Տեսնես որքա՞ն կտևի Աստծո համբերությունը:
Անդրանիկ Կարապետյան
«Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի 10 տարիների ստեղծագործական հունձքը՝ «Հետհաշվարկ» բանաստեղծությունների ժողովածուն (248 էջ): Գրքի խմբագիրն է գրականագետ Արմեն Ավանեսյանը: Երախտիքով հիշենք նաև գրքի հովանավորին՝ բանաստեղծ Ավիկ Դերենցին:
«Հետհաշվարկ» բանաստեղծությունների ժողովածուն ընդգրկում է 3 շարք` «Փլվող հորիզոն», «Պահմտոցի», «Շնչարգելություն»: Գրքի առաջին իսկ էջերում հանդիպում ենք փլվող հորիզոն, անդունդ, փշալար, հոգի խորհրդանիշների, որոնց քնարական առնչություններում ծնունդ առնող ամեն տող «մարդկային կյանքի փիլիսոփայական հատույթներն է բանաձևում՝ ապավինելով սիրո, հայրենիքի և հավատի գործոններին»: Հայրենիքի տանիք բարձրացած մանուկները իրենց երազի հետ պահմտոցի էին խաղում, երբ սթափվեցին մի օր՝ ըմբռնելով, որ բարձր տանիքից գլորվում են ոչ միայն ակնթարթները, ժամերն ու տարիները, այլև արժեքները: Ըստ բանաստեղծի՝ մենք շրջապատված ենք նաև աներևույթ փշալարերով, որտեղ «բառերից արյուն է կաթում»:
Մի Բառ ունեինք, մի թանկ Բառ,//Որ տեղավորել էինք քարտեզի վրա՝//փշալարերի արանքում …
Գուցե նաև ազատության երազն է հայտնվել փշալարերի արանքում: Սակայն պայքարող ոգին չի կարող համակերպվել և հարմարվել՝ ապրելով մշտապես Դիպվածի հարվածների տակ: «Խելահեղ ժամանակներ են եկել»՝ հուշում է բանաստեղծը: Մարդը սահմաններում ամփոփվող ազատություն ունի: Իսկ թռչո՞ւնը: Թռչնի ազատությունը սահմաննե՞ր չունի: Այնուամենայնիվ՝ «ամբողջ աշխարհն է իրենը,//Եվ իր թևերն են գծում//Սահմաններն ազատության»: Փլվող հորիզոնի մեջ երևո՞ւմ է հաղթանակի ատամնաշարը: Հակադրություններից ժայթքող կրակով պատվել են լռության բառերը: Քարացած ողբերգությունը կերպավորող ևս մի պատկեր.
Բառերը//Հեղեղատներից դուրս ցցված թևեր են/Տեղատարափից հետո:
Ցավի մագիլները մխրճվում են Ոգու խորքերը և այնտեղից հանում քարեղեն ճիչեր: Այնուամենայնիվ՝ «Հայոց ժայռերը սավառնում են վեր»: Ոգու արծվենի թռիչքով Հայոց գրերն են դաջվել քարաժայռերին:
Երկրիս ճակատին առկայծող մի լուսաբաց/Շարունակում է թաքնվել:
Թաքստոցն իբրև խորհրդանիշ՝ կիրառվում է որպես երգիծանքի տարր, որից հակադարձվում են բոլորվին այլ մտքեր, այլ երանգներ:
Դու էլ քե՛զ տեղավորիր/Թաքստոցի մեջ ժամանակի//Ու մնա՛ աննկատ,//Ու գնա՛ աննկատ//Դեպի վերջն այս խելահեղության…
Սև ու սպիտակ ժամանակներ են եկել՝ հուշում է բանաստեղծը: Դեմքերը կախվել են դիմակներից: Իսկ ծիածանի գույները պահվում են այլ թաքստոցներում: Թաքստոցների մշտական բնակիչ են դարձել հավատը, լույսը, պատմությունը: Սևուսպիտակի են բաժանում նաև հավատի աշխարհը: Հետհաշվարկով է գործում ժամանակի ականը, որի պայթյունից հետո շատ ու շատ երկիր ու ազգեր կմնան լուսանցքում… Նեռի իշխանության ավարտին մե՛կ տարի է մնացել. դիմացի՜ր, Աշխարհ:
Կրակեցին ծիածանին,//Եվ նրանից հազարավոր//Գույնզգույն թռչուններ թռան, հեռացան: Հիմա ծիածանը սև ու սպիտակ է,//Սև ու սպիտակ…
Բանաստեղծ Ա. Կարապետյանի բնավորության անմիջականությունը փոխանցվել է բառին, և բառը երիտասարդացել է հոգու երազների անսպառ ավյունով: «Թռչունը խաղում է//Արևի ուղիղ ճառագայթների հետ,//Ի՜նչ նման է երեխայի՝//Ակնթարթորեն հասակ առնող»: Ա. Կարապետյանն իր բացարձակ ազատությունը գտնում է թերևս սահուն տողերի շնչառության մեջ: Գործողությունների շղթան հոգեվիճակ է փոխանցում առավոտի լույսին, և ենթագրի տարածք են թափանցում աճող դրամատիզմի կարմիր կայծերը:
Աստված քայլում էր ջրի վրայով,//Որ հիշողություն ջուրը ունենա…
Պատկերի խորությունն ու զուլալությունը Ա. Կարապետյանի պոեզիայի առանձնահատկություններից են: Նրա ասելիքը շարունակվում է բառերի մեջ և բառերից դուրս միանում զգացմունքների փոթորիկներին: Իսկ տողերի միջով հոսում է հոգու կրակը, երփներանգվում պատկերավորության պատուհաններին: Միաժամանակ նա զգաստացնում է հայ մարդուն, գուժում մարդկությանը, որ դու կանգնած ես փլվող հորիզոնի դիմաց:
Վերցրո՛ւ://Լռությանս վրայից քարը վերցրո՛ւ,//Թող զգամ տարածության շնչառությունը://Թող ասեմ թղթից պատրաստված ճշմարտության մասին,//Ու ձայնս արձագանքվի//Յոթ գոմշի կաշիներով ծածկված ականջներում:
Ա. Կարապետյանի պոեզիայի առանձնահատկություններից մեկն էլ խորհրդանիշների բազմազանությունն է:
Եթե տագնապ ու ցավ արտահայտող խորհրդանիշներ են փլվող հորիզոն, փշալարեր, սարդ, անդունդ, հեղեղատ, դատարկ, ուռուցք, ժանգ, հեկեկացող, փոս, խավար բառերը, ապա ըմբոստության, ոգու և լինելիության արտահայտություն են հետևյալ խորհրդանիշները. ժայռ, արծիվ, գիր, հիշողություն, բերդ, լույս, ճակատ, երազ, հավատ…
Մոլոր հայացքներով մղկտացող ջրեր://Մայրամուտ որոնող լեռներ՝//Ձեռքերի ժայռեղեն ափերը ճակատներին հենած…
Ահա՛ ներկա Արցախը: Մինչդեռ երեկ և հավիտյան՝ այլ է…
Իմ սիրտը//Քո կանաչ կրծքավանդակում է տրոփում,//Երազներիս մեջ//Քո զմրուխտ աչքերն են թափառում:
Փշալարից այն կողմ՝ մի ուրիշ ձմեռ է:
Նորույթ են հեղինակի կերտած հակադրությունները. սուրացող խցանումներ, ձանձրույթի լավա, հովհարային մեղքեր, հովհարային աղոթքներ, բանաստեղծության խրամատ, անժամանակ ժամանակ, անձրևի մռնչոց, թավշյա թյուրիմացություն, կարեկցանքի մոխիրներ:
Սուրացող խցանումներ…//Իսկ մայթերով//Մարդկանց հիշողություններն են անցնում…
