Անդրանիկ Կարապետյանի ներսի ու դրսի հավասարակշռության գիրը / Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

Անդրանիկ Կարապետյանի «Հետհաշվարկ» բանաստեղծական ժողովածուն ոչ թե մահվան, ոչ թե կորստի ժամանակի հետհաշվարկ է, այլ՝ իրականության «Փլվող Հորիզոն»-ից վեր հառնող Սիրո հաղթական Հորիզոնի, որտեղ բանաստեղծի գիրը տանում է  հոգու անընդգրկելի աշխարհ, ուր մարդը առնչվելով Ոչնչի՝ կորցնում է իր եսը, բայց և չի դադարում երկունքի դողը, և ինքնաճանաչման ուրախությունը դրսից ու ներսից հավասարակշռում է հոգու և ոգու ալեկոծությունները՝ առ Հայրենիք, Սեր ու Հավիտենություն:

Բայց այս ներքին փխրուն խաղաղությունը խաթարում է արտաքին աշխարհի աղմուկը, հայրենիքի ցավը, ապագայի մշուշը, և բանաստեղծը չի լռում, չի կարող անհաղորդ մնալ ինքնաոչնչացման մոլուցքով տարված աշխարհում, որտեղ՝ «Երկիրը դուրս է ժամանակից//Ժամանակից դուրս է երկինքը…», և փորձում է հետհաշվարկով հասնել սկզբի վերջին՝ հանուն կյանքի վերածննդի և շարունակության:

«Տեսնես որքա՞ն կտևի Աստծո համբերությունը…//«Աստված Սեր է»,-ասում էր սևազգեստ քահանան…//…Տեսնես որքա՞ն կտևի Աստծո զայրույթը…//-Աստծո սիրտ է,- ասում էր մայրս…»

Բանաստեղծը գիտի, որ Աստված-Մարդ ծիրերը իրարով են, և Արարիչը մարդու ներսում է, բայց անհանգիստ միտքը նրան մղում է նոր հարցապնդումների.

Ո՞վ է վերծանելու վերջապես//Գաղտնագրերն իմ անվերջ հեռացող երկրի…//Ի՞նչ գիր է գրված//Իմ երկրի ճակատին փոքրացող://Բանաստեղծները լքում են//Տարածությունն այս տխուր,//Որ կարողանան տեսանել//Բայց… որտե՞ղ է թաքնված//Հեռացող ճակատի գիրը երկրիս://Եվ ո՞վ է թաքցրել այն այսպես հմտորեն//Երկրիս ճակատի//Հազարամյա կնճիռների խորքերում…

…/Ի՜նչ խարխուլ է հորիզոնը//Աչքերիս մեջ երևում է մայրամուտը//Ծանր ու մեծ//Ես սեղմում եմ կոպերս ամուր//Որ չփլվի հորիզոնը աչքերիս մեջ://

Որդիական այս սերն առ Հայոց աշխարհ չի վաճառվում, և նա՝ որպես հայ բանաստեղծ, չի կեղծում իրականությունը, ասում է ճիշտը, այն ճիշտը, որից վախենում են Լույսը մթով փոխածները՝ երկրի հակառակ կողմից եկածները ու իրենց նմանները: Որքան էլ ընթերցելիս թվա, թե մռայլ են ապրումները, և չկա հույսի շող, բայց տողատակերում և բանաստեղծական պատկերներում առկա է լավատեսության ու բարու հաղթանակի հավատ: Բանաստեղծի Սերը կյանք է տալիս և բուժում է իր մագնիսական ուժով վերքերը հուշերի, երկրի և կռվից մնացած սպիները նիշեր են դառնում ժամանակի կտավին, որտեղ ծիածանի մնացած երկու գույները իրենց մեջ են խտացրել այն յոթ գույները, որոնց մեջ և՛ ուրախություն կա, և՛ ապրում, և՛ նորի հավատ:

Կրակեցին ծիածանին//Եվ նրանից հազարավոր գույնզգույն թռչուններ թռան, հեռացան://Հիմա ծիածանը սև ու սպիտակ է//Սև ու սպիտակ… (էջ 21)

