Եղևնու բույրը տարածվել է սրահով մեկ։ Այն դեռ տոնածառ չէ, այսօր բոլորով պիտի զարդարեն, որ վաղը տոնեն Նոր տարին: Խաղալիքները նվեր են ստացել քաղաքի ղեկավարներից։ Տոնական հանդեսից հետո յուրաքանչյուրը եղևնու ճյուղից պիտի իջեցնի իր հավանած խաղալիքը, տանի տուն. ամանորյա նվեր է:
Մենիկը դեռ առավոտյան տեսել ու հավանել է ամենագեղեցիկ խաղալիքը՝ ձյունապատ ոսկեգույն տնակը: Այնքան զգույշ, այնքան խնամքով է հանում տուփից, կախում տոնածառի ճյուղին, որ զարմացնում է բոլորին: Այս երեխան երբեք չի իմացել՝ ինչ է զգուշությունը: Անվերջ ցատկոտում է, քաշքշում ընկերներին, ընկնում-վեր կենում: Ծնկներն ու արմունկները մշտապես կապտուկների, քերծվածքների մեջ են, յոդի ու զելյոնկայի պուտերով զարդարուն:
– Ի՞նչ է պատահել, Մենիկ, էս ինչի՞ ես հանկարծ խելոքացել,- հետաքրքրվում է Գոհար մորաքույրը:
– Էն տնակը ես եմ վերցնելու, վախենում եմ՝ ճյուղից ընկնի-կոտրվի:
– Տնակը Վարդանն է ընտրել դեռ երեկ, երբ առաջին անգամ բացել էինք խաղալիքների տուփը։ Դու ուրիշ բան վերցրու։ Մեծերը պիտի զիջեն փոքրերին, չէ՞,- փորձում է համոզել դաստիարակչուհին:
Մենիկը չարացած խեթում է Վարդանին, ծպպացնում ու հայացքով շոյում եղևնու ճյուղից կախված տնակը. ինքն իր երազանքից հրաժարվելու մտադրություն չունի:
Տոնածառը զարդարում են, վառում լույսերն ու վերջին անգամ հանդեսի փորձն անում:
Մենիկը մտածկոտ պտտվում է տոնածառի շուրջ։ Եթե վաղը հանդեսից հետո դաստիարակչուհին կամ Վարդանի մայրիկն իրենից շուտ մոտենան տոնածառին… Եթե ինքը կռիվ սարքի ու թույլ չտա իրենից խլել տնակը… Եթե հայրիկը բարկանա ընկերոջը նեղացնելու համար… Եթե տանը մայրիկն իրեն անկյուն կանգնեցնի… Եթե…
Մենիկի ձեռքը բնազդաբար ձգվում է դեպի տոնածառի ճյուղը: Քաշում-իջեցնում է այն ու կտրուկ բաց թողնում: Ճյուղը թռչում է վեր, իսկ նրանից կախված երազանք-տնակը շրմփում հատակին:
– Ո՛չ ինձ, ո՛չ քեզ,- ոտքը գետնին է խփում Մենիկն ու հրում Վարդանին։
Գոհար մորաքույրը բարկանում է։ Վարդանը համաշխարհային ողբ է կապում։ Երեխաներն ափսոսանքով նայում են խաղալիքի փայլփլուն փշուրներին։
Երեկոյան Գոհար մորաքույրը երկար խոսում է Մենիկի հայրիկի հետ՝ հանդիմանանքով լի հայացքը չկտրելով աղջնակից: Հայրը լուռ լսում է, հետո սովորականի նման բռնում Մենիկի թաթիկը, նստեցնում մեքենա:
Տան դարպասի առաջ բացում է մեքենայի դուռը, իջեցնում աղջկան:
– Մայրիկին ասա՝ ուշ եմ տուն գալու, ճաշեք առանց ինձ:
Մենիկը մտնում է տուն, մի կերպ ժպտում կոտլետները թավայի մեջ դասավորող մայրիկին։
Նստում են ճաշի: Մայրը լավ տրամադրություն ունի, գոհունակ հետևում է սեղան պատրաստող ավագ դստերը, մեկ-մեկ դիտողություն անում.
