Գրիչ, որ տեղաշարժում է չարության կարծրացած պարիսպները / Կարմեն ԱՀԱՐՈՆՅԱՆ

Chechenakan oragirԱշխարհում նոր չեն պատերազմն ու բռնությունը, չարությունն ու ատելությունը, որոնք հազարգլխանի հրեշների պես արդեն քանի հազարամյակ հողին են հավասարեցնում քաղաքակրթություններ, պետություններ, ժողովուրդների… ու չեն ծերանում, չեն հոգնում, չեն ոչնչանում: Ընդհակառակը, մշտանորոգվում, նոր կերպարանք ու միջոցներ են ձեռք բերում դրանց դրսևորման ձևերն ու չափերը: Թվում է՝ գիտության ու տեխնիկայի ամենավերջին նվաճումները հենց նրանց համար են արվել: Սարսափել կարելի է պատերազմի ու բռնության, չարության ու ատելության այսօրվա զենքերից… Սակայն այս ամենին զուգահեռ կա ավելի զարմանալի ու հիանալի մի իրողություն. մշտանորոգ ու ամենակուլ չարի կիկլոպյան աչքի առաջ անվերջ մշտանորոգվում է նաև բարին… ու չարը ոչինչ չի կարող անել դրա դեմ:
Բարության ու խղճի մշտանորոգման արվեստանոցում, որ գրականություն համեստ ու փառահեղ անունն է կրում, գրողները՝ բառի ու խոսքի վարպետ-դարբինները, մանկան լավատեսությամբ շարունակում են հավատալ բարու հաղթանակին, գրչով կռել ու նորոգել չարի դեմ պայքարի իմաստուն ու խաղաղ զենքը՝ հավատը բարու հաղթանակի հանդեպ: Այդ զենքի պայթյունից համաշխարհային գլուխգործոցներ են ծնվում՝ փրկելու մեր խեղճ հողագունդը: Այդ մուրճերի տիեզերական արձագանքը Սարոյանը բանաձևել է պարզ ու հանճարեղ. «Սերը անմահ է և ամեն ինչ հավերժական է դարձնում, իսկ ատելությունը ամեն րոպե մահանում է»: Այս բանաձևի ծիրի մեջ է նաև մեր ժամանակի ամենանուրբ ու խորագետ գրողներից մեկի՝ Ֆելիքս Բախչինյանի «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» վիպակը: Ինչպես գրում է հեղինակը, 21-րդ դարում անգամ Կովկասում «մարդը զգում է նախամարդու ոտնահետքերի դրոշմը: Որ «Կովկաս» հին հունարենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների թագ», «դժվար չէ համոզվել՝ ինքնաթիռի բարձունքից նայելով Կովկասին: Սակայն այդ անվանումը կնքող մեր նախնիները Կովկասն Աստվածների թագ պատվանունով են կնքել ինքնաթիռի գյուտից դեռ հազարավոր տարիներ առաջ՝ իբրև դիտարան ունենալով ինքնաթիռի նախատիպի՝ արծվի թռիչքի բարձրությունը, ընդ որում՝ ոչ թե թևավոր, այլ ոգեղեն թռիչքի»,- գրում է նա: Բայց սին է այդ ոգեղենության փառաբանությունը, եթե 21-րդ դարի մարդը մտահոգ ու սրտացավ չէ Կովկաս-դրախտավայրում ապրող իր նմանի ճակատագրի հանդեպ:
Կովկասն ու Հայաստանը իրար կապված են պատմականորեն ու ճակատագրով, «Կարսի տխրահռչակ պայմանագրով, որը մի հարվածով վճռեց կովկասյան ժողովուրդների ճակատագրերը՝ նրանցից խլելով ու տալով հայրենիքներ: Նույնն են մեր ժողովուրդների ազգային նվագարանները՝ չոնոբի, պարկապզուկ, չոնգուր, դհոլ, սազ, քամանչա: Երանի՜ այդ նվագարանները հնչեին կովկասյան ժողովուրդների ուրախության ու համերաշխության տոներին, բայց դեռ երկար ժամանակ այդպես չի լինի»:
