(Ներկա-ապագա հանդիպադրման օրինակներ գրական երկերում)
Գրականության լայնընդգրկուն տարածությունը տարակերպ հարաբերություններով համադրում է անցյալը, ներկան և ապագան: Այս առումով գրական ստեղծագործությունն անմիջականորեն արձագանքում է ոչ միայն այսօրեական խնդիրներին, այլև հանդիպադրվում է անցյալի փաստերին և ապագայում կատարվելիքին: Դրանց փոխառնչությունների արդյունքում էլ ծնվում են ամենատարբեր զգացողություններ, որոնք բնութագրվում են իբրև տագնապ, հիացմունք, անորոշություն, վախ, ափսոսանք…
Սույն հոդվածում մեր նպատակը տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված մի քանի երկերի քննությունն է ներկա-ապագա հարաբերության տեսադիտակով:
Շառլ Բոդլերի «Կրկնակի սենյակը» փոքրիկ արձակ պոեմում առկա է ժամանակի բավականին հետաքրքիր ըմբռնում: Իրականության և իդեալի ռոմանտիկական հակադրությունը ներկայացնող այս երկում ամեն ինչ կառուցված է ժամանակայնության և արտաժամանակայնության հարաբերությամբ: Իդեալական սենյակը դուրս է ժամանակից, և նրան անհաղորդ է այն ամենը, ինչ արդյունք է ժամանակի. «Ոչ, չկան այլևս րոպեներ, չկան այլևս վայրկյաններ: Ժամանակը չքացել է…»[1]: Բոդլերյան կատարյալ սենյակը մի կողմից իրականությանը հակադրվող ռոմանտիկական իդեալն է, մյուս կողմից՝ դարձյալ իրական աշխարհին հակադրվող սիմվոլիստական այլաշխարհը: Եվ բնական է, որ ստեղծագործությունը կառուցվում է հակադրությունների սկզբունքով: Իրականի մութ-մռայլ գունավորումներին («…տրտում պատուհանները, որոնց կեղտի մեջ անձրևը գծել է բազում խորշոմներ…»[2]) հակադրված են իդեալականի դրական գույները («Դա մի ինչ-որ մթնշաղային, կապտավուն ու վարդագույն բան է…»[3]), իրերի հստակությանը՝ թվացյալությունն ու անմիանշանակությունը, ժամանակային ընթացքին՝ արտաժամանակայնությունը: Հենց վերջինս էլ դառնում է երկու սենյակների զատորոշման հիմնաքար: Ժամանակի զգացողությունը նախ և առաջ ենթադրում է ըմբռնում անցյալի և ապագայի մասին: Երբ առկա է զգացողությունն առ այն, որ տվյալ պահն իր թիկունքում և առջևում ունի անթիվ-անհամար պահերի փոխհաջորդումների շղթա, ամրակայվում է նաև ներկայի զգացողությունը, և ժամանակը գծագրվում է անցյալ-ներկա-ապագա եռագլուխ հակադրամիասնությամբ: Բոդլերը «Կրկնակի սենյակը» փոքրիկ արձակ պոեմի առաջին մասում իդեալական սենյակը (իմա՝ այլաշխարհը, իդեալական աշխարհը) կառուցելիս չքացրել է ժամանակի զգացողությունը: Երկրորդ հատվածում բացվում է իրական սենյակը, այլ խոսքով՝ չքանում է իդեալականի տեսիլքը: Սա նշանավորում է ժամանակի վերադարձ. «…Ժամանակն է գերիշխում այժմ. և այդ զազրելի ծերուկի հետ վերադարձավ նաև նրա ողջ դիվային շքախումբը՝ Հուշը, Ափսոսանքը, Վախը, Տագնապը, Մղձավանջը, Ցասումը և Ջղագարությունը»[4]: Շքախմբի յուրաքանչյուր «անդամ» ներկայի հիմնակետային սլաքը հղում է դեպի անցյալ կամ ապագա: Հուշը, ափսոսանքը տանում են դեպի անցյալ, քանի որ մարդը կարող է ափսոսանք ապրել միայն անցյալում կատարվածի համար: Վախը և տագնապը տանում են դեպի ապագա, քանի որ մարդը տագնապում է միայն ապագայում կատարվելիքից: Մղձավանջը, ցասումը և ջղագարությունը երկսայրի սլաքներ են պարտադրում՝ տանելով և՛ անցյալ, և՛ ապագա: Դրանք ծագում են և՛ անցյալի իրադարձություններից, և՛ ապագայում կատարվելիքի տագնապից: Իրականությունից ժամանակավորապես այլաշխարհ գնալու միջոցը լավդանոնի սրվակն է, որը, սակայն, տալիս է միայն ժամանակավոր մոռացում: Բոդլերյան ընկալումներում իրականությունը ծայրահեղ մռայլ գույներով է բնորոշվում, իսկ նրա բևեռներից մեկը՝ ապագան, միայն տագնապի է մղում:
Հայ գրականության մեջ ներկա-ապագա հանդիպադրումների ամենահետաքրքիր օրինակներից են Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը և Հրաչյա Սարուխանի «Կրկնաղերս» բանաստեղծությունը: Դրանք տասնամյակների հեռավորությունից ներկայացնում են ներկա-ապագա հանդիպադրման նմանակերպ իրողություն: «Կիկոսի մահի» գործողությունները բաշխվում են ներկայի և ապագայի, այլ խոսքով՝ կատարվածի և ենթադրելի հավանականի միջև: Հեքիաթը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի: Առաջինն ընդգրկում է գործ անելու և աղջկա՝ ջրի գնալու տեսարանները, երկրորդը՝ աղջկա պատկերացումը և վերջինիս վարակելիությունը (Կիկոսի ծնունդը և մահը, հարազատների կույր հավատը), երրորդը՝ Կիկոսի թաղումը և հոգեհացը: Առաջինը և երրորդը ներկայում են՝ իրագործվածի հարթության վրա: Երկրորդը պատկանում է ապագային՝ ենթադրելի հավանականի ոլորտին. «-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…»[5]: Երրորդ հատվածում գործողությունը շարունակվում է ներկայի մեջ, բայց անորոշ ապագայի տրամաբանությամբ: Այս հանգամանքն է պայմանավորում այն խզումը, որ հանգեցնում է աբսուրդի գաղափարախոսությանը. չկա հանգուցյալ, բայց կան թաղում և հոգեհաց: Հետևանքը (թաղում) չունի պատճառ (մահ): Ավելին` մարդը մահացել է ծնվելուց առաջ. «Գալիս են էս եզը մորթում… Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են»[6]: Սրա գաղափարական հենքը մարդու՝ ի ծնե դատապարտված լինելու մտայնությունն է: Հետևաբար, ըստ այս հեքիաթի տրամաբանության՝ մահվան ըմբռնումն առկա է ծնվելուց էլ առաջ: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա համեմատությունը, «Կիկոսի մահը» հեքիաթը տրամաբանության ընթացքի առումով լիովին ներդաշն է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպին: Եթե «Կիկոսի մահ»-ում տրամաբանության խզումը կառուցվում է չծնված մարդու թաղման ու հոգեհանգստի, ապա «Դատավարություն»-ում՝ մեղքի և պատժի շրջուն հարաբերության պատկերմամբ. «Կաֆկայի մոտ տրամաբանությունը շրջված է: Նա, ով պատժված է, անգետ է իր պատժի պատճառին: Պատժի անհեթեթությունն այնքան անտանելի է, որ խաղաղություն գտնելու համար մեղադրյալը ցանկանում է իր զրկանքի արդարացումը գտնել. պատիժը որոնում է իր մեղքը»[7]: Մի դեպքում մարդը մեռնում է ծնվելուց առաջ, մյուս դեպքում՝ դատապարտվում՝ առանց մեղքի: Կարող ենք փաստել, որ «Կիկոսի մահ»-ում պատկերված ներկա-ապագա հարաբերությունը հանգում է ապագայի նկատմամբ առկա վախին, և ենթադրելի ապագայի հարթության վրա ներկայացված գործողությունը (Կիկոսի մահվան պատկերը) հիշյալ տագնապայնության ցուցիչն է: Տագնապի առարկայականությունն այնքան զորեղ է, որ ենթադրելին ընկալվում է իբրև կատարված, և իրականությունը շարունակում է կառուցվել ենթադրելիի, այլ` ոչ իրապես կատարվածի տրամաբանությամբ:
Հրաչյա Սարուխանի «Կրկնաղերս» բանաստեղծության իսահակյանական ինտերտեքսը նկատել է դեռևս Մելս Սանթոյանը. «Կրկնաղերսը» ստեղծվել է… Ավետիք Իսահակյանի պոետական աշխարհից առնված հենասյուներով. օտար, ամայի ճամփա, քարավան, հայրենիքից պանդխտվելու ապրումներ, ոգու սով…»[8]: Մ. Սանթոյանն անդրադարձել է նաև բանաստեղծության խորագրին. «Կրկնաղերս» մի քանի առումներով, նաև որպես այդպիսին՝ Իսահակյանի ու իր անունից»[9]: Իսահակյան-Սարուխան կապի մասին է խոսել նաև Նաիրա Ղումաշյանը. «Որպես բանաստեղծության կառուցման նյութ` Սարուխանը վերցնում է Վարպետի բառաշխարհի բառանյութ-խորհրդանիշները…»[10]: Հիշատակության է արժանի նաև Վալերի Փիլոյանի «Ի տրիտուր և անտրտունջ» հոդվածը, որտեղ «Կրկնաղերսը» բնութագրվում է որպես «…հայոց բանաստեղծության՝ շատ բան տեսած պարտեզ-անդաստանում ժանրի, հորձանքի, ասելիքի անկրկնելիություն ունեցող»[11] երկ: Բանաստեղծության առաջին իսկ տողից քնարական ապրումը հանգում է տագնապայնության և հղվում ապագային. «…Բա որ ճամփին լինեմ, ու մութն ընկնի հանկարծ…»[12]: Սկզբնատողի «բա որ» բաղադրիչն արդեն հուշում է տագնապի մթնոլորտ: Եթե փորձենք «բա որ»-ը փոխարինել «եթե»-ով, ապա կմնա միայն պայման, բայց Հ. Սարուխանի համար էականը հենց ապագայի նկատմամբ ունեցած տագնապի կառուցումն է: Կախման կետերն անցյալի ճանապարհի ամփոփումն են և նախապատրաստում են ապագայի որոշակի պատկերի ընկալման: «Կրկնաղերսի» ժամանակային կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով. պայմանական ներկա-ապագա (տագնապ—հույսի բացակայություն) – ապագա (տագնապ—փրկություն): Ներկան այստեղ զուտ վերացական հիմնակետ է: Ապագան ներկային հանդիպադրվող նույնքան վերացական տարածություն է, որի երկակի պատկերումն էլ տալիս է տագնապի և այն հաղթահարելու բանաձևը: «Կրկնաղերս» խորագիրը հուշում է կառուցվածքի «երկակիություն»[13]: Առաջին և երկրորդ հատվածների (աղերսների) հարաբերությունն այս առումով մեկնաբանելի է մի քանի տեսանկյուններից: Այդ հատվածները կարելի է բնութագրել իբրև քնարական «իրավիճակների» երկու տարբերակ: Նրանցից յուրաքանչյուրում տագնապի ու հույսի հարաբերությունը մեկնաբանվում է յուրովի: Նրանց միջև առկա է և՛ հակադրական, և՛ շարունակական հարաբերություն: Այն հակադրական է, որովհետև առաջինում փակուղայնություն է, երկրորդում՝ փրկության հույս: Միևնույն ժամանակ, հարաբերությունը շարունակական է, քանի որ առաջինն առկախ է մնում, իսկ երկրորդը, կրկնելով առաջինի անցած ճանապարհը, հասցնում է որոշակի հանգրվանի: Հետևաբար, առաջինը կառուցվում է իբրև լիարժեք տագնապայնության տարածություն, երկրորդը, կրկնելով նույն պատկերը, տալիս է դրա շարունակությունը: Առաջին աղերսի վերջնահատվածում ուղղակիորեն հիշատակվում են Իսահակյանը և իսահակյանական պատկերները. «Ու անապատ կյանքիս օազներում անգամ//ԱնՌիալտո լինեմ, անՄրահոն,-//Ի՞նչ երեսով պիտի անդիններից ցանկամ՝//Ինձ ձայնակից լինի անմար Ավոն»[14]: Այդ բանաստեղծության պատկերամթերքն այստեղ վերիմաստավորվում է յուրովի: Մրահոն աղջիկը և Ռիալտոյի կամուրջը վերամեկնաբանվում են իբրև հավանական փրկօղակներ, որոնք, սակայն, չեն հայտնվում քնարական անհատի ճանապարհին: Անապատ-օազիս հակադրությունը ցույց է տալիս անապատի լիակատար գերիշխում, և արդյունքում մեռնում է հույսը: Վերջինիս վերածննդի ճանապարհն աղոթքով է սկսվում և ավարտվում. «-Տե՜ր, իմ Տանը թող ինձ, որ սրտով իմ գառնուկ//Մատաղացու լինեմ, ոչ թե եսիր,//Որ գծիկի տեղում Էջմիածին-Գառնու//Հայոց Ոգի՛ն հառնի խաչատեսիլ»[15]: Սա բանաստեղծության բեկումնային հատվածն է, որը երկրորդ աղերսին հաղորդում է նոր լիցք: Ստացվում է այնպես, որ որոշակի կետի հասած և ճանապարհի շարունակությունը չգտնող քնարական անհատը վերստին անցնում է նույն այդ ճանապարհը, բայց բոլորովին այլ տրամադրությամբ: Եթե առաջինում քնարական անհատի ընթացքը ծանր է, ապա երկրորդում աղոթքի ուժն ու Աստծո ներկայությունն անսովոր թեթևություն են հաղորդում նրա ընթացքին: Առաջին և երկրորդ հատվածների կառուցվածքային հարաբերությունը նաև հարցուպատասխանային է: Առաջինում ճանապարհի առկախությունը ենթադրում է ինչ-որ հարցի գոյություն: Այն անելանելիության մեջ հայտնված անհատի «ի՞նչ անել» հարցն է: Երկրորդ հատվածի հանգրվանը հուշում է տվյալ հարցի պատասխանը. «Ապավինել Աստծո զորությանը»:
Այսպիսով, քննության առարկա երկերում ներկա-ապագա հանդիպադրումը կատարվել է տարբեր գեղագիտական նպատակներով: Շ. Բոդլերի «Կրկնակի սենյակը» ներկա-ապագա հարաբերությունը գծագրել է ռոմանտիզմի և նախասիմվոլիզմի պոետիկայի գույներով: Անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած տարաբնույթ բացասական ապրումները դառնում են իրականության ցուցիչը, որին էլ հակադրվում է իդեալական այլաշխարհը (իրականություն-իդեալ ռոմանտիկական հակադրություն): Բոդլերի մոտ այս բախումը մեկնաբանվում է հոռետեսական շեշտերով: Հայ հեղինակները միանգամայն այլ գեղագիտական խնդիրներ են լուծում ներկա-ապագա ժամանակային եզրերի հակադրությամբ: «Կրկնաղերս» և «Կիկոսի մահը» երկերում այս հարաբերությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի պատմական ճակատագրին: «Կիկոսի մահը» ներկայացնում է հայ մարդու տագնապն ապագայի նկատմամբ, և հետաքրքիր միասնություն է կազմում Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը» (հայի՝ ձախորդություններով լի անցյալ) և «Քաջ Նազարը» (հայի ներկա) հեքիաթների հետ[16]: Իսկ «Կրկնաղերսն» առաջարկում է նաև տագնապը հաղթահարելու հստակ բանաձև: Աղոթքն այստեղ քնարական անհատի ճանապարհը լուսավորող գլխավոր ուժն է դառնում:
Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
[1] Շառլ Բոդլեր, Չարի ծաղիկներ, Երևան, 1990, էջ 162:
[2] Նույն տեղում, էջ 163:
[3] Նույն տեղում, էջ 161:
[4] Նույն տեղում, էջ 163:
[5] Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր 2 հատորով, Երևան, 1985, էջ 162:
[6] Նույն տեղում, էջ 165:
[7] Միլան Կունդերա, Վեպի արվեստը, Երևան, 2019, էջ 129:
[8] Մելս Սանթոյան, Տաղի մոգերից մեկը, Երևան, 2000, էջ 86:
[9] Նույն տեղում, էջ 87:
[10] Նաիրա Ղումաշյան, Հրաչյա Սարուխանի պոեզիան, Երևան, 2016, էջ 178:
[11] Վալերի Փիլոյան, Ժամանակի ձայները, Երևան, 2008, էջ 207:
[12] Հրաչյա Սարուխան, Վախճանից էլ պարզ, Երևան, 2018, էջ 355:
[13] Ընդունելով հանդերձ Մ. Սանթոյանի տեսակետը (կրկնաղերս՝ Իսահակյանի և Սարուխանի անունից)՝ առաջարկում ենք նաև խորագրի կառուցվածքային մեկնաբանություն: Մենք «Կրկնաղերս» խորագիրը մեկնաբանում ենք որպես հեղինակի երկու աղերսների համակցություն: Կառուցվածքային քննությունը նվիրված է հենց այդ աղերսների հարաբերությանը:
[14] Նույն տեղում:
[15] Նույն տեղում:
[16] Այս միտքն արտահայտել է արձակագիր Արմեն Օհանյանը «Կիկոսի վերադարձը» պատմվածքում:
