ԲԱԶՄԱՓՈՐՁ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ / Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Թորոս Թորանյանը ճանաչված, սիրված անուն է ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում: Վերջերս լույս է տեսել նրա «Հուշագրություն» խորագրով արձակ բանաստեղծությունների ժողովածուն՝ նվիրված սիրելի կնոջ՝ Արմիկի հիշատակին:
Փոքրածավալ գիրքն աչքի է ընկնում թեմատիկ բազմազանությամբ, հարուստ ու շռայլ լեզվաոճական տարերքով, նուրբ, սրտառուչ դիտողականությամբ ու խոհականությամբ: Ասվածը հաստատելու համար բավական է հիշատակել «Տարիներ առաջ», «Մեր», «Երգ չմնաց», «Նավակները մեր», «Գարուն», «Մեր լեզուն», «Սերմեր», «Մեծեր», «100- ամեակ», «Մարտակոչ», «Երբ պիտի» ու տասնյակ այլ գործեր, որոնցում բազմափորձ ստեղծագործողը պատանու (այո՛, պատանու) խանդավառությամբ ու հրայրքով է արձագանքում մեր կյանքի հիմնահարցերին, հայրենիքի, բնության հոգսերին ու հրաշալիքներին, պարզ ու անմիջական մարդկանց ապրումներին ու հույզերին…
Բանաստեղծի խոսքը համոզիչ է, հորդոր-խրատը՝ իմաստավորված, հավաստի…
Թորանյանը մի քանի բառով, արտահայտությամբ ստեղծում է վառ ու խոսուն մանրանկարներ, որոնք երկար են մնում ընթերցողի հիշողության մեջ:
Ահա՝ «Տարագիրը» մանրակերտը.

Տարագիր չեղանք՝
Տարագրեցին մեզ,
Բայց տարագրութեան
Մթութիւնն ահեղ՝
Մենք ճեղքել կրցանք
Սարոյեաններով…

Եվս մեկ մեջբերում.

Հողմերը կրնան
Ցրել սերմերը՝
Երբ հողին տրուած
Չե՛ն այդ սերմերը.
Բայց չեն գիտեր թէ՝
Արթուն ու ծաղկուն
Պիտ յաւետ մնան
Մեր հողին դրուած
Մեր տոկալ գիտցող
Անմար սերմերը:

Ահա և՝ միտքս հաստատող մեկ այլ ծաղկաքաղ.
Հայը եղած է, հայը կը մնայ՝ բոլոր դարերու բարդ արարածը. բարդէն կը ծնին երգ ու գիտութիւն, Հորովելներ պերճ ու նաեւ՝ նաեւ
Թումանյանն անհուն իր պարզութեան մեջ, նաև Չարենցը հսկայ, Մեծարենցը գեղգեղուն, Վարուժանը հանճարեղ, եռալեզու Սայաթ-Նովան, Ու Սարեանը վարպետ՝ Այգաբացի պէս անհունը գերողը…
Պոետական խորունկ ապրումներով ու մտածումներով են համակված նաև «Հուշագրություն» ժողովածուի այն քերթվածները, որոնցում հեղինակը մեկ-երկու դիպվածների արծարծումով վերապատմում-վերակերտում է մեր մշակույթի մի շարք մեծերի (Գ. Գուրզադյան, Պ. Սևակ, Զապել Եսայան, Ս. Փարաջանով, Ա. Բաբաջանյան) գողտրիկ դիմանկարները:
Գիրքը եզրափակվում է «Ծաղկաձորյան մրմունջներ» խորագրի տակ ամփոփված 25 իմաստալից քառատողերով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։