ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ/Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Լույս է տեսել Բաբկեն Սիմոնյանի «Խաչքարված երկիր» բանաստեղծությունների նոր ժողովածուն՝ գրականագետ Սերժ Սրապիոնյանի գրականագիտական խորաթափանց և հրաշալի առաջաբանով:

Բաբկեն Սիմոնյանը Հայաստանի գրողների միությունում եզակի է իր գործունեությամբ: Առանց չափազանցության, նա մեն-մենակ մի ողջ հաստատության գործ է իրականացնում հայ-սերբական գրական-մշակութային կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ՝ լինելով երկու նվիրված ժողովուրդների հարազատ զավակը:

Նոր ժողովածուն յուրօրինակ ինքնահաշվետվություն է շուրջ հիսուն տարի տևած գրական-ստեղծագործական կյանքի:

Սիմոնյանի բանաստեղծությունները, ինչպես կասեր հանճարեղ Եղիշե Չարենցը, գալիս են դարերի խորքից: Նա նորից հայ մարդուն հիշեցնում է այն ավանդականը, ինչն ամենից թանկն է եղել Հայաստանի ու հայ մարդու համար: Այդ ավանդականն էլ հենց հայերին մղել է դեպի առաջադիմություն, սեփական ինքնությունը արժանապատիվ ձևով աշխարհին ներկայացնելու համար:

Բաբկեն Սիմոնյանի ծնողները՝ հատկապես հայրը, մշտապես հիշել են ուրարտական ժամանակներից եկող մայրաքաղաքը՝ Վանը, և դա էլ հիմք է դարձել որդուն մի քանի անգամ այցելել Վան, տեսնել Վանա ծովակը, Սուրբ Խաչ կոթողային եկեղեցին Աղթամար կղզում, Վարագա հոյաշեն վանքը, Մհերի դուռը: Բանաստեղծի սրբազան զգացմունքները՝ կարոտի, կորստի, հիացման, ունենում են բոլոր կրթված ու զգայուն հայերը, երբ այցելում են այդ վայրերը: Նրանց զգացածը մնում է ամեն մեկի հոգու մեջ` որպես թանկ հիշողություն, իսկ Բաբկեն Սիմոնյանն աստվածատուր իր ձիրքով խոսում է ու արձանագրում բոլոր նման զգայուն մարդկանց փոխարեն:

Մհերի դռան առեղծվածի մասին գրել է հայ բանագիտության սկզբնավորողն ու մեծագույն երախտավորը՝ Գարեգին Սրվանձտյանցը, «Սասունցի Դավիթ» վիպերգի առաջին գրառման առաջաբանում: Մհերը այն հույսն է, որ հայերը դարերով փայփայում են, հավատում են, որ Մհերի դուռը բացվելու է, ու աշխարհում հաղթանակելու է արդարությունը, ու ոչ միայն հայերը, այլև մարդկությունն ապրելու է բարեկեցիկ կյանքով: Խորը, շատ խորը իմաստ է դրել հայը Մհերի դռան մեջ՝ չարի ու բարու դարավոր պայքարն  ի վերջո բարու հաղթանակով ավարտվելու հույսով: Հետաքրքիր է, որ Սիմոնյանը «Մհերի դուռ» բանաստեղծությունը գրել է հենց Վանում՝ 2004-ի հուլիսի 5-ին ու ավարտում է հետևյալ երկտողով.

Բա՛վ է մնաս այդպես փակված ու այդպես լուռ,//Բացվի՛ր, բացվի՛ր, ով փրկության Մհերի դուռ (57):

Բանաստեղծի նոր ժողովածուն բաժանված է հետևյալ թեմատիկ ձևով՝ ա) Հայաստան երկիր, բ) Սերբական հող, գ) Աղոթքներ, խոհական ու քնարական պատկերներ, դ) Պատկերներ աշխարհի քառուղիներից, ե) Իմ լուսահոգի ննջեցյալները: Գրքի վերջում առկա է քիչ ծանոթ անունների բառարան, անվանի մարդկանց ասույթները բանաստեղծի մասին և հեղինակի կարևոր կենսագրական փաստերն ու մրցանակները:

Գրքի առաջին հատվածում Հայկ Նահապետն է՝ հայ պետականության սկզբնավորողը, այդտեղ են Մատենադարանը, մեր նշանավոր վանքերը ու տաճարները, Ծիծեռնակաբերդը, Գեղամա ծովը, նաև նոր ժամանակների Հայկը՝ նահատակված Կարեն Դեմիրճյանը.

Ավա՜ղ հարվածով նենգ ու դավադիր ինչ-որ գնդակի//Մարտիրոսվեցի՛ր, դարձար նահատակ,//Անմեռ հո՜ւյսն էիր մեզնից ամենքի//Քո հեռացումով արթուն է ցավը՝//                                Դառն ու անհատակ… (էջ 167):

Չգիտեմ, արդյո՞ք Բաբկեն Սիմոնյանը ծանոթ է XI դարի հանճարեղ երևույթ Գրիգոր Մագիստրոսի՝ որդուն ուղղված քերթվածին, որում վերջինս պատգամում է որդուն միշտ հիշել հզոր Հայկին և չմոռանալ իր քրիստոնյա լինելը: Սիմոնյանն էլ երազում է Հայկ Նահապետի վերադարձը.

Հայոց երբեմնի հպարտ դարերն են մեր առջև հառնում,//Իր հզորներով Հայկ Նահապետն է տուն վերադառնում (էջ 81):

Շատ հուզիչ է «Սերբական հող» բաժինը: Զարմանալ կարելի է, թե որքան քաջատեղյակ է Սիմոնյանը Սերբիայի անցյալին ու ներկային, սերբ ազգի ցավերին ու նվաճումներին, այդ ժողովրդի հերոսական ոգուն: Անձամբ ես շնորհակալ եմ Բաբկեն Սիմոնյանին մեր բուհի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հետ Սերբիայի գրականությանը, մշակույթին հետաքրքիր ձևով ծանոթացնելուն, ապագա մանկավարժին հոգևորով դաստիարակելուն:

Հերոսական Կոսովոն Սերբիայի երբեք չսպիացող վերքն է.

