ՊԵՐՃՈՒՀԻ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԱՅԱՑՔԸ ՀՈՒՅՍԻ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ / ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆ

ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ
հոբելյանի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Պերճուհի Ավետյանի ստեղծագործություններին ծանոթացա միջնորդավոր եղանակով: Սիրիական պատերազմի փլատակներից մի կերպ փրկված նրա երկերը (բնավ ոչ ամբողջական գործը) ինձ հանձնեց բարեկամուհիս՝ աննյութական, հետևաբար և անշահախնդիր էություն՝ բանաստեղծուհի Նանեն: Զմայլանքս, նախ, Ավետյանի հայերենն էր, որը ներկայացնում է չքնաղ, հավիտենական գեղեցկությունն արևմտահայ լեզվի և մեծ խանդավառություն ներշնչելու կարողությունն ունի միշտ: Նորույթ չէ, որ արևմտահայերենը չպետք է դառնա տարածական ամբողջություն՝ ունենալով միայն իրեն վերագրվող սահմաններ: Հայ գրականությունն արտաքին սահմաններ չունի. լավագույն ստեղծագործությունները ջարդում են նման սահմանները, ապրում ավելի հագեցած կյանքով, և սա բաց միասնություն է: Դրանում նորից համոզվեցի՝ կարդալով արձակ էջերը, որոնք իմ մտապատկերում ստեղծեցին պատերազմող աշխարհի կերպարը՝ Հալեպից մինչև Երևան: Կործանումի և ռմբակոծությունների կենտրոնում տարագիր սփյուռքահայն էր՝ մտավորականը՝ շատ ավելի բարձր առաքելություն ունեցող հայը, քան նյութական աշխարհի հանդեպ այսքան մեծ չափերի հետաքրքրություն ունեցողը: Արևմտահայերենի բնությանն ավելի համաձայն՝ արժեքավոր էին Սիրիայից հայրենիք գաղթած հայի մտածումներն ու զգացումները, նրա տեսած արևելյան իրականությունն ու համեմատության եզրը՝ տեղի նկարագիրը, սիրիահայի անցյալի և ներկայի, ինչպես նաև աշխարհաճանաչողության արդյունքն ու եզրահանգումը: Ավետյան գրողի գրչի տակ վերջիններս բաց էին՝ ըստ բնագրի, պատկերավոր՝ ըստ արտահայտման, իմաստուն՝ ըստ փիլիսոփայության, սիրտն ու լեզուն էլ՝ ազատ: Գրողի աշխարհիմացության հիմքում անմիջապես ցայտուն արտահայտված էին Էրգրի ազդակները՝ որպես նրա ներէության անտրոհելին: Այլ կերպ ինչպե՞ս լիներ. որբության ու տեղահանության, տառապանքի ու դժնի կենսապայքարի միջով անցած ծնողների դուստրը խտացնում էր ավագների և հայ ավանդական ընտանիքի կենսափորձը՝ իր ծննդյան օրից մինչև հոր մահը, ապա՝ սիրիական վերջին դեպքերը և հարկադիր այս տարագրությունը, որովհետև, բարեբախտաբար, հարգարժան տիկնոջ մայրը ողջ է և, անկախ ամեն ինչից, այժմ դստեր հետ կիսում է մայր հայրենիքում հանգրվանելու բերկրանքը: Համառոտ ինքնակենսագրականում Ավետյանը ներքին ընդվզումով վկայում է. «Իզմիրի ջարդեն ընտանիքին հետ խույս տուած և Յունաստան-Հայաստան-Իրանէն քարշ գալով Հալէպ հաստատուած հօրս ու Աղեքսանտրէտի տեղահանումով Հալէպ հասած մօրս անդրանիկ զաւակն եմ: Ծնած ու հասակ նետած Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ»: «Աստվածային է երազը, սակայն որքա՞ն կտևի»,- հեգնում է Շիլլերը: Իսկապես, հավերժական տեսիլի՝ անհաս հայրենիքի մտապատկերին հաջորդում է նյութական Հայաստանի բեկված պատկերը: «Հայրենիք» էսսեում, որն ինքնակենսագրականի ոճային շրջանակից դուրս