Վիպակի սյուժեն սկսվում է 1992 թվականից, երբ «Ժողովուրդների դարավոր բարեկամությամբ հռչակված բազմազգ Կովկասը տնքում էր ազգային և տարածքային խնդիրներից առաջացած վերքերի ցավից»: Վիպակի հիմքում գրողի կյանքի իրական դեպքերն են, երբ նա մեկնել էր Չեչնիա՝ «տեսնելու, թե պատերազմի ճիրաններում ինչպե՞ս է գոյատևում այդ թվով փոքր, բայց աննկուն կամքով փառաբանված լեռնեցի ժողովուրդը», որի հանդեպ նրա համակրանքը մազաչափ անգամ չէր նվազել, որքան էլ որ ռուսական լրատվամիջոցները նրան բնորոշում էին որպես «ծայրահեղական»: «Կովկասյան համերաշխության ֆենոմեն». այսպես է գրողն ախտորոշում այդ զգացումը:
Վիպակի սյուժեի պարզ գիծը ներծծված է գաղափարական, զգացմունքային խորը դատողություններով, բացահայտումներով ու եզրահանգումներով: Յուրաքանչյուր միտք ու վերլուծություն խոսում է գրողի մարդասիրության, խաղաղ ու բարի կամքի, մեծահոգի ու ազնիվ խառնվածքի մասին: «Ժողովուրդների պատմական ու մշակութային առնչությունների, բարեկամական կապերի ու դրանց արմատների ուսումնասիրությունը ինձ համար վաղուց դարձել է անչափ հետաքրքրական ու հարազատ թեմա»,- վկայում է նա: Ճանաչողական տեսակետից զատ, այն ունի հոգեբանական նշանակություն: «Այս թեման իր մեջ շատ հարուստ նյութ է պարունակում՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, բացահայտելու և վստահելու տեսանկյունից, բայց դա այսբերգի միայն տեսանելի մասն է… Թեմայի մեջ մի քիչ խորանալու դեպքում պարզվում է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ինչ-որ կապերով կապված են իրար հետ»,- գրում է նա: Իսկ հայ ժողովրդի հետ կապերի պարագայում այդ իրողությունը հասնում է ֆենոմենի:
Այս ելակետն ընդունելով որպես հիմք և հայ ժողովրդի հետ փոխհարաբերությունները վերանայելու երաշխիք՝ գրողը կարծում է, որ ավելորդ չէ «հակամարտող կողմերի պարագլուխներին, իշխանություններին, պետությունների ղեկավարներին, հասարակ ժողովրդին տեղեկացնել, հիշեցնել այդ դարավոր կապերի մասին. դա գուցե թուլացնի հարվածող կողմի ձեռքի թափը, կանխի, օդում թողնի այդ հարվածը»,- գրում է նա:
Հայ-չեչենական կապերի ուսումնասիրությունը հետաքրքիր բացահայտումների է հանգեցրել. չեչենների մասին առաջին անգամ հիշատակվում է հա՛յ մատենագիտության մեջ մ. թ. 7-րդ դարում: 1955 թվականին աքսորից չեչեններին հայրենիք վերադարձնելու գործում մեծ է Միկոյանի դերը, հայերը մասնակցել են Չեչնիայի վերակառուցման գործին: Այսպես չեչեն ժողովուրդը հարազատ դարձավ գրողին, և նա գիրք գրեց այդ մասին:
«Վագրի տարի կամ չեչենական օրագիր» վիպակը՝ «Հայ-չեչենական կապեր» գիրքը, Չեչնիա հասցնելու ճանապարհին հեղինակի ապրած ոդիսականի պատմությունն է, հուզիչ ու ինքնատիպ է իր հոգեբանական խորը վերլուծություններով, գրողի ապրումների, վերհուշի, տագնապի, վախի ու հույսի անսպասելի, լուսավոր անցումներով: Մարդը մնում է մարդ կամ մարդը պետք է մնա մարդ՝ ինչ պայմաններում էլ որ նա լինի: Այս բանաձևի հաստատումն է նրա 29-օրյա գերությունը չեչենական անտառում, որը լուրջ դասեր տվեց թե՛ գերիներին, թե՛ նրանց գերության մեջ պահողներին, և «դարձավ իմ կյանքի ամենակարևոր վավերագրությունը»,- գրում է հեղինակը:
Այս հատվածում, փոքր-ինչ շեղվելով վիպակի սյուժեից, անհրաժեշտ կլինի խոսել շատ կարևոր մի գաղափարի մասին, որ կոչվում է պացիֆիզմ. էթնիկական պատկերացում, որ մերժում է պատերազմը, ձգտում ցանկացած հակամարտություն լուծել առանց զենքի, հաստատել խաղաղություն և կայունություն ամբողջ աշխարհում: Պացիֆիզմի ներկայացուցիչները դեմ են ոչ միայն պատերազմին, այլ նաև ցանկացած բռնության: Ոմանք գռեհկացնում են այս գաղափարը՝ այն համարելով բուրժուական կեղծ խաղաղասիրություն:
Պացիֆիզմի գաղափարախոսության առանցքի մեջ կա մի անվիճելի լուսավոր գաղափար՝ համաժամանակյա ու համամարդկային. մարդկային կյանքի պահպանումը, եթե անգամ դիմացդ թշնամի է: Այս մնայուն դասը մեզ տվել է մեր էթնիկ իմաստնության ավետարանը՝ էպոսը: Եվ եթե որոշ տեսաբաններ պացիֆիզմը համարում են «անատամ խաղաղասիրություն», ապա վերընթերցելով էպոսը՝ կհասկանան, որ այստեղ խոսքը պացիֆիզմի բարձրագույն դրսևորման մասին է, որը մարդկության վեհագույն գաղափարներից է:
Խոսելով Ֆ. Բախչինյանի մարդասիրության ու դրա բարձրագույն դրսևորման՝ պացիֆիզմի մասին, պետք է ասել, որ այն ունի միանգամայն նոր որակ ու իմաստ: Հավանաբար չկա նման տերմին, բայց նրա գաղափարախոսությունը կանխող պացիֆիզմն է, այն նախասկզբնական համերաշխությունը, որը տածել են միմյանց հանդեպ ժողովուրդները, երբ չի եղել պատերազմը: Նրա դավանանքը մարդկանց ու ժողովուրդների միջև թշնամանք չառաջացնելն է, ապա նոր միայն առաջացած թշնամանքը մեղմելը: Գրողի գործունեությունը, տարբեր ժողովուրդների միջև կապերի հայտնաբերումը և այդ ժողովուրդներին լավագույն կողմերով ներկայացնելը ասվածի վառ վկայությունն է: Սակայն այդ առաքելությունը մի առանձին շուք ու փայլ է ստանում, երբ նա գրում է չեչենական անտառում իր գերության ժամանակ ապրած զգացումների ու խոհերի մասին: Այստեղ գլոբալ չափերով մարդն է, աշխարհաքաղաքացին: Նրա գաղափարները ծնվում են ազգային օրախնդիրներից ու ցավերից, վերաճում տարածաշրջանային հարցերի շուրջ խորը մտորումների, ապա ընդգրկում ամբողջ աշխարհը: Եվ այս անցումի մեջ նրա վառ անհատականությունն է, նրա մարդկային կերպարը՝ աշխարհը վերափոխելու ազնիվ սրտացավությամբ: «Բարեբախտաբար, մարդու մեջ իսպառ չմեռավ նախասկզբնական ցեղի ոգին, որը չէր ատում իր նմանին: Չեչենական անտառի մթին ու խորին խորքերում ես իմ մեջ ճանաչեցի, շոշափելիորեն զգացի այդ ոգին: Օ՜, ինչ գեղեցիկ էր նա, ինչ սքանչելի: Մարդկանց շրջապատում այդ ոգին վախ չունի, որովհետև վախենում են թշնամուց, իսկ նա մարդուն չի համարում մարդու թշնամի: Նա հիշեցնում է. «Դու սիրում ես մերձավորի՞դ, մեծ բան չէ, դա կարող են բոլորը: Լսիր քո ներսից եկող ձայնին, դու սիրում ես նաև նրան, ում համարում ես քո թշնամին, որովհետև նա ամենևին էլ թշնամի չէ, այլ քո նմանը… թերևս ավելի տխուր, ավելի դժբախտ ու ավելի մոլորյալ, քան դու»:
Հեղինակին և նրա փեսային պատանդ վերցրած չեչեն զինվորների նկարագիրը ինչ-որ բան է հիշեցնում հին ասքերից, որտեղ բոլոր դյուցազուններն ասես իրար նման են: Գրողի խորազգաց դիտակետը միանգամայն նոր լույսի ներքո է բացահայտում «բռնակալին»՝ 16-18 տարեկան չեչեն զինվորին. «Բարձրահասակ, խիստ ազդեցիկ երիտասարդ էր՝ մինչև ատամները զինված: Ֆիզիկապես շատ ուժեղ, հպարտ ու վճռական կեցվածք ուներ: Արտաքինը, սպառազինությունը վախ ու սարսափ էին ներշնչում, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէր: Հետո պարզվեց, որ նա մեծ ու իսկական հայրենասեր է, պրոֆեսիոնալ զինվորական, այնպիսի նվիրյալ, որի մասին կերազի յուրաքանչյուր ուժային կառույց, հատկապես, պատերազմող երկրի բանակ: Նրա այդ սարսափազդու կեցվածքը շինծու էր, իրավիճակից բխող, դժվար չէր հասկանալ, որ նա կատարում էր իր պարտականությունը, իսկ իրականում շատ բարի և մարդասեր երիտասարդ էր: Երկրորդ զինվորը քաղաքացիական հագուստով էր, նախկին ուսանող, որը թողել էր համալսարանական կրթությունը և իրեն նվիրել սրբազան գործին»:
Կարո՞ղ են այսպիսին լինել զինվորները. միանշանակ դժվար է պատասխանել, քանի որ ճանաչելը դժվար է, և ամեն մեկն էլ Բախչինյան չէ, որ տրամադրված լինի զինվորի մեջ տեսնել մարդուն: Դա շատ բարդ արվեստ է, որը չեն սովորում ոչ մի համալսարանում: «Ես, առանց վախենալու, վարանելու կամ ամաչելու, կարող եմ ասել՝ ես չատեցի այդ տղաներին, որ ճիշտ տղայիս տարիքին էին, և իրենց՝ մեկ անգամ տրված կյանքը դրել էին հայրենիքի զոհասեղանին: Հենց ամենասկզբից ես տագնապեցի ու վախեցա ոչ թե իմ, այլ նրանց ճակատագրի համար: Աստված իմ, ի՞նչ էր լինելու նրանց հետ, եթե անգամ վերջանար այդ անիմաստ ու անհեթեթ պատերազմը»:
Այստեղ գրողի ասելիքի միջուկն է. «Եթե մարդը զգում է այդ անանձնական ու անմեկնելի տագնապը, ուրեմն՝ նա անիմաստ չի ապրել իր կյանքը, ուրեմն՝ նա երջանիկ է, և ամեն ինչ կորած չէ»: Ո՞վ կարող է ասել, որ այս բարձրագույն զգացումը ծանոթ է բոլորին, կամ բոլորը կարո՞ղ են խոստովանել, որ հասկանում են, թե ինչ է ապրել գրողը: «Այս անսովոր խոստովանությունը ես որոշել էի թողնել վերջում, բայց հետո հասկացա, որ շատ անհամբեր ու անտարբեր մարդիկ կան, որոնք մինչև վերջ չեն կարդում պատմությունները: Եվ այդ մտավախությունից էր, որ իմ պատմության այս միջուկն ինքնաբերաբար եկավ մեջտեղ… Ես հիմա արդեն ասել եմ ամենակարևորը, և եթե հենց այստեղ ընթերցողը փակի գիրքը ու վայր դնի, նա արդեն հասցրած կլինի հասկանալ ամենակարևորը»:
Գրողի նրբանկատ հայացքից չի վրիպել ոչ մի մանրուք. անտառում իրենց պահող տղաները նման չէին ավազակային բանդայի ներկայացուցիչների, և «մի տեսակ անվստահություն կար այն ամենի մեջ, ինչ նրանք անում կամ խոսում էին»: Նրանք հոգնել էին այս «անիմաստ պատերազմից և աստանդական կյանքից», որի վերջը չէր երևում: «Նրանք շատ բան էին թաքցնում մեզնից՝ մեր ճակատագրի և իրենց մասին,- գրում է հեղինակը,- բայց օդում կախված մեծ անորոշությունը, որը շփոթեցրել էր նաև նրանց, այնուամենայնիվ, չկարողացան թաքցնել: Նրանք հասկացան, որ ես հասկանում եմ դա: Այդ լուռ ու անբառ դաշինքը մտերմացրեց մեզ»:
Ինչի՞ հետ ասես թե չի կատակում սատանան, երբ Աստված քնած է… ասում է ռուսական ասացվածքը: Եվ ինչպե՞ս է պատահում, որ հենց Ֆ. Բախչինյանի կյանքում են այդպիսի նուրբ, բազմաբարդ ու անհավանական իրավիճակներ առաջանում, և նա այդպես հմտորեն գործի է դնում այդ իրավիճակները առաջ տանելու շարժիչը՝ այն դարձնելով գրականություն:
Չեչենական անտառում անցկացրած օրերի նկարագիրը աչքի է ընկնում Ֆ. Բախչինյանի գրչին խիստ բնորոշ հոգեբանական անսպասելի դրվագներով, որոնք հասնում են հոգեվերլուծության բազմաշերտ խորության: Անհանգիստ, անկանոն քնից առաջացող մղձավանջները, երազները քնի մեջ և տեսիլքները արթմնի վիճակում բացահայտում են նրա հոգեկան ծանր վիճակը: Նա կարողանում է այդ ամենը ներկայացնել զգայական այնպիսի խորությամբ, որ դժվարանում ես սահմանազատել, թե որտեղ է վերջանում հոգեբանական գրականությունը և որտեղ է սկսվում հոգեբանություն գիտությունը: «Այն, ինչ ես տեսնում էի փակ աչքերով՝ հանգստի կարճատև պահերին, չի տեղավորվում երազ հասկացության սովորական ձևի մեջ: Դրանք հստակ, վառ արտահայտված ու շատ պատկերավոր տեսիլքներ էին և ոչ թե աղոտ երազներ, որոնք անմիջապես մոռացվում են: Ես ասես արթուն աչքերով ականատես էի լինում մի մեծ մարգարեության կամ հոգեվերլուծության լուրջ սեանսի»:
Հոգեբանական գիտելիքները, բնածին խորազգացությունը, իմացականությունը, ինտուիցիան հեղինակին օգնում են հասկանալ հակառակորդին, զգալ նրա խնամքով թաքցվող հոգեբանական բարդ իրավիճակը, փոխհարաբերությունների հավասարակշռությունը տեղաշարժել այնպես զգուշորեն, որ նժարի ծանրությունն անցնի իր կողմը, և, որ ամենակարևորն է, այդ ամենը կարողանալ նկարագրել բառերով այնպես, որ դառնա գրականություն: Վերջին երազից հետո գրողի վախն անհետացել էր, ճիշտ է, կյանքի պայմանները չէին փոխվել, բայց «ես մի տեսակ ինքնավստահ էի դարձել, ինչը շատ էր օգնում իմ ու նրանց հարաբերությունների մեջ շահեկան դիրք գրավելուն: Եվ դա նրանք զգում էին: Նրանց քթին, հավանաբար, այլևս չէր դիպչում վախից առաջացող ադրենալինի հոտը»,- գրում է նա: Բացի այդ՝ «մեծի նկատմամբ հարգանքն այնքան խորն էր նստած նրանց մեջ, որ նշանակություն չուներ՝ այդ մեծը յուրայի՞ն էր, թե՞ օտար: Իրենց համար էլ աննկատ նրանք սկսեցին շատ հարցերով դիմել ինձ և հարցնել իմ խորհուրդը»:
Վկայակոչելով հարաբերականության հայր Էյնշտեյնին՝ Ֆ. Բախչինյանը հավատացնում է, որ լավի ու վատի, բարու և չարի, բարեկամի ու թշնամու միջև անջնջելի սահմաններ չկան: «Ո՞վ կարող էր ասել, որ մենք և այդ տղաները թշնամիներ էինք: Ոչ ոք: Մեր ընկերակցությունն այնքան էր ջերմացել, որ միասին ապրելը նույնիսկ հետաքրքիր ու հաճելի էր դարձել»,- գրում է հեղինակը: Ներսից եկող ձայնը նրան հուշում էր, որ այդ տղաներն իրենց թշնամի չեն, և ոչ մի վատ բան էլ իրենց հետ չի պատահի: Սակայն այդ կանխազգացությունը զուտ օդից վերցված վերացական զգացողություն չէր, այդ հավատի ատաղձը երազներն էլ չէին. դա գալիս էր լեռնեցի ժողովրդի ազգային հնագույն ավանդույթների ամրության ու կենսունակության հանդեպ ունեցած վստահությունից: Զինվորներին հրամայված էր սպանել պատանդներին, բայց «անզեն ու անպաշտպան մարդուն սպանելը վայել չէր լեռնեցի ջիգիթի» պատվին, և այդ ջիգիթը հրամանը բերող վարորդին հինգ-վեց ժամ այդ պարզ բանն էր բացատրում:
Ժողովուրդների մեջ համերաշխություն, վստահություն սերմանելու ամենակարճ ճանապարհը նրան ճանաչելն ու ճիշտ գնահատելն է: Ֆ. Բախչինյանին պատանդ վերցրած զինվորը, որ համալսարանական կրթություն էր ստացել, այնուամենայնիվ, առգրավելուց հետո կարդացել էր չեչենների մասին գրված գիրքը. «Նրա ազգային հպարտությունն ու ինքնասիրությունը ամենաշատը շոյել էր այն միտքը, որ ես բարձր էի գնահատել չեչեն ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքը և համոզմունք հայտնել, որ կովկասյան ժողովուրդներն իրավունք ունեն կայսրության փլուզումից հետո իրենք որոշել իրենց հետագա ճակատագիրը՝ մնա՞լ Ռուսաստանի կազմի մեջ, թե՞ անկախանալ»,- գրում է նա:
Ով, ով, բայց հայ մտավորականը իր ճակատագրի, իր մաշկի վրա է զգում, թե ինչ է նշանակում լինել փոքրաթիվ ժողովուրդ և դարեր շարունակ գտնվել օտար լծի տակ…
Գերությունից ազատագրվելուց հետո էլ մարդասեր գրողին մի հարց էր հուզում. ի՞նչ եղավ այն տղաների հետ: «Չեչենական հարցը դարձավ օրախնդիր նաև ինձ համար և այլևս հանգիստ չտվեց ինձ: Ես ավելի մանրամասնորեն սկսեցի ուսումնասիրել այդ լեռնեցի ժողովրդի ակունքները, ինչի մասին կգրեմ առանձին գլխով: Իսկ մինչ այդ ահա թե ինչ եմ ուզում ասել: Չեչենական սարքովի պատերազմի ֆոնի վրա ընթացող քաղաքական կեղտոտ խարդավանքների ու նկրտումների, մեծ փողեր լվանալու, զենքի ու թմրանյութերի ապօրինի առևտրի այդ անմարդկային աշխարհում խեղվում են մարդկանց ու ժողովուրդների ճակատագրեր, կործանվում են ազնիվ, նվիրյալ երիտասարդներ, որոնք ոչ միայն Չեչնիայի կամ Ռուսաստանի, այլ նաև ամբողջ մարդկության մարդկային անգնահատելի արժեքն են»:
Այսպիսի խորը, լուրջ ու տագնապալի նոտայի վրա է ավարտվում վիպակը: 29-օրյա չեչենական գերությունը դառնում է գրողի կյանքի մեծ շրջադարձը և ամենակարևոր վավերագրությունը, փոխում նրա պատկերացումները թշնամիների, ահաբեկիչների, ծայրահեղականների մասին: Երբեմն այնքան փխրուն ու հարաբերական են, այնքան խաբուսիկ ու սարքովի բարու և չարի մեջ դրված սահմանները: Ինչպե՞ս հասկանալ իսկական ճշմարտությունը…
Օդում կախված այս հարցին հաջորդում է գրողի երախտագիտության տուրքը այն չեչեն երիտասարդին, ում կյանքի համար անկեղծ տագնապում է գրողը. «Շնորհակալություն քեզ, տղա՛ս, թող Աստված պահպանի քեզ քո բոլոր օրերում: Դու դեռ շատ երիտասարդ ես, դու մեծ ճանապարհ ունես անցնելու: Թող Աստված քեզ արժանացնի շատ զավակների հայր դառնալու քաղցր բեռին, դու ասելիք ունես ու տալու շատ բան ունես քո զավակներին: Թող քեզ ամուր պահպանի այն Աստվածը, որը մեկն է, միակը, անոխակալն ու բարեգութը բոլոր մարդկանց համար, որը կրոն, գաղափարներ, թշնամիներ չի ճանաչում և հավասարապես սիրում է բոլոր մարդկային արարածներին՝ ինչպես դու, տղա՛ս»:
Կարևոր չէ, որ նա ուրիշ կրոն է դավանում, ուրիշ խոսքերով է շշնջում իր ամենօրյա աղոթքը: «Կարևորը՝ քո հոգին մերկ ու ծնկաչոք է մարդ արարածի առաջ, քո կրոնը մարդն է: Չէ՞ որ, վերջին հաշվով, դա են աղաղակում բոլոր կրոնները՝ սեր, հավատ, խաղաղություն, ներդաշնակություն»:
Այս վերջաբանով մեծանում ու ծավալվում են Ֆ. Բախչինյանի վիպակից տարածվող մարդասիրական առողջ կենսահոսանքները և մեզ պահում մի ապահով զգացողության մեջ. ամեն ինչ կորած չէ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։