Հիրավի՛, միայն բանաստեղծական տաղանդով օժտված անհատականությունը կարող է ստեղծել այսպիսի բացառիկ միացություններ. «Պատուհանի իրիկունն է անձրևում՝//Սառը ու սև», «աչքերի ուռկաններ», «Այստեղի լեզուն է հավքերեն,//Ջուրը՝ պաղ և օդն է անբասիր», «Ու փետրահան եղած//Աղավնիները զույգ//Ամպի փեշից կաթ-կաթ//Թափվում են ցած», «Օդը քչքչում էր ճանապարհին//Աղբյուրների սառը լեզվով,//Եվ ես//Առավոտի զարկերակի միջով վերադարձա…»:
Անդրանիկ Կարապետյանի պոեզիայում քնարական ծառի պես ճյուղավորվում և ելնում է վեր նովելակերպ մտածողությունը: Բանաստեղծը չի պատմում. թելադրում է Աստծո հուշածը… Պոետիկ գործողությունների շղթայի միջով անցնում է զգացմունքների փոթորիկը՝ որպես Անհայտի բացահայտվող անուն: Իրարահաջորդ «կադրերը» զարգացնում են Ոգու ընթացքը, մղում դեպի բառաշխարհի տեսահորիզոն. պատկերից պատկեր է ծնվում, իսկ ստեղծագործ միտքը անցնում է դեռ չծնված մտքերի միջով և ամբողջացնում Հոգու ճանապարհը: «Հետհաշվարկ»-ը ամբողջանում է արծվակերպ ժայռերի հրեղեն ճիչով.
Մենք հակադարձեցինք Աստծո զայրույթը՝//Նրա ուղղությամբ հրթիռներ ուղարկելով,//Աստված տարուբերեց գլուխը//Եվ փակեց բոլոր զգայարանները…//-Տեսնես որքա՞ն կտևի Աստծո զայրույթը…//-Աստծո սիրտ է,-ասում էր մայրս.//10… 9… 8… 7… 6…
Իսկ քիչ այն կողմում սկսվում է… «Պահմտոցի» շարքը, որն ընդգրկում է 150-ից ավելի բանաստեղծություններ: Որպես քնարերգու՝ Ադրանիկ Կարապետյանը ոչ միայն լավ է տիրապետում կանոնիկ չափերին, այլև կարողանում է դրանք նաև հմտորեն կիրառել: Դեռևս «Անհետացող ճամփաբաժան» գրքում տեղ են գտել երկու մնայուն և ազդեցիկ շարք, որոնք չեն կորցրել իրենց թարմությունն ու անմիջականությունը: Խոսքը «Ձմռան խճանկար» և «Տրիոլետների փունջ» շարքերի մասին է: Հարկ է նշել, որ «Ձմռան խճանկար»-ը, որը հյուսված է 10 ութնյակներով, առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է անվանի գրող Աղասի Այվազյանի խմբագրած «Հայություն» թերթում՝ 1995 թ.: «Տրիոլետների փունջ»-ը, որը կարելի է կոչել նաև «Տրիոլետների պսակ», քանի որ, ինչպես Սոնետների պսակը, հյուսված է որոշակի կարգով. առաջին տրիոլետի վերջին տողը դառնում է հաջորդի համար առաջին տող, այսպես շարունակ՝ հաջորդաբար իրար միանում են 8 տրիոլետ, իսկ առաջին տրիոլետը գալիս և ավարտում, ընդհանրացնում է պսակը՝ որպես նաև 9-րդ տրիոլետ: Այս ամենը հաջողված խաղի կնմանվեր, թե շարքը չունենար անկեղծ հղացումով սկսվող բովանդակային խորություն և կենարար ու ազդեցիկ ուժ:
Քիչ է ասելը, որ «Պահմտոցի» բանաստեղծությունների շարքը իր մեծ շրջագծով և քնարական լավագույն ավանդույթով շարունակում է վերոհիշյալ շարքերի լիրիկական շնչառությունը, բացահայտում անհայտ երազների սնուցող ոգին: Շարքի բնաբանն ասես պոետի կյանքից պոկված թրթռուն մի կտավ է.
Օրվա հետ պահմտոցի եմ խաղում.//Երբ ես սկսվում եմ՝//Վերջանում է օրը,//Երբ օրն է սկսվում՝//Ես եմ վերջանում…
Այս շարքի բանաստեղծություններում, բառերի կարոտահևք ելևէջներում, տողատակերի շնչառության մեջ նոր խորքերի լույսն է լեզու առնում և խոսում մերթ հավքերեն, մերթ՝ տերևաճիչ արթնացումով փարվում կնաբուրմունք պատուհանի բաբախող դողին: Այնուամենայնիվ՝ Ա. Կարապետյանի սիրերգությունը բացվում է մեղվակյանք երազի ծաղկատենչ հիմնով.
Բացիկներն է կարդում//Մեղուն ծաղկի,//Մտմտում է դանդաղ,//Սրտի դողով,//Չի մոլորվի երբեք դարձի ճամփին//Մեղուն խոնջ ու ոսկե ոտնաքողով:
Մեղու-այր փոխաբերությունն է այստեղ գործում:
Այստեղ ամեն ինչ շնչում է, շարունակվում երազի ժպիտով, որովհետև սիրահարի տաք հայացքն է նրանց փարվում, բողբոջներ պայթեցնում շշուկների ծովում:
Երազից պոկվում եմ երբ ամեն առավոտ//Ու խաղաղ կկոցում//Իմ աչքերը կրկին,//Հերարձակ ծովի պես//Ծածկում ինձ փառավոր//Ու կրծքիս դողերից ալիքվում ես, կի՛ն:
Անսպառ սիրերգակն այնպիսի կնամեծար բառեր է գտնում, որոնք արցունք են թափում հորիզոնի վարսերն ի վար:
Հետո բացվող լույսը//Քանդի ճերմակ հյուսքը,//Ու երբ հալվի օրը//Արճիճի պես,//Սիրտդ դողա հանկարծ,//Մտնի սիրտս հանգած,//Մնանք իրար գամված//Քո դողն ու ես:
«Պահմտոցի» շարքն առանձնահատուկ է ոչ միայն թեմատիկ լայն շրջագծով, պատկերային խորքի անորսալի գույներով, բազմաբնույթ և փոխլրացնող կերպավորումներով, այլև աչքի է ընկնում իր հղկվածությամբ, լիրիկական ոգու անսպառ ուժով: Շարքը սկսվում և ավատվում է սիրային բանաստեղծությունների աստղաբույլերով, իսկ նրանց միջև մի ամբողջ կյանք է, փոթորկվող, թախծող, անձրևող, ծիածանվող երկինք է, կենսագրության ճանապարհի զիգզագներով հատվող և միացող ճառագայթների ամբողջություն:
Բազմազան թեմաներից սնվող օրը լուսավորվում է սիրո գերակշռող երգերի աստղաթարթումներով:
Ասում են՝ համեմատությունը միշտ կաղում է: Համեմատությունը արտահայտման լավագույն միջոցներից է, եթե այն նոր է, թարմ և գտնված: Ա. Կարապետյանի պոեզիայում համեմատությունը ասելիքի կիզակետն է, Անհայտի ոգու բացահայտման բանալին: Ահավասիկ մի քանի օրինակ. «Դնում եմ լեզվիս տակ, երբ ծակում է սիրտս,//Անունդ՝ որպես հին, փորձված դեղահաբ», «Ճակատագիրն շտապում է://Այն ակնապիշ նայում է ծոծրակիդ՝//Նշանառուի պես», «Հիշողության ծառից թափվող տերևները//Կնիքների նման մեխվում են թաց գետնին», «Հիշողությունն հենվել իմ ուսերին, որպես//կորած երկիր,//Սեղմում է, մղկտում մրմուռ-մրմուռ»:
