«Ետ մի՛ նայիր, քար կդառնաս…»: Դառնանք, թե չդառնանք, առանց ետ նայելու առաջ նայել չենք կարող, առանց հիշողության ապրել չենք կարող, ծառն արմատներով է ուժեղ, ազգն՝ իր գոյության պատմությամբ: Իսկ մեր առջև աշխարհաքաղաքական նոր քաոսն է` աշխարհի փողատերերի շահադիտական նոր վերաբաժանումների կրքերով, շեն քաղաքների կործանումներով, միլինավոր զոհերով, որոնց լինել-չլինելը մեկ է պատերազմ հրահրողների համար… Ի՞նչ դասեր քաղեցինք մեր անցյալից, և արդյոք հաջորդ սերունդը հազարամյակների մեջ կարողացա՞վ գնահատել ու տիրապետել նախորդ սերնդի ապրելու ուժի ժառանգությանը` անառիկ ու անխոցելի պահելով հայրենիքն ու ազգը, թե՞ սեփական ես-ի խարխուլ պատերի ետևում այդպես էլ մնաց վախկոտ ու թուլամորթ, մշտապես տեր որոնող ու անկենսունակ` իրեն սպառող ու ոչնչացնող տիրոջ ցողունին փաթաթված բաղեղ: Որի հիշողությունը վախն ու արցունքն է, իսկ ներկան` օրվա հացի ստրկությունը… Ո՞րն ես դու, Հայոց Ազգ. Աստծո պարգև՞, ուղղորդիչ լո՞ւյս մարդկության համար, թե՞ չչորացող արյան կենդանի շտեմարան, որ փոխանակ ինքնահզորացման՝ կախ է ընկնում իրեն սպանողի փեշերից, որ նա խոստովանի մարդ արարածի դեմ կատարած ոճիրը… Ո՞ր հանցագործը նման քայլ կանի, մինչև նրա ոսկորներից մեկը արդարադատությունը ջարդ ու փշուր չանի… Ի՜նչ ամոթ է և որքան նվաստացուցիչ ու ցավալի` հերոսական ժողովրդի պատմությունը կասկածի ենթարկելն ու ինքնօտարվելը: Մենք չգիտեինք, որ ժամանակը անօտարելի անտարբերություն ուներ հայոց ազգի նկատմամբ: Երանի համբերությանդ, Գարեգին Նժդեհ, դու ամեն ինչ գիտեիր… Քո հանճարեղ գոյությունը ինձ վերադարձրեց ամենաթանկ ադամանդը` Հայրենիքի գիտակցության գաղափարը, և ես մաս առ մաս սկսեցի կարդալ նրա գիրը` ինքնախարազանումից մինչև բարձրագույն իմաստնություն: Նժդեհի մասին խոսելուց նրա տառապանքների միջով պետք է անցնել, այլապես շինծու ու անարյուն կլինեն խոսքերդ…
Գարեգին Նժդեհը միֆ չէ, նա մեր երեկն էր ու այսօրը, բաց արեք նրա տողերը` երիտասարդության, կուսակցությունների, մայրերի, պատերազմների ու խաղաղության մասին դիտարկում-գրառումները. կարծես այսօրվա ականատեսն է գրի հեղինակը: Երբ ուզում եմ համեմատության մեջ դնել 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական և քաղաքական «ակտիվ» գործիչների հետ, որոնք Արցախը փուռը տվեցին՝ միլիարդի հասնող չօգտագործված զենքերը թշնամուն նվիրաբերելով և թշնամու դրոների տակ ազգի վաղը ծաղկաքաղ անելով, ակամա խոնարհվում եմ Մեծ հայի, ազգային ռահվիրայի նվիրումի առաջ, տեսնես մի տող կարդացե՞լ են Սյունիքը ինչպես փրկելու` նրա անօրինակ քաջության մասին, թե՞ պատերազմի թեժ օրերին մտածում էին՝ ինչպես փրկել իրենց բանկերը, հէկերը, հանքերը…. Կարդացեք այս տողերը, վաղվա գեներալներ, որ վաղն էլ հայրենիք չլքեք: Պատմականորեն մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ ազգային մեծամտությունը անցյալից երբեք դասեր չի քաղել և նույն սխալների պատճառով այրված կամուրջներով փորձել է առաջ քայլել՝ մշտապես մնալով փլատակների, ողբ ու կականի մեջ… Իր բոլոր հոդվածներում, գրքերում, փիլիսոփայական իմաստնություններում նա մասնագետ բժշկի հոգածությամբ ներկայացրել է ազգի առողջացման, նրա պաշտպանվածության, երկիրը անվտանգ ու հզոր պահելու, օտարների վրա հույս չդնելու, զավակներ ծնելու ու սեփական հողը չլքելու ցեղային առաքելություններին տեր լինելու` ազգային հոգեբանության վերադարձին: Ոչ իր հայրենիքի և ոչ էլ օտար երկրների բերդերն ու աքսորները չկարողացան նրան շեղել Ազգային առաջնորդի ճշմարիտ ճանապարհից: Կարճ` ո՞վ էր հայրենապաշտության առասպելը, և ինչո՞ւ են մեկ դար անց էլ վախենում նրա անունն ու փառքը տարածելուց…
Զինվորական, ազգային բարեխոս ու քաղաքական գործիչ Նժդեհը (Գարեգին Տեր Հարությունյան) ծնվել է 1886 թ. հունվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում: Հայրը՝ Եղիշը գյուղի քահանան էր, նա մահանում է՝ չորս երեխաներին թողնելով կնոջ` Տիրուհու հույսին, որի գերեզմանը Դիլիջանում է գտնվում: Կրթությունը ստացել է Նախիջևանի ռուսական դպրոցում, շարունակել Թիֆլիսում, որտեղ մասակից է դառնում հայ ազատագրական շարժմանը և մեկնում է Պետերբուրգ, ուր ընդունվում է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Երկու տարի հետո թողնում է համալսարանը և նվիրվում հայ հեղափոխության գործին: 1906 թ. մեկնում է Բուլղարիա, ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և 1907 թ. վերադառնում է Կովկաս: 1917 թ. ջոկատներ է կազմակերպում և Կողբի հայերին փրկում կոտորածից: 1918-ին Անիի շրջանում օգնում է Նիկողայոս Մառի գիտական աշխատանքների կազմակերպմանն ու հայ գաղթականներին անվնաս Ալեքսանդրոպոլ տեղափոխելու աշխատանքներին: 1918 թ. հեղափոխությունից հետո Նժդեհը նշանակվում է Նախիջևանի գավառապետ, մեկ տարի անց` Կապանի, Արևելքի և Գողթնի ընդհանուր հրամանատար: Ամենանշանակալից էջը Նժդեհի համար 1920 թ. Զանգեզուրյան լեռների դյուցազնամարտն էր` Նախիջևանը, Արցախն ու Սյունիքը ծրագրված էր միացնել Բաքվին… Նժդեհին ետ են կանչում: Մերժում ստանալուց հետո հարձակվում են Սյունիքի վրա և դաժան պարտություն կրում: Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում նրա կազմավորած կամավորների բանակը Դավիթ Բեկի անունով ուխտում են մնալ և պաշտպանել Զանգեզուրը: «Դավիթբեկյան ուխտի» հիման վրա Նժդեհը հետագայում ստեղծեց «Ցեղակրոնության ուխտը»: Բախման ժամանակ նա վիրավորվեց, սակայն մնաց Գորիսում, իր բանակի կողքին: Սյունիքի փրկությունը օրախնդիր էր, ինչպես այսօր, և Նժդեհը անզիջում հաղթանակ տարավ՝ փրկելով Խուստուփն ու Սյունիքը թրքացումից: Չենթարկվելով Հայաստանի բոլշևիկյան կառավարության հրահանգներին՝ նա ստեղծեց «Լեռնահայաստանի հանրապետություն» իր Վարչապետությամբ և, այո, կանանավոր բանակի պաշտպանությամբ: Նժդեհը փրկեց Սյունիքը: Մոսկվան դժկամությամբ գնաց զիջումների, որպեսզի նժդեհյան ընդվզումների ալիք չտարածվի, Դրոյի միջոցով տեղյակ պահվեց Նժդեհին` միանալ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա չնախաձեռնելու համար: Գաղթականներով լի, սովի ու աղքատության մեջ խրված Հայաստանը ի վիճակի չէր նոր պայքարների… և Հայաստանի նորաստեղծ կառավարությանը խոչընդոտ չլինելու նպատակով նա դժկամությամբ համաձայնում է: Այո, Սյունիքի փրկությունը այսօր էլ օրախնդիր է մեր հանրապետության համար, և ես համոզված եմ, որ Սյունյաց լեռներն իրենց ծոցում պահպանում են այժմ արդեն «Նժդեհյան ուխտի» անմռունչ զավակները: Նժդեհը պիտի հեռանար Հայաստանից, ընկերները նրան գաղտնի տեղափոխում են Թավրիզ, ապա՝ Բուլղարիա, Բեռլին, Կահիրե… սկսվում է նրա կյանքի ոդիսականը: Ընտանիքը Բուլղարիայում էր, և նա կրկին վերադառնում է Սոֆիա: 1944 թ. աշնանը կալանավորվում է ռուսական «Սմերչ» հետախուզության կողմից և ուղարկվում Մոսկվա: 1945-52 թթ. աքսորում են Վլադիմիր, ուր և կնքում է իր մահկանացուն բանտում: Այնտեղ էլ հուղարկավորում են: Արդարացվում է 1992 թ. … Ինչպիսի ողորմածությո՜ւն… 1983 թ. Վարագ Առաքելյանը գաղտնի խմբով (քաջության արժանի) մեկնում է Վլադիմիր և Հայաստան տեղափոխում նրա աճյունը: Աճյունից մի նշխար ամփոփում են Խուստուփ լեռան Կազնի կոչվող աղբյուրի մոտ, իսկ աճյունը, չորս տարի Անվտանգության մարմինների աչքից գաղտնի, ամփոփում են Գլաձորի Վանքի բակում… Նրա բյուրավոր նյութերը տարածված են աշխարհով մեկ, Գարեգին Նժդեհին ընթերցում են` նրանից ազգային դասեր քաղելով՝ ազգայնական խմբավորումներ կազմավորելու համար:
Ինչո՞ւ որոշեցի այս իրարամերժ օրերում գրել Նժդեհի մասին: Նախ, որ այս տարի նրա 180-ամյակն է, որը լռությամբ անցավ, և երկրորդ` ըստ լրատվությունների վերջերս հաճախ տարարածվող լուրերի՝ «300000 ադրբեջանցի պատրաստվում է վերադառնալ Սյունիքում բնակվելու, Սյունիքը «ընդհանուր տուն դարձնելու մտայնությամբ»: Գարեգին Նժդեհին հարցրե՞լ եք… պարոնա՛յք: Խոստովանության փոխարեն թշնամին մեզ ստիպում է կորցնե՞լ մեր հիշողությունը: Տարբերությունը ժամանակի մեջ է, ոչ թե իրադարձությունների, նրանք հար և նման են միմյանց: Սակայն դասեր չքաղող ազգը գերադասում է մոռանալ, քան թե իր ազգային համախմբվածության պայքարով տեր լինել ազգային ինքնապաշտպանությանը: Այստեղ պետք է որոնել անհատականության քաղաքական պայծառատեսության պրոֆեսիոնալիզմի գաղտնիքը, որի ներսում բաց էին ցեղի առաջնորդի, ազգի սպարապետի, ազգային մտածողի` կատարվածի ու կատարվելիքի տեսանելի աչքերը, քանզի նրա արյան յուրաքանչյուր բջջի մեջ գործում էր իր Հայրենիքը, ոչ թե իր ես-ը: Նա Հայաստանի կենդանի ճիչն է` իրենից հետո եկող Հայաստանի ազգային գաղափարախոսության ոսկեգրիչ ճարտարապետը… Ահա թե ինչ է գրում նա. «Բոլոր ժողովուրդները` լուսավորյալ, թե վայրենի, ձգտում են Արևի տակ հարմար և կայուն մի տեղ գրավել: Նրանք զենքի են դիմում երբեմն ռազմասիրությունից, երբեմն… մրցակցությունից, երբեմն կույր ատելությունից մղված: Պատերազմում են, երբ պետք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տեր դառնալ, երբ պետք է ինքնապաշտպանվել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախությունը: Խաղաղություն ես ուզո՞ւմ, պատրաստվիր կռվի, այս է օրվա հրամայակաՆը»: Այս տողերի հեղինակը կարծես մեկ դար առաջ հոգու աչքերով տեսել է Արցախի կրկնվող նոր ցեղասպանությունը…: Անցնելով հայոց ողբերգության արյունոտ ճանապարհներով՝ զինվորականն ու մտածողը գտավ իր ժողովրդի բոլոր պարտությունների փակուղիները վերացնելու բանալին՝ բազում հոդվածներով հանդես գալով տարբեր երկրների հայկական մամուլներում… «Օգտակար անդամը ազգերի դաշնակցության մեջ նա է, ով ամենաուժեղ կերպով է թափանցված ազգայնականության գաղափարներով»,- ասել է ԱՄՆ նախագահ Ռուզվելտը: Եվ նա հզորացրեց տարբեր ազգերով բնակեցված Ամերիկան, իսկ ի՞նչ արեցինք մենք, ո՞ւր մնացին Արտաշես Արքայի Մեծ և հզոր Հայաստանի սահմանաքարերը. ես կասեի՝ ազգայնականության պակասը մեզ դարձրեց 29 հազար 743 քառ. կմ-ի բնակիչ… Անվերջ տեր որոնելով՝ մենք մեր ազգային հարստությունը զիջեցինք այսպես կոչված «դաշնակիցներին», որոնք մեզ «տեր էին տեսնում միայն» Հայաստանն առանց հայերի թողնելու մտայնությամբ: Աշխարհում չլսված բան է, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում 126 կուսակցություն ու վարչապետի 19 թեկնածու լինի… Ո՞ւր էին այդ թեկնածուները Արցախը Կարսի նման թուրքին հանձնելու օրերին: Եվ Նժդեհը գրում է. «Քաղաքական ստախոսություն, հայհոյանք, կեղծիք, բանսարկություն, դավեր, ահա սրա «կուսակցակաշեն գործունեությունը»: Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը, նա հասարակության թշնամին է, բարեկամը` իր ժողովրդի թշնամիների… Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ պատրաստ է որս լինել իր գիշատիչ հարևանների համար…»: (Ի դեպ, հենց նման պատճառներով էր նա հեռացել դաշնակցությունից): Հայոց ազգի պաշտպանվածությունը մեծ հայրենասերի համար առաջնային խնդիր է եղել իր ողջ գործունեության ընթացքում: «Եղիր այնքան ուժեղ, խրատում է պատմությունը, որ թշնամիդ չհանդգնի հարձակվել: Զգացնել տուր թշնամուդ, որ դու ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից, ահա սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստության…»: Խոնարհումս, սիրելի բարեկամ, մահից հետո էլ դու մնացիր որպես սպարապետ, և ես քո արձագանքները տարածում եմ հաճախ «Գրական թերթ»-ում, որովհետև գրելու գործն իրենցն է և ազգը ճշմարիտ ուղու տանելու բեռը` նույնպես: Ազգի պաշտպանվածության՝ քո հերոսականության ջահը, համոզված եմ, միշտ առօրյա են դարձնելու ազգին ուղղված հրամայականդ: Ասելիքն անսպառ է, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու. Եռաբլուրում միայն հերոսականությունը մնաց: Մնացածը մեր` ապրողներիս վրա է: Հզոր լինենք ազգովի… Ավարտում և միանում եմ Սպարապետի կոչին:
«Ապրե՞լ ենք ուզում, լինենք ուժեղ ազգովին: Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը առ ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը…»:
ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՍ….
