ՈՆՑ ՈՐ ԲՈԼՈՐԸ/Անահիտ ԱՐՓԵՆ

Առաջին անգամը չէր նույն ավտոբուսով գործի գնում։ Երկար տարիներ նույն արտադրամասում էր աշխատում և չէր զլանում Երևանի մի ծայրի գյուղական արվարձանից գնալ մինչև մյուս ծայրի գյուղական թաղամասը: Իսկ այդ օրը երջանիկ մի շող կար դեմքին, որովհետև նախորդ օրը հյուր էր եղել Հալաբյանի կողմերում, ու կատակով ասել էին՝ գործի գնալուդ ճամփեն եկել ես, մնա, առավոտը միանգամից մեր տնից կգնաս աշխատանքի: Ու մնացել էր զարմուհու տանը, հազար տարի էր` իրար չէին տեսել: Մնաց, կարոտն առավ, համ էլ, ամենօրյա ոդիսականի համեմատ, այս անգամ հասնելու բան չէր մնացել: Ավտոբուս բարձրանալուն պես արագ վճարեց, սարքի ու վարորդի դռան անկյունում հարմարվեց, քարտը վերադարձրեց պայուսակի գրպանիկում իր տեղը, նախաճաշով տոպրակն էր տեղավորում, երբ ինչ-որ մեկն իրեն քսվելով՝ դժգոհ առաջ մղվեց.

– Եթե կենտրոն ես գնում, պահի իջնեմ:

Ու գնաց, իջավ: Կինը ոնց որ թե տոպրակն էլ տեղավորեց ու ասես նոր ըմբռնելով տղամարդու ասածը՝ մարդկանց արանքներով աչքը պատուհանից դուրս գցեց: Համոզվելով, որ ինքը ճիշտ ուղղությամբ է գնում՝ տարակուսեց, ամեն դեպքում մի անգամ էլ լուսատախտակին նայեց՝ ըմբոշխնելու, որ Վարդաշենի անունը գնում էր՝ Սիլիկյանը գալիս: Բայց կասկածն արդեն սողոսկել էր սիրտը, ուստի, շրջվեց դեպի վարորդը.

– Երրորդ գյուղ եք գնում, չէ՞,- հարցրեց:

– Չէ:- Վարորդի պատասխանը կացնի նման իջավ առջևը:- Իջի, դու էլ իջի:

-18-ը չի՞,- ճշտելու մի փորձ էլ արեց կինը:

Վարորդը կարճ հոգոց հանեց ու թե՝ քանի՞ անգամ ասեմ, որ գյուղ չեմ գնում:

– Բայց ինչի՞ չեք գնում, հո ձեր ուզել-չուզելո՞վ չի,- ավելի շփոթվեց կինը:

Սովորաբար նման դեպքերում, իսկ հիմա, մինչև Բարեկամություն, ասում են՝ դիմացի մայթից նստեք, բայց Հալաբյանում այդ պահին երկու մայթերից էլ և՛ նույն, և՛ հակառակ ուղղությամբ էին գնում, ուստի, վարորդն արագ չկողմնորոշվեց, թե ինչ պատասխանի:

– Մինչև մոստը սարքեն…- փորձեց բացատրել…

– Մոստը փչացած էր՝ երթուղի դուրս չգայիք, ելել եք՝ տեղ հասցրեք: Վճարել եմ արդեն: Ո՞նց թե՝ չեք գնում: Էսքան մարդը հիմա պիտի իջնե՞ն: Ոնց բոլորը՝ այնպես էլ ես:

– Տիկին ջան, սա Երրորդ գյուղից է գալիս:

– Փողս տուր՝ իջնեմ,- ասաց տիկինը` դեռ չգիտակցելով, թե ինչու պետք է իջնի:

– Ո՞նց տամ:

– Չգիտեմ: Չես տալիս, ես էլ չեմ իջնում։

Մարդիկ սկսեցին բացատրել, որ ոչ թե ավտոբուսը, այլ Հրազդան կամուրջն են սարքում, փակ է, և ավտոբուսը…

