Շեղում /Նաիրա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Այդ մենք երես թեքեցինք ամենքից,

թե ամենքը մեզանից վաղուց աղճատ էր ի սկզբանե։

Էլ չեմ ուզում քանդել ու քարկապել կրկին, բայց մտածված․․․

Եվ, այնուհանդերձ, ի սկզբանե, թե ոչնչի մեջ լինեմ նորից,

Էլի պիտի դավեր նյութեմ՝ ոչնչի հետ թշնամացած,

Քանզի տեսել ենք ամպերին՝ խայթող ու մթամած,

Ամպրոպ ու փլուզում ենք պահանջում,

Չէ՞ որ սովոր ենք դառնության,

Եվ այս ուղին հիասքանչ խորթ է թվում,

Ոտքերիս տակ կտրող փշեր եմ պահանջում․․․

Հեռու տար գորովանքը քաղցրահունչ,

որ նույնպես խորթ է ինձ,

որ իմ գրկից սահում է ու կորչում։

Յոթ հրեշտակներից ո՞ր մեկն էր նա,

երբ բոլորը չքվեցին իսպառ։

Ես անխռով եմ անվանում այդ մեկին,

ում գլխին ինչ ասես, որ չբերեցի

Տե՛ս ինչ համառ է ու համակ,

Թեկուզ պնդում եմ, որ գնա․․․

Մթի խորքում նորից արև փայլատակեց

Հուշիր դու հե՛նց հիմա,

Հետո չասես ընկալեցի խոտոր անմտությամբ,

Ենթարկվեցի ծուռ ոտքերիս,

Ուղին այս եղծելի մի՞թե սպիտակ ընկալեցի․․․

Ու գարշելի գազան, որ ինձ պատմեց մի բան,

Ի՞նչ էր անում լույսին․․․

Այն ինչ փնտրում էի, բացահայտեց ակնթարթում,

Խոստովանություն էր, որ լսեցի նրանից,

Ճիշտ էր, թե սուտ, այդ գազանի երկու բերաններից։

Եվ իմացա, որ ի սկզբանե քաոս էր ներդաշնակ,

Ուրիշ մեկը ի՞նչ է, չկար, որ նա պիտի ասեր դա ինձ։

Ատամներով կարկափեցի հատիկ-հատիկ,

Ու քանի թույլ էի, անկամ,

Ես մատնեցի բոլոր մարդկանց,

Ու քանի թույլ էի, անկամ,

Ես հեռացա Աստծուց,

Ու քանի թույլ էի, անկամ,

Ծաղիկներին գլխատեցի,

Ու քանի թույլ էի, անկամ,

Սառեց աղոթքը շուրթերիս։

Ոչինչ ասել էլ չի լինում,

Ասել էլ չի լինում ոչինչ,

Գնում ենք հետ․․․

Եթե լույսից ես դու,

Ձեռքդ մեկնիր,

Որ չլինի սայթաքեցի։

Քանի դեռ թույլ էի, անկամ․․․

Լռի՛ր, լսեմ ես ձայնը քո հոգու,

Որ չձգվեմ իզուր,

Որ հասկանամ հիմա՝ մթի ծնունդ ես, թե լույսի,

Որ չստացվի՛, որ չստացվի՛ սայթաքեցինք․․․

 

Փշրվող

Էլի մետաքսե սարդոստայն կհյուսես,

Քեզ մեկ է՝ ով կլինի իմ տանը,

Էլի թիթեռներին կսպասես,

որ վերջին պարով թևաթափ

պիտի մեռնեն թել-թել, հիմարաբար․․․

Անգիր եմ արել նրանց անզսպելի պարը,

երբ փշրվում են փխրուն մարմինները միանգամից,

Ես կուլ գնացի քո բնությանը,

Չազատեցի թիթեռներին՝ ցիրուցան,

Թեև գիտես՝ որքան էր սիրտս ցավում

Ցնորական պարի շարժումներից։

Այդ խմբակային հոգեվարքում

Թվաց՝ մեկն եմ նրանցից,

Ու ցնցվեց իմ մարմինը բոլորի հետ համընթաց,

Փշրվող իմ թևե՛ր․․․

Դեռ մի թռիչք էլ պարտք մնացիք։

Ո՛չ ցավ կար, ո՛չ ափսոսանք․

Պարն այդ իսպառ կլանում էր ամեն ինչ

Եվ այնքան էր հոգեհմա,

Որ թիթեռներին այդպես էլ չազատեցի։

Քեզ մեկ է՝ ձյուն է թափվում երկնքից,

Կամ թե կործանվեցին քաղաքները շարքով․․․

Դու էլի թիթեռներին կսպասես,

որ ուլունքների պես թելվեն

սարդոստայնիդ մետաքսե։