Թռչունը խաղում է//Արևի ուղիղ ճառագայթների հետ//Ինչ նման է երեխայի//Ակնթարթորեն հասակ առնող//…Թռչունը մխրճվում է երեկոյի մեջ//Մի կտոր լույս պահած կտցին//Մի կտոր լույս՝ հեռավոր առավոտից:ջ 32)

Տեսեք սիմվոլների ընտրությունը. ծիածան, արև, թռչուն, լույս, առավոտ, երեխա ևայլն, բոլորը հոգևոր ոլորտը բնութագրող են և միասին նախանշում են այն հոգեվիճակը, այն ճանապարհը, որը տանելու է հոգևոր փոփոխության: Այսինքն՝ ցավը գիտակցելով, սեփական ստվերը ընդունելով՝ ոչ թե կռիվ է տալիս նրա հետ, այլ՝ համբերությամբ և սիրով այդ խանգարող, բաժանող ուժը վերափոխում է առաջընթացի, օգնող ուժի: Եվ ըստ հոգեբանության կամ Յունգի տեսության՝ երբ մարդն ամեն անգամ հանդիպելով իր բացասական հատկանիշներին, ճանաչելով նրան՝ իր Ես-ին՝ հնարավորություն և կամք է դրսևորում կանգ առնել, ըմբռնել ներաշխարհի անգիտակցական մասից եկող ազդակները, ապա գիտակցական խորը մակարդակում այդ բացասականը կարող է վերափոխել օգնող դրական էներգիայի՝ ի հաշիվ սուբլիմացիայի:

Հայացքդ խոնարհվում է//Ինչպես մոմի բոցավառվող առագաստն է//Աննկատ ծունկի իջնում//Ավազանի ջրերին ավազե://Հայացքդ խոնարհվում է.//Հասցրու աղոթել… (էջ 58)

Գիրքը սկսվում է հայրենիքին նվիրված «Փլվող Հորիզոն» շարքով և ավարտվում է «Շնչարգելություն» շարքով, որն իր ասելիքով  հոգևոր և զգայական շարունակությունն է այն ապրումների, որը, ասես սև վարակ, տիրել է ժողովրդի գիտակից մասին, նրանց ովքեր իրենց որդիների զոհողությամբ չգտան սփոփվելու ոչ մի արդարացում, քանի որ նրանց կորստով կորսվեց և հայրենի սրբազան հող ու երկիր, տուն ու գերեզման:

Եվ այս ապրումները բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը այնքան խորքային է զգում ու ապրում, որ ամեն տողը ասես իր արյունով, իր սրտի ու հոգու ջերմությամբ է գրել ու գրել է, որ մնա ու հարատևի Հայրենիքը:

Էջ 47 /Մենք դնդնում էինք շարունակ//Քո ականջների մեջ//Եվ դու քնեցիր, Խաղաղություն://

Մենք քո կարոտից սթափված//Սկսեցինք բղավել, գոռգոռալ//Բայց դու չարթնացար//Դու անհաղորդ մնացիր//Մնացիր հեռու ու դառնորեն սիրելի՝ հանգչելով մեր օրորոցայիններով զարդարված//Մահճի մեջ…//, էջ 57 //Մեր երգը կարմիր էր/Մեր երազը՝ կապույտ…//Բայց ահա սահեց//Մեր հավատի թիկնոցը երկնքի ուսերից//Եվ բացվեց ժամանակի մերկ մարմինը//Որտեղ տրոփում է//Մեր երգի ռիթմը կարմիր//Եվ կապույտ մղձավանջը հեռացող երազի:

Հայրենիքին նվիրված երկու բանաստեղծական շարքերի կենտրոնում «Պահմտոցի» գողտրիկ շարքն է՝ կյանքի, սիրո, բնության և մարդուն նվիրված: Այստեղ Անդրանիկ Կարապետյան պոետը մեզ է ներկայացնում իր Սիրո աշխարհը, այն լուսավորը, որը նրան բանաստեղծ է հռչակել: Այստեղ բանաստեղծի ներաշխարհն ունի առանձնահատուկ ռիթմ և մեղեդի, և նրա հոգևոր ներկապնակը միայն իրենն է, և դրանով է գեղեցիկ ու արժեքավոր և մնայուն արվեստն ու գիրը, զի որքան անձնական է, նույնքան էլ համամարդկային է, կտրված չէ իրականությունից, լճացած չէ, այլ՝ ինքնամաքրվող կարկաչուն գետ է, որը ավազի հետ նաև արծաթ ու ոսկի է ափ հանում: Սիրո բանաստեղծություններում անձնական արարչությունը, ներսից ծնվելով, շարունակվում է Տիզերքի անսահման, անվերջանալի արարչության ջրերում:

Էջ 63, /Դաշտերի մեջ  սիրո ես պառկել եմ անձայն//Մեկ-մեկ վեր եմ թռչում//Իմ իսկ սրտի դողից//Ու աչքերս եմ հառում մութ երկնքին այնքան//Որ ծղոտ է պոկվում//Ընկնում Հարդագողից://Մի թռչուն է ճանկում ծղոտն իր կտուցով//Ու այնպես է հրճվում//Ասես աստղ է կտցել//Իմ ժպիտի փայլը՝ դաշտի աչքին մի ցող//Ծիածանի երգն է շրջանագծել:

Ահա այդ սրբազան լռությունից հետո նոր մի ծովացած ապրում.

/Ծովը բանալիներ ունի//Գաղտնարաններ սիրո//Ալեկոծությունների ժամանակ//Տեսել եմ տրցակը դրանց//Նաև՝ լսել շխկշխկոցը//Շխկշխկոցը անհամար բանալիների… (էջ 75)

Կամ ներաշխարհային այս գեղեցիկ բանաստեղծությունը.

Իմ այգին, փոքրիկ իմ այգին…//Արևի ծեքծեքուն հուրն է եկել//Եկ տանենք, ամբարենք կրկին//Մեկ լույսով, մեկ հույսով հյուր է եկել://Իմ անուշ, իմ կրակ այգին//Շեկ-շվաք հագուստը հագին://Կանաչ է երկինք ու երկիր//Կանաչից արևն է շփոթվել, տես//Կանաչն առ, աչքերդ ներկիր//Կանաչով աչքերս թող ներկեմ ես://Քեզ հետ տար կանաչից կրկին./Որ նաև շնչի իմ այգին…:

Դիտարկենք այս երեք բանաստեղծություններում բանաստեղծի հոգու եթերային, աստրալ և մենտալային նրբավուն մարմինների դրսևորումները, որոնք խորը գիտակցական մակարդակներում, իբրև ամբողջի անբաժանելի մասեր, ասես ամեն մեկը առանձին, բայց և արտաքին զգայարաններից ստացած ազդակները վերափոխելով՝  մարդուն է վերադարձնում Բնությունից տրված շնորհները, և նա իր ներաշխարհում վերապրում է Տիզերական արարչությունը՝ ստեղծելով բանաստեղծական անկրկնելի պատկերներ:

Ես նստել եմ լճափին միայնակ//Երկնքի բոլոր աչքերը//Լողում են ջրի երեսին//Իմ նետած քարերը//Էպիկենտրոններ են հեռացող ալիքների//Իսկ աչքերը երկնքի//Չեն շտապում դուրս գալ ջրից://Ամեն մի քարի հետ//Մի հիշողություն եմ նետում լճի արծաթի մեջ//Եվ հիշողություններիս էպիկենտրոնները//Ամեն անգամ ջրասույզ են լինում//Քեզ փաթաթված://Եվ սարսռում է լռությունը…

Երբ ենթագիտակցությունը բացում է հոգևոր աշխարհի դռները (ջուրը հոգևորի սիմվոլն է), և այնտեղ, այդ «փոքրիկ» անեզրության մեջ հանկարծ երևում են Տիեզերքի փառահեղ վեհությունը, և նույնն են դառնում Մարդ-Աստված, այստեղ հիշողությունները իմագինատիվ ճանաչողության շնորհիվ բանաստեղծին վերադարձնում են այն վերզգայական ոլորտները, որտեղ հոգևորը վերափոխվում է ոգեղենի:

Հավերժ  կանացի սկզբին տենչացող բանաստեղծը  մնում է այն նույն ուղեծրում, որտեղ հակադիր բևեռների ձգողության ուժը ստիպում է ապրել ու գրել հանուն այդ անհաս բացակա և միշտ ներկա ցանկալիին.

