Ով է կին գրո՞ղը։ Չգիտեմ։ Ես չեմ կարող հավասարության նշան դնել այս կամ այն կին գրողի միջև և արտածել համընդհանրական մի բանաձև, որը կտարածվի բոլորի վրա։ Ի՞նչ նույնօրինակություն կարող է լինել, ասենք, Սափֆոյի (Ք. ա. 7-րդ դար), Մարգերիտա Պորետի (1250-1310), Ջեյն Օսթինի (1775-1817), Ժորժ Սանդի (1804-1876), Շառլոթ Բրոնտեի (1816-1855), Սիպիլի (1863-1934), Էթել Լիլիան Վոյնիչի (1864-1960), Շուշանիկ Կուրղինյանի (1876-1927), Զապել Եսայանի (1878-1943), Իսկուհի Մինասի (1884-1951), Աննա Ախմատովայի (1889-1966), Ագաթա Քրիստիի (1890-1976), Մարինա Ցվետաևայի (1892-1941), Մարգարետ Միտչելի (1900-1949), Սիլվա Կապուտիկյանի (1919-2006), Սիլիվիա Փլաթի (1932-1963), Դայանա Տեր-Հովհաննիսյանի (1934-2018)… (կանգ առնեմ ու խուսափեմ կարևոր մեկին չհիշատակելու անհարմարությունից) միջև։
Եթե չմոռանանք, ավելին՝ չփորձենք ժխտել աքսիոմատիկ ճշմարտությունը՝ կինն ինքնին առեղծված է, սրան պիտի անքննելիորեն հավելենք՝ գրող կինն առեղծված է առեղծվածի խորքում։ Իսկ առեղծվածի հմայքը հենց այն է, որ թույլ չի տալիս իրեն գաղտնազերծել։ Թվում է՝ կին գրողն իր հոգին, ներաշխարհը բացում-դնում է աշխարհի առաջ, թույլ է տալիս շոշափել իր ես-ի ամենանուրբ, ամենաթաքուն շերտերը (խոսքը հատկապես բանաստեղծ կանաց մասին է)։ Մի՞թե։ Չխաբվե՛ք։ Նա իր բազմածալ ենթաշերտերն ունի ամենաբաց ու ամենաանմիջական տողերում, որոնց խորքն ու անգամ մակերեսը ինքն էլ մինչև վերջ չի բացահայտել։ Բանաստեղծից ոչնչով չի տարբերվում արձակագիր կինը․ Համո Սահյանն ասում էր․ «Արձակում ինչքա՜ն ասես բանաստեղծություն կա»։
Ես փիլիսոփայելում արհեստավարժ չեմ։ Ընդամենը փորձում եմ պատասխանել Կարինե Խոդիկյանի՝ «Ո՞վ է կին գրողը» հարցին։ Հարցը լսելուն պես ռեֆլեքսորեն պատասխանեցի սիրելի մուլտֆիլմի հայտնի խոսքով՝ неизвестный науке зверь, և հիմա էլ այդպես եմ մտածում։
Չգիտեմ էլ՝ իրավունք ունե՞մ խոսելու կին գրողի անունից, կին գրող ե՞մ, թե՞ չեմ։
Մի բան հստակ է՝ ես դասալիք երաժիշտ եմ։ Այս ինքնաբնութագիրը վերջերս եմ հղացել։ Ես շա՜տ անարդարացիորեն օտարվել եմ այն անդաստանից, որի ծիլն ու պտուղը պիտի լինեի՝ ըստ օրինաչափության, եթե հանգամանքների բերումով չշեղվեի ճշմարիտ կենսուղուց։ Իմ ստեղծագործական տարերքը երաժշտության մեջ էր փոթորկվում, բայց հենց ինքս խեղդվեցի-կորա այդ փոթորկի գալարապտույտում։ Շա՜տ պատահաբար դարձա բանասիրականի ուսանող, տարվեցի գրականությամբ, դարձա գրականագետ։ Երկար ժամանակ կին երաժիշտը դիմադրում էր կին գրողին, կասկածանքով զննում-քննում նրա գրական երկնումները, հեգնում, ըմբոստանում, տանում-նստեցնում դաշնամուրի առաջ ու ստիպում նվագել Բեթհովենի, Հայդնի, Գլյուկի, ժամանակակից-մոդայիկ աստղերի, նաև իր ստեղծագործությունները։ Բայց մի օր էլ ստիպված եղավ նահանջել, զիջել դիրքերը, քանի որ գրելը, ի վերջո, դարձել էր մասնագիտություն, իսկ երաժշտությունը՝ հոբբի (կարծեմ՝ էդպես է կոչվում)։
Հատկապես վերջին շրջանում ես փորձում եմ փախչել ինձ համար հարազատ, իմը դարձած գրական տիեզերքից ու ճիգով վերագտնել լքված երաժշտականը։ Գուցե այդ դեպքում էլ կհարցնեն՝ ով է կին երաժի՞շտը։ Հույս ունեմ, որ՝ ոչ. ինձ երբեք, որպես երաժշտի, լուրջ չեն վերաբերվի, ու ես ստիպված չեմ լինի այսպես շաղակրատել երաժշտական թեմաներով։
Հա՜, խոստովանեմ, որ կին գրողը երկփեղկված է, եթե նաև գրականագետ է։ Ես այդ երկփեղկումի ճեղքում եմ։ Իսկ թե ով է կին գրականագետը, սա արդեն շաղակրատելու ուրիշ հարթություն է, և փա՜ռք Աստծո, որ Կարինե Խոդիկյանն այդ հարցն ինձ չի տվել։