Խոսենք նաև հանգերի մասին: Ե՞րբ է այն բռնահանգ, ե՞րբ՝ մտքի ուղղությունը շեղող նշան: Կարող է լինել նաև զարդարանք: Ա. Կարապետյանի բանաստեղծություններում հանգերը բնական են, գտնված… Նրանք էլ պիտի նոր լինեն, չկրկնվա՜ծ… Բերենք մի քանի նմուշ. հանկարծ-հանգած, ծոցին-բոցի, նավորդ-թևավոր, դեղ են-վարդեղեն, սպեղանի-սեղանի, շորերին-օրերի:
Հաջորդ շարքը «Շնչարգելություն»-ն է: Ե՞րբ է կատարվում շնչարգելություն: Երբ անհատը բախվում է իրականության պատերին, բայց չի կարողանում իր խոսքը բարձրաձայն ասել, ի զորու չէ կյանքում որևէ բան փոխել: Ականջդ կանչի՜, Վարդան Հակոբյան, ասում էր՝ «Ի՜նչ բանաստեղծ, թե խոսքն ասելուց հետո չի հայտնվում բանտում»: Ի՞նչ ասեմ, ընկե՛ր: Հիմա եկեղեցիները դառնում են յուրատեսակ բանտեր, իսկ բանտերը՝ աղոթարաններ:
Շարքի բնաբանն ինքնին շա՜տ բան է ասում.
Ժամանակը պտտվում է շուրջս,//Ինչպես ձյունե սավանով փաթաթված//Անորոշություն…
Անդրանիկ Կարապետյանի քնարի քաղաքացիական շունչը պոռթկում է տագնապո՛վ, ցավո՛վ, ծաղրո՛վ, վրեժո՛վ, խոսքը չի ընկնում թմրած հայացքների սկուտեղի վրա, այլ ճեղքում է իրականության պատը և միանում պատմության խորքից բարձրացող ազդակոչին նախնյաց.
Նայում է նեռն ու քրքջում,//Քանդում է, ավերում փութով,//Իսկ Աստծո որդին դեռ լուռ է,//Բայց կգա, կխոսի շուտով://Կսրբի նա մեր աչքերի//Փառը՝ անթափանց, լեղի,//Ու դարձյալ մենք նետ կդառնանք//Հայկի պրկված աղեղին…
Նոր շարքը բերում է նոր խորհրդանիշներ, բառային նոր միացություններ. հեռուստացույց, ճահիճ, փայտփորիկ, ժանտախտ, բորենի… մազոտ թմբուկներ (դեմքեր), կորուստների բերդեր, ցավի կոթողներ, մեծ խոսքը փուչիկ է մեծ, բռնաբարվող ներկա, ուզում ես մաքսազերծել վթարված հավատդ՝ //Սեղմի՛ր մեկ…
Իսկ ընդհանրապես… սեղմի՛ր աչքերդ,//Սեղմի՛ր բոլոր զգայարաններդ//Ամո՛ւր…
Այս համատարած մառախուղի և մղձավանջի մեջ բանաստեղծի հավատն ամրապնդում և զորացնում են Լույսի երկու անսպառ ակունքներ՝ Ավետիք Իսահակյանն ու Արարա՜տը…
Բանաստեղծը երազող հայացքով զրուցում է Մեծ հայի՝ Մարգարեի հետ, որի պատգամները զորե՛ղ են մահից:
Հիմա մեզ այնպե՜ս է պակասում//Քո Ոգին, Սերն ու Վրեժը:
Վա՜յ այն երկրին, որտեղ հարկ վճարողները հերոսներ են, իսկ հերոսները՝ բանտում:
Անդրանիկ Կարապետյանի «Հետհաշվարկ» բանաստեղծությունների գիրքը նոր բացահայտումների, ամրակուռ ոգու պայծառ արտահայտությունների, կյանքի, սեր ու հավատի կրակ արթնացնող մի մատյան է, ժամանակակից հայ պոեզիայի ձեռքբերումներից՝ նվիրական ու հրաշալի:
