ՃԱՆԱՉԵԼ ԵՎ ՃԱՆԱՉԵԼՈՎ ՍԻՐԵԼ. ԴԱ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԻՍ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Եթե մեկ-երկու բառով բնորոշելու լինենք գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի կյանքի նպատակն ու գրական գործունեության գլխավոր ուղղությունը, պետք է արձանագրենք՝ ժողովուրդների բարեկամությունը: Թերևս նաև՝ բարի կամքի դեսպան. կամավոր նախաձեռնությամբ ստանձնած մի առաքելություն, որ նա կատարում է ահա արդեն գրեթե չորս տասնամյակ: Հայտնի է նրա արդյունավետ գործունեությունը հայ-վրացական, հայ-լիտվական, հայ-նորվեգական ազգային, գրական-մշակութային կապերի խթանման, սերտացման և ամրապնդման ուղղությամբ:
Վերջերս լույս տեսած «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» (Եր., 2016) գիրքը (ինչպես հեղինակն է բնորոշում՝ խոհագրությունը) ընթերցողի առջև բացում է նաև հայ-չեչենական դարավոր կապերի ու նորօրյա իրողությունների՝ շատ կողմերով մինչ այժմ, թերևս, շատերի համար անծանոթ պատկերը: Ընդ որում՝ գրքում իրադարձությունները զարգանում են սկսած անցյալ դարի 90-ական թվականների սկզբից, մի շրջան, որը լիտվացի նշանավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը բնորոշում էր որպես «քաղաքական երկրաշարժի» ժամանակ: Գրքի նախաբանում արդեն Ֆ. Բախչինյանը նշում է, որ այն ծնվել է «մտահոգությունից ու տագնապից»՝ նպատակ ունենալով հիշեցնել «Կովկասում ապրող ազգերի ու ազգությունների խաղաղ գոյակցության մեջ յուրաքանչյուրիս պարտքի ու պատասխանատվության չափի մասին՝ Աստվածներից ժառանգություն ստացած այս թագը՝ Կովկասը, միշտ իր բարձրության ու վեհության ապարանքում խաղաղ պահելու ու փայփայելու սրբազան ուխտի հանդեպ»: Քանզի՝ աշխարհի արարման նախասկզբնական ժամանակներում «մարդկային ցեղն ապրում էր միայն մի զգացումով՝ սիրով», և ատելությունը «ավելի ուշ ժամանակների, քաղաքակրթության ծնունդ է, երբ ցեղը տարրալուծվեց ավելի փոքր ցեղախմբերի մեջ»: Տալով Կովկասի առասպելական ծագման, հրաշալի բնության, այնտեղ բնակվող ցեղերի ու ժողովուրդների հաշտ ու խաղաղ գոյակցության, տարբեր կրոնների համակեցության պատմությունը, հեղինակն աստիճանաբար մոտենում է մեր առավել դրամատիկ ժամանակներին, ուր, Խորհրդային Միության փլուզումից հետո, ծագեցին «առաջին ազգամիջյան կոնֆլիկտները», բացվեցին «ամենացավոտ վերքերը»: Հատկանշական է, որ պատումի նման շրջադարձի հետ մեկտեղ, որոշակիորեն փոխվում են նաև գրողի խոսքի տոնայնությունը, լեզուն՝ գրեթե պոետական ոճն ու երանգները փոխարինվում են ավելի կոշտ, կտրուկ, դրամատիկ ու տագնապալի արտահայտություններով: «Այսօր էլ արյուն է հոսում այդ վերքերից,- ցավով արձանագրում է Ֆ. Բախչինյանը,- այսօր էլ եղբայրասպան պատերազմների ու թշնամանքի դժոխքում դեռ ցնցվում է այս հին ու նոր բնօրրանը, պայթող ռումբերի դղրդյունից խաթարվում է ժայռերի ծերպերին բույն դրած արծիվների անդորրը, և անզեն աչքով անգամ նկատելի է, որ նրանց վեհաշուք թռիչքի մեջ տագնապ կա…»: Եվ ծնվում է Հարցը՝ «ո՞վ պետք է կանգնեցնի դարերով փառաբանված կովկասյան բարեկամության ճաք տված պատի փլուզումը…»:
