Բազմիցս ասվել է, որ 1946 թվականը ամենավատ ժամանակն էր, երբ Սփյուռքի հայերը վերադարձան հայրենիք: Դա պարզ դարձավ շատ շուտ` անմիջապես… Ո՞վ էր ընտրել ու որոշել այդ թվականը՝ չեմ կարող ասել: 46-ին այդպիսի մեծամասշտաբ, զանգվածային հայրենադարձություն իրականացնելը պատմական, քաղաքական մեծագույն սխալ էր, պետական չկշռադատված որոշում կամ էլ հատուկ հաշվարկված ծրագիր՝ իր բոլոր վտանգավոր ռիսկերով: Երրորդ տարբերակ լինել չէր կարող… Միայն այն, որ նոր-նոր էր վերջացել ամբողջ Եվրոպան ու ԽՍՀՄ-ը արյունաքամ արած Երկրորդ համաշխարհային պատերազմը, որ հողը դեռ տնքում էր արյունից, երկրի տնտեսությունը կաթվածահար էր, մարդկային կորուստները՝ անդառնալի, նյութական վնասները՝ ահռելի, բավական էր, որ հայրենադարձությունը հետաձգվեր գոնե մի քանի տարով: Բայց այդպես չարվեց…
Իհարկե, կային ազգային այդ մեծ գործին հավատացող ու նվիրված իսկական հայրենասերներ, մարդասիրական, ազգապահպան մղումներով առաջնորդվող ազնիվ մարդիկ: Բայց, վերջին հաշվով, նրանք նույնպես մեծ խաբվածներ էին, որոնք հավատում էին պետական ամենաբարձր ատյաններից հնչող խոստումներին ու կոչերին: Գուցե այդ խոստումներ ու կոչեր հնչեցնող պետական այրերի մեջ էլ կային նվիրյալներ, ազնիվներ, միամիտներ… բայց այդ ամենի ետևում կար նաև հինգերորդ շարասյունը՝ ծպտված գործակալների մի սարդոստայն, որը քաջ գիտեր, թե ինչ է սպասվում ցեղասպանություն վերապրածների երկրորդ սերնդին՝ այդ անկեղծ ու բոցավառ հայրենասերներին, ու ոչ միայն գիտեր, այլև հատուկ նրանց համար նախապատրաստել էր լավ կանխամտածված և հայրենադարձության պես քաղցր ու բաղձալի քողի տակ թաքնված հալածանքների բազմաթիվ ծուղակներ…
…Եկան նրանք՝ տարեցներ, երիտասարդներ, մանուկներ… եկան հավատով, հույսով, երազանքներով, հայրենիքի հանդեպ անմնացորդ, անդավաճան սիրով… Զգացմունքային, պաթետիկ, էմոցիոնալ ժամանակահատվածը սահեց ու անցավ շատ արագ՝ տեղը զիջելով սթափ դատողությանը, կենսական կարիքներին, սոցիալական, կենցաղային, բնակարանային, հոգեբանական, բարոյական խնդիրներին ու շնչահեղձ անելով դրանց բեռի ճնշման տակ կքած մարդկանց: Տուն էր պետք, աշխատանք, սնունդ… անծայրածիր երկիրը սովի էր մատնված, պատերազմի հետևանքները, համաճարակը, աշխատուժի պակասը կաթվածահար էին արել կյանքը: Հիմա եկել են այսքան մարդիկ… հաց են ուզում, տուն են ուզում, նեղություն են պատճառում տեղաբնակներին, որոնք իրենք նույնպես կարիքի մեջ են…
Հայրենադարձվածներից շատերը տարիների ընթացքում արդեն հաղթահարել էին վտարանդուն բաժին ընկնող բոլոր չարքաշությունները, կրթություն էին ստացել, կայացել, իրենց ազնիվ աշխատանքով, լավ մասնագետ, լավ մարդ լինելու շնորհիվ օտար երկրներում ստեղծել ապահով ու բարեկեցիկ կյանք, և բնական է, ավելի լավ ապրելու հույսով ու հեռանկարով էին վերադարձել հայրենիք: Ու թեև հայրենիքից նրանց պահանջները շատ համեստ էին, այնուամենայնիվ, այն պայմանները, որոնցում հայտնվեցին նրանք, իսկապես, անսպասելի էին ու անտանելի, եթե չասենք՝ անմարդկային:
