Երկինք՝ Արմինեիս
…Ու տեսնո՞ւմ ես, Արմի՜ն,
Ուր հասցրիր դու ինձ.
Ես՝ հիմա սոսկ մարմին,
Դու՝ երկնային թախիծ։
Դու տեսնո՞ւմ ես, Արմի՜ն՝
Ինձ ոչինչ չի փրկում՝
Ո՛չ քո սերը նախկին,
Ո՛չ էլ հուշդ փթթուն,
Ո՛չ էլ սերն այս թաքուն,
Որ տվիր ինձ Երկնից,
Որ ժպտում է հոգուս
Անմխիթար հեռվից,
Որ անդադար քեզ է
Հիշեցնում իմ կողքին,
Ու հոգուս այն կեսն է,
Որ իբր ինձ թողիր։
…Բայց իմ սրտում, Արմի՜ն,
Քարն է մեր պաղ բախտի.
Ես՝ հիմա սոսկ մարմին,
Դու՝ երկնային թախիծ։
ՀՈՒՇԻ ԲԱՑ ԹԵՎԵՐԻՆ
Ճակատագիր տողատ.
Դու գնում ես հավերժ՝
Ինձ սիրուդ մեջ թողած,
Սերս՝ դագաղիդ մեջ։
Երբ օդանավն իջավ,
Երբ տեսա դեմքդ կեզ,
Զարդատուփ էր բացված
Այն, ինչ բերել էր քեզ։
…Հետո կողքիդ կանգնել,
Պատժում էի ես ինձ,
Որ քո մոմը հանգել
Ու դարձել էր կսկիծ։
Չիմացա էլ, թե ուր
Հեռացար լուռ, անսիրտ,
Գեթ սիրո մի փետուր
Ինձ չթողիր, չասիր՝
Ուր կտանի բախտը,
Ինձ կլինի՞ ներում,
Թե՞ կարոտի ախտը
Ցավ է միայն բերում։
Հոգնած՝ ո՞ւր եմ վաղը
Գլուխն իմ դնելու,
Էլ ծնկիդ չեմ, ախր,
Արցունքն իմ հեղելու…
Ինձ կլինի՞ ներում
Երկինքներից Վերին,
Թե՞ այսպես են մեռնում
Հուշի բաց թևերին։
ԱՐՄԻՆԵԻ շշնջոցը ԵՐԿՆՔԻՑ
«…Այս աշխարհից կարոտանքով նայում եմ քեզ,
Ասա՝ ոնց ես, ձեր աշխարհում ինչ կա-չկա,
Տեսնում եմ ես, տեսնում եմ ես՝ հիմա ում ես
Սիրում հոգով, փայփայանքով քո առաջվա։
Համարյա թե այնպես, ինչպես ինձ ես սիրել,
Համարյա թե այնպես, ինչպես քեզ եմ սիրել,
Դու սիրում ես, դու սիրում ես հիմա իրեն,
Ու քո կրծքում նույն սիրտն է դեռ, հենց նո՛ւյն սիրտն է»։
ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐԸ
Ես կմեռնեմ-կգնա՜մ,
Դուք դեռ ապրեք աշխարհում,
Թող ինձ վառի սատանան
Դժոխային իր խարում։
Խռովել եմ, ետ չեմ գա,
Ետ չի բերի ինձ ոչինչ,
Գուցե լոկ այն աղջկա
Համբույրները հրաջինջ։
Թող իմ ձեռքը նա՜ բռնի,
Ով ինձ սիրում է թաքուն,
Ում բախտն իրեն դեռ բռնի
Վանդակի մեջ է պահում։
Ես մեռնո՛ւմ եմ իր համար,
Նա ինձ համար է ապրում,
Բայց ասաց, որ… անհնա՜ր,
Անհնա՜ր է՝ գա իմ տուն,
Որ ինձ մա՜հ չէ որոշված,
Որովհետև իր ափում
Իմ շուրթերի դրոշմած
Համբույրներն է դեռ պահում…
ՀԵՌՎՈՒՄ ՔԵԶ ՍԻՐՈՂ ՄԵԿՆ ԻՆՉ-ՈՐ ԴԵՌ ԿԱ
Վերջ, էլ չեմ լինի, ապրիր անարցունք.