Խոհագրության հաջորդող էջերում ներկայացվում են հեղինակի՝ Չեչնիա կատարած չորս ուղևորությունների «ոդիսականի» մանրամասները, որոնցում հենց իր՝ գրողի, մարդու, հայի կերպարը բացահայտվում է մի շարք՝ նույնիսկ նրան լավ ճանաչողների համար, նոր կողմերով: Առաջին ուղևորությունը 1992-ին էր՝ «Չեչնիայի և առհասարակ Կովկասի համար ամենադրամատիկ դեպքերով հարուստ ժամանակաշրջանում, երբ ազգամիջյան կռիվներն ու հակամարտությունները, տարածքային հարցերի շուրջ ծավալված արյունալի կրքերը հասել էին իրենց գագաթնակետին»: Ամբողջ տարածաշրջանը բռնկված էր ազգամիջյան պատերազմներով (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Չեչնիա…): Ավելորդ է ասել, որ դրանք հայ ժողովրդի համար ևս դժվարագույն ժամանակներ էին՝ անկախության հաստատման, Ղարաբաղյան ազատամարտի՝ պարտությունների, բայց նաև «փառապանծ հաղթանակների» ժամանակը:
Ուրեմն, ո՞րն էր դեպի Չեչնիա գրողի ուղևորության նպատակը: Պարզվում է՝ «տեսնել, թե պատերազմի ճիրաններում ինչպե՞ս է գոյատևում այդ թվով փոքր, բայց աննկուն կամքով փառաբանված ժողովուրդը», և ապա՝ հանդիպել Չեչնիայում ապաստան գտած իր «վաղեմի բարեկամ, Վրաստանի Հանրապետության առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային», ում ճանաչում էր դեռևս 1970 թվականից: Էջմիածնի մշակույթի քոլեջում սովորելու տարիներին իր հիմնած հայ-վրացական բարեկամության ակումբի պատվավոր նախագահ էր ընտրվել Զվիադի հայրը՝ հանրահայտ գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կոնստանտինե Գամսախուրդիան: Վերջինիս հրավերով էլ, լինելով Վարպետի տանը Թբիլիսիում, ծանոթացել ու մտերմացել էր նրա որդու՝ ապագա ճանաչված քաղաքական գործչի հետ: Հետագայում սերտ բարեկամության վերածված այդ ծանոթության, նրանց հանդիպումների նպատակը մեկն էր՝ վերահաս խառնակ ու տագնապալի ժամանակներում «թույլ չտալ հայ-վրացական ցանկացած ընդհարում, հնարավորինս կանխել այն՝ դեռ իր սաղմնավորման փուլում»:
Ընդհանրապես, տարածաշրջանային այդ ուղևորություններն ավելի են ամրապնդել գրողի ձգտումը՝ նվիրվելու Կովկասյան ժողովուրդների պատմական ու մշակութային առնչությունների, բարեկամական կապերի, դրանց արմատների ուսումնասիրությանը, ինչը տարիների հետ նրա համար դարձել է «անչափ հետաքրքրական ու հարազատ թեմա»: Ավելին՝ «ճանաչողական տեսակետից զատ» այդ թեման նրա համար ձեռք է բերել «ավելի խոր՝ հոգեբանական նշանակություն»: Գրողի մեջ գնալով ամրապնդվել է այն հավատը, որ ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի բացահայտումն ու հիշեցումը «գուցե թուլացնի հարվածող կողմի ձեռքի թափը, գուցե նույնիսկ կանխի, օդում թողնի այդ հարվածը…»: Կարևոր է նաև գրողի այն դիտարկումը, որ «ժողովուրդների բազմազգ հայրենիք» համարվող Կովկասում կրոնական