չէ, անտարբեր միջավայրի և ժամանակաշրջանի հանդեպ հոգեբանական դիմադիր ընթացքով նա անդրադառնում է սփյուռքահայի ծագման տեսանկյունից վճռական հարցին. «Ո՞րն է քո հայրենիքը՝ Սի՞րիան, Արևմտյան Հայաստա՞նը թե՞ Հայաստանը»: Ավելի հստակ է, որ բուն հարցադրումը միջանկյալ է, քանզի գրողի մարդկային տեսակի նախասկիզբը ոչ մի առնչություն չունի մահմեդական քաղաքի հետ, իսկ հոգու ելման կետը բացառապես Հայկական լեռնաշխարհն ու եղերերգական արևմտահայ բնօրրան է: Արդի Հայաստանն էլ հայրենիք է, ինչ խոսք, ուր շատ սփյուռքահայերի նման նա դեռևս չի գտել իր էության բնական ամբողջականությունը, «հայրենիք» գաղափարի լիարժեք բավարարումը: «Երեւոյթապէս եւրոպականը եւ աղքատութեան մէջ խրուած երրորդ աշխարհը կը միատեղէ անսպասելիօրէն…»: Ապշանքին հետևում է առերևույթ օտարացումը. «Տարիներու սպասումը, ճնշուածութիւնը կը վերածուի մերժողականի» (նույն տեղում),- գրում է Ավետյանը՝ բնորոշելով իր տեսածը՝ որպես հայի ընկալման տեսանկյունից անտրամաբանական, անընդունելի փաստարկում: Ճնշող է այս նկատառումը, զգացողությունը, մանավանդ, երբ հնչում է Լիբանանի, Ֆրանսիայի, Հալեպի պարբերաթերթերում հայի արժանավայել գոյության ու տեսակի պահպանման համար գործող մտավորականի հոգում: Բացահայտ է, որ Հայաստանի ներքին կյանքի պատկերը տրոհել է նրա գենետիկ ընկալումների միջնասյունը: Դրանով պայմանավորված՝ առաջ է մղվում զգացածի ու ապրածի անմիջական արտահայտումը. «շքեղ ինքնաշարժերու մէջ սուրացող, ճաշարաններու մէջ ճոխ սեղաններու շուրջ քեյֆ ընող նոյն երկրի վերնախավի» պատկերով, դրա խիստ քննադատությամբ: Հաղորդակցվելով տոհմի և հատկապես ընտանիքի շառավիղների գոյատևման պատմությանը՝ գրողը ողբերգական ու ճակատագրական շրջապտույտներ է ցուցադրում, որպեսզի հետո ցավի զգացումը վերաձևի արարման կենսական հիմքով՝ մոռանալով անհավասարություն ու այլ մերժելի, անընդունելի դրսևորումներ: «Եվ փառք Աստծո, որ հայրենիք ունենք»՝ այլևս միանշանակ և առանց կողմնակի երկվության ու ճնշման՝ եզրահանգում է նա: Հերն անիծած, որ «իր ապրած միջավայրին մէջ բոլորը երկար կդասախօսէին, երկար կմնային կերուխումի սեղաններուն շուրջ, հեռատեսիլներուն առջև, երկար-երկար կը բամբասէին» («Հետեւողը»): Երևանը՝ սիրիահայի հիասթափության, Երևանը՝ սիրիահայի ոգեշնչման ակունքն է: Երևանը՝ հանգրվան է, հառնումի հնարավորություն, նոր շնչառություն: Այդպես է պատմում մեզ Պերճուհի Ավետյանը: Գուցե նրա սպասելիքները շատ դեպքերում արդարացված չեն, և ուժերը՝ նվազած, բայց ուժգին են հոգու էթնիկ կանչերը: Դա նրա ապրելու հիմնական պայմանն է: Ամեն ինչ նորից և հավատով սկսելու պայմանը:
Երևանյան ֆիեստայի շարքից է «Թափառող շունը» պատմվածքը՝ մեր հակասական օրերի գեղարվեստական խտացումը: Գրողի ազնիվ պատկերի իմաստը փոխաբերական ընդարձակումների է ուղղորդում մեզ: Շունը նաև խորհրդանիշն է երկիրը պահող կենդանու, ինչու՝ ոչ, բնազդով ու ռեֆլեքսով հողին կապված հայ մարդու, որը հաճախ, ցավոք, «անոթի վազում է ստամոքսը բզքտող բուրմունքը քաշելու»: Ապա նաև. «Թափառական շունը կարեկցական դիտեց մուրացիկ ծեր կինը, ծանօթ հոտ կառնէր անոր վրայէն, բարեկամի, բախտակիցի հոտ»:
Զուգահեռը մտացածին չէ, բոլորովին կապ չունի չափազանցության հնարանքի կիրառման հետ: Սա արդի հայոց պատմության բացառիկ ծանր՝ անցումային ժամանակաշրջանում սոցիալական հենասյուները կորցրած մարդու հոգեբանական տվայտանքի նկարագիրն է: Ստեղծված պայմաններում ֆիզիկապես դիմակայելու անհնարինության դիտարկումն է՝ հասկանալի պատճառներով զուգահեռված հայ գաղթյալների կյանքին: Մինչդեռ մեր առօրյան է, անտարբերության պտուղը: Ուստի՝ խոսել Ավետյան գրողի մասին, նշանակում է խոսել հայրենիքում արժանավայել գոյություն հասատատելու պահանջի, գութի և խղճմտանքի անհրաժեշտ չափաքանակի պակասի և այն մասին, թե ինչպես ենք մենք՝ հայերս, ապրում բիբլիական երկիր դրախտավայրում, ինչպես ենք ապրում՝ սեփական դարավոր արժեքներից օտարվելով (գիտակից թե անգիտակից՝ այլ հարց է), ինչպես ենք ապրում մյուսների՝ անմշակույթ հանրույթների՝ ձուլվողների, հարմարվողների նման, զի «Շուներու յատուկ հիւանդանոց չկար քաղաքին մէջ, ուր աղքատ մարդիկ եւս անօգնական կը մեռնէին…»: Հայաստանցու սոցիալական ցածր մակարդակի, աղքատությունը վերացնելու գիտակցության բացակայության քննադատությունը երևան է գալիս պատմվածքի մի շարք դրվագներում, որոնք մանրազնին դիտողականություն, էլ ավելի կենսական հմտություն, քննարկման լրջություն են պահանջում և, մանավանդ, միտումով համադրված են նատուրալիստական ստորին իրողությունների նկարագրության հետ. «Այս անգամ բախտը ժպտաց, իրեն նման թափառական էգ շուն մը ոտքը բարձրացուցած մօտակայ ծառին բունին կը միզէր: Հրաւէրի թեթեւ հաջոց մը արձակեց, պատասխանը չուշացաւ…, մարդիկ ալ կը շնային, իրեն նման շուներուն վերագրելով այդ արարքը» («Թափառող շունը»): Ընդգծված միտքը պարադոքսալ դատողություն է և իբրև այդպիսին՝ մտահանգում: Ողբերգականն այն է, որ այն, ինչ շան համար բնական է, «շնորհքով» մարդկանց համար դարձել է պարտադիր: Այն աստիճանի, որ շանն անգամ անհանգստացնում է: Պատմվածքի ներքին գաղափարական ուղղվածությունը քաղաքական է: «Աշխարհը ընդարձակ է, բայց տիրակալները կը սահմանափակէն զայն»,- արձանագրում է Ավետյանը: Հանգուցալուծումն իրադրային է: Ճակատագրի խամաճիկը խիզախում է՝ հուսալով, որ կգնահատվեն իր արժանիքները: Ավաղ, տեղի է ունենում միայն այն, ինչ պետք է տեղի ունենար, և ուրիշ ոչինչ՝ ճակատագրի նշածից դուրս. «Անկարելի եղեւ փրկել թափառական շան կեանքը… քիչեր իմացան որ երբեմնի թափառական շունը հերոս էր»:
Աշխարհի շատ ժողովուրդներ ունեն տարագիր, աստանդական մարդու տեսակի, ապրելու դժվարությունների, արժանապատության նսեմացումների թեմային նվիրված ստեղծագործություններ: Շատ երկրներ են անցել տնտեսական և քաղաքական ամենատարբեր դարաշրջանների միջով: Զարմանալիորեն մենք՝ հայերս, բոլորովին այլ ձևով ենք դիմակայում՝ ընկնելիս միշտ ազնվական, տոհմիկ նկարագիրը պահելով: Պատահական չէ, որ հայ գրականության մեջ երևան են գալիս ստեղծագործություններ, որոնք ոչ թե պիկարոյական ավանդույթը, ավազակային հնարները գովաբանող երկեր են և հենվում են անհանդուրժողականության քարոզի, պատմական իրավիճակների հետ չհարմարվելու սկզբունքների վրա, այլ շատ անգամ պատկերում են թշվառության մեջ հերոսանալու մոտիվները: Դա բոլորովին պատահական պատկեր և պատկերացում չէ: Պ. Ավետյանի պատմվածքում այն հայի էության և արդի անցումային հասարակության արատների ռեալիստական բացահայտումն է, որի քննադատության հաստատման մեջ է Ավետյան մտածողի բարոյական ուժը: Ըստ նրա՝ թշվառի տիպը խզված չէ հասարակության մյուս՝ ավելի բարենպաստ շերտերից: Թափառող շան կերպարը ծանոթ է մեզ, քանի որ սոցիալական դաշտի այն շերտերը, որոնք հաղթահարել են անցման ժամանակաշրջանի խոչընդոտներն ու բարդությունները, գոնե իրենց նախորդ շրջանի կենսափորձով չեն կարող մոտ չլինել տեսակին: Ե՛վ պատմական միանման օրինաչափություններում գտնվելով, և՛ ազգային հոգեբանությամբ, և՛ նորահայտ իրադրություններում կողմնորոշվելու իմաստով նրանք՝ բարեկեցիկներն ու թշվառները, նույն մարդիկ են: Կարևոր է գիտակցել, որ նույնիսկ կապիտալիզմի անցման բարդությունները հաղթահարած մարդիկ, ովքեր ձևավորվել են 21-րդ դարի այս կեսին, մշակութային և հոգեբանական երկխոսության մեջ են հայրենակից սովյալների՝ «թափառող շան», մուրացիկների և մյուսների հետ: Ցավալի է, որ նրանք ընդգծված հակադրության սկզբունքով են հաստատում նոր նորմերի և իրենց հաստատած սոցիալական սահմանափակումների իրավացիությունը: Հերոս թշվառի այս տիպը վերիմաստավորվում է մեր երևակայության մեջ Արցախի պատերազմի՝ կարիքի մեջ թաղված նախկին հերոսների կյանքի ֆոնի վրա: Նշյալ ենթատեքստը պատմվածքին հաղորդում է թե՛ հրատապություն, թե՛ արդիականություն, թե՛ քաղաքական լարվածություն: Նկատելի է նաև, որ «թափառող շան» ավետյանական պատկերը կենսունակ է բանահյուսական ավանդույթներով կենցաղավարող «շան» հետ, որը ժողովրդական կամ «ցածր» գրականության արքետիպ է («այ շուն»-«անտեր շուն»-«նա ում շունն է, որ…»-«շան օրն ընկնել»): Այս կատեգորիային են պատկանում արդի հայ հասարակության խոցելի խավերը՝ անհաջողակ ուսանողները, գործազուրկները, «մանր» ծառայողները, նախկին զինվորականները, աղքատացած միջին դասի ներկայացուցիչները, դատապարտվածները, գողերն ու անառակները, ապադասակարգային այլ տարրեր: Շատ դեպքերում նման տիպը դուրս է եկել հասարակության բարեպաշտ հատվածից, պարզապես տարբեր պատճառներով հայտնվել է «շան» ռիսկային խմբում: Ամբողջ հարցն այն է, որ Պ. Ավետյան գրողին հաջողվել է հարուստ բովանդակություն հաղորդել տիպին: Վերջապես, իհարկե, տիպարը եզակի երևույթ չէ մարդկության պատմության մեջ: Որոշակի զուգահեռներ կարելի է գտնել եվրոպական գրականության մեջ, մասնավորապես իսպանական գրականության պիկարոյական վեպի և նովելի ժանրերում: Սկզբունքայինն այն է, որ Պ. Ավետյանի «շուն» սիմվոլ-պատկերը հիմք է բարձր աստիճանի ճշգրտությամբ անցման շրջանի հայ իրականության, սոցիալ-մշակութային փոխակերպումների, մեր կյանքի ողբերգականության մասին խորհելու համար, և իբրև այդպիսին՝ լիովին պահանջված գրական ստեղծագործություն է: Այն կարդալով՝ այլ հայացքով ես նայում երկրիդ, սիրտդ վառվում է, չես ուզում ստրուկ, «շուն» լինել, զգում ես, որ երկրիդ Ոգին քեզ է հրավիրում՝ գորշ օրերով ապրող խեղճին ձեռք մեկնելու, ուժգին տոկալու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։