Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
2024 թվականի մարտի 16-ը ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ. ես նայում և աչքերիս չէի հավատում, որ սահմանամերձ գոտում վեր խոյացող վիթխարի «ամրոցի» հիմքերը ընդամենը ամիսներ առաջ են դրվել, իսկ հիմա այն այնպիսի մասշտաբի կառույց է, որ թեև նրա ընդամենը 10 տոկոսը ներկայացրին մշակույթի գործիչների մեր խմբին, այդքանն էլ բավական էր գիտակցելու համար, որ վերջապես երկրիս սահմանի գոնե այդ հատվածը հուսալի պաշտպանված է, զինվորները՝ երևակայությունից անգամ ավելի հարմարավետ պայմաններում, բետոնե այդ հսկան՝ մինչև ատամները զինված նորագույն զենքերով ու տեխնոլոգիաներով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բացատրությունները միաժամանակ բացահայտեցին մի շատ կարևոր մանրամասն՝ իր հինգ մատների պես գիտեր «ամրոցի» ամեն մի մետրը և ինչպիսի սիրով ու նաև անթաքույց հպարտությամբ էր պատմում այն նվազագույնը, որի մասին կարող էինք իմանալ մենք: Դիտանցքից նայում էի հեռվում երևացող օտար քաղաքի ուրվագծին, իսկ թիկունքիս հայկական գյուղն էր, և այդ պահին մի աննկարագրելի հանգստություն պատեց ինձ, 2020 թվականից հետո առաջին անգամ այս պաշտպանական կառույցը, նրանից այն կողմ՝ նույնպես բետոնապատ ու հարմարավետ խրամատները գրավականն էին, որ հարձակվելուց առաջ ոչ թե մեկ, այլ` շատ անգամներ պիտի մտածեն՝ ատամները այս ամենի վրա չջարդելու համար…
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո առաջին անգամ քնեցի հանգիստ, ու ոչ միայն, որ զինվորներս տաք ու ապահով էին, գյուղը՝ պաշտպանված… Որովհետև իմ երկրի սահմաններին տասնյակ այդպիսի ամրոցներ էին արդեն կառուցված, իսկ հեռանկարում նրանց թիվը կրկնապատկվելու և տասնապատկվելու էր:
Իսկ այս տարվա մարտ ամսին գրողների մեր խումբը Տավուշում էր: Կիրանցի պատը, նորակառույց դպրոցը, «հանձնված» եկեղեցին տպավորիչ էին, զարմանալի, հետաքրքիր, բայց, խոստովանեմ, մտածում էի, որ հերթական «ամրոցը» գոնե ինձ համար անակնկալ չի լինի: Բայց… այն, ինչ տեսա (էլի մոտ 10 տոկոսը), բառացիորեն ցնցեց՝ ու նորից իր մասշտաբայնությամբ, անառիկությամբ, սպառազինությամբ ու զինվորի նկատմամբ ցուցաբերած աննկարագրելի հոգատարությամբ: Երկու տարի էր անցել, և նորակառույց «ամրոցների» թիվը աճել ու աճել էր…
Վերադարձին, նախորդ անգամվա պես, մտորում էի՝ եթե այս ամենը արվեր անցած բոլոր տարիների ընթացքում, ինչպիսի՞ն կլիներ մեր այսօրը… Մի՞թե պիտի անցնեինք դժոխքի միջով՝ իրական երկրի իրական տեր դառնալու գիտակցությանը հասնելու համար…
Մայիսի 28-ի զինվորական շքերթին սպասում էի վաղուց մոռացված «պատանեկան» անհամբերությամբ: Իհարկե, հզոր ցուցադրություն էր՝ հաշվի առնելով մեր բանակի անցած դժվարին ու հակասական ճանապարհը, բայց երբ հայտնեցին, որ ցուցադրվել է մեր ունեցածի մի մասը միայն, գոհունակ ժպտացի՝ այո, համենայնդեպս այն ամենը, ինչ ինձ հաջողվել էր տեսնել «ամրոցներում», ընդհանրապես հրապարակում չհայտնվեց…
Տիգրան Մեծի փողոցը վերածվել էր մեր բանակի ամրության վկայության. քայլում էի՝ տարատեսակ զինատեսակների հենքին մտովի տեսնելով երկրիս սահմաններին կառուցված պաշտպանական կառույցները, և պարտության դառնությունը, որ գունդուկծիկ խեղդել ու խեղդում էր ինձ, խամրեց (չէ՛, չանհետացավ), ու ես, նայելով զինվորական մեքենայի վրա կանգնած ժպտացող երեխաներին, երկրորդեցի և՛ պարտություն, և՛ հաղթանակ տեսած Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ. շարունակելու կամքն է, որ կարևոր է»: Իսկ որ այդ կամքը կա՝ վկան 2024-ին իմ տեսած «ամրոցները», 2026-ին տեսած «ամրոցը» և մայիսի 28-ի շքերթը:
Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին՝ Տավուշի մարզ գրողների այցը կազմակերպելու համար:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԳՄ մի խումբ գրողներով ճանաչողական այցով մեկնել էինք Կիրանցի սահմանազատված տարածք, որպեսզի սեփական աչքերով տեսնեինք այնտեղ կատարված լայնածավալ պաշտպանական կառույցները, իհարկե, թույլտվության սահմաններում, և ինչ որ մեզ մատչելի ու ակնառու էր, տպավորիչ էր: Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառելուց հետո, երբ խմբով դուրս եկանք, օրը սովորականից լուսավոր թվաց, ու ակամայից հիշեցի տարիներ առաջ ժառանգական կանչով իմ հայտնվելը պատմական հայրենիքիս ավերակված մայրաքաղաք Անի: Խաղողօրհնեքի օրն էր, որի մասին շատ սեղմ ու ժլատ, կոկորդ սեղմող տխրությամբ գրել եմ «Քարե կարկուտ կերած երկիրը» ուղեգրությանս մեջ. «Անիի մայր տաճարում երեք արկղ խաղողի շուրջը հավաքվել են իմ այլադավան եղբայրներն ու քույրերը, ես էլ աղոթում եմ բարձրաձայն: Իմ ձայնը լսելուց էր, ինչ էր, աղոթքը գլխիցս թռավ, շփոթվեցի, նայեցի շուրջս ու հասկացա, որ հայի ոգին է մեզ հավաքել եկեղեցում, և ինքն էլ հուշեց, որ վերջացնեմ. «այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն»: Խաչակնքելով` դուրս եկա եկեղեցուց և Անիի փոշին հագնելով՝ մոտեցա նրա կիսավեր պարիսպներին: Նստեցի ժայռաբեկորին ու համակ ուշադրությամբ նայեցի պարսպի կարմրությանը: Ափսո՜ս, ափսո՜ս, պարսպապաշտ չենք, ամրոցապաշտ չենք: Պարսպի շուքին նստելը մի ամբողջ աշխարհ արժե, կյանքի գին: Մինչև մեկնելը պարսպի հետ ընդհանրացա՝ իբրև նրանից պոկված մի քար»: Սակայն Կիրանցի պաշտպանական կառույցները ներսումս անթեղված պարսպապաշտությունը, ամրոցապաշտությունն արթնացրին մեջս, որը չէի վայելել Անիում: Սիրտս թնդաց, քայլիս մեջ վերձիգ ամրություն զգացի, որ այսօրվա Հայաստանս ամրոց է, և ինչ որ աչքիս առջև տեսնում եմ, նրա պարսպից ճառագող աշտարակներից մեկն է, քանզի նրա նմանակները կառուցվել ու շարունակում են կառուցվել ամբողջ հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով: Զինվորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ամրոցի չափված-ձևված զինվոր պահապաններին, երբ ակնածանքով նվիրում էի իմ հարազատ «է վանքի կոչնակը» գիրքը, աներկբա թվաց՝ Անիի պարսպից պոկված քար եմ հանձնում հայրենյանց մշտարթուն ժամապահներին` որպես ամրության խորհրդանիշ: Տունդարձի ճանապարհին անսովոր խաղաղություն էր ինձ պարուրել, ու հաճելի էր մտածել, որ գիրքս Անիի պարսպաքարի ոգեղենությունը ամբարած իր տեղն է գտել սահմանը պահող հայկական ոգու անառիկ, վերընձյուղված աշտարակում, ուր արդեն մշտակա է դարձել գրքիս տեսքով ներկայությունս՝ որպես լուսախինդ գալիքի լինելության առհավատչյա, որի խոյացման թռիչքուղին սկսվում է Կիրանցի հույսի ու հավատի պատից:
Գևորգ ԳԻԼԱՆՑ
Երկուսուկես ժամ երթուղայինում երթևելուց հետո, երբ արդեն գիտես, որ ուր որ է՝ առջևդ բացվելու է երկրիդ` բազմիցս չարչրկված ու շահարկված մի հատված, որի ամեն մի մետրը, անգամ սանտիմետրը բազմիցս «հանձնվել» է, հրապարակային ելույթի, ճառի ու հոդվածի տեսքով քննարկվել է, սկսում ես ակամա լարվել, անհանգստանալ, տագնապել։ Երբ իջնում ես մեքենայից, հոդվածներն ու քննարկումները դառնում են իրականություն՝ աներեր հող, շոշափելի օդ, բնակավայր, որն ապրում է հանգիստ, բայց զգոն կյանքով։ Այստեղ երևանյան հեռվից ոչ այնքան ակնառու իրականությունն էր, որի ամեն մի սանտիմետր ոչ թե հոդված ու շահարկում էր, այլ` դպրոց (կահավորված, ընդարձակ, հագեցած), կառուցվող տներ, եկեղեցի, որից ընդամենը 5-6 մետր այն կողմ արդեն փշալար էր…
Հետաքրքիր էր, որ ներքին տագնապը, որն առաջանում է հնարավոր վտանգին մոտենալիս, բացակայում էր։ Մեզ դիմավորողը միջին կազմվածքով, անզեն սահմանապահ սպա էր, որը հանգիստ ու հանգամանալից բացատրեց, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Նրանից ամրության ու ինքնավստահության հզոր լիցքեր էին տարածվում։ Այդ հետո հասկանալի դարձավ, որ նրա ինքնավստահության ու հանգստության ակունքը, նրա «թիկունքը» ոչ միայն խաղաղության ակնկալիքն էր, այլև ռազմավարական բարձունքում կառուցված մեր ապագա «ամուր ողնաշարի մի ողը», որի մասին շատ բան պատմել ուղղակի չի կարելի, բայց կարելի է բնութագրել հետևյալ կերպ. այստեղ ծառայող տղաները (շարքային լինի, թե սպա) ոչ թե վարպետանում են բահով խրամատ փորելու ու պահածոների դատարկ տուփեր կախելու մեջ, այլ` ռազմական մասնագիտություն են ձեռք բերում և կատարելագործվում են։
Բարձրաստիճան ուղեկցողները հոժարակամ պատասխանում էին բոլոր հարցերին, անգամ անհարմար թվացողներին։ Նկարվեցինք, բայց խնդրեցին դրանք չհանրայնացել, զրուցեցինք ամրոցի՝ ժամանակակից պահանջերին համապատասխանելու մակարդակի մասին, բայց խնդրեցին դա էլ չհանրայնացնել, ծանոթացանք առկա զինանոցի հետ, բայց դա էլ է գաղտնի։ Զրուցեցինք ժամկետայինների հետ, բերած գրքերն ու ամսագրերը նվիրեցինք գրադարաններին, ճաշեցինք սովորական զորամասի ճաշարանում…
Վերադարձի ողջ ընթացքում մտածում էի, թե ինչի համար էր սա պետք, եթե այս մասին խոսել չի՛ կարելի, պատմել չի՛ կարելի, ցույց տալ չի՛ կարելի… Սկզբում պատասխանի շատ տարբերակներ կային` սկսած սովորական PR-ից մինչև… Բայց հիմա ունեցածս բոլոր պատասխաններից միայն մեկն է մնացել. երևի այն պատճառով, որ հայոց բառին ու խոսքին ծառայող «ռազմիկները» ներքուստ ավելի հանգիստ ու ինքնավստահ դառնան, ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր անզեն սահմանապահն էր, ինչպիսին ամրոցում ծառայող և ռազմի արվեստում կատարելագործվող ժամկետայիններն էին, քանզի որքան գնում, այնքան ավելի ակնհայտ է դառնում (հատկապես աշխարհաքաղաքական իրադարձություններին հետևողների համար), որ Խոսքը նույնպես զենք է, բայց այն հիրավի զորեղ է այն դեպքում, երբ համադրված է զինական ուժի հետ։ Այդ դեպքում է միայն, որ ունենում ես Հզոր խոցող զենք և Հզոր վահան։
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԹԻԹԵՂՅԱ ՏՈՒՓԵՐԻՑ ՄԻՆՉև ՆՈՐ ԱՄՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին մեր Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր այց Տավուշ՝ դիտելու Հայաստանի պաշտպանական գոտիներից մեկը և նոր ձեռք բերված զինատեսակներից մի քանիսը։
Տպավորություններս այնքա՜ն դրական էին, որ չմերժեցի այս տարվա մարտի 14-ին նույն վայրը կրկին գնալու առաջարկը։ Կրկին տեսանք։ Կրկին եղանք Կիրանցի նորակառույց դպրոցում, որի նմանը Երևանում էլ, չնչին բացառությամբ, չկա։ Կրկին «Հայր մեր» երգեցինք Ոսկեպարի՝ 7-րդ դարի եկեղեցում, որն, ըստ մեր մի քանի լրատվամիջոցների վայնասունի, մնացել էր հարևան հանրապետության տարածքում… Կրկին լսեցինք բարձրաստիճան սպաների մասնագիտական գնահատականը, որ Հայաստանն առաջին անգամ է ունենում նման բարձրակարգ, նորագույն սերնդի զենքեր… Եվ որ սահմաններին չեն կրակում, ու զինվոր չի զոհվում, ինչպես հարաբերական խաղաղության անցած տասնամյակներին էր…
Եվ ո՛չ մի համեմատություն այսօրվա և ոչ վաղ անցյալի մեր զինծառայողների արտաքինի ու սնունդի միջև (ինչպե՞ս չհիշել, որ Արցախի սահմանում, մեր «հաղթանակած և տարածաշրջանի ամենաուժեղ բանակում» ծառայող որդուս երկու տարի շարունակ ամեն շաբաթ մենք էինք սնունդ ուղարկում)։
Երբ տեսածիս մասին ոգևորված պատմեցի մի շատ հարգելի մտավորական բարեկամի, նա ասաց.