զգացումները երբեք չեն հասել մոլեռանդության աստիճանի, ինչպես դա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում կամ Իրաքում»: Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը, նրա համոզմամբ, «Ռուսաստանի դերակատարությունն» է, որը «պարզապես թույլ չի տվել կրոնական զգացումների սաստկացումներ կամ բռնկումներ Կովկասում», նույնիսկ 19-րդ դարի այն շրջանում, երբ մեծ թափ ստացած մահմեդական շարժումը «առաջ քաշեց Հյուսիսային Կովկասում իսլամական պետություն ստեղծելու գաղափարը»: Անկախացումից հետո որոշակի զարթոնք ապրող կրոնական զգացումները ևս չհանգեցրին սուր բախումների, քանի որ, ինչպես հավաստում է գրողը, «Կովկասում կոնֆլիկտները ծագել են և ծագում են զուտ ազգային և տարածքային հողի վրա. կրոնը ածանցյալ, օժանդակ գործոն է»:
Հատկանշական է, որ Զվիադ Գամսախուրդիայի, Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ջոհար Դուդաևի, Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի հետ հանդիպումները տվել են իրենց շոշափելի արդյունքը: Զ.Գամսախուրդիայի օգնությամբ հնարավոր է եղել կարճել 1989 թ. Ախալցիխեի «ժողովուրդների բարեկամության թանգարանի» վերածված հայկական եկեղեցում ապրիլի 24-ի զոհերի ոգեկոչմանը մասնակից 13 հայ ակտիվիստների դատական գործը, Աբասթումանի դպրոցում վերաբացել հայկական բաժնի առաջին դասարանը: Ջ. Դուդաևի և Ա. Աբաշիձեի հրամանագրերով Գրոզնիում և Բաթումիում հայ համայնքին են վերադարձվել տեղի հայկական եկեղեցիները:
Գրքում բազմաթիվ են կովկասյան ժողովուրդների դարավոր առնչությունների գրողական բացահայտումների վկայությունները, որոնց ծնունդն է նաև հեղինակի «Չեչենական օրագիրը»: «Մի քանի տարի ես աշխատեցի հայ-չեչենական կապերի ուսումնասիրության վրա,- խոստովանում է նա: – /…/ Բացահայտումները հետաքրքիր էին ու բազմազան՝ ընդհուպ մինչև այն, որ Չեչնիան առաջին անգամ հիշատակվում է հայ մատենագրության մեջ` դեռևս մ.թ. 7-րդ դարում «Նախճիր» անվամբ: Հիմա միայն չեչեններն են իրենց կոչում նոխճի: Նրանց այբբենարանը կոչվում է Նոխճիմատյան»: Թե որքանով է այս մեկնաբանությունը գիտականորեն ստույգ, հավանաբար, ցույց կտան հետագա ուսումնասիրությունները, մանավանդ որ գրքի վերջում հեղինակը բերում է նաև այդ խնդրի չեչենական նոր բացատրությունները, որոնց հիմքում ընկած է Ղուրանի Նուխ-Նոյ անվանումից բխող ծագումնաբանության մեկնակետը: Սակայն դրանից խնդրի կարևորությունը չի նվազում, քանզի գրողը վկայաբերում է նաև մի շարք գիտնականների (Խ. Ստարոստին, Ի. Ցյակունով, Կ. Բրաուն) ապացուցումները չեչենականի հետ «խեթերի և ուրարտացիների լեզվական ու մարդաբանական մոտիկության» վերաբերյալ: Հայ-չեչենական բարեկամական կապերի կարևոր վկայություններից են այն իրողությունները, որ 1955-ին ստալինյան աքսորից չեչեններին հայրենիք վերադարձնելու գործում մեծ է եղել Անաստաս Միկոյանի դերն ու ջանքը, որ հայերը զգալի մասնակցություն են ունեցել այդ հանրապետության կառուցման աշխատանքներին, որ մեր հայրենակից, հանրահայտ գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայայի մայրը չեչենուհի է եղել:
Պակաս տպավորիչ չեն հայ-աջարական բարեկամության վկայությունները: Ընդգծելով, որ 90-ական թվականների սկզբին տարածաշրջանային բախումներից զերծ մնացած միակ բացառությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետությունն էր, Ֆ. Բախչինյանը նշում է, որ ոչ միայն պատերազմները շրջանցեցին Աջարիան, այլև, ընդհակառակը, հանրապետությունը որոշակի զարգացում ապրեց՝ նվազեց հանցագործության մակարդակը, կառուցվեցին եկեղեցիներ, բացվեցին հոգևոր ճեմարաններ, սկսեցին հրատարակվել հայկական, հունական համայնքային թերթեր… Այսօրվա ընթերցողի համար, թերևս, կարող է զարմանալի թվալ, բայց փաստ է, որ խառնակ այն ժամանակներում Աջարիայում վրացերեն հրատարակվել են «Արևմտահայ պոեզիայի անթոլոգիա», առանձին գրքերով՝ Նազար Բույումի (Ճանճիկյան), Շարլ Ազնավուրի, Սիլվա Կապուտիկյանի, Ռոպեր Հատտեճյանի, Զարեհ Խրախունու, Զահրատի և Հրաչյա Մաթևոսյանի երկերը: Ընդ որում՝ Բույումի և Ազնավուրի ժողովածուների առաջաբանները գրել է հենց Ասլան Աբաշիձեն, իսկ գրքերի տպագրությունները՝ հովանավորել Աջարիայի մշակույթի ֆոնդի նախագահ տիկին Մագուլի Գոգիտիձե-Աբաշիձեն: Հայաստանը, հետագայում, իհարկե, կարողացել է «որոշ չափով վարձահատույց լինել» այդ ամենի համար՝ Երևանում հրատարակելով «Հիշում են հայերը» գիրքը՝ նվիրված անժամանակ կյանքից հեռացած Մագուլի Աբաշիձեի հիշատակին, և «Աջարիայի Ոսկեդարը» ստվարածավալ ժողովածուն՝ նվիրված Ասլան Աբաշիձեին: Վերջինս արժանացել է նաև ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման:
Չեչենական այցերը, սակայն, գրողի առաքելությամբ ու իր խառնվածքով խաղաղասեր, մինչ այդ միայն կինոնկարներում զենք տեսած մտավորականի համար, շատ ավելի դրամատիկ ընթացք են ունեցել: «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին», 1998-ի չափազանց բարդ իրավիճակում չորրորդ անգամ մեկնելով Չեչնիա, նա հայտնվում է «Կովկասում բռնկված պատերազմի բուն էպիկենտրոնում»: Ավելին՝ ամենաիսկական գերության մեջ՝ չեչեն գրոհայինների ձեռքում: Վերջիններս իրենց տարածք «ներխուժած» կասկածյալներին՝ գրքի հեղինակին ու նրա փեսային, պատանդ են վերցնում՝ խոստանալով ազատ արձակել որոշակի փրկագնի (ավելի ուշ պարզվում է՝ 80 հազար դոլարի) դիմաց: Այնտեղ գերյալները մնացել են 29 օր (1998 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 14-ը): Օտար որևէ ուժի կողմից ուղարկված չլինելու, կասկածելի նպատակներ չունենալու միակ ապացույցը` «ինքնապաշտպանական փաստարկը», Ֆ. Բախչինյանի «Չեչենական օրագիրն» էր, որը, սակայն, անուշադրության է մատնվում: Դրությունը գնալով օրհասական է դառնում, քանզի՝ «Եթե գիրքը չփրկեց, ուրեմն՝ ոչինչ չի փրկի»…
