***
Խիղճս խեղճություն հաշվեցին, ավաղ,
Համեստ լինելս՝ թուլության նշան…
Օ՜, Տե՛ր, մինչև ե՞րբ իմ եսը պիտի
Երևա շրջված, չոր ու աննշան…
***
Որոնում էի ինձ ամենուրեք,
Որոնում էի համառ, անընդմեջ,
Ու միայն երեկ գտա վերջապես
Աշխարհի ցավով հիվանդների մեջ:
***
Այս ի՜նչ մարդիկ են, ի՜նչ ժամանակներ,
Մարդ վախենում է մի անգամ գայթել,
Առերես ցավում, հրճվում են թաքուն
Եվ պահ են որսում, որպեսզի խայթեն:
***
Իմ ծննդի հետ աշխարհը ծնվել
Եվ մահվանս հետ պիտի վերանա.
Տեսնես այն քանի՞ կյանք է ունեցել
Ու դեռ քանի՞սը պիտի ունենա…
***
Վանե՛ք կատարյալ ազգի ցնորքը
Եվ հավատացեք պոետի խոսքին.
Հարկավ, ՄԱՐԴԸ կա ամեն ազգի մեջ,
Ու սրիկան էլ՝ միշտ նրա կողքին:
***
Գրքերի հեղե՜ղ, մտքերի տարա՜փ,
Ու քիչ է էլի, մնում ենք ծարավ.
Մի նոր երգ է պետք ու նոր առասպել,
Եվ դրանց համար՝ նոր ծնունդ ու ցավ:
***
Գինու գավը ձեռքս առա
ու հիշեցի Խայամին`
Սերունդներին հորդորում էր
հիշել իրեն այդ ժամին.
Կատարում եմ իղձդ, վարպե՛տ,
հիշատակդ մնա հար,
Միանում են տղաները,
հասկանում է մեզ սաղին*:
/Սաղի – մատռվակ/
***
Ո՞րն է իմաստը չարի գոյության,
Եվ ինչո՞ւ տուժի բարի հոգին.
Անհասկանալի, անբնական է
Վատի լինելը լավի կողքին:
***
Ա՜խ, ես հոգնել եմ որոնումներից
Ու բախումներից բարու և չարի,
Կուզեմ արձակուրդ վերցնել կյանքից
Եվ հանգստանալ մի հազար տարի…
***
Ի՜նչ հանճարներ հողը տվեց
Եվ կլլեց ի՜նչ աշխարհներ …
Հողը՝ հրաշք արարչանյութ,
Ամենածին, ողջակեր…
***
Թող որ զարմանա պոետն իսկական,
Ու պոետ-չարչին թող որ զարմանա,
Ես կարիք չունեմ փառք ու պարգևի
Եվ տեղ չեմ ուզում Պառնասի վրա:
***
Իմ աշխարհ գալը ինչի՞ համար էր,
Ո՞ւմ ծրագիրն ու փորձի համար էր,
Միտումնավո՞ր էր, թե՞ տարերային,
Սյուժե կա՞ր, թե՞ հենց մի սին արար էր…
***
Ես՝ աստծո ծառան, գործիքը նրա,
Ես՝ մարդուն հասու բարձունքում, ահա,
Քմծիծաղում եմ խոր ափսոսանքով
Աշխարհ ասվածի սինության վրա:
***
Բանաստեղծը զանգ է, կոչնակ,
Բանաստեղծը՝ ծիածան,
Բանաստեղծը նզովված է,
Հուշաքար է ու արձան:
***
Չէ՛, ինձ այդպես մի՛ գովազդիր ամենուր,
Սովորական երգիչ եմ մի սիրավոր,
Ի՞նչ պերճաբան, տաղանդաշատ ու մոգիչ,
Բնության դեմ ո՞վ է պոետն այս թլոր:
***
Քեզ ի՞նչ ասեմ, արդարատենչ վե՛հ ընկեր,
Շատ ու շատ պարզ ու համեստ է դերը մեր,
Ի՞նչ պիտ անի ազնիվ մարդը այս բարի,
Եթե չարին հանդուրժում է Տերը մեր…
***
Վանի՛ր քո այդ սին մտքերը հեռու,
Մեռնելուց հետո էլ չես հառնելու.
Ի՞նչ երկնային կյանք, դրախտ ու դժոխք,
Որդ ու մրջյունի կեր ենք դառնալու:
***
Իմ կյանքը թանկ չէ մրջյունի կյանքից,
Բնության համար՝ թե՛ մարդ, թե՛ մրջյուն.
Այդ մենք ենք, մե՛նք ենք մեզ կարևորում,
Բնության համար՝ թե՛ մարդ, թե՛ մրջյուն:
***
Լացդ թող վաղվան ու այսօր ժպտա՛,
Ապրի՛ր ներկայով, արարի՛ր, գթա՛,
Մի՛ հետաձգիր սերը և գինին,
Ի՞նչ իմանաս, թե վաղը ինչ կտա…
***
Հնարավոր է՝ տեղս չիմանաք,
Ու, մինչև անգամ, մնամ ստվերում,
Ինձ տրված չէ, որ ղողանջեմ ձայնեղ
Եվ ներկա լինեմ հարկավոր տեղում:
***
Հերի՛ք է, եղբա՛յր, հաղթենք մեռնելով
Ու միավորվենք ծայրահեղ պահին,
Ժամանակն է, որ հաղթենք ապրելով
Եվ հաղթանակը չթողնենք մահին:
***
Ժամանակն էլ քեզ չի պատկանում,
Դու հիմա հույսն ես հայրենիքի,
Այս խառն օրերի զինվորն ես դու՝
Առանց մեռնելու իրավունքի:
***
Ա՜խ, շռայլ եղար, անհարկի՜ շռայլ.
Եվ դրա համար ներում չկա քեզ.
Ամո՛ւր կանգնիր, ա՛զգ, այս պատառ հողին,
Դու էլ կորցնելու իրավունք չունես:
***
Խելոք լինեինք՝ կունենայինք միշտ
Բավարար թվով զենք ու զինակիր,
Խելոք լինեինք՝ չէինք ունենա
Խղճուկ չափերով վտանգված երկիր…
***
Աստղե՛ր, աստղե՛ր, թիվ չկա,
Տիեզերքին ափ չկա,
Սիրող սրտին հավասար
Էս աշխարհում չափ չկա:
***
Քո՛ւյր, մի՛ նեղվիր, ուխտ չունես,
Խղճիդ առաջ մեղք չունես,
Այդ պոետն է խենթացել,
Իսկ դու սիրո դեղ չունես:
***
Ես չկայի, ոչինչ չկար…
Ու ոչինչ էլ թող չլիներ.
Է՛հ, ոչինչ էլ թող չլիներ,
Թե ողջն այսպես պիտի լիներ:
***
Ես չեմ հիշում, թե ապրել եմ այլ կյանքով,
Այն մի հատ է, մի անգամ է, մի դարով,
Թող ոչ մեկը ինձ ահ չտա իր ահից,
Ամեն մի բան կվերանա իմ մահով:
***
Սա ժամանց չէր, խաղ չէր սա,
Կեղծ գովազդ ու խաբ չէր սա,
Հավատամքով ապրված
Բանաստեղծի կյանք էր սա:
***
Այդպես էլ մարդուն արդյունք չտվին
Ինքնաճանաչման փնտրտուքները.
Գալիս-գնում է նա պարտադրված
Եվ չի իմանում իր ով լինելը:
***
Ու ասում եմ ես, ցավով եմ ասում,
Չեմ թանձրացնում բնավ գույները,
Լավագույն մարդու մրցույթ թե լիներ,
Կմասնակցեին վատագույնները…
***
Վաղամեռ սիրո անանց մրմուռը,
Մաքառումներս, տանջող վերքերը…
Չէ՛, չէին կարող անկշիռ լինել
Իմ ինքնայրումից ծնված երգերը:
***
Նրբանուրբ մարմին՝ լուսե, քնքշալից…
Հրաշք է կերտել Տերը ոչնչից.
Ո՛վ ադամորդի, ի՜նչ ճակատագիր՝
Ոչնչից ելնել ու՝ դեպի ոչինչ:
***
Ինձ ինձանից լավ չգիտի ոչ ոք,
Ո՛վ բանիմացներ, հերի՛ք է տնտղեք.
Յոթ տասնյակ տարի ապրեցի կյանքում,
Ես ինձ չգտա, դուք ինչպե՞ս գտնեք…
***
Արարեց մարդուն Տերը ոչնչից
Ու ասաց՝ ապրիր ոչնչի տենչով.
Ու գնում է մարդ դեպի ոչ մի տեղ
Եվ գոհանում է գտած ոչնչով:
***
Վերստին՝ իմաստի փնտրտուք,
Լուսնկա, ու թախիծ, և ջահեր…
Ծերանալ-մեռնելը՝ հասկացանք,
Ի՞նչ բան է զոհվելը դեռ ջահել…
***
Եսիս մարմինը կտամ մայր հողին,
Հոգուն կթողնեմ՝ ազատ հեռանա.
Ու էլ երբևէ ոչ մի համոզմամբ
Ես այս բիրտ աշխարհ չեմ վերադառնա:
***
Շատ մի՛ խորհիր, Լևո՛ն տղա,
քո տերն էլ է աշխարհն այս,
Քեզ բերել է, տեղ է տվել
ու պահում է աշխարհն այս.
Կվերցնի, ինչ որ պետք է,
կօգտագործի ուզածով,
Ու մի օր էլ, երբ սպառվես,
ետ կտանի աշխարհն այս:
- Սաղի – մատռվակ