Կոսովոն Սերբիայի դուռն է,

Կոսովոն վանք ու մատուռ է:

Կոսովոն հողն է Լազարի,

Կոսովոն շիրիմն է չարի (էջ 88):

Սերբիային ձոնված բազմաթիվ բանաստեղծությունների մեջ կա մեկը, որը կոչվում է «Վերջին թռիչք» և նվիրված է 1988-ին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակին.

Նրանց լույս հոգին ճախրելու է դեռ

Հայոց երկնքում հավիտենական…

Յոթն էին նրանք, յոթ խիզախ անմեռ՝

Մեզ եղբայրացած հողից սերբական (էջ 126):

Հայ միջնադարում գրողներն ու բանաստեղծներն իրենց ամենանվիրական երազանքներն արտահայտում էին աղոթքներում: Դրանք հաճախ կապվում էին իրենց ազգի ապագայի լավատեսական սպասումներին, կյանքում բարու հաղթանակին:

Ահա թե ինչ է խնդրում Աստծուց Սիմոնյան-բանաստեղծը.

Փրկի՛ր աշխարհը անհավատներից ու կավատներից//Եվ օտար ու կեղծ դավանանքներից ու հավատներից   (էջ 133):

Այս բաժնում գեղեցիկ բանաստեղծություններ են ձոնված անզուգական Սայաթ-Նովային, Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանին, տաղանդաշատ ջութակահար Էդուարդ Թադևոսյանին: Դիմելով ջութակահարին՝ բանաստեղծն աղոթքի ձևով ասում է.

Նվագի՛ր, ջութա՛կ, թող որ խենթանամ,

Թող բանաստեղծիս հոգին արտասվի,

Թող քո լարերին իմ սիրտը բանամ,

Լարերիդ սիրտը թող իմ դեմ բացվի (էջ 146):

Բարեբախտաբար բանաստեղծը շատ է շրջագայել աշխարհում, եղել կարևոր մշակութային վայրերում,  հիացել մարդկային հանճարի ստեղծած հուշարձաններով և այդ ամենը մեզ է պարգևում իր ներգործող ընկալումներով: Տեսնում ենք Վենետիկի Ռիալտոյի կամուրջը, հիանում Մուրանոյի ապակեգործների վարպետությամբ, տեսնում հռչակավոր Փարիզի Աստվածամոր տաճարը, բանաստեղծի հետ քայլում Գերմանիայի նշանավոր քաղաք Ֆրանկֆուրտով, չքնաղ Վիեննայում այցելում կախարդական հնչյունների տիրակալ Մոցարտի գերեզմանին, ծանոթանում քաղաքակրթության տարբեր դարերն իր մեջ ամբարած Բեյրութ քաղաքին, այցելում ամեն հայի համար սրբավայր Անթիլիաս, հայտնվում Թեհրանի շուկայում ու այցելում Հաֆեզի ու Սաադիի դամբարաններին և այլն և այլն:

Ննջեցյալներին ձոնված երգերում կան ամենաթանկ մարդիկ՝ մայրը, հայրը, քույրը և այլ հարազատներ: Բանաստեղծական այդ տեսակը հատկապես խիստ տարածված է հայ միջնադարյան ձեռագրերում, և այն կոչվում է դամբանական խոսք:

Բաբկեն Սիմոնյանի քնարերգությունն ըստ արժանվույն գնահատել են շատ անվանի մարդիկ: Տեղին է նրանցից առանձնացնել երկուսին՝ Սիլվա Կապուտիկյանին, որը երբեք խոսքեր չէր շռայլում, և սերբ բանաստեղծ Ռադովան Կարաջիչին: Սիլվա Կապուտիկյանը, Սիմոնյանին գնահատելով որպես իսկական հայրենասերի, նշում է. «Այդ իմաստով Հայաստանի և Սերբիայի բախտը բերել է, որ Սիմոնյանի պես նվիրյալ ունեն, որն իր սրտագին աշխատանքով նորոգում է սերբ և հայ ժողովուրդների դարավոր հոգեհարազատությունը» (էջ 235):

Իսկ սերբ բանաստեղծ Կարաջիչը Բաբկեն Սիմոնյանին համարում է հրաշալի բանաստեղծ, որը մշակութային մեծ աջակցություն է մատուցում սերբերին՝ նրանց բանաստեղծներին թարգմանելով հայերեն: Նա ավելացնում է. «Այսօր, երբ հեշտ է դեմ լինել սերբերին, քանի որ աշխարհի մեծ մասը դեմ է սերբերին, Սերբիայի կողքին են Բարձրյալը, հույները, ռուսները և հայերը: Այսպիսով, մենք մենակ չենք, մեզ հետ են մեր հզոր դաշնակիցները: Յուրաքանչյուր սերբ տեղյակ է հայոց տառապանքներին և ջերմ զգացմունքներ ունի հայերի նկատմամբ» (էջ 240):

Սերբերի այդ ջերմությունը հայերի նկատմամբ Բաբկեն Սիմոնյանի ջանքերով է, և նա դեռ շատ ծրագրեր ունի հայ-սերբական կապերն առավել հարստացնելու կարևոր գործում: Դրանցից մեկը հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի թարգմանությունն է: Չմոռանանք, նշանավոր ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն «Վերք Հայաստանին» և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը համարում է համաշխարհային գրականության գլուխգործոցներ: