Ինձ տուն տարեք / Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Արդեն երեկոն վաղուց էր մնացել ժամացույցի սլաքից անդին, և սլաքը շարժվում էր դեպի կեսգիշեր, բայց դասընթացավարը շարունակում էր խոսել, խոսել խելոք բաների մասին, մեկ-մեկ էլ ներկաներին անհասկանալի լեզվով, ընթացքում էլ ընդմիջելով.

– Շատ հոգնեցի՞ք, արդեն ուշ է, կներեք, որ շատ եմ խոսում…

– Չէ, չէ, չէէէէ,- միաբերան նրան ընդհատում են դասընթացի մասնակիցները,- շարունակե՛ք, շա՜տ հետաքրքիր է…,- ու շարունակում դեմքներին հիացած ժպիտներ նկարել, իսկ հոգու խորքում և մտքի ծայրով վայելել լայն, ընդարձակ, թթվածնով հարուստ սենյակի խաղաղ միջավայրը, որի մի ծայրին նրանց էին սպասում թեյի, սուրճի, մրգերի, անգամ ցիտրուսային, տեսականին, ախորժելի ջերմ ու քաղցրացնող փախլավան, պաշտոնական հարցուպատասխանից դեպի անցյալի հիշողություններ ու անկեղծ զրույցներ անցում կատարելու փոքրիկ ու տաք, ամոքող անկյունը, որը կարծես մի յուրահատուկ վերադարձ լինի կորցրած տուն, կորցրած ազատություն, կարոտած լեռներ…

– Իմ երկարամյա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ եմ այսպիսի խումբ ունենում,- հիացած ասում է վաստակաշատ ու ճանաչված դասընթացավարը, որը միջին տարիքի սիրունատես կին էր՝ նուրբ ձեռքերով ու զգայուն մատներով, որոնք մայրերին են բնորոշ, և դասը բացատրելիս ձեռքի շարժումներից անգամ երևում էր նրա հոգատարությունը, որի մեջ մայրական բնազդն էր դոմինանտ, կամ գուցե միայն ե՞ս էի դա տեսնում, որովհետև ես դրա կարիքը միշտ զգացել եմ՝ վաղաժամ զրկվելով այդ հոգատարությունից,- այսքան երկար խոսում եմ, բարդ թեմա եմ ներկայացնում, բայց ուշադիր լսում եք և չեք ուզում գնաք տուն, կեցցե՛ք դուք…

– Տուն ունե՞նք, որ գնանք, չունենք, դրա համար էլ չենք գնում,- աշխույժ ու զրնգուն ձայնով, ծիծաղի միջից ասում է դասընթացի մասնակիցներից մեկը,- էստեղ ավելի լավ է, քան մեր վարձով տանը, մի հնար լիներ, տնեցիներին էլ կբերեինք այստեղ…,- փորձում է ցավի ու կորստի վրա հումոր անել, հոգեբանական դասընթացներից մեկի ժամանակ այդպիսի մի մեթոդ էին խորհուրդ տվել հոգեբանները, որ խնդիրը հեշտ է հաղթահարել, երբ հումորով ես մոտենում…

Ու նրա ծիծաղին միացան բոլորը, որովհետև գուցե թե նույն բանն էին մտածում, բայց հաստատ չէին արտահայտվի: Իսկ էսմեկը երբեմն վայրենության հասնող անկեղծություն ունի, որ մեկ-մեկ դրսևորվում է պատեհ ու անպատեհ իրավիճակներում՝ կրակը գցելով խեղճին… հետո լացում է մի քանի օր, փակված մնում, ապասոցիալիզացիայի ենթարկում իրեն, էլի հոգեբաններն են ախտորոշել, մի քանի օր անտիդեպրեսանտ խմում, հետո հասկանում, որ դրանք բոլորը ոչինչ են մի բաժակ տնական օղու, կոնյակի կամ վերջերս էլ երևանյան իրականությունում բացահայտել է վիսկին, և դա է գլխավորում թոփ հորիզոնականը, որտե՞ղ ընդհատվեց միտքս… հա, մի քանի օրից հետո անուղղելին նորից վերադառնում է իր վայրենի, պարզ ու մի քիչ էլ լեռնային վիճակին… ու դիտարկում շրջապատը, տեսնում, որ շողոքորթությունն ու քծնանքը շատ հաճախ հաջողության հասնելու գրավական են դառնում, փորձում է մեկ-մեկ էլ էդ մեթոդը կապկել, հետո զզվում ինքն իրենից, նորից վերադառնում ինքն իրեն․ «Ինչ կլինի՝ կլինի։ Ամենալավ բանը անկեղծությունն է, միայն այդ դեպքում ես ինքդ քեզ հետ հաշտ լինում։ Իմ լեռները ինձ սովորեցրել են շիտակ լինել, ուրեմն, չեմ դավաճանի ինքս ինձ։ Անկեղծ կլինեմ։ Կասեմ այն, ինչ մտածում եմ։ Կարևորը՝ Աստծո ուզած ճանապարհից չշեղվելն է։ Թող Տիրոջ կամքը լինի, բարի կլինի վերջը»։

Սենյակը լցված ծիծաղը, սակայն, ծիծաղ անվանելիս բառը իր բառարանային իմաստից շատ հեռու է: Այդ ծիծաղը ավելի շատ լացի մասին էր, կորստի հետ չհամակերպվելու, բայց համակերպվել ցույց տալու մասին էր, այդ ծիծաղի մեջ լացի ելևէջներն ավելի տիրական էին, թրթիռները՝ սիրտ մաշող…

Լուռ էր դասընթացավարը և հայացքը փորձում էր կենտրոնացնել սահիկաշարի վրա՝ չլսելու տալու կամք գործադրելով և հոգեվիճակում հանկարծակի հայտնված ապրումակցումը սքողելով պաշտոնական կեցվածքով, տառապող, արցունքոտվելու պատրաստ մեծ, սև, բարի ու գեղեցիկ աչքերը լսարանի հայացքներից թաքցնելու ճիգ անելով…

– Արցախի ներկայացուցչությունը բոլոր արցախցիների տունն է,- լավատեսություն ներշնչող ձայնով ասում է խելոք երիտասարդը և օրինակներ պատմում, երբ տնազուրկ արցախցիներ, չունենալով օթևան, այդտեղ էին ապրում առժամանակ, անգամ մանկահասակ բալիկներին պահում, մինչև օթևան գտնեն։ Պատմում է, ու տխուր աչքերը ավելին են պատմում, քան նրա արտաբերած բառերը։ Խելոք երիտասարդը, որը որպես իր կյանքի առաքելություն որդեգրել է մարդու իրավունքները պաշտպանելը, սակայն երիտասարդ տարիքում բախվել տեսությամբ սիրուն ամրագրված, բայց գործնականում զրո ազդեցություն ունեցած, մարդու իրավունքների կոնվենցիաների մասին իր պատկերացումների և իրականության խզմանը։ Երբեմն, ավելի ճիշտ հաճախ նրա հայացքում հռետորական հարց կտեսնես՝ Չարենցի «Դեպի լյառը Մասիս»-ի հերոսի տվայտումների հոգեվիճակի պես… էն հերոսի, որ ասել էր՝ «Օրհնվի էն սհաթը…»։

– Հը՞… Օրհնվի՞…,- էստեղ արցախցի մի պապիկ կչարախնդա և հաստատ քաղցր կնախշի միջազգային մարդասիրական իրավունքները:- Թյո՛ւ… յէս քու մէռալըտ վայ տամ, սա օ՞ր ա, վէր մէզ քըցէցէք մաչը, սա ապրո՞ւստ ա, վէր մունք ընք ապրում, մարթ ուրան ապուպապէրէն տանը, տըռանը, հինգիստնէրին հասրաթ կմնա՞ պա, յէս ծէր սըհաթն էլ, ծէր միջազգային մարդասիրական իրավունքն էլ, ծէր տուված պօմուշն էլ, սոված ինիմ, ծարավ ինիմ, ամմա իմ վէղէս յիրա ինիմ, տանըս, տըռանըս ինիմ, մէռնէլը լյավ ա, հինչ ստի ապրէլը, հա, յէս ծէր օրէնք հընօղնէրին ու պիրյօղնէրին քյալլան, հօրա՞ օրէնքը… վէր մէռնիմ, ինձ կըտանիք իմ վէղումըս թաղիք, լհա վըսկըռնէս ինի դինջանան…։ Աստուծ պահէ Հայաստանս, յէթիմ ջընըրնէրէս տար ու տըրականա ա վէնը կացալ, ամմա իմ ապօր հյանգիստը ամէն քըշեր ինձ ծեն ա տամ, մին թյահրավ էլ ա բիդի քինյամ, ինձ իմ վէղէս հասրաթ թօղօղէն հինչն ում ասալ, յէս ծէր մէրը…[1],- ու պապիկը, որը արցախցի միջին վիճակագրական պապիկ է, կշարունակի իր ցավը ամոքելու միջոց դարձրած ամենօրյա «նախշելը», որը ամբողջական չեմ պատմի ձեզ, անհաշտ եմ հայհոյախոսության հետ, ու քանի՞ մեկին բացատրես, որ կյանքն է ստիպում…

 

Հետգրություն

Մի անգամ Օմար Խայամին ձերբակալում են և նետում մի բանտախուց, որտեղ նա ստիպված է լինում փակված մնալ մի խումբ օրինախախտների հետ, որոնք հասարակության այնպիսի շերտ էին, որ անգամ գրել-կարդալ չգիտեին: Օմար Խայամն իր ժամանակը լցնելու համար սկսում է արտասանել իր իմաստուն քառյակները, սակայն բանտախցի ընկերները քար ու անտարբեր հայացքներով էին նայում նրան, որովհետև չէին հասկանում: Միայն նրանցից մեկը, հանկարծակի ու անսպասելի հուզվելով, սկսում է հոնգուր-հոնգուր լացել… Օմար Խայամը, իր պոեզիայի փիլիսոփայությունը հասկանալու այդ մարդու կարողությունից հիացած ու գոհ, մոտենում է նրան ու գրկում.

– Շնորհակալ եմ քեզ, ո՛վ իմաստուն մարդ, որ հասկացար իմ երգերի ենթատեքստում դրված փիլիսոփայությունը, որը քչերին է հասու, և հուզվեցիր… ասա՛ ինձ, ո՛վ խելացի, ո՞ր հատվածը քեզ հուզեց հատկապես…

– Եղբա՛յր, հատված-մատվածը չգիտեմ, բայց որ խոսում էիր, մորուքդ շարժվում էր, այծիս հիշեցի ու հուզվեցի, նա էլ ունի ճիշտ այդպիսի մորուք, և ճիշտ այդպես շարժվում էր, երբ ինձ տեսնելիս մկկում էր… ես մտքով վերադարձա իմ տուն, կարոտած գրկեցի իմ այծին և զգացի ազատությունը և արցունքներս չկարողացա զսպել…

Օմար Խայամի մասին այս պատմությունը, որի իրական ու հնարովի լինելու հավանականությունը թողնում եմ մի կողմ, գուցե ոմանց թվա զավեշտալի, սակայն մարդկային ողբերգության մասին է. այդ անալոգիայով կասեմ՝ դասընթաց-մասընթացը չգիտեմ, տուն գնալու հնարավորություն լիներ, վաղուց էի գնացել… ինձ իմ տուն տարեք, գնահատելի են բոլոր ծրագրերը, բայց առաջնահերթը տուն վերադառնալն է:

****

Ի հավելումն վերոնշյալ պատմության՝ փաստեմ, որ դասընթացի մասնակիցները բարձր ինտելեկտով, երկար ու հարուստ կենսափորձով և յուրաքանչյուրն իր ոլորտում զգալի ձեռքբերումներ արձանագրած արցախցի մարդիկ են, որոնք բռնագաղթի հետևանքով հայտնվել են կյանքի դժվար իրավիճակներում: Կոտրվելու, նվնվալու ու բողոքելու փոխարեն նրանք աշխատանքից հետո գնում են տարբեր դասընթացների, որ նոր հմտություններ ձեռք բերեն, ուժեղ մրցակցության պայմաններում կարողանան իրենց տեղն ունենալ հայաստանյան աշխատաշուկայում՝ արժանապատվորեն լուծելով իրենց ընտանիքների օրվա հացի խնդիրը, տան վարձավճարի հարցը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում փախստականներին աջակցող ծրագրեր իրականացնելու համար:

Մայիսի 22, 2026 թ.

[1] Արցախի բարբառով հատված, որի գրական տարբերակը կլինի այսպես։ Հը՞․․․Օրհնվի՞․․․Թո՛ւ, ես քո մեռելին վայ տամ (ասում են զարմանալու, ողբալու, ափսոսանքի դեպքում), սա օ՞ր է, որ մեզ գցեցին, սա ապրո՞ւստ է, որ մենք ենք ապրում, մարդ իր ապուպապերի տանը, դռանը, գերեզմաններին կարոտ կմնա՞ բա, ես ձեր սհաթն էլ, ձեր միջազգային մարդասիրական իրավունքն էլ, ձեր տված օգնությունն էլ, սոված լինեմ, ծարավ լինեմ, բայց իմ հողի վրա լինեմ, տանս, դռանս լինեմ, մեռնելը լավ է, քան այսպես ապրելը, հա, ես ձեր օրենք ստեղծողների ու բերողների գլուխը, ո՞ւր է օրենքը․․․որ մեռնեմ, ինձ կտանեք իմ հողում թաղեք, որ ոսկորներս գոնե հանգստանան․․․։ Աստված պահի Հայաստանս, որբ ջաններիս տեր ու տիրակալ է կանգնել, բայց հորս գերեզմանը ամեն գիշեր ինձ է կանչում, մի հնարով էլ է պիտի գնամ, ինձ իմ հողին կարոտ թողնողի ինչն եմ ասել, ես ձեր մայրը․․․