Նրանք ստիպված էին ապրել կիսակառույց մարզադահլիճ հիշեցնող մի շինության մեջ, որտեղ ամեն մի ընտանիքի հատկացված փոքրիկ մասը մյուս ընտանիքի մասից բաժանվում էր շիրմայով: Կոմունալ պայմանների մասին խոսք անգամ չկար, ջուր, սանհանգույց, բաղնիք… չլսված բաներ էին: Ստիպված էին ապրել փայտոջիլների, խավարասերների ու ոջիլների մեջ, քնել հատակին ու սպասել… Ձմռանը այս ամենին ավելացավ նաև ցուրտը, որը ծանոթ չէր Եգիպտոսից, Սիրայից, Լիբանանից եկած հայրենադարձներին… Ավելացավ նաև տեղացիների արհամարհական, անբարեհաճ վերաբերմունքը նորեկների հանդեպ՝ որպես իրենց բաժին հացը խլող կապիտալիստների: Գործածության մեջ մտավ «ախպար» մականունը, որը որպես վիրավորանք՝ ամեն անգամ մտրակի պես շառաչում էր նրանց երեսին: Ի՞նչ անեին այս մարդիկ, հետդարձի ճանապարհ չկար, սրան սովետ էին ասում…
Ինչպե՞ս ապրեին ու երջանիկ զգային, երբ դեռ լեզվին էլ չէին հարմարվել, ռուսերենախառը հայերենը այնքան խորթ էր նրանց ականջին… իսկ նրանց մաքրամաքուր արևմտահայերենը այնպես էր ծանակվում անգամ մտավորական հորջորջվող կիրթ խավի կողմից… Սկսվեց մի խուլ, անմռունչ պայքար տեղացիների և նորեկների միջև: Տեղացիներն ասես մոռացան 1915 թվականի գաղթականներին և դեմքով շրջվեցին դեպի «46 թվականի ախպարները»: Սա եղավ ժողովրդի ներքին բաժանման ևս մի տխուր անջրպետ, որը տեսանելի է մինչև այսօր:
«Ախպարները» կարող էին հավակնել բանվոր, վարպետ, արհեստավոր, արվեստի բնագավառի մասնագետ աշխատելուն, բայց պաշտոններ, բարձրագույն կրթություն… դեռ շուտ էր, դեռ շատ դժվար էր, որովհետև կոմերիտական, կոմունիստական թեկնածուների առաջնահերթություն կար, այդ մրցակցությանը ինչպե՞ս կդիմանային «ցիլինդրով, կոկիկ հագնված ու տարօրինակ լեզվով խոսող նորեկները»…
* * *
Բոլոր ժամանակներում էլ արվեստագետները եղել են հասարակության ամենազգայուն զարկերակը և իրենց մաշկի վրա, ինչպես բաց վերքի, զգացել են հասարակական, սոցիալական, ազգային և քաղաքական կյանքի ցանկացած տատանում՝ կոպիտ, նուրբ, առողջ ու հիվանդ: Ներգաղթյալ արվեստագետների ընտրանին ավելի զգայուն էր այդ տատանումների հանդեպ: Նրանք շատ շուտ զգացին, որ 1946 թվականի առաջին ներգաղթը, Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջ հաստատելու փոխարեն, մի տեսակ մեծ ու վտանգավոր խզում առաջացրեց: Անցան ներգաղթի հուզական, պաթետիկ պահերը, և ներգաղթյալները բախվեցին մռայլ իրականությանը: Պատճառները շատ լուրջ էին ու շատ բարդ, որոնց արձագանքները մինչև օրս էլ դեռ զգացվում են հայրենիք վերադառնալու որոշման ճշմարտացիությանը մեծ հաշվով կասկածող շատ հայրենադարձվածների ու նրանց սերունդների ճակատագրի մեջ: Երիտասարդներից շատերը այդպես էլ չներեցին իրենց ծնողների վերադարձի որոշումը: Նրանց այդպես էլ հանգիստ չտվեց այն միտքը, որ՝ եթե մնային արտասահմանում, ինչերի՜ հասած կլինեին:
Խորհրդային իշխանության վարած անհեթեթ, անտեղի զգուշավոր, կասկածամիտ քաղաքականության պատճառով Հայաստան ներգաղթած հայերի հոգեկերտվածքում մի տեսակ խարխլվեց նաև հայրենիքի կերպարի վեհությունը, փուլ եկավ նրանց ոգեղենության պատվարը, մթագնեց հայրենասիրությունից ճառագող լույսը, որ լուսավորել էր նրանց ճամփան օտար ափերում: Խորհրդային պետությունը, մեղմ ասած, լավ չվարվեց ներգաղթյալ հայերի՝ այդ ամենաթույլ, անպաշտպան ու խոցելի զանգվածի հետ: Ասես նորից էր կրկնվում նրանց ճակատագիրը:
Հայրենադարձված արվեստագետները շատ վաղ զգացին այդ վտանգը… Մի անգամ մեր տանը հավաքված՝ նրանք շշուկով ու վախեցած ահազանգեցին իրենց վտանգավոր կանխազգացման մասին:
Վատ օրեր են գալու, իսկ հետո` ավելի վատ, հետո` շատ վատ: Այդ օրը շշուկով սկսված նրանց խոսակցությունը գնալով բարձրացավ, ահագնացավ՝ վերածվելով զայրույթի ու վիրավորանքի անթաքույց շեշտեր պարունակող ըմբոստ բանավեճի:
…Ինչո՞ւ խորհրդային իշխանությունն այդքան դաժան վարվեց հայ ժողովրդի` մի կերպ փրկված մասունքի՝ հայրենադարձների հետ: 1946-ին Հայաստան եկավ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի հայկական գաղթօջախների հայրենաբաղձ հայության ընտրանին՝ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, փայլուն արհեստագործներ, մեծ ապագա խոստացող երիտասարդներ…
Այդպես անփույթ վարվել այդ արդեն պատրաստի, հզոր ներուժի հետ…
Ինչո՞ւ… Եթե մեկը գիտի դրա պատասխանը, թող չլռի…
Ո՞վ կարող է ժխտել, որ նրանք նոր շունչ ու թարմություն, պայծառություն ու գունագեղություն հաղորդեցին հետպատերազմյան Հայաստանի գորշ իրականությանը: Դեռ ամենուր՝ անծայրածիր խորհրդային կայսրությունում, այդ թվում նաև Հայաստանում, շրջում էր 37-ի ուրվականը… Իսկ սփյուռքահայերի գալու հետ կյանքի բոլոր բնագավառներում՝ հագուստից, կենցաղից, խոհանոցից մինչև բարձր արվեստ, զգացվեց զարգացման, առաջադիմության աշխույժ ու «ազատական» շունչը, նշմարվեց նոր կյանքի, նոր մարդու առողջ դիմագծի ուրվանկարը:
Ինչո՞ւ ի նպաստ չօգտագործեցին այդ հզոր ներուժն ու այդպես անգութ վարվեցին նրա հետ: Կա՞ր մեկը, որ փորձում էր հասկանալ նրանց հոգեվիճակը, թե՞ 37-ից հետո բոլորն էին հուզական բթության մեջ:
…Իսկապես, չափազանց ծանր ժամանակներ ապրեց 1946-ին ներգաղթած սփյուռքահայությունը՝ օտարից գանաբեկված, թշնամուց փրկված, հարազատին՝ գերի: Ի՞նչ արած… Այսքանից հետո նրանք հավատարմորեն լծվել էին կոմունիզմի գնացքն առաջ տանող լոկոմոտիվին՝ երգելով մինչև անգամ ռուսերեն երգեր՝ արևմտահայերենի առոգանությամբ:
Наш паровоз вперед лети!