– Ատիկա մեր աչքերուն թոզ փչելու համար կ’ընեն…
Ափսոս, որ անցած երեսուն տարիներին նման միլիոնանոց թոզ մեր աչքին չեն փչել…
Այդ զինատեսակներն ի ցույց դրվեցին մայիսի 28-ին Հանրապետության տոնի զորահանդեսի ժամանակ՝ ոմանց մեջ արթնացնելով քիչ թե շատ ապահովության զգացողություն, ոմանք էլ հիշեցին տասը տարի առաջ ցուցադրված ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնք, ավա՜ղ, չգործեցին 44-օրյայի ժամանակ (քանի որ, ի տարբերություն այսօրվա զենքերի, դրանք մեր ոխերիմ ռազմավարական դաշնակցի արտադրությունն էին)…
Եվ թո՛ղ որ այդ զենքերը երբեք ստիպված չլինենք գործածել…
Այս ամենի խորքին ամենից վրդովեցնողը մեր թերահավատ ու չկամ հայրենակիցների մի զանգվածի (հուսամ՝ ոչ ստվար) չարախնդությունն է, որոնք պարզապես չեն ուզում տարբերություն տեսնել տեսնել թիթեղյա տուփերի և գերժամանակակից ամրակառույցների միջոցով սահմանների պաշտպանության միջև։
Բայց հայտնի է, որ միջնաբերդերը հաճախ գրավում են ոչ դրսից… Ուստի, մաղթենք, որ մեր հետագա քայլերն այնքա՛ն խոհուն կլինեն, որ սահմանների բացվելուց հետո ոչ մի փորձ չի արվի մեր «միջնաբերդը» գրավել ներսից, ինչպես համակարգված կերպով արվում էր խորհրդային տարիներին՝ Հայաստանի սահմանները «պատելով» թրքաբնակ գյուղերով…
Հ.Գ. Այս տողերը գրված էին, երբ մեր քաղաքական դիակներից մեկը հայտարարեց, որ իբր պաշտպանության նախարարության բյուջեի ութ միլիարդ դոլարից վեց միլիարդը պետությունը «լափել է»։ Դա այն նույն «սրտացա՜վ» գործիչն էր, որը մինչև պատերազմն Ալիևին ուղիղ ասում էր՝ քո տեղը լինեմ, կհարձակվեմ Հայաստանի վրա։ Մեկնաբանություններն ավելորդ են…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020 թվականի նոյեմբերի 10-ին մեզ հասած արհավիրքից հետո կարողացանք թափահարել մեր ջարդված թևերը, ճախրելու փորձեր անել՝ առանց հույսի… Դժվար էր ու դաժան… Բայց կարողացանք մեր բազմաթիվ սպիներով, խողխողված մարմինը շտկելու տեսակ-տեսակ բալասաններ փնտրել… Գտանք… երբեմն` ազդու, երբեմն` անօգուտ… Չիմացանք՝ ինչպես, ինչից հետո, ինչից առաջ, բայց գտանք… կյանքը շարունակելու՝ մեր նախնիներից ժառանգած հնարը… Տոկալ, զորանալու համբերություն ու կամք պեղել մեր ընդերքից…
Մայիսի 28-ի զորահանդեսը նոր հույսերի ու հավատի զորահանդես էր կարծես, նաև՝ հպարտության…
Նույնանման ապրումներ ունեցավ գրականության նվիրյալներից կազմված մեր խումբը մարտի 18-ին, Կիրանց սահմանամերձ գյուղում, երբ երկու բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ քայլում էինք ամրաշինական կառուցի անցուղի-լաբիրինթոսներով… Իմ ժողովրդի մտքի, բազկի, հավատի, հանճարի, տոկունության, համառության ապացույցներից ևս մեկը…
