Հայաստանի «Թեքեյան» կենտրոնում կայացավ գրական հուշ-երեկո՝ նվիրված գրող, թարգմանիչ, գրականագետ, «Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր-տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հիշատակին։ Երեկոյին ներկա էին գրչակից ընկերները, մտերիմ բարեկամները, Հայաստանի լիտվական և սիրիահայ համայնքների ներկայացուցիչները, նրա հիմնադրած կառույցների աշխատակիցները և ընտանիքի անդամները։
Միջոցառումը բացվեց Արթուր Բախտամյանի հեղինակած Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հաղորդաշարի՝ Ֆելիքս Բախչինյանին նվիրված թողարկման ցուցադրությամբ։
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ ներկաներին միավորել են սերն ու խոր հարգանքը 60-ից ավելի գրքերի հեղինակ, գրականության և մշակույթի նվիրյալ Ֆելիքս Բախչինյանի հանդեպ։ Նա առանձնակի կարևորեց Բախչինյանի ներդրումը հայ-լիտվական գրական կապերի զարգացման գործում, որի արժանի գնահատականը դարձավ 2022 թ. Լիտվայի Հանրապետության պետական՝ Ասպետի խաչ շքանշանը։
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը հիշեց իրենց առաջին հանդիպումը և ընդգծեց, որ Ֆելիքս Բախչինյանը բացառիկ հետևողականությամբ հանրահռչակեց Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը։ Նա բարձր գնահատեց նաև գրողի արձակը՝ առանձնացնելով «Առնետը» վեպը, Մուշեղ Իշխանին, Ֆադեյ Սարգսյանին, ճանաչված լեզվաբան Վիգեն Ավագյանին նվիրված «Իմ Կոմֆուցիուսը» և շատ հայտնի գրողներին ու մտավորականներին նվիրված մենագրությունները։
Գրող, բանաստեղծ և պետական գործիչ Անդրանիկ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ապագայում Ֆելիքս Բախչինյանի բազմաշերտ գործունեությունը կդառնա առանձին գիտաժողովների նյութ։ Նրա խոսքով՝ Բախչինյանը «մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ էր», իսկ այս հուշ-երեկոն հարգանքի տուրք է ոչ միայն նրա հիշատակին, այլև այն արժեքներին, որոնց նա հավատարիմ մնաց իր ողջ կյանքում։
ՀՊՄՀ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Քնարիկ Աբրահամյանը ներկայացրեց Ֆելիքս Բախչինյանին որպես համահայկական մտածողությամբ գրողի և գրականագետի, որի ստեղծագործություններում ներդաշնակորեն միահյուսված են հայ, սփյուռքահայ և համաշխարհային գրականության շերտերը։ Նա ընդգծեց նաև, որ Բախչինյանի նախաձեռնած նանսենյան և հայ-լիտվական ծրագրերը շարունակվում են կյանքի կոչվել նրա որդու՝ Հայկ Բախչինյանի և գործընկերների ջանքերով, իսկ երիտասարդների ներկայությունը հուշ-երեկոյին վկայում է, որ նրա երկխոսությունը սերունդների հետ շարունակվում է։
Միջոցառման ընթացքում, որպես յուրօրինակ հաշվետվություն, ներկայացվեց նաև Ֆելիքս Բախչինյանի վերջին մեծ երազանքի՝ «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» ծրագրի իրականացումը, որը կյանքի կոչվեց 2025 թ. նրա հիմնադրած նանսենյան կառույցների ջանքերով և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։
Շնորհակալության խոսքով հանդես եկավ Ֆելիքս Բախչինյանի որդին՝ Հայկ Բախչինյանը՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությանը, անձամբ Ռուբեն Միրզախանյանին, ինչպես նաև բոլոր բանախոսներին և ներկաներին՝ ջերմ հուշ-երեկո իրեն պարգևելու համար։
Հիշատակի երեկոն նաև Ֆելիքս Բախչինյանի թողած գրական, գիտական ու հասարակական ժառանգության յուրօրինակ արժևորման փորձ էր և հավաստում, որ նրա կյանքի գործը շարունակում է ապրել իր գրական ժառանգության, հիմնադրած կառույցների ու թողած գրական լուսավոր հետագծի շնորհիվ:
Հայարփի Խաչատրյան
«Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ» հիմնադրամի
Գործադիր տնօրեն