В Коммуне остановка,
Иного нет у нас пути,
В руках у нас винтовка[1].
(Борис Скорбин)
Իսկ իրականում չկար գիտության, կրթության, արվեստի, արհեստի, առևտրի մի ոլորտ, որտեղ չզգացվեր հայրենադարձ «ախպարների» ուրույն ձեռագիրը, որը անպայման, ինչպես իրենք էին ասում, «ակնյայտ տեղացիներէն կը տարբերէր»՝ դրական տեսանկյունից:
Հենց այդ բացերև առավելությունն էլ նրանց հույս էր տալիս: Որքան էլ որ չգնահատվեին, իրենք գիտեին, որ առավել են: Արդարության առաջ չմեղանչելու համար նրանք խոստովանում էին, որ խորհրդահայ պաշտոնյաների, արվեստագետների, հասարակ ժողովրդի մեջ քիչ չէին բարեսիրտ մարդիկ, որոնք գրկաբաց ընդունեցին Սփյուռքից տուն վերադարձած հայրենակիցներին: Նրանցից շատերը չէին զլանում հիացմունքի ու գնահատանքի խոսքեր ուղղել հայրենադարձների հայրենաշեն գործերի վերաբերյալ: Շատերը մտերմացան, ընկերացան, հարևանություն արեցին նորեկների հետ, տեղի ունեցան առաջին ամուսնությունները «ախպարների ու տեղացիների» միջև: Դա իհարկե, սենսացիա էր, միզալյանսի նման մի բան, բայց կարևորը՝ սառույցն այլևս կոտրված էր: Թեև «ախպար» սկեսուրներն այդպես էլ չհավանեցին իրենց տեղացի հարսներին, բայց նրանց հաջորդ սերունդն ասես գնալով ազատվում էր այդ բարդույթից: Այնուամենայնիվ, միշտ, անընդհատ ներսից, տակից, խորքից քայքայող ջրի հոսանքի պես շարունակվում էր լուռ օտարացումը: Բայց ակնեցու, մուսալեռցու, վանեցու, մշեցու, բիթլիսցու հպարտ սերունդներն իրենց թույլ չտվեցին նկուն լինել, բողոքել, տրտնջալ, ցույց տալ, որ իրենց հետ այնքան էլ լավ չեն վարվում, որ իրենք նեղացած են… թեև նրանց հպարտ ու անմռունչ լռությունն ավելի տարողունակ ու խոսուն էր, քան ցանկացած պերճախոսություն:
– Վերջապէս, ինչո՞ւ կը տրտնջանք,- մի օր ասաց Հայրս՝ սեղանին զարկելով բարկօղու[2] բաժակն ու կտրուկ ոտքի կանգնելով:- Անոր համար, որ կատարուած է մեր երազանքը, ու հայրենի՞ք ենք վերադարձած: Այդչա՞փ փոքրոգի ենք մենք: Ես այս բարկօղու հետ կուլ տուի իրականութեան դառն թոյնը եւ ոտքի ելայ: Լուի՛զս, եաւրո՛ւս, մենք պետք է աշխատինք ու աշխատինք, ազնիւ ու անմնացորդ տքնանքով լծուինք մեր հայրենիքի յառաջընթացին: Ասիկա՛ է աշխարհի վրայ մեր երազած հանգրուանը, մեր ապրելու տեղը: Այս գորշ ու մռայլ միջավայրին մէջ լալն ու ողբալը, գանգատիլն ու դժգոհիլը միայն աւելի գորշ կը դարձնեն մեր կեանքը: Եկո՛ւր, երգենք Ռուսինեանի անմահ երգը հայերու ամենաբաղձալի երազանքի մասին:
Նա գրկել էր Մորս, երգում էր ու երեխայի պես լաց լինում, ինչպես բոլոր վտարանդի հայերն աշխարհի բոլոր ծեգերում: Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը… Մայրս մոր պես գրկել էր Հորս հեգ գլուխն ու սրբում էր նրա աչքերից հեղեղի պես հոսող տաք արցունքները… ինչպես ինձ Պլովդիվում` իմ մանկության օրերին, երբ ինձ նեղացնում էին թաղի մահմեդական տղաները…
Այդ երեկո հայկական բարկօղի՞ն էր թունդ, և Հայրս մի քիչ ավելի անկեղծացավ, պատե՞րն ականջներ ունեին, թե՞ «ախպարներու մէջ ալ այլեւս բոյն դրած էր մատնութեան ախտը», այդպես էլ չիմացանք…
Հենց այդ գիշեր մեր տուն եկան երկու զինվորական, հարգանքով բարևեցին, հետո ցածրաձայն ինչ-որ բան ասացին: Հայրս մոտեցավ Մորս, կրկին ցածրաձայն ինչ-որ բան ասաց ու գնաց: Ես չլսեցի, թե ինչ ասաց, բայց երեսի գույնին նայելով՝ կարելի էր հասկանալ կատարվելիքը:
Հորս ձերբակալեցին և մեղադրեցին հայտնի 58-րդ հոդվածով՝ ժողովրդի թշնամի, կապիտալիստական տարր, արտասահմանյան գործակալ՝ ինչպես որ հարմար գար: Այդ «վտանգավոր տարրը» փող էր աշխատում անձնական հավաքածուի նկարները վերավաճառելով: Բայց միայն դա չէր նրա հանցանքը: Նա փող էր «շորթում» նաև կոմունիստական առաջնորդների դիմանկարները նկարելով: Հայրս դա պիտի աներ ձրիաբար, «առանց շահույթ հետապնդելու»: Այդքանից հետո էլ իր տունը դարձրել է հավաքատեղի, որտեղ հաճախակի հավաքվող «կասակծելի վարքի տեր մարդիկ խոսում են քաղաքականությունից, մեղադրում Սովետ Միության իշխանություններին, ազնիվ կոմունիստներին»… Բոլորն էլ մահապատժին «հարիր» հանցանքներ էին: Հենց դա էլ սպասում էինք… Որոշ ժամանակ Հայրս մնաց Երևանում, հետո աքսորեցին Ալթայի երկրամաս:
Մեղադրանքի մասին մենք իմացանք հետո, երբ նա արդեն վերադարձել էր աքսորից: Ամիսներ շարունակ մեզ ոչինչ չէին ասում նրա գտնվելու վայրի մասին: Մորս բազմաթիվ հարցերին, աղերսագրերին ոչ մի պատասխան չէր տրվում: Միայն մեկ անգամ մի բարի աչքերով մարդ, որ փորձել էր չար ու խիստ ձևանալ, նրան ասել էր. «Մի՛ վտանգեք ձեր և ձեր երեխաների կյանքը: Գնացե՛ք և այլևս այստեղ չգաք: Խորհրդային արդարադատության մարմինները ձեզ տեղյակ կպահեն ամեն ինչի մասին»:
Խորհրդային, խորհրդավոր արդարադատությունը լռեց 4 տարի:
Մեր տան շինարարությունը կանգ առավ: Մենք Մայրիկի հետ ևս 4 տարի ապրեցինք մեր Կոմիտասի տանը:
Եկավ 1953 թվականը… Այդ գարուն մահացավ համայնավարների հայր Ստալինը:
Մարտի սկիզբն էր: Մի երեկո Մայրիկիս ընկերուհներից մեկը՝ դերասանուհի Լյուսին, որ հայրենադարձվել էր Եգիպտոսից, մեր տանն էր: Սովորույթի համաձայն, երբ նրանք խոսում էին ամեն ինչի մասին, հետո լռում ու տխրում էին ու սկսում էին երգել: Հայտնի բան է, որ Ռուսինյանի «Կիլիկիան» գիտեն Սփյուռքի բոլոր հայերը՝ փոքրից մեծ: Դա նրանց հոգին խորքերից տակնուվրա անող ամենաազնիվ անթրոցն է: Նրանք կամացուկ երգում էին.
Երբոր բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ…
Մեր ամենամոտ դրացին՝ տիկին Զարուկը, որ նույնպես հայրենադարձ էր՝ Սիրիայից, դուռը ուժգին ծեծեց: Մայրս բացեց.
– Մա՛յրը թաղեմ,- սկսեց նա սիրիահայերի խոսակցական լեզվի ամենաշատ գործածական արտահայտությամբ,- յուսոյ դռները բացուած են, եւ «ձմեռն ալ փախ է տուած մեր երկրէն»:
– Ի՞նչ կ’ըսես, կնի՛կ,- զարմացավ Մայրս:
Հետո Զարուկը շրթունքները մոտեցրեց Մորս ականջին ու ասաց.
– Բօթը լսած չե՞ս: Ընկեր Ստալին մեռած է:
Մորս դիմագծերը մի վայրկյանում փոխվեցին՝ արտահայտելով սարսափից մինչև ուրախություն բոլոր երանգները:
– Ոչ թէ բօթ, այլ աւետիս, մա՛յրը թաղեմ,- ասաց նա ու գրկեց Զարուկին:
– Կ’ըսեն փողոցներով քաղաքացիական հագուստներով փոլիսներ կը շրջին ու կը հետեւին՝ ամէն մարդ կուլա՞յ: Եթէ մէկը չլայ ընկեր Ստալինի մահուան համար, կը տանին ու բանտ կը նետեն այդ անզգամը,- կամացուկ ասաց Զարուկը:
Բայց նրա հատ-հատ արտասանած «ընկեր Ստալին» բառերն արդեն առաջվա պես ոչ թե վախ, այլ՝ զավեշտ էին արտահայտում:
– Փոյթ չէ. թուքը կը քսենք երեսներուս, թող մտածեն կու լանք,- ասաց Մորս ընկերուհին՝ Լյուսին, ու զզվանքով ավելացրեց,- ան թուքը, որ պիտի թքէինք ընկեր Ստալինի երեսին, կը քսենք մեր երեսին… բան մը չէ:
Ամբողջ Երևանը, և ինչո՞ւ միայն Երևանը, ամբողջ աշխարհն էր շոկի մեջ… Շատերը դեռ երկար չէին հավատում դրան, շատերն ուրախ էին, շատերն անկեղծ ողբում էին առաջնորդի մահը, բայց միևնույն է, բոլորն էլ մի տեսակ գաղտնի թեթևություն զգացին ու խորը շունչ քաշեցին: Ասես մի մեծ բեռ ընկավ մարդկության ուսերից, մեր ուսերից: Միայն նրա մահով կարելի էր մտածել նոր կյանքի ու լավ օրերի մասին: Նեղճակատ պողպատե առաջնորդը մահացավ մարտի հինգին, ու սկսվեց գարնանային ձնհալը՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով…
- Հատված «Վերջին մանկություն» վեպից, 2021 թ.
[1] Մեր շոգեքարշ, սլացի՛ր առաջ,
Կանգառը Կոմունայում է,
Մենք այլ ճանապարհ չունենք.
Մեր ձեռքում հրացան կա:
(Բորիս Սկորբին)
[2] Բարկօղի – կոնյակ