Գերության մեկամսյա շրջանում կրած դժվարությունների, հույսի և հուսահատության պահերի նկարագրությունները գրքի ամենատպավորիչ էջերից են: Հոգեկան տառապալից ապրումներն ուղեկցվում են կյանքի իմաստի, ազգային արժեքների, մարդու անհատական ճակատագրի ու գոյության նպատակների շուրջ իմաստասիրական խոհերով: «Չեչենական անտառի մթին ու խորին խորքերում» պատմության հեղինակի մեջ վերազարթնում է հնամենի ժամանակների մարդուն ներհատուկ «սքանչելի ոգին», որը մարդկանց շրջապատում «վախ չունի, որովհետև վախենում են թշնամուց, իսկ նա թշնամի չի ճանաչում, մարդուն չի համարում մարդու թշնամի»: Նա դժվարանում է նույնիսկ անուն տալ այդ զգացողությանը՝ մարդասիրությո՞ւն, ինտերնացիոնալի՞զմ, պացիֆի՞զմ… Բայց մի բան, կարծես, աներկբա պարզվում է նրա համար՝ որ դա ոչ այլ ինչ է, քան վերադարձ «դեպի մարդկային ցեղի անցյալ, դեպի ցեղի ոգու մաքրամաքուր ակունք, դեպի տիեզերք»: Ահա թե ինչու, զարմանալիորեն նա ատելություն կամ թշնամանք չի տածում իրեն գերեվարածների նկատմամբ, ավելին՝ տագնապում ու վախենում է արդեն ոչ թե իր, այլ հենց նրանց ճակատագրի համար, քանզի նրանք ճիշտ իր տղայի տարիքին էին «և իրենց՝ մեկ անգամ տրված կյանքը դրել էին հայրենիքի զոհասեղանին»: Եվ դեռ օդում կախված էր մնում հարցը, թե «ի՞նչ էր լինելու նրանց հետ, եթե անգամ վերջանար այդ անիմաստ ու անհեթեթ պատերազմը»… Ըստ էության, սա նաև մեզ՝ արցախյան ազատամարտի բովով անցած հայերիս համար միանգամայն ըմբռնելի ու ցավոտ, այն գլխավոր ասելիքն է, որից հետո, ինչպես խոստովանում է հեղինակը, «եթե հենց այստեղ ընթերցողը փակի գիրքը և վայր դնի, նա արդեն հասցրած կլինի հասկանալ ամենակարևորը»: Մնացյալը «բնության այդ ազատ զավակների լեգենդի», ռուս-չեչենական պատերազմ անունը կրող «զարհուրելի առասպելի» պատմությունն է: Գրողը հոգեբանական նուրբ անցումներով ցույց է տալիս ազգային, քաղաքական, տարածաշրջանային գլոբալ խնդիրների խորքային անդրադարձները անհատների ճակատագրերում՝ իրադարձությունների մեծ շրջապտույտում հայտնված մարդկանց կյանքի պոեզիան ու ողբերգությունը: Պատումի ընթացքում աստիճանաբար բացահայտվում է բուն ճշմարտությունը պատանդառու «չեչեն գրոհայինների» մասին: Հասկանալի է դառնում, որ «դա վերևից կառավարվող ինչ-որ ռազմական խմբավորում էր կամ դրա մի մաս և ոչ թե ավազակային բանդա», բայց «օդում կախված մեծ անորոշությունը», որ չէին կարողանում թաքցնել, մատնում էր նրանց շփոթվածությունը: Եվ հենց այն, որ գրողը հասկանում էր դա, դուռ է բացում փոխադարձ ըմբռնողության համար, և «այդ լուռ ու անբառ դաշինքը» նույնիսկ մտերմացնում է նրանց:
Ի վերջո, հենց այդ փոխադարձ ճանաչողությունն ու վստահությունն է ստիպում չեչենական խմբի հրամանատարին (ով, ի դեպ, «գրագետ էր, համաշխարհային, հայոց պատմություն գիտեր…»), վտանգելով իրեն ու ընկերներին, «ներքին կարգով»՝ այսպես կոչված, «գրոհի իմիտացիա» կազմակերպելով, ազատ արձակել հայ պատանդներին: Այսքանից հետո, անշուշտ, կարևոր է գրողի խոհը այն մասին, թե «Ռազմաճակատային իրավիճակներն անկանխատեսելիության դասեր առնելու մեծ դպրոց են, որտեղ սովորում են պատերազմին հընթացս»: Փոխըմբռնման դասերից մեկն էլ հարևան ժողովրդի ազգային խառնվածքի ու սովորությունների ճանաչողությունն է: Ինչպես, օրինակ, «չեչենաբար՝ սիրտ սրտի հպելով» ողջագուրվելը, որով կողմերը «դառնում են բարեկամներ»: Կամ՝ իրենց ազատ արձակելու համար չեչենները չեն թողնում նույնիսկ շնորհակալություն հայտնել իրենց, քանի որ, ըստ հրամանատարի՝ «շնորհակալությունն արժեզրկում է արածի իմաստը…»:
Ֆ.Բախչինյանի գրքում նկարագրված իրողություններն ու մարդիկ՝ գրողական աչքի ու մտքի շնորհիվ, վերածվում են լիարժեք, տիպական կերպարների: Բնորոշ է, օրինակ, օտարներից և հատկապես յուրայիններից լքված Զվիադ Գամսախուրդիայի ներքին ապրումների նկարագրությունը՝ «Նա տառապում էր՝ անձայն, գաղտնի և զուսպ: /…/ Նա քաջություն ունեցավ այդ պարտությունը, այդ անկումը տանել վեհ ու հպարտ, և, որ ամենակարևորն է, անարյուն: Սքանչելի հաղթանակ, որը հասկացան միայն քչերը, և՝ շատ ուշ»: Հավաստի ու իրապաշտական են պատմության հեղինակի՝ գերության մեջ ունեցած զգացողությունները. մանկության հուշերի, մոր, պատանեկության շրջանում սիրած աղջկա, տեսիլների մեջ հայտնվող երեքամյա որդու և թոռան կերպարների միջոցով գրողը գալիս է այն համոզման, որ «երբ վտանգի պահին հարազատ մարդիկ մեր կողքին չեն, չի նշանակում, որ նրանք չեն զգում վտանգը: Նրանք հայտնվում են մեր տեսիլների կամ երազների մեջ՝ դրանով իսկ պաշտպանելով վերահաս վտանգից կամ զգուշացնելով այդ մասին»: Ի վերջո, այդ ամենը գրողի կյանքում արտապատկերվում է որպես մի «ներքին շրջաբաժանում՝ /…/ Չեչնիայից առաջ և Չեչնիայից հետո», «քարտեզի վրա արված սահմանագիծ», որը նա ապրում է որպես «ամենաբարդ ու ամենամեծ ցնցում»…
Խոհագրության ավարտական էջերը ներծծված են աշխարհի, ազգերի ու անհատների ներկայի ու ապագայի շուրջ մտորումներով: «Անծայրածիր ու հզոր Ռուսաստանի համար չեչենական կռիվը «կատվի խաղն է՝ մկան հետ,- գրում է հեղինակը,- /…/ Իսկ չեչեննե՞րը, այդ փոքր, կախյալ, բայց ազատասեր ու ըմբոստ ժողովո՞ւրդը… Նա հավատում է իր պայքարին, նա կռվում է իր անկախության համար ու ոչնչանում, ցրվում աշխարհով մեկ: Ի՞նչ է լինելու…»: Ահա, թվում է շատերի համար անպատասխան մի հարց, որի առջև գրողը ևս պատրաստ է «վայր դնել գրիչը»: Այնուամենայնիվ, փորձում է ինչ-որ ելքեր գտնել, դեղատոմսեր առաջարկել և դրանցից ամենաիրատեսականը, ըստ նրա, հենց այն է, որ «պետք է սկսել ամենապարզ ու հասարակ բաներից՝ միմյանց լավ կողմերը ճանաչելուց»: Նա զարմանալի է համարում այն իրողությունը, որ «ապրելով այս փոքրիկ տարածաշրջանում, մենք ՝ կովկասյան ժողովուրդներս, շատ վատ գիտենք իրար»: Օդում կախված թողնելով «Տեսնես ինչո՞ւ» հարցը, գրողը պատգամ է հղում ամենքին՝ «Կովկասի և Չեչնիայի մասին այս համառոտ ակնարկը թող դառնա իբրև սկիզբ՝ միմյանց ավելի լավ ճանաչելու և ճանաչելով սիրելու անհրաժեշտ քայլի համար: Դա պետք է բոլորիս»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։