-Անձեռոցիկն էսպես կծալե՞ն: Ի՞նչ պիտի սովորի քույրդ քեզանից…
Ճաշից հետո Մենիկին հագցնում է ամանորյա հանդեսի զգեստը: Կանաչ թփի է նման՝ մորեգույն կոճակներով զարդարուն:
– Իմ սիրուն մորենի, ինչի՞ ես տխուր, հո չե՞ս հիվանդացել:
Շուրթերը մոտեցնում է երեխայի ճակատին․ չէ՛, ջերմություն չունի։
– Վաղը կարևոր օր է, տես՝ ո՜նց ես բոլորին հիացնելու: Վերջին հանդեսդ է մանկապարտեզում, մյուս տարի դպրոցական ես լինելու: Արի ոտանավորդ կրկնենք, ու գնա քնելու:
Մենիկը հազիվ է իրեն զսպում, որ բարձրաձայն չլացի ու ամեն բան չպատմի մայրիկին: Անսիրտ-անհավես արտասանում է մորենու իր ոտանավորն ու ծանր սրտով գնում քնելու՝ գլխում ձյունապատ, ոսկեփայլ տնակի փշրանքների, Վարդանի արցունքների, դաստիարակչուհու հանդիմանող հայացքի, հայրիկի լռության, մայրիկի անտեղյակության խառնիխուռն պատկերները:
Առավոտյան արթնանում է իրենց սիրելի այծիկի մկկոցից: Այծիկն ասես ընտանիքի անդամ լիներ․ հաճախ դուրս էր փախչում այգու ծայրին գտնվող իր բնից, պատշգամբի աստիճաններով տոտիկ-տոտիկ բարձրանում վեր, դնչիկով հրում-բացում տան դուռը, մտնում ներս, շորորալով պտտվում սենյակներում, պառկում շեմին գցած կարպետին կամ միջանցքի ուղեգորգին, ծամում հետը բերած հարդն ու անուշ մկկում: Բոլորը սիրում էին էդ անկարգ-աննմանին:
– Մենիկ երկրորդն է, մե՛կ նրան բան կհասկացնես, մե՛կ էլ էս մկկանին,- ծիծաղում էին ծնողներն ու շոյում այծիկի ճերմակ մորթին:
Մկկոցը մեկումեջ ընդհատվում էր:
«Էլի հետը խոտ է բերել, ծամում-թափթփում է սենյակում, մայրիկը կբարկանա»,- մտածեց Մենիկն ու շրջվեց մյուս կողքին: Քնից դեռ չէր կշտացել:
– Մենի՜կ,- միջանցքից լսվեց մայրիկի ձայնը,- արթանանալու ժամն է, արագացրու, հանդեսից կուշանանք:
Հանդեսի մասին հիշեց, ու էլի սիրտը կուչ եկավ:
Ամեն օրվա պես դժվար-դժվար բացեց աչքերը, ձգվեց անկողնում, քունը գլխին՝ ոտքերով փնտրեց հողաթափերը: Օրորվելով մոտեցավ, որ շոյի այծիկին ու… Այծիկն ախորժակով ծամում էր իր չքնաղ զգեստը:
– Մա՜մ…
Մայրը մտավ ննջասենյակ ու կարկամեց…
– Ոչ մի վատ արարք անպատիժ չի մնում,- ասաց և այծին առաջն արած՝ դուրս եկավ:
Մենիկը բարձրացրեց շորիկի կտորտանքն ու նկատեց աթոռակին դրված երկու ձյունապատ ոսկեգույն տնակ։
Հայրը, դռների մեջ կանգնած, քթի տակ ժպտում էր։
Մենիկը մի կերպ արտասանեց մորենու ոտանավորը. առանց մորենի-շորիկի՝ ի՞նչ մորենի։
Հանդեսից հետո Գոհար մորաքույրը տոնածառի ճյուղից իջեցրեց ձյունապատ ոսկեգույն տնակները։
Վարդանի ուրախությանը չափ չկար, տնակը ձեռքին՝ թռչկոտում էր հանդերձափոխվող եղևնու շուրջ, անհասցե ժպտում։ Հանկարծ գորգը սահեց ոտքի տակից, Վարդանն ընկավ, ու տնակը ձեռքից թռավ սալահատակին։
Ուր որ է՝ համաշխարհային ողբերգության երկրորդ արարը պիտի խաղարկվեր, բայց Վարդանին մոտեցավ Մենիկը։
– Վերցրու, ինձ պետք չէ,- շշնջաց՝ Վարդանի ափի մեջ դնելով երկրորդ տնակը։
Հաջորդ առավոտ Մենիկի աթոռակին նոր շորիկ էր դրված․ Ձմեռ պապն էր բերել։ Հետո՞ ինչ, որ նման չէր մորենու։ Փոխարենը՝ նա այդ գիշեր քնել էր հանգիստ, անուշ քնով՝ կոպերի տակ պահած Վարդանի ուրախության տաք հիշողությունը։