Եվ ավտոբուսը Շինարարների ազիզ խաթեր համար Հալաբյանով մի երկու անգամ վեր ու վար է անում, պարտադիր հասնում Համալիր, կրկին ետ բարձրանում, որ Դավիթաշենով գնա Կոմիտաս, այնտեղից իջնի Բարեկամություն, հետո նոր շարունակի իր ամենօրյա երթուղու ոդիսականը: Բայց խնդրո առարկան երկար ու ձիգ, ոլոր-մոլոր ետուառաջ անելը չէր. 18-ն է, էլի՜, էդ հազար փողոց ու նրբանցքի մեջ ինչ արել-չի արել, մի քանի կանգառի ավելանա՞լն է արել: Ո՜չ, քավ լիցի: Խնդրո առարկան հարուցվում է այն պատճառով, որ գնացողն էլ, եկողն էլ նույն կանգառից պիտի նստեն: Իսկ ավտոբուսի վրա ոչ մի տառ, ոչ մի ցուցում չկա, որ մարդ իմանա՝ սա եկո՞ղն է, թե՞ գնացողը: Օրն էլ՝ փոխված երթուղու առաջին առավոտը, մեջն էլ՝ «անփորձ» հայեր. բոլորը գժված, ոմանք կատաղած, որ հազիվհազ եկած ճամփի կեսը նորից ետ են գնում… այնուամենայնիվ, մեկը կնոջը բացատրեց, որ պիտի իջնի, որպեսզի իրենք գնան:

– Իբր շատ կարճ էր գնում, էս էլ վերադիր,- ավելացրեց համոզող տոնով:

– Վերադիր չի, հարկադիր ա,- հանգիստ միջամտեց մոտիկ կանգնած, ավելի շուտ՝ կախված մարդը։

– Ավտոբուսը կենտրոն ա գնում, իջի քշեմ,- եզրափակեց վարորդը։

Կնոջ աչքերը չռվեցին։

– Բայց կենտրոնը հակառա՛կ կողմում է։

– Դրա համար էլ ասում եմ՝ իջի: Հիմա մենք կենտրոն ենք գնում: Գալի՞ս ես:

– Մյուսին սպասեք, կհարցնեք՝ նոր կնստեք,- սրտացավ շշնջաց մի աղջիկ:

Էս էլ քեզ՝ «ոնց բոլորը»: Կինը լրիվ շշկլվեց: Վարորդը փակեց դռներն ու քշեց, միևնույն է, արդեն այնքան մարդ էր բարձրացել, որ իջնելու տեղ չկար, համ էլ ի՞նչ տարբերություն, թե որ կանգառից նստի էդ կինը։ Ֆիզիկայի խաչմերուկից հետո ինքը կխնդրի, որ իջնի, հո չի՞ մնալու մեջը: Կինն էլ, քանի դեռ իր գնացած ուղղությամբ էին ընթանում, իջնելու մտադրություն չուներ: Հաջորդ կանգառում մեկը գլուխը ներս խցկեց, թե՝

– Վարպետ, Լենինգրադյան չե՞ք գնում, գոնե դուք գնացեք:

Ա՛յ, այստեղ են ասել՝ էդ էլ ու պըլծ։ Բայց իրոք, էս ո՞նց գլխի չեն ընկել՝ Լենինգրադյան էլ մտներ։ Հիմա՝ Քըրք Քըրքորյան:

Կինը լուրջ անհանգստացավ, բայց դեռ վախենում էր իջնել՝ կորցնելով ժամանակի, տարածության պատկերացումն ու իրականության զգացողությունը։ Ծանր շնչելով՝ ավելի սեղմվեց թափանցիկ դռանը և ամուր բռնվեց սարքի ձողից։ Նրա գիտակցության մեջ միայն մի բան էր կայծկլտում ու մարում։ Կայծկլտում, որ վճարել է, անմիջապես էլ մարում, որ տեղ չի հասնելու։ Դե, բայց մենք հո՞ հասնող ազգ ենք։ Եթե ոչ ամբողջ ավտոբուսը, համենայնդեպս, առաջին կեսը նկատեց նրա վիճակը, անմիջապես տեղ բացեցին, նստեցրին ուղիղ գլխին փչող սառը օդի տակ։ Մեր մեջ ասած՝ էդ փչիկների պատմությունն առաձին էպոպեա է: Փչիկի տակ կնոջ գլխի մի քանի հատիկ մազերը հօդս ցնդեցին, սառը շիթը հարվածեց ուղիղ գանգին:

– Ավելի լավ է՝ իջնեմ,- հազիվ շշնջաց կինը, բայց ոտքերում ուժ չգտավ լքելու նստատեղը:

Օգնության հասած խումբն առանձնապես չլսեց էլ նրան. մեկը, երևի փչիկի հոսքը ցրելու բարի մղումով, հով էր անում, մյուսը՝ ջուր ճարում, երրորդը լեզվի տակ դնելու մի բան գտավ, դե հիմա՝ ով ինչ ուներ ձեռքի տակ։ Եվ բոլորը միահամուռ, իրար հերթ չտալով բացատրում էին, որ Կիևյան կամուրջը փակ է։ Կինն ավելի էր իրեն կորցնում՝ մտածելով, որ տուն էլ չի կարողանալու վերադառնալ: Հետո որոշեց տիրապետել իրեն ու մի ավտոբուսի պատճառով չկործանվել… Ու անմիջապես էլ զղջաց, որ գիշերը տուն չի գնացել՝ ասա գնայիր, հիմա քո ավտոբուսը քո կանգառից կնստեիր, ուր կտաներ, ոնց կտաներ՝ տաներ, էլի՜։ Բայց դե եղածն եղած էր, և հենց այդ անելանելի պահին մեջտեղներից ձայն հնչեց՝

– 18 է գալիս, մայրիկին տեղափոխենք իր ավտոբուս։

– էդ էլ գյուղ չի գնում,- հանգիստ ասաց վարորդը։ Առջևում լռված են, ետևիս ավտոն եկավ հասավ ինձ։

Բազմությունն այլևս արտահայտվեց.

– Ասա, ա՛յ տնաշեններ, մոստը տակից են սարքում, ոչ թե վրայից:

– Ասֆալտ են անում,- չուշացավ բացատրությունը:

– Է, թող հերթով նախ մի կողմը փակեին, հետո՝ մյուսը,- փնթփնթաց մեկ ուրիշը:

– Երկաթ-մերկաթ են հանում-դնում:

– Դնո՞ւմ, թե՞ հանում:

– Ի՞նչ իմանամ. մեծ աշխարհ, փոքր մարդիկ:

Բոլորը լռեցին, ու լռությունն ավելի վախենալու էր։

Երեկոյան տուն եմ գնում, նույն պատմությունը՝ գյուղ գնալուց էլի Ֆիզիկայի խաչմերուկից նախ Հալաբյանով իջավ Համալիր, թունդ երթևեկության մեջ կտրուկ շրջադարձով մի թեթև մարդատարի նետեց մայթին, ինքն Արզումանյանի պապենական լռվող խաչմերուկում իր պարտադիր դադարն առավ՝ իբր ոչինչ չի եղել, իբր Կիևյանից է գալիս, նոր բադաքայլ մտավ Շինարարներ, նորից վերև բարձրացավ, թեքվեց, գնաց-գնաց՝ ելավ Հալաբյան, ուր նույն կանգառում կանգնած էին և՛ կենտրոն, և՛ գյուղ գնացող ուղևորները։ Իհարկե, էլի՝ ոչ մի ցուցանակափոխություն, ոչ լուսային, ոչ թղթային, ոչ էլ ձայնային ոչ մի հաղորդագրություն: Միամիտ չլինեք, չկա՛:

Եվ ավտոբուսն այլևս լուռ է, ամեն Աստծո օր այդպես լուռ ու հնազանդ, համբերատար ու խցանումներում մնալով, անկիրք ու դանդաղ գնում են, հասնում մի բավական տեղ, հետո կրկին էդ տասնյակ կանգառը նորից վերադառնում, որ նոր գնան որևէ ուրիշ ուղղությամբ։ Չէ՛, չէ՛, ոչ ոք դեմ չի, որ եթե մի ճամփան փակ է, տրանսպորտը մյուսով գնա։ Ուղղակի լավ կլիներ, օրինակի համար, որ ոչ թե երկու քայլ առաջ, երեք հետքայլով, այլ՝ այնպես գնար, ինչպես մյուսները՝ ցիվիլ: Բախտի տերը մեռնի. մյուս ավտոբուսներին նորմալ ճամփա են գծել, տեղ-տեղ լավ էլ երթուղին կրճատել, բայց էս հին գյուղերի միջինը…  Գյուղ չեն սիրում, էլի՜, հո զոռո՞վ չի, որ էս առանց էդ էլ գնամ-չհասնեմ երթուղուն մի տասը կանգառ էլ ավելացրել են: Մինչդեռ էդ հատվածով գնացող ու Շինարարներ մտնող ուրիշները կան: Աշխարհը կքանդվե՞ր, որ մյուս երթուղիների նման, սա էլ մի քիչ թեթևանար… Լավ: Չէ՝ չէ՛: Բայց հո ճակատի գի՞ր չի, գոնե թող ավելացած ու Հալաբյանի վրա համընկնող կանգառներում, որը իր երթուղունը չի, ուղղակի կանգառ չանի: Չէէ՜… ո՞նց կլինի… Փոխարենը, դե ասող-խոսող ազգ ենք, միանգամից հարմարվող ժողովուրդ ենք, արդեն իրար հարցնում են, թե ով ուր է գնում, ոնց է գնում՝ նոր նստում են։

– Բարև ձեզ, քաղա՞ք եք գնում:

– Չէ, գյուղ։

– Գյո՞ւղ եք գնում…

– Չէ, քաղաք:

Ըհը՛, հասկացող ենք, ըմբռնող ենք, հարմարվող ենք, հարմարվո՛ղ. Գարաժ մոլի մոտ կեսժամանոց պարտադիր մշտական խցանում, Դավիթաշենի կամրջի մատույցներում՝ մեկժամանոց ֆորսմաժորային, միանգամայն հասկանալի խցանում, սուրբ առաքելությամբ էն «ինֆարկտի դեղ» բոլոր խաչմերուկներում էլ՝ տեղ-տեղ մի լավ ընդմիջում, ապա շարունակում ենք կողեկող դեսուդեն զարկվելով ընկնել հունի մեջ, մինչև գա էն երանավետ պահը, էն մի ուրի՜շ վայելքը, բաղձալի ազատության մի այլ կարգի շնորհը, երբ վերջապես դուրս ես պրծնում էդ դժոխքից, ուր քարաբաղնիսն ու սաունան գլուխները պատով են տվել, որովհետև չունեն ավտոբուսային երկուսը մեկում հնարը՝ հա՛մ սաունա, հա՛մ սառը ցնցուղ, երբ տաքուպաղը միանգամից են շշում։ Ամենաքիչը երկու-երեք ժամ… Անվճա՛ր:

Դուրս ես գալիս ծեծվածի նման. լղկած, բժժած, գլուխդ ճկվում է պարանոցիդ վրա: Դուրս ես գալիս կամրջալող տված, որը կոչվում է Բաթմանա և նշանակում լոգանքվող մարդիկ: Ու պիտի քեզ թափ տաս, որ հասնես կա՛մ աշխատանքի, կա՛մ տուն, բայց դե էդ վիճակում ի՞նչ աշխատանք, ի՜նչ տուն:

Եվ այսպես ամեն օր: Ամենաքիչը՝ երկու անգամ:

Հիմա կասեք՝ բա էն կինն ի՞նչ եղավ: Ի՞նչ պիտի՝ ոնց որ բոլորը:

Հունիս, 2026 թ.