Ահա՛ դու…//Ես հաշվում եմ կոճակները զգեստիդ//Իմ մատներով//Քանդում եմ հեռավորության դարպասները//Մեր միջև մշտապես ցցված//Ես բարձրանում եմ//Աշտարակը քո փափուկ ներկայության//Եվ սրտխփոցիս վայրկենաչափը//Խելագարվում է ասես.//Ահա, անցնում եմ հեռավորությունը ծիածանի//Ու հասնում եմ քեզ…//Աստված իմ//Հասնում եմ… (էջ 189)

Բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը ոչ միայն սիրո, հայրենիքի բանաստեղծ է, այլև ամենասկզբից հենց հայեցողությամբ դատող ու ապրող մարդ-բանաստեղծ է, որը ինչքան էլ բանաստեղծական պատկերներով ներկայանա որպես անուրջներով ապրող, դա չի խանգարում, որ նա մնա մերօրյա ժամանակների կենսագիրն ու վկան:

Ներհայեցողությունը հենց բանաստեղծի կոչումն է, առանց նրա գիրը զգայական զեղում կլիներ, իսկ երկուսը հոգու հետ նույն հարթությունում այլ են, և այստեղ հարցերի հարցն է, որ բանական մարդը բարձրաձայնում է ինքն իր համար. «Ո՞վ եմ ես», և ամեն ինչ նրա համար սկսվում է այս առեղծվածից.- //Վերցրի բաժակը//Որն ամբողջովին լցված էր հայելով//Եվ մոտեցրի շուրթերիս://Չհասցրի լսել ձայնը//Որ գալիս էր հեռուներից//«Չխմես ինքդ քեզ…» (էջ 174)

Եվ շարունակվում  հար վերադարձով Սիրո մոլորակ.

Հիշողությանս ձեռնափայտը//Ծաղկեց սիրո տեղատարափից//Հետո…Կտրվեցին անձրևները//Եվ ճաքճքած կարոտը ջրափոսերի//Բարձրանում է Երկնքի աստիճաններով:

Հիշողությունն այստեղ անցյալն է, անձրևները՝ ներկան, իսկ երկինքը՝ ապագան, և այս ամենը գողտրիկ բանաստեղծական ապրումով ամբողջացնում է հոգևոր ապրումը՝ իբրև սուբլիմացիայի ավարտ:

Ինչքան կարդում եմ, այնքան ավելի ու ավելի են բացվում իմ առաջ բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի տեսանելի և անտեսանալի աշխարհի լուսավորն ու ապրեցնողը: Չէ՞ որ իրերի ճանաչողությունն է բանալին դեպի ճշմարիտ արվեստ ու գրականություն:

Ճանաչելով Անդրանիկ Կարապետյանին՝ պետք է ասեմ, որ նրա գիրը իր կյանքի գիրն է, և այն շիտակ է ու ճշմարիտ  այնպես, ինչպես որ  ապրում ու ստեղծագործում է բանաստեղծը:

…Երբ ես փոքր էի//Արարատը անհաս էր և շուրթերին էր պոետի//Հիմա երբ փոքրերը//Տարիքս շփոթում են Արարատի տարիքի հետ//Լեռը անընդհատ մեծանում է…

Նրա համար ժամանակը լոկ թվերի հերթականություն չէ, այլ՝ իրական կշիռ ունի որպես Անորոշություն, որը քաոսին բնորոշ վիճակ է,  դեպի սպասվող դրական փոփոխություն, և դրա կերտողը այսօրվա  գիտակից ու  հայրենասեր հայն է: Այն հայը, որը Լեռան գենետիկական հիշողության կրողն է, (լեռը թաքնագիտության մեջ խորհրդանշում է հոգևոր բարձունքը, դեպի Աստվածային ոլորտներ ներքին աշխատանքով հասնելու ճանապարհ), և նրան  փոխանցված ինֆորմացիան լոկ նյութական տարածք չէ, այլ՝ առաջին հերթին, ժառանգական, արքետիպային անանցանելի դրվածք: Եվ այս սրբազան ուխտի կրողն է  բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը: