Վերջերս Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահից հետո երկրի բարձրագույն՝ «Հեյդար Ալիև» շքանշանով պարգևատրեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Առաջինի դեպքում բուն շարժառիթը Բելառուսի կողմից բլոգեր Լապշինի արտահանձնումն էր, որի շուրջ ծավալված ողջ պատմությունը Ալիևին թույլ տվեց հայտարարելու «պաշտոնական Բաքվի վարած արտաքին քաղաքականության հաջողության» մասին, միաժամանակ հավաստիացնելու, որ «բլոգերի՝ արտերկրում իրականացված ձերբակալությունն ու հետագա արտահանձնումը դաս կլինի թե՛ նրա համար և թե՛ այն անձանց, ովքեր խախտում են Ադրբեջանի օրենսդրությունը»: Այդ օրերին Բելառուսի նախագահը պարգևատրվելու կապակցությամբ առիթը բաց չէր թողնում իր երախտագիտությունը հայտնելու Ադրբեջանին և նրա նախագահին՝ Ռուսաստանի հետ նավթային պատերազմի հետևանքները մեղմելու, դժվարին իրավիճակում սատար լինելու համար, ինչն էլ պատճառ էր, որպեսզի, թեև Հայաստանը Բելառուսի հետ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, բելառուսական իշխանությունը ղարաբաղյան հակամարտության համատեքստում իրեն Ադրբեջանի դաշնակից համարեր: Քաղաքագետ Ավերյանով Մինսկու կարծիքով՝ եթե ղարաբաղյան կոնֆլիկտը թեժանա, ապա Ռուսաստանն ու Բելառուսը կհայտնվեն հակադիր բևեռներում: Իհարկե, Ալիևը, որպես «ազնիվ և իր խոսքի տեր» մահմեդական, նավթի առաջին տոննաներն ուղարկելուց հետո դադարեցրեց առաքումը՝ զրոյացնելով բոլոր պայմանավորվածությունները: Սակայն երկու բռնապետների բարեկամությունը դրանից կարծես չտուժեց: Պատահական չէ, որ սահմանադրական հանրաքվեի հաղթանակից հետո Էրդողանին առաջինը Լուկաշենկոն և Ալիևը շնորհավորեցին: Այդուհանդերձ, Ալիևի ակնկալիքներն ավելի մեծ են Ղազախստանից ու Նազարբաևից: Ադրբեջանում հուսով են, որ Ղազախստանը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակով, հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նոր որակ կարող է հաղորդել: Քանի որ բոլոր առումներով այդ երկրների դիրքորոշումները համընկնում են, դժվար չէ հասկանալ ազերիների խանդավառությունը, վստահ, որ խնդրի շուրջ Ղազախստանի կողմնորոշումը միշտ ի շահ Ադրբեջանի է լինելու: Բանակցությունների ընթացքում Նազարբաևը նույնիսկ հայտարարել է, որ առաջ է քաշելու հակամարտության կարգավորման սեփական նախաձեռնությունը, ինչը համարյա ալիևյան ցնորքի առարկայացումն է՝ Մինսկի խմբի լիազորությունները նվազեցնելու նպատակով բանակցային դաշտ ներքաշել Թուրքիային, այս դեպքում նաև Ղազախստանին: Ստացվում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմակերպություններում ներգրավված Հայաստանի «բարեկամներ» կոչվածները փաստացի երրորդ երկրի՝ Ադրբեջանի բարձրախոսներն են, կասկածի տակ դնելով համգործակցության և ինտեգրացիոն բոլոր գործընթացները: Ռուսաստանի ջանքերը՝ հարթելու ԵԱՏՄ անդամ երկրների միջև առկա սուր անկյունները, առայժմ քարոզչության սահմանների ներսում են, այդպես էլ կայունության հույսեր չներշնչելով մասնակից երկրներից և ոչ մեկին: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որքան էլ Ռուսաստանը հայտարարում է, որ խնդրի լուծման ձգձգումը հակասում է իր և տարածաշրջանային հետաքրքրություններին, միևնույն է, երկակի ստանդարտների նրա քաղաքականությունը ի զորու չէ սայլը տեղից շարժել: Վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Ադրբեջանն էլ է ուզում, որ հակամարտությունը լուծվի, բայց այնպես, որ Ռուսաստանն օգնի Ղարաբաղն ու նրա շուրջ գտնվող տարածքները տրվի իրենց: Ըստ նրա՝ «Հայաստանը կարգավորման խնդիրը Ռուսաստանի առաջ շատ մեղմ է դնում»: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ըստ Տրոֆիմչուկի. «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից կարող են տասնյակ փաստաթղթեր ստորագրվել, բայց դրանք չեն փոխի իրավիճակը, որովհետև Հայաստանի համար կարևոր է իր ու Արցախի անվտանգությունը, մինչդեռ Ադրբեջանի խնդիրը մեկն է՝ Ղարաբաղն իրենը լինի»: Ապրիլյան դեպքերը հստակ սահմանագիծ էին բարեկամների հետ և առանց նրանց հասկացությունների միջև: Դժվար է հավատալ, որ Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Բելառուսը վտանգի պահին կարող են Հայաստանի կողքին լինել: Լավագույնը նրանց լռությունը կլինի, ինչպես և ապրիլյան պատերազմի օրերին էր: Այս առումով, կասկածելի և անիրատեսական են այսօրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, արհեստածին միությունները, երբ ներգրավված երկրները, խոշոր հաշվով, ոչինչ չունեն իրար ասելու: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի չէ, թե սեփական ազգային շահով պայմանավորված, նրա կողմնորոշումը որ պահին ինչպիսին կլինի: Սա այն դեպքն է, երբ Հայաստանի անվտանգության խնդիրը ստիպում է որպես երկրի արտաքին քաղաքականության նպատակ դիտարկել նաև «բարեկամների» հետ հարաբերությունների ռազմավարությունը: Ո՞ւմ հետ և ինչպե՞ս, նրանց հե՞տ, թե՞ առանց նրանց, ահա այսօրվա դիվանագիտության գերխնդիրը: Թեև կյանքն ապացուցել է, որ համախմբվելու դեպքում մենք մեզանով ավելի ուժեղ ենք:
Կարդալ նաեւ․․․
Վահե ԱՐՍԵՆ
Քսանհինգ տարում ակնհայտ դարձավ մի նոր ու զարմանահրաշ-գրոտեսկային փաստ (ցավոք…
Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ / Տարին
Մառախուղ էր՝ թանձր նստած քաղաքին վրայ:Մօտեցայ պատուհանին.–Բարի լոյս, բարի առաւօտ,-կտցահարեց…
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ…