ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐ ՄԵԾ ԳՐՈՂԻՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ

Հունիսի 17-ին՝ Պարույր Սևակի տարելիցին, Զանգակատուն էին այցելել բազմաթիվ երկրպագուներ՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ պոետին։ Արարողությանը ներկա էին մայրաքաղաքից, Արարատի, Վայոց ձորի մարզերից ու հանրապետության տարբեր տարածքներից ժամանած բազմաթիվ սևակապաշտներ։ Մեծ պոետի հուշաքարի մոտ խոսք ասաց ՀԳՄ անդամ Տիգրան Նիկողոսյանը․ «Այս պահին իմ կապույտ թերթիկին վերստին հեռավոր այն օրն ու երկիրը ցնցած լուրի շփոթն է, երբ մենք, մեր առաջին անվարժ տողերով հիացած պատանիներս, ցնցվել ու սպասում էինք մի հրաշքով լուրի ժխտմանը։ Մեզ համար նա այնպիսի երևակայելի բարձրում էր, որ մտքիս ծայրով անգամ պատկերացնել չէի կարող, որ մի օր ինքս կկանգնեմ խոսքի մեծ վարպետի հուշաքարի մոտ, դա էլ քիչ էր, այս պահին այստեղ ներկաներին փոխանցեմ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գնահատանքի խոսքը։ …Այս պահին Գրողների միության կլոր սրահում խորհրդանշական միջոցառում է. մի խումբ երիտասարդների պիտի հանձնվեն ՀԳՄ անդամատոմսերը»։

Միջոցառումը շարունակվեց թանգարանում։ ԱՅՔ կրթահամալիրի երգչախումբը կատարեց հոգևոր երգեր Կոմիտասի, հայ կոմպոզիտորների մշակմամբ։

Պարույր Սևակի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկավ Հմայակ Հակոբյանը, ասմունքեց նաև նրա դուստրը։

Սևակ Ղազարյանը կազմակերպեց Պարույր Սևակի ստեղծագործությունների վիկտորինա-մրցույթ։ Հաղթողները պարգևատրվեցին նվերներով։

Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