Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Յուրաքանչյուր տարեմուտ նոր խոհեր ու երազանքներ է բերում։ Անցնող տարին էլ իր վերջին օրերին յուրովի ամփոփում է պահանջում։ Եվ հին ու նորի սահմանագծին մարդ իրեն տեսնում է նորովի… Ինչ պիտի անեիր, ինչ կարողացար անել, ինչի համար ես ուրախանում, ինչի համար ափսոսում ու տխրում։ Այսպիսի պահերին միտքդ դառնում է մի յուրահատուկ կշեռք, որ տատանվում է, մինչև որ հնչում են տարեմուտի զանգերը, և զվարթ ղողանջների ներքո մոռանում ես ամեն ինչ, լցվում կենսալի ուրախությամբ, նոր հույսերի և սպասելիքների խնդությամբ, քանզի ժամ է հրավառության, բաժակների զնգոցը խառնելու զանգերի ղողանջին…
Իսկ հետո, մեկ է, սկսում ես խորհել կյանքի մասին, մարդու, երկրի, գրականության։ Քաղաքական տարընթաց շարժումների ֆոնին ուզում ես տեսնել կյանքի առողջացման միտումները, մարդկային ազնիվ զգացմունքների ու բարձր զգացումների վտանգված և զգալիորեն նահանջած գոյությունը։ Ցավով ես լցվում կորուստների համար, տեսնում նաև քո՛ մեղքը… Ինձ ուրախացնում էր, որ ժամանակի բարդության ու բարդույթների մեջ, արտացոլելով նաև այդ ամենը՝ ծնվում, ստեղծվում են նոր գրական արժեքները։ Մեր գրողները տալիս են հիանալի ստեղծագործություններ, բաբախուն պահում գրականության զարկերակները։ Դա չափազանց կարևոր է և՛ ազգային, և՛ մարդկային ինքնության պահպանման ու զարգացման համար։ Բազմաթիվ մեծարժեք գրքեր են լույս տեսնում։ Հայ գրականությունը խոսում է։ Եվ դա աստվածահաճո փաստ է։ Լավ գրականությունը վերքեր է ապաքինում, սեր ու լույս սփռում։
Ես սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր գրողների նոր տարին։ Մաղթում եմ երկրին խաղաղություն, հայոց ազգին՝ միասնություն ու բարգավաճում։ Թող մեր մշակույթը նոր պտուղներ տա՛ խաղաղ երկնքի տակ։ Առողջության և հաջողության տարի լինի 2026-ը։