Դու չկամեցար մեզ համար կռվել,
Սուտ է և՛ սերը, և՛ կարոտն է սուտ,
Ե՛վ այս տողերը, ինչքան էլ գրվեն։
Վերջ, էլ չեմ լինի, կկորչեմ անհետ,
Ապրիր քեզ համար քո կյանքը հանգիստ,
Դու՝ քեզ խաչ հանող զավակներիդ հետ,
Ես՝ իմ մենության պատանը հագիս։
Ավելի վատ բան՝ մենությունից զատ,
Աշխարհում չկա, մանավանդ եթե
Հեռվում քեզ սիրող մեկն ինչ-որ դեռ կա,
Ու նա պատրաստ է քեզ համար մեռնել։
ՍԻՐՏՍ ԴՆՈՒՄ ԵՄ ՔՈ ԱՓԵՐԻ ՄԵՋ
Սիրտս դնում եմ քո ափերի մեջ
Ու գնում հեռու՝ ուր աչքս կտրի,
Դու ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ ասացիր՝ վե՛րջ,
Ու ինչո՞ւ եմ ես ետ նայում կրկին։
Ժամս եկել է, ու ես գնում եմ,
Կյանքն ի՜նչ քաղցըր էր ու ի՜նչ… դառնահամ,
Ու խոսքերն ամեն, ամեն տեղ նույնն են,
Ու ձեռքս բռնեց սիրուն մահն ահա.
Ինձ ասում է՝ ո՞ւր, հե՛տս պիտի գաս,
Ասում եմ՝ դեռ չէ, սրտիս հետ եմ դեռ,
Ու եթե իրոք դու աշխարհում կաս,
Ուրեմն, սերը… խաբկանք է ու բեռ։
Սե՛ր իմ, դու ինչո՞ւ ինձ ասացիր՝ վերջ,
Ու ինչո՞ւ եմ ես ետ նայում կրկին,
Սիրտս… դնում եմ… քո… ափերի մեջ
Ու գնում հեռու՝ ուր աչքս կտրի…
ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ
Նորից արթնություն սրտի ու գարուն,
Ես շատ սպասեցի, որ սերս գար տուն,
Նա ուշանում է դեռ ձյուների մեջ,
Որ բախտը մաղեց իր հոգուն անվերջ։
Նա ուշանում է՝ հուշե ծաղկանց մեջ
Դեռ թափառելով առէջ առ առէջ,
Թեև իր համար մի ծեր զվարթուն
Իմ տան ճամփան էր ողջ ձմեռ հարթում։
Ձմեռը անցավ, իմ կյանքն էլ կանցնի,
Ո՜վ գիտե, մեկը նրան կհարցնի՞՝
Հերիքելո՞ւ է կյանքն իմ, թե ասեն,
Որ մի գարուն էլ դեռ պիտի սպասեմ։
ԴԵՌ ԵԿՈՂ ԼՈՒՅՍԸ
Ալեհերի սրտում սեր էր ծնվել ջահել
Ու դող, որ ինքն այդ սիրուց շուտ գուցե մեռնի,
Բայց նա գիտեր՝ դեռ կվառեր սիրո ջահեր
Ծերությանը իր գերության հեռու-հեռվից։
Ինչպես աստղը, որ դողդոջուն
Դեռ փայլում է տաք աչքերում,
Այնինչ վաղուց հանգել է ու չի շողշողում,
Միայն դեռ իր եկող լույսն է գերո՜ւմ, գերո՜ւմ,
Սերն էր կանչում պատիր հույսով
Ալեհերին, երբ որ զգաց… զգա՜ց հանկարծ՝
Հողն իր մահիճն առնի իրեն գուցե այսօր՝
Վաղուց մեռած աստղի լույսը իր աչքերում դեռ չհանգած։
ԹԱՔՈՒՆ
Թաքուն ապրել,
Թաքուն սիրել
Լուսառատ…
Թաքուն գժվել,
Գնալ, կորչել
Լուռ, հուսատ…
Թաքուն հիշել
Տաքուկ գիշեր՝
Ափսոսալ,
Թաքուն զգալ
Սրտի դողեր
Ու սոսափ…
Կողքով անցնել
Փողոցում մութ
Ու անմարդ,
Թաքուն նայել,
Արտասվել լուռ
Ու… հպարտ…
Թաքուն խոսել,
Ասել՝ երնե՜կ
Ես ու նա…
Թաքուն մեռնե՜լ,
Թաքուն մեռնե՜լ,
Շարունակ…
Լռել, տեսնել՝
Ինչ կասեն Տերն
Ու մուսան,
Թաքուն ապրել,
Թաքուն սիրել
Ու… հուսա՜լ…
