ԿՐԿԻՆ ՀԻՇԵՑՆԵՆՔ. ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ Է ԳՐՈՂՆԵՐԻ ՆԵՐԴՐԱԾ ԼՈՒՄԱՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ստեղծագործական միությունների շենքերի վերաբերյալ՝ ի մասնավորի Նկարիչների և Գրողների միությունների շենքերի սեփականության իրավունքի վերաբերյալ, ՀՀ դատախազության վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարան լայն մտահոգության միջավայր է ստեղծել ոչ միայն մշակութային գործիչների ասպարեզում։ Մենք բազմիցս արտահայտվել ենք շենքերի պատմության, աշխատանքների, ներդրողների և աջակիցների վերաբերյալ, նաև մշտապես հիշատակել ենք ԽՍՀՄ գրական ֆոնդի և ՀԳՄ գրական ֆոնդի համատեղ աշխատանքների մասին։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ գրական ֆոնդը մշտապես (նաև մասամբ՝ անկախության տարիներին) աջակցել է ՀԳՄ շենքի շինարարության ընդարձակմանը, ինչպես նաև Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տների պահպանմանն ու շինարարությանը, նաև նորոգման աշխատանքներին՝ պահպանելով ՀԳՄ գրական ֆոնդի ենթակայության տակ գտնվող կառուցվածքային օղակների ամբողջությունը։ Բացի դրանից, հարկ է նշել, որ ԽՍՀՄ գրական ֆոնդը երբեք պետական ֆինանսավորում չի ստացել, այն գոյացել է ողջ երկրով մեկ դասական և ժամանակակից գրողների հրատարակած գրքերի, ինչպես նաև ամսագրերի և թերթերի հոնորարներից պահված տոկոսներից և տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներից (որը նույնպես ԽՍՀՄ գրական ֆոնդի իրավասության տակ է գտնվել)։ ՀԳՄ գրական ֆոնդի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների աշխատավարձը նույնպես ֆինանսավորվում էր ԽՍՀՄ գրական ֆոնդի կողմից։
Կրկին հիշեցնենք, որ գործարկման օրից ՀԳՄ-ի շենքը պատկանել է Հայաստանի գրողների միությանը։ Եվ ինչպես նշված է 1993 թ. ՀԳՄ Կանոնադրության մեջ, նրա կառուցվածքում են ՀԳՄ խմբագրությունները, դուստր ձեռնարկությունները (Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներ), գրական ֆոնդը։
Այսպիսով, Հայաստանի կամ հայ դասական և ժամանակակից գրողների հոնորարներից պահված տոկոսներից գոյացած «Գրական հիմնադրամը» յուրաքանչյուր գրողի ներդրումն է ընդհանուր գործում՝ ի շահ հայրենի գրականության զարգացման, և դիպչել ստեղծագործողների օրինական շահերին, մեղմ ասած, բարոյական չէ։ Ներկայացնում ենք գրության նմուշներ ԽՍՀՄ գրական ֆոնդի և ՀԳՄ գրական ֆոնդի արխիվներից։