ՈՍԿԵՓԱՅԼ ԱՏԱՄՆԱՇԱՐ/Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Հորը տեսնելը տեսել էր, բայց աղոտ էր հիշում: Վերապրող խարբերդցիներն էին պատմում, որ հայրը, քսանը չբոլորած, Միացյալ Նահանգներ է մեկնել, ուսանել է Եյլի, Հարվարդի համալսարաններում, ավարտելուց հետո վերադարձել է Խարբերդ, «Եփրատ» քոլեջում տարրաբանություն, իմաստասիրություն, ընկերաբանություն է դասավանդել: Շատ շուտով համաքաղաքացիները նրա բուն՝ Պարգև Պարթևյան անուն-ազգանունը մոռացել, «Խարբերդի Սոկրատ» էին կոչել: 1915-ի հունիսին հորը քոլեջի բոլոր ուսուցչապետերի հետ տարել էին Արեգունի՝ Ծովքի հյուսիսային ափամերձ քարքարուտը: Հենց այդ պահին էլ թիկնապահներով լիճ էր հասել կուսակալը՝ Ալի Սաբիթ բեյը:

– Համբերե՛ք,- հրամայել, գրեթե նետվել էր հազիվ կառանված կառքից…

Նա կարճահասակ էր, շեղաչք, ո՛վ գիտե, նախնիները մահմեդական ո՞ր վաչկատու հորդայով էին Խարբերդ՝ պատմական Հայաստանի Ծոփք լեռնաշխարհը հասել: Իթթահատականները իշխանությանն անցնելուց հետո այդ գրել-կարդալ չիմացող անուսին, որն առաջին անգամ ինքնաշարժ տեսնելիս հրեշ էր կարծել, լեղապատառ փախել, կուսակալ էին կարգել, որովհետև համոզվել էին՝ հայերին ատում է, ատելն ի՜նչ է, մարդ արարած չի համարում: Նահանգապետ կարգվելուց հետո շատ էր պատահում, որ կուսակալանիստ Մեզիրե քաղաքում հայի նկատելով՝ կառքից իջնում էր, հեծնում, հրամայում էր տուն հասցնել: Իզուր էր Հարվարդի համալսարաններում իմաստասիրություն, ընկերաբանություն ուսանած ուսուցչապետը նրան հասկացնել փորձում, որ օսմանյան կառավարությունը Սահմանադրություն է հռչակել, կայսրության բոլոր հպատակներին իրավահավասարություն շնորհել, սիրո, եղբայրության կոչել: Ալի Սաբիթ բեյը ցանցառ, թել-թել հաշվվող մորուքը ցուցամատով ոլորում, հոխորտում էր.

– Չի կարող պատահել, Ալլահը հայերին ստեղծել է, որ ծառայեն մուսուլմաններին՝ տղամարդիկ՝ ցերեկը, կանայք՝ գիշերը: Հենց չուզեք ծառայել, մենք ձեզ մեր օրհնած վաթանից կսրբենք, կվերացնենք: Ու հավատա՝ այդ օրը գալու, շատ շուտ է գալու:

Իրոք, այդ օրը եկել, շատ շուտ էր եկել:

– Ո՛տքս բերեք,- կառքից իջնելով՝ նա մատնացույց էր արել պարանով ձեռքերը թիկունքին կապկպած «Խարբերդի Սոկրատին»,- դրա գլուխը ես պիտի ջարդեմ, որ տեսնեմ՝ որտեղ էր այդքան խելք տեղավորում:

Ու իսկապես, Արիսի հոր գլուխը ծնկների մեջ էր առել, քարերով փշուր-փշուր արել…

Արիսը մորն էլ էր աղոտ հիշում: Նորածին քույր ուներ, մայրը տաք ավազով խանձարուրը գոլացնում, դիեցնում էր, միաժամանակ ոսկեցոլ ատամները փայլատելով՝ երգում.

Քուն եղիր, բալաս,

աչերդ խուփ արա…

Այդ ժամանակ Արիսը դեռ չգիտեր, որ մայրն իրեն ծննդաբերելու ժամանակ առաջին հղիության տարօրինակ ախտով էր հիվանդացել, ատամներն սկսել են կակղել, թափվել: Հայրը՝ «Խարբերդի Սոկրատը», նորահարս կնոջը տարել էր Պոլիս, որտեղ հիվանդությունը կանխել էին, թուլացած ատամները ոսկեշար պատյանով ամրացրել: Մի անգամ, երբ հայրը վերջապես գրքերից ու հատկապես թերթերից հոգնել, որդուն գիրկն էր առել, Արիսը հարցրել էր.

– Հայրիկ, ինչո՞ւ մեր թաղում միայն իմ մաման ոսկե ատամներ ունի:

Հայրը խանդաղատանքով խառնշտել էր մազերը.

– Բարի ու գեղեցիկ մայրիկները ոսկի ատամով են ծնվում, տղա՛ս:

Արիսը հավատացել էր՝ մայրն իրո՛ք բարի ու գեղեցիկ էր:

Հոր աքսորից հետո (դեռ չգիտեին, որ Ծովքում նրան անձամբ կուսակալն է տանջասպանել) շրջաբակի հարևանուհին՝ Մեյրամ հանըմը, որի անունն Արիսը արտաբերել չէր կարողանում, Հարսիկ էր ասում, հենց լսում էր մոր օրորոցայինը, գալիս, Արիսին գրկում, տուն էր տանում: Որ իբր չաղմկի, քույրիկի քնելուն չխանգարի:

Տեղահանության նախորդ գիշերը մայրը քնեցրեց քրոջը, Արիսին գիրկն առավ, շշնջաց.

– Լսի՛ր, անուշս, ինչ որ ասեմ, ուշադիր լսիր ու միտքդ պահիր: Վաղը Խարբերդի ամբողջ հայությանը աքսորի պիտի հանեն, հայտնի չէ՝ ուր պիտի տանեն, ինչ պիտի անեն: Մենք հարսիկիդ հետ ամեն բան կարգադրել ենք: Հիմա նա կգա, քեզ տուն կտանի, վաղն էլ մեր քարավանը ճամփա ընկնելուն պես, թուրքական որբանոց կհանձնի: Ինքը գիտի ինչ կասի: Երկուսով շատ մտածեցինք՝ քեզ փրկելու ավելի ապահով միջոց չգտանք: Միայն թե վաղվանից քո անունը Արիս չէ, Աբդուլլա է, հիշի՛ր, դու թուրք ես, բայց հայ լինելդ, հայկական անունդ մի մոռացիր…

Հետո թաղի ճրագները մեկիկ-մեկիկ մարեցին, հարսիկը սև վարշամակով եկավ, Արիսին վարշամակի մեջ առավ, տարավ: Մայրը դեմքով շրջվել էր դեպի պատը, չէր նայում: Բայց հենց շրջաբակից անցան, լսվեց նրա կողկողանքը, որ մինչև լույս չլռեց: Գիշերը Արիսը հարսիկի ծոցում քնեց ու չհասկացավ՝ մայրն իրականո՞ւմ էր լալիս, թե՞ իր երազում…

 

*

Խարբերդում թուրքական որբանոց վերջերս էին հաստատել, հայերից խլված մի մեծ շենք հատկացրել: Կովկասյան ճակատում ռուսական բանակն ու Անդրանիկի կամավորականները, հայկական գյուղերը, քաղաքներն ազատագրելով, առաջանում էին, իսկ թուրքերը, վրեժխնդրության ահից երկյուղած, երեխաներին շալակում, լեղապատառ երկրի խորքերն էին նահանջում: Որբանոցը փախստական լամուկների համար էին նախատեսել, բայց երբ նրանց հոսքը նվազեց, սկսեցին տեղացիների էլ ընդունել, անգամ ազգությամբ շատ չհետաքրքրվել: Ավելի լավ, եթե որբը հայ լիներ, մանկատանը կթուրքանար…

Մեյրամ հանմը Արիսի համար մտավախություն չուներ, ծնված օրից ոչ միայն հետը թուրքերեն էր խոսել, այլև ոտանավորներ, երգեր, անգամ Ղուրանից սուրահներ էր սովորեցրել: Սովորեցրել էր այն ամենը, ինչն ինքն էր իմացել:

Որբանոցի բակում մենակ մնալով՝ Արիսը մի պահ թնկթնկաց, հետո շուրջը վազվզող երեխաներին նայեց, ուրախացավ, ընդառաջ նետվեց: Հրայրին նկատեց: Երկար ու լղար հասակի համար «Եփրատ» քոլեջում նրան Լոլոզ էին կոչում: Տարիքից անհամեմատ մեծ էր երևում: Հոր սիրելի սանն էր, երբ ակնոցը կամ որևէ գիրք էր տանը մոռացած լինում, նրան էր ուղարկում: «Խարբերդի Սոկրատի» հանձնարարությունը կատարելը Հրայրը բացառիկ շնորհ էր համարում, ամաչում, շիկնում էր, երբ ուսուցչապետի կինը նեղություն պատճառելու համար գրպանները շաքարհատ, չամչարակ էր լցնում:

Հրայրն էլ իսկույն Արիսին նկատեց, ձեռքից բռնեց, պետքարան խցկեց, խիստ հրահանգեց.

– Չլսեմ-չիմանամ, որ ինձ հայկական անունով կանչես, Հասան կասես, իմացա՞ր: Քո անունն ի՞նչ է:

– Աբդուլլա:

– Թող լինի Աբդուլլա: Ուրիշ ճար չունենք, Աբդուլլա, մինչև Անդրանիկ փաշան գա, մեզ ազատի, պիտի համբերենք:

Որբանոցի հայրիկը՝ Մուստաֆա էֆենդին, մայրիկը՝ Գյուլինյա հանըմը գիտեի՞ն Հասանի հայ լինելը: Եթե չգիտեին էլ, գոնե կասկածում էին, բայց կառավարությանը չէին հանձնում, ընդհակառակը, ամեն կերպ սիրաշահում էին: Պատերազմում հյուծված, սնանկացած երկիրը միլիոնավոր ծնողազուրկների սովամահությունից փրկել չէր կարողանում, Խարբերդի թուրքական որբանոցի սնունդը, եթե կարելի էր այդպես ասել, Հրայրն էր ապահովում: Ճիշտ է, պատերազմի պատրվակով հարկահանները, դեռևս նախքան բռնահանությունը, տարել էին հայերի մսատու, կաթնատու անասուններին ու ամբարների պարենը, բայց խարբերդցիները, ինչպես և հաճախ պարծենում էին, այդքան միամիտ չէին, ժամանակին հասցրել էին թաքուն պաշար հորել: Այդ՝ այդպես էլ չբացված թաքստարանների տեղերը Լոլոզը գիտեր, հենց սովի սպառնալիքը մթամպում էր որբանոցի վրա, Մուստաֆա էֆենդուն, մի քանի աչքաբաց սաների, որոնց ինքն էր ընտրել ու «քաջազեններ» անվանել, տանում էր Վերի, Վարի թաղերը, պարկերով ալյուրը, տիկերով յուղը, կճուճներով մեղրն ու տհալը շալակում, որբանոց էին տեղափոխում։ Ու մինչ Լոլոզն ու նրա «քաջազենները» թալանում էին անապատներում բռնասպանվող հայերի տները, Մուստաֆա էֆենդին լինգով, քլունգով տեղահան էր անում նստասենյակների տախտակամածները, քանդում էր որմնաթախտերի պատերը, պահված ոսկիներ, ակնեղեն էր փնտրում և եթե գտնում էր, լցնում էր մախաղը, տանում, կուսակալին էր հանձնում:

Մուստաֆա էֆենդին իր գտած գոհարեղենի ո՞ր մասն էր հանձնում, ո՞ր մասն էր կնոջ ապահովությանը հանձնում, Սաբիթ բեյը չէր իմանում, այդ պատճառով էլ միշտ դժգոհ էր ձևանում, կուսակալանիստում հետառաջ էր քայլում, գոռգոռում.

– Ես էսքան տարի Խարբերդի վալին եմ, հայերի ունեցածը լավ գիտեմ: Էնպես չանես, որ գամ, կնոջդ փոխանը հանեմ, պահածներդ գտնեմ:

– Վալլահ-բիլլահ, էսքան էր բե՛յ, դու հո տեղյակ ես՝ հայերը գաղթի մասին նախօրոք իմացել, ունեցվածքները վրաները կարել, հետներն են տարել:

– Խարբերդի հայերը Գյունեյում (թուրքերը Արեգունիին Գյունեյ էին ասում), կոտորված-թափված են, թե ասածիդ հավատում ես, գնա, հավաքիր, բեր, չբերեցիր, կնոջիցդ բացի քո փոխանն էլ եմ հանելու, քո պատճառով նահանգի տուրքը պակաս չեմ հանձնելու, պաշտոնազուրկ լինելու: Պատերազմ է, հայվա՛ն, հասկացիր: Մեր ազիզ ասկյարները քո համար են ռուսական ճակատում զոհվում:

Մուստաֆա էֆենդին ճար չուներ, լռում էր: Մինչդեռ վստահ էր՝ եթե Խարբերդի հայերն անգամ հետները հարստություն տարել են, մինչև Ծովք հասնելը զինվոր-ոստիկաններն են խլել, մնացածը, խորը թաքցրածն էլ շրջակա քրդական Խոզաթ, Խուզիջան, Օվաճըկ գյուղերի հուղկահարները… Ամեն դեպքում, կուսակալի հրամանը չկատարել չէր կարող: Եթե կատաղեր, իրոք, որբերի ներկայությամբ խելքին ինչ փչեր, կաներ:

Այդ երեկո նա սրճարան թուղթ խաղալու չգնաց, Լոլոզին, Լոլոզի «քաջազեններին» հավաքեց, պարսատիկի նման երկճյուղ խչմարներ պատրաստել տվեց: Ինչի՞ համար, չասաց: Առավոտյան էլ հոջային չարտոնեց, որ նամազից հետո Ղուրանից սուրահներ կարդա, որբերին երկար-բարակ պարզաբանի, որ իրենք թուրք մեծատունների զավակներ են եղել, անհավատ հայերն են ծնողներին մորթել, ունեցվածքը թալանել, և եթե նրանք ջերմեռանդ մուսուլման են, պիտի շուտ մեծանան, մեկի տեղը տասը, քսան գյավուր կառափնատեն, ծնողների վրեժը լուծեն: Թրքացած, այդ պատճառով Խարբերդում մնացած միակ հայը՝ կառապան Իբրահիմը, որբանոցի առաջ բեռնասայլը կանգնեցրել, հլու-հնազանդ սպասում էր: Մուստաֆա էֆենդին Լոլոզին, երեկոյան պարսատիկի նման երկճյուղ խչմարներ պատրաստած «քաջազեններին» հրամայեց նստել: Դարձյալ չասաց՝ ինչու: Բայց որբանոցով մեկ տարածվեց, որ «քաջազենները» Ծովք են գնում: Արիսը վազեց, Հրայրին գտավ, խնդրեց.

– Ինձ էլ տար, էլի:

– Ինչի՞,- զարմացավ Հրայրը:

– Շատ եմ ուզում:

– Բայց ախր ինչի՞:

– Ես Ծովքի ափին եմ կնքվել:

– Պահ, ուրեմն, դու քո կնունքը հիշո՞ւմ ես:

– Հիշո՛ւմ եմ: Հայրս որոշել էր ինձ էն տարիքում մկրտել, որ մկրտության խորհուրդը հասկանամ:

Տղեկի թարթիչները թրթռում էին, եթե մերժեր, լաց պիտի լիներ:

– Լա՛վ, պարոն Պարթևյանի հիշատակի համար կտանեմ: Թռիր, նստիր, բայց այնպես արա, որ Մուստաֆա էֆենդիի աչքով չընկնես:

Մուստաֆա էֆենդին բեռնասայլ բարձրացավ ու առաջինը հենց Աբդուլլային նկատեց, Հասանի վրա բարկացավ.

– Էս լակոտին ո՞ւր ես տանում:

– Հասակին մի նայեք, բե՛յ,- շողոքորթեց Հրայրը,- ամենաճարպիկ քաջազենն է:

– Տեղ կհասնենք, կտեսնենք…

 

*

Ծովքը չէր փոխվել, իր մկրտության օրը՝ Վարդածաղկի տոնին էլ հենց այս նույն տեղում կառքից իջան, տկալաստերով կղզու սուրբ Նշան վանքը հասան: Քահանան եկեղեցին տոնականորեն զարդարել, իրենց էր սպասում:

Նա Մկրտության արարողությունը շարականների երգասացությամբ սկսեց. միաժամանակ ջուր էր լցնում կնունքի ավազանն ու սուզում կարմիր, ճերմակ թելերով ագուցված նարոտները՝ «որպես Քրիստոսի տիգախոց կողից ելած կենարար արյան ու ջրի խառնուրդ»։ Այնուհետև ներկաներին դառնալով՝ խնդրեց, որ իր հետ կրկնեն «Հրաժարիմքը»:

Մկրտությունից հետո, սակայն, Արիսին մոռացան: Նահանգի երևելիները շրջապատեցին հորը, իսկ մայրը, որքան էլ որ Խարբերդի Սոկրատի կինը լիներ, նորահարս էր, միացավ կանանց, շերեփը վերցրեց, մոտեցավ մատաղի կաթսաներին: Տղեկը մեն-մենակ ձանձրացավ, չոքեչոք լճին մոտեցավ: Ոսկեթեփուկ մի ձկնիկ, հենց ափի մոտ խայտում, Արիսի դեմքին ջուր էր ցայտեցնում: Նա էլ էր մենակ, ձանձրանում, խաղընկեր էր որոնում:

– Արի իրար հետ խաղանք,- ասում էր Արիսը:

– Դո՛ւ արի,- պոչն ուրախ շարժում էր ձկնիկը:

Արիսը ձեռքը մեկնեց, որ ձկանը բռնի, ափ հանի, գլորվեց լիճը: Ձկնիկը զարմանալի արագությամբ Ծովքի խորքերն էր փախչում, Արիսը թևերը պարզում էր, որ բռնի: Շուտով զգաց, որ լիճը լուրթ է, բայց ինքը ոչինչ չի տեսնում, ուզում է շնչել, չի կարողանում:

– Տղաս ո՞ւր է,- տարածվեց մոր ահաբեկ ճիչը:

– Տղա՜ս,- արձագանքեցին շրջակա լեռները:

Մայրը հագուստներով լիճը նետվեց, ջուրը պղտորեց: Նրա տասը մատները տասը սրատես աչքեր ունեին, պղտոր ջրում Արիսին գտան, փաթաթվեցին, ափ հանեցին: Հետո մայրը երկար դողդողում, ջուր էր ործկում, բայց Արիսին գրկից չէր իջեցնում: Նրա ոսկեփայլ ատամները խամրել, վախից կափկափում էին: Գիշերվա մի պահի մայրն իրեն արթնացրեց, ճերմակ վրանից դուրս հանեց:

– Երկնքին նայի՛ր, տղաս,- ասաց,- հիմա լուսաստղը կծագի, օրհնության լույսով ճակատդ կպսակի:

Վարդածաղկի տոնն էր, երկնքում այնքան շատ աստղ կար, որ Արիսը չիմացավ՝ լուսաստղը ծագե՞ց, ճակատը օրհնության լույսով պսակե՞ց: Քունը տարել էր…

 

*

Լճափին Մուստաֆա էֆենդին առաջինը բեռնասայլից ցատկեց, ձեռքի խչմարով «քաջազեններին» ցույց տվեց, թե ինչպես խողխողված հայերի դիակները շուռումուռ պիտի տան, մատներին մատանիներ, պարանոցներին վզնոցներ, բերաններում թաքցված ոսկեդրամ որոնեն: Ամենաշատ գտնողին որբանոցում անակնկալ էր սպասում: Թե ինչ անակնկալ, իր մշտական սովորությամբ, նախօրոք չէր ասում:

Թուրք որբուկներն իսկույն ոգևորվեցին, առափնյայով մեկ ցրիվ եկան: Արիսը ձևացնում էր, թե մեռելներ է քչփորում, բայց հայացքը կղզու սուրբ Նշան վանքի ավերակներից կտրել չէր կարողանում: Մորն էր որոնում:

Հուսեյնի ձայնը, որի հետ նույն փսիաթին էր քնում, սթափեցրեց:

– Մուստաֆա էֆենդի,- զիլ, զնգուն ճիչը ցնծաց լճափով մեկ,- կնոջ գլուխ եմ գտել, ոսկի ատամներ ունի, բայց չեմ կարողանում ջարդել:

Որբերը նետվեցին ձայնի ուղղությամբ, Արիսը ահավոր նախազգացում ունեցավ, մյուսներից առաջ անցավ:

…Հուսեյնը լայն բացել էր խողխողված մոր ծնոտն ու խչմարով աշխատում էր պոկել ոսկի ատամնաշարը: Կողքին վեց ամսական քրոջ մարմինն էր, խանձարուրի ծվեններից ճանաչեց:

– Մամա՜ ջան, քույրի՜կ ջան,- Արիսը ճչաց, ընկավ դիակների վրա, որ թևերով պաշտպանի:

Հուսեյնը կնոջ ծնոտը թողեց, իր հայտնությունից ոգևորված՝ վեր-վեր թռավ.

– Մուստաֆա էֆենդի, Աբդուլլան հայ է, ես վաղուց էի կասկածում, բայց համոզվել էի ուզում, լսեցի՞ք, հենց նոր հայերեն խոսեց:

Թե հետո ի՞նչ եղավ, Արիսը չիմացավ…