Ինձ հոգս է սեղան նստել, ճանապարհ գնալ, զգացմունքներ փո­խանակել ապաշնորհ և անհոգի մարդկանց հետ, սակայն ինձ վերա­հսկելով՝ դժգոհություն չեմ ցուցադրում՝ չվիրավորելու նրանց։ Դա ավելի ճշմարիտ է, քան դուռ շրխկացնելն ուրիշի երեսին։ Ահա թե ին­չու ես շատ, բայց քիչ ընկերներ ունեմ, որոնց պատրաստ եմ խոստովանելու ամեն ինչ, իսկ ամենաինչը՝ ինձ միայն, ականջ ունեցողը կլ­սի, սիրտ ունեցողը կզգա, միտք-մտածողություն ունեցողը կնայի ինձ բարեկամաբար, եթե նույնիսկ թշնամի է։ Ես էլ շատերի պես ըմբռնում ակնկալեցի՝ վայելելու գնահատման բերկրանքը, սակայն դա վաղուց արդեն՝ հիսունիցս հետո, խնդիր կամ նպատակ չէ։ Այժմ ես կարող եմ միայնակ էլ ապրել իմ գրասեղանի առջև, թուղթ ու գրչի հետ, որոնք իմ գլխավոր զրուցակիցներն են իմ կյանքի թատրոնում։ Եվս մի քանի հարազատ ու հոգեղեն մարդիկ՝ ոչ ամբոխը, որ, սովորաբար, խոսում է ժողովրդի անունից և այլասերում նրան։

Ես փորձում եմ գրականություն անել ահա մի քանի տասնամյակ և չգիտեմ՝ մի տեղ հասե՞լ եմ արդյոք։ Ճանաչելով հայ և համաշխար­հային գրականության ընտրանին, գիտություն ու գեղարվեստական մշակույթ՝ պետք է լինես առնվազն ինքնասիրահարված կույր քեզ բարձրաձայն ու հրապարակավ գրող հոչակելու համար։ Այդպիսիք շատ են, գրեթե բոլոր մրողները։ Ինչպե՞ս չհիշեմ Թումանյանի Հոգու խռովքն իր վերջին նամակներից մեկում. «արդյո՞ք ես բանաստեղծ եմ»։ Ում մտքով չի անցնում այս բարձրահոգի կասկածանքը, նա գրականության դռանը չի էլ մոտեցել։ Ես գրում եմ, որովհետև ի վի­ճակի չեմ ուրիշ բան անելու։ Սա իմ ապրելակարգն է, ինչպես այլ զբաղմունքներ՝ ձերը։ Յուրաքանչյուր օր ես մի քանի ժամ թղթին բառեր եմ տալիս, և թուղթը խոսում է մարդու և աշխարհի գործերից՝ մեծ մասամբ տխուր-մտահոգ ձայնով։ Դա իմ իրապաշտության մի արտա­հայտությունն է, ներկայիս մեր կյանքը՝ ավելի քան տասը տարի, ինձ գրեթե հույս չի ներշնչում, թե գալու են բարի, առողջ, արդարամիտ ժամանակներ։ Բայց սա միայն հայկականությամբ պայմանավորված չէ. ի սկզբանե մարդկությունն իր աշխարհում որոնել է գեղեցիկը և հատիկներ է գտել միայն, դարեր շարունակ նա հիվանդ է ստով ու չարությամբ, և ամբողջ ողբերգակատակերգությունը նրանում է, որ իր ձեռքով նյութված այդ համաճարակն ուղղված է իր իսկ դեմ։

Գրականությունը ոչ թե կյանքի լուսանկարն է՝ իր գույն ու գծերով, այլ՝ նրան հենված, սակայն նոր, որոշ կողմերի համադրությամբ նրա­նից ուրիշ ու վեր կանգնած, յուրահատուկ գոյացություն։ Այդպես և՝ պրոֆեսիոնալ կերպարվեստն ու երաժշտությունը։ Ով սա չի գիտակ­ցում, ճիշտ կլինի դառնա լուսանկարչության նվիրյալ։ Ի՞նչ տարբե­րություն կա արվեստագետ Հոգու և լուսանկարչական գործիքի միջև։ Մի անգամ Երվանդ Քոչարն ասաց. «Գործիքն ընդամենը մեկ աչք ունի, իսկ նկարիչը՝ երկու, դա նրան հնարավորություն է տա­լիս նայել ավելի խորն ու ընդարձակ»։ (Սա վերաբերում է և գրողին)։ Նա նշեց այս երկուսի ֆիզիկական զանազանությամբ պայմանավորված ընդգրկումը, որին այժմ ուզում եմ ավելացնել. կա և եր­րորդ աչք՝ Հոգու աչքը, որը տեսնում է նաև անտեսանելին, խուլ պա­տից այն կողմ։ Ինչի՞ շնորհիվ է ընտիր գրականությունը, այլ՝ ոչ ամեն շա­րադրանք, ավելի երկար ապրում, քան իր արտացոլած կյանքի հան­գամանքները. այդ երրորդ աչքի, որն ի վիճակի է հաղթահարել գետ­նատարած ժամանակ ու տարածություն և մոտենալ այնկողմնայինին՝ որսալով մի զգալի չափով հարատև շրջապտույտի ռիթմեր։ Լավ գիրքը, նկարը, երաժշտությունը, ճարտարապետական կոթողը, քան­դակը, թատերական ներկայացումը միայն տաղանդի արգասիք չեն, այլև աշխարհայացքային և գեղագիտական ըմբռնումների, գիտակ­ցական ու ենթագիտակցային հոսքի արդյունք։ Այդ երկուսը միատեղ, իրար մեջ, որի դասական գագաթը մեր նորագույն պատմաշրջանում երևի թե Կոմիտասն է։ Հայոց աշխարհը որքան հարուստ է տաղանդներով, որոնք հաճախ ժայթքում են հրաբխի պես, այնքան էլ աղքատ է գեղա­գիտական մտքի ալեկոծությամբ, որ իր կնիքն է դրել մեր բովանդակ հոգևոր նկարագրի վրա, ի բացառյալ մեծ ու ամենամեծ անհատակա­նությունների։ Նեղմտորեն չասենք և մանավանդ անվերջ չկրկնենք, թե սա է ազգայինը, որովհետև ազգայինը թեև Երկիրն է, բայց՝ նաև թռիչ­քադաշտ դեպի Երկինք, ինչպես Նարեկացին, Կոմիտասը,  Թումանյանը և այլք՝ նրանց բարձրագահ զարմից։ Ազգային-համամարդկայինը պետք է լինի համատարած գիտակցություն, ո՛չ առանձին անհատների սեփականությունը։ Պիտի լինի ազգի ընդհանուր կուլտու­րան՝ դրվելով հոգևոր Հայաստանի հիմքում, որն անցած դարասկզբին ու այնուհետև ծաղկելով՝ դարավերջին ենթարկվեց խորշակ քամիների ազդեցությանը՝ անփարատելի տխուր հետևանքները բոլորիս աչքի առջև են։

Ամեն գրող ու արվեստագետ միայնակ է ապրում իր ժամանակը, եթե նույնիսկ շրջապատված է բազմաթիվ ընկերներով և հոծ բազմու­թյամբ։ Սա գրականության ու արվեստի մարդու ճակատագիր է՝ լինել ավելի իր հետ, քան շատերի, իր ներաշխարհում, որը հազվադեպ է նկատվում այլոց կողմից, գոյություն ունի մի խոր անջրպետ նրանց ու քո միջև։ Ես դա չէի համարի օտարացում, այլ՝ գրողի զգացմունքային ու մտավոր դաշտի բնույթն ու բնությունը, որոնց ամենակարևոր՝ ենթատեքստային շերտերը հաճախ անհամատեղելի են մեծամաս­նության տեսողությանն ու ընկալումներին։ Ես և իմ ստեղծագործու­թյունը հիմնականում չենք շեղվում այս չգրված, կարծում եմ, հիանալի օրենքից. քո միայնության մեջ ներկա է իդեալը ամենատիեզերական զգացմունքի՝ սիրո դիմագծերով։

Բանաստեղծության, արվեստի հիմքը սերն է, միայն անսեր մար­մինն է գնում սատանայի ճանապարհով։ Բանաստեղծներ էին իմ Մարտիրոս հայրը և Աննա մայրը, մեծ բանաստեղծներ, եթե հա­վատանք էղգար Պոյին, իսկ ինչո՞ւ չհավատանք, թե աշխարհի ամե­նամեծ բանաստեղծները մնացին լուռ և համր։ Բանաստեղծության հիմունքը գիրը չէ, այլ՝ ապրումն աոավելապես։ Գրականության բովանդակության մեջ մտնում է ոչ միայն բովանդակությունը, այլև ձևը։ Գեղարվեստական ձևն իր արտահայտություններով արդեն իսկ բովանդակություն է, սա ձևապաշտություն (ֆորմալիզմ) կարող է հա­մարել միայն բնածին կույր աչքը։ Եթե տեսնում ես, դեռ չի նշանա­կում, թե կույր չես։

Աշխարհը հնարավոր չէ ճանաչել, ինչպես և՝ մարդուն. նրանք հարցական են, մարդն ավելի, քան աշխարհը։ Այն, ինչ երևում է՝ ամբողջը չէ, սառցալեռն ավելի գտնվում է օվկիանոսի խորքերում։ Աստված և բնությունը մարդու մեջ ցանել են բյուրավոր սերմեր, դրանց մեծ մասը քնած են, դու հաճախ չես էլ գիտակցում քո ներսի բազմագույն դաշտը և մեռնում ես առանց քեզ ճանաչելու։ Դա մա­հից ծանր ողբերգություն է։ Երբ սերմերն արթնանում են ու ծաղկում, քո Հոգին լսում է նրանց շնչառությունը, որ նման է տավղի ղողանջ­ներին։

Աշխարհի քաղաքների բազմաձև համալիրը՝ Երևան մայրաքա­ղաքով, իմ կենսադաշտն է, որտեղ ապրում է մարդկության մեծ կուլ­տուրան։

Ես թշնամիներ չունեմ, բացի ազգիս թշնամուց. իմ թշնամիներն են տգիտությունը, նախանձը, չարությունն ու չար ոգին, բարոյական փուշն ու թարախը, օձությունը, որոնցից նողկում եմ։ Ես գրականագետ չեմ (թեև ինձ շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան), որովհետև գրականագետը նա է, ով գիտի հին ու նոր գրականության փաստերի ծանրակշիռ մասը և խոսում է դրանցով, իսկ այստեղ ես գիտեմ այն, ինչ ինձ է պետք։ Որոշ կաշ­կանդումներով հանդերձ՝ ես ազատ մարդ եմ և չեմ վախենում սխալվել։

Ամենամեծ և իսկական ողբերգությունը թատրոնն է, եթե նույնիսկ կատակերգություն է խաղում։ Այժմ մենք գրում ենք մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը, և ես սպասում եմ՝ ե՞րբ է այդ էջի վերջակետը դրվելու… Այն ազգը, որը չունի թեկուզ մեկ խենթ ու ընդդիմա­դիր էություն, կարող է հաջողությամբ ամբոխի վերածվել՝ դառնալով ազգային ինքնասպանության ոդբերգական գործողության սկիզբ։ Այդ սկիզբն արդեն քանի տարի քայլում է, բայց, կարծում եմ, դեռ ուշ չէ վարագույրը փակել, հայրենի պետությանը նորից ու դարձյալ հարցնելով՝ յո՞ երթաս, դեպի ո՞ւր ես քշում մեր ազգի նավը… Արա այնպես, որ ես գոնե մասամբ ազատվեմ ինձնից և մոտենամ քեզ, հարազատանանք և ոչ թե ավելի ու առավել օտարվենք իրարից, մի աղտոտիր ազգի ոգու էկոլոգիան, պիտի վերջապես իմանա՞ս, որ մարդկության, նաև հայոց անմահությունը կուլտուրայի դաշտում է, որը դու ենթարկում ես անուղղելի ավերածության։

Այս մենախոսությունը վերջ չունի։ Նա արթնացել է և չի քնում։

Իմ ներսում անձրև է գալիս։