ԳԱԼՍՏՅԱՆ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Մայիս ՄխիթարյանԼևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Մայիս Մխիթարյանը «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» կտավով վերջերս ներկայացավ արվեստասեր հանրությանը: Ուշագրավ է այն իրողությունը, որ նկարիչը, ում ստեղծագործությունն ազգային կերպարվեստում մի նոր էջ է ձևավորել և ստեղծել տաղանդավոր նկարչի ինքնատիպ գունաշխարհը, ներկայանում է ոչ թե թեմատիկ շարքով, մի քանի ստեղծագործությամբ, այլ միայն մի կտավով, որն ամբողջական-իմաստավոր պատկերացում է ձևավորում նկարչի մտածողության, թեմատիկ ընդգրկումների, գունային ընկալումների, կերպարվեստում փիլիսոփայական շերտերի ընդգծման ու կարևորման մասին: Ավելին, այս ստեղծագործությունը յուրովի ամփոփում է սուրբգրային թեմայի մխիթարյանական ընկալումը և դասական-ավանդական թեման, որը պատկերվել է բազմաթիվ անգամներ, մասնավորաբար, համաշխարհային կերպարվեստում՝ ազգային կերպարվեստում ունենալով միայն ու միայն հպանցիկ արտացոլումներ, ներկայացնում է միանգամայն նոր գեղարվեստական-կոմպոզիցիոն լուծմամբ, կոմպոզիցիայի շարժուն-ենթաշերտային հարստությամբ, գունային շեշտված առանձնակիությամբ, որում ևս նկարիչը հավատարիմ է մնացել իր սահմանած գեղագիտական-գեղարվեստական սկզբունքներին: Ուրեմն, միանգամայն ճիշտ է նկարչի որոշումն ու ընտրությունը, որովհետև այս կտավը դառնալով շրջափուլային արժեք նկարչի ստեղծագործական ճանապարհին` միաժամանակ դառնում է ազգային կերպարվեստի վերջին տարիների ամենացայտուն իրողություններից մեկը, վերածվում մշակութաբանական լուրջ արժեքի, ազգային կերպարվեստում յուրօրինակորեն լուծում գեղարվեստական էքսպերիմենտի խնդիրը՝ դասականի ու արդիականի ներհյուսումը դարձնելով կարևորագույն ու հանգրվանային ձեռքբերում:
Մայիս Մխիթարյանի ստեղծագործական աշխարհը առանձնանում և ընդգծվում է մի յուրահատկությամբ, որը հենվում է վառ թատերայնության վրա՝ այսպես ձևավորելով նկարչի ինքնահատուկ-բացառիկ «թատրոնը», որը կյանքի ու տիեզերական ընկալման առանձնաձևն է, գեղարվեստական այն սահման-շրջանակը, որի մեջ նկարիչը տեսնում է ներքին սյուժեի զարգացման հնարավորությունները, նրա բազմաթիվ ենթաշերտերը՝ դիտարկված թատերային արտահայտչականության միտումներով: Հենց սա էլ մղում է նրան դեպի ոճաձևային ինքնատիպությունը, պատկերվող ֆիգուրների թատերային շեշտվածությունը, երբ միավորվում են դիմակն ու նախակերպարը, հոգեբանական ենթաշերտին փոխարինելու է գալիս ֆիգուր-խորհրդանիշը՝ այսպես աշխարհն ու տիեզերական ճշմարտությունները դիտարկելով խորհրդանիշային ընդգծումների մեջ: «Դիմակների թատրոնի» ոճաձևը վերածվում է գեղանկարչական մտածողության, աշխարհը ներկայացնում թատերային ֆիգուրի պայմանաձևերով, ինչն էլ հնարավորություն է տալիս նկարչին հասնելու կատարման զարմանալի-ինքնատիպ վարպետության, թվացյալ անշարժության մեջ տեսնել էքսպրեսիան, շարժումը, բնավորության ու վարքագծի ամբողջությանը հասնել գույնի միջոցով՝ գույնը դիտարկելով նրա օբյեկտիվ արտացոլումի մեջ: Օբյեկտիվիզմ, որն աստիճանաբար վերաճում է շեշտված պայմանականության: Մայիս Մխիթարյանի ստեղծագործություններում հատկապես կարևորվում է կարմիրը՝ որպես կյանքի ու սիրո, տոնի ու ուրախության արտահայտություն, բայց որը նաև երբեմն ձեռք է բերում որոշակի ողբերգականություն: Կարմիրը որքան արյան գույնն է՝ մերթ լավատեսական երանգներով պարուրված, կյանքի շարունակականությունն ու ընթացքը պատկերող, նույնքան էլ արևի գույնն է՝ իբրև կենսահաստատ ուժի արտահայտություն: Նկարիչը յուրովի է լուծում այն էքսպերիմենտը, որն զբաղեցնում էր Մինաս Ավետիսյանին և Սերգեյ Փարաջանովին. եթե Մինասի համար կարմիրը որդանն էր, բնության մեծարման, պանթեիստական աշխարհընկալման արտահայտությունը, ապա Փարաջանովի մոտ, ում ձևավորած ավանդույթների յուրատեսակ շարունակողն է Մայիս Մխիթարյանը, կարմիրը սիրո գույնն էր, ճակատագրի գույնն էր: Մինչդեռ Մ. Մխիթարյանի համար կարմիրն արևի ու արյան ինքնահատուկ սիմբիոզն է: Սա գույնի ընկալման և կիրառման մխիթարյանական կերպն է, որը մի կողմից հաստատում է գծապատկերի ճշգրտությունը, շարժման էֆեկտն ու բազմազանությունը, մյուս կողմից ձևավորում շեշտված տրամադրություն, գունախաղը դարձնում գույնի ու ծավալի գլխավոր ցուցիչը: Մայիս Մխիթարյանը պարտադրում է մղվել դեպի վառ երևակայությունը, դիտողի ու կտավի միջև ձևավորել ցանկալի մտերմություն, գույնի ջերմությունը դարձնել ֆիգուրի ու կոմպոզիցիայի շարժման յուրատեսակ առանցքը: Այս ամենի արտահայտությունն է «Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը» կտավը, ուր նկարիչը հրաժարվել է նատուրալիստական սյուժեի և կոմպոզիցիայի գաղափարից և դարձյալ առաջնային դարձրել պայմանականը, սիմվոլիկը: Հրաժարվելով միջավայրի կոնկրետությունից և ճշգրտությունից, Մայիս Մխիթարյանն ընտրել է տաք դեղինը՝ օխրան, որն այստեղ որոշակի պասիվություն պարունակելուց զատ, նաև ստեղծում է արևի ճառագայթների արտացոլանքը: Ուրեմն, Հիսուս Քրիստոսը հայտնվում է արևի միջից՝ լուսապսակի մոտ ունենալով ճերմակ դիմակներ: Դիմակների կիրառման սարյանական մոդելը, որը երբեմն տանում էր դեպի ողբերգականության, այստեղ վերածվում է տոնական տրամադրության հաստատման, դիմակները ժպտացող հրեշտակների սիմվոլներն են… Արևից ծնունդ առնելու մխիթարյանական հաստատումը Քրիստոսին միավորում է միթոլոգիական այլ սիմվոլների հետ, այն արքետիպերի, որոնք մշտապես հաստատել են լույսի ու արևի ներգործող ուժը, մարդու մեջ տեսել ոչ թե կենսաբանական, այլ միթոլոգիական ծագումնաբանությունը: Նկարչի պատկերած կարմրավարս Հիսուսը որևէ աղերս չունի կերպարվեստում ձևավորված Քրիստոսի կերպարի ավանդատիպին, ո՛չ մորուս կա, ո՛չ կա խռիվ մազեր: Երիտասարդություն և գեղեցկություն արտահայտող դեմք է, որը հաստատում է հավերժի ներկայությունը, գեղեցկությունը: Նկարիչը մի հեռավոր աղերս է ձևավորում Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան և «Վահագնի ծնունդը» բանաստեղծություն-առասպելի միջև՝ յուրովի տեսնելով ընդհանրականությունը, աշխարհաստեղծման ակունքների մոտ արժևորելով-ընդգծելով Տիրոջ ներկայությունը: Քրիստոսի կարմիր վարսերին համադրվում են նրա շուրջ կանգնած երկու հրեշտակի կանաչ վարսերը՝ տերևաձև, ինչն արդեն ծաղկումի ու զարթոնքի խորհրդանիշն է: Այստեղ է նկարչի բերած ու հաստատած նորույթը, այստեղ է, որ Մայիս Մխիթարյանը շրջում է հաստատված ավանդույթը, յուրատեսակ մոդիֆիկացիայի ենթարկում ավանդատիպն ու խորհրդանիշը դիտարկում նրա մոդեռնիստական ընկալման մեջ: Ավելին, այստեղ քրիստոնեական աշխարհընկալումը ներառում է նաև աշխարհիկի ներկայությունը: Քրիստոսին դիտարկելով որպես կոմպոզիցիայի առանցք և կենտրոն, Մայիս Մխիթարյանը զարմանալիորեն երկրորդական չի դարձնում երկու հրեշտակին, այլ նրանց ևս դիտարկում է որպես ֆունկցիոնալ ներկայություն, իբրև կտավի կարևորագույն բաղադրիչներ:
Մայիս Մխիթարյանի «Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունը» կտավը գաղափարական նոր շերտեր է բացում, մեծացնում աշխարհընկալման փիլիսոփայական ընկալումը, ձևավորում բոլորովին նոր դիտակետ, ինչն էլ, մեր խորին համոզմամբ, նոր ուղղություն է գոյավորում ազգային կերպարվեստում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։