Հրաչ Մաթևոսյանին մենք կորցրինք մեկ տարի առաջ, բայց ամեն անգամ գտնելու ենք նրան, բացահայտելու ենք, համոզվելու ենք, որ նա չասաց այն ամենը, ինչ ուզում էր…Այս առումով խիղճը հանգիստ չգնաց: Շատ բաներ տարավ իր հետ, բայց նա իր օրով էր արդեն դարձել մեր ներքին ձայնի խոսափողը, և դա կմնա մեր գրականության, մեր պատմության մեջ, էլ չեմ ասում մեր՝ իր ընկերների հոգու մեջ:
Հատկապես բարիկադների վրա էր իր անկախացած Հայրենիքում: Սովետների օրով ձիու թամբին ամուր նստած գրողը անկախությունից պահանջում էր այն, ինչ չէինք ունեցել ու չէինք երազել նախկինում: Եվ Հրաչօն պահանջում, պարտադրում, խարազանում, ամոթահար էր անում, եթե ամոթ ունենային… Ընկճվո՞ւմ էր: Ընկճվում էր, ինչպես բոլորս, երբ հերթական անգամ հուսախաբ են անում մեզ նման լավատեսներին: Բայց մենք Հրաչօյի օրինակով հույսեր ենք պեղում մեր այլ ընդերքներից, որոնց տեղերը դեռ չգիտեն ու չեն էլ իմանա մեզ խաբողները: Հրաչօյի անկախացած գրքերից ամեն մեկը կարծես աֆորիզմների շտեմարան լինի: Նա ինքը ծիծաղեց իր հիվանդության վրա. «Ինչ էլ անես, իմն եմ անելու,-ասում էր նա իր քաղաքացիական պահվածքով,- մի՛ փորձիր ինձ ծնկի բերել»: Կարողացավ խտացնել իր ասելիքը՝ գեղարվեստի վերածեց իր սրտի մամլիչով սեղմած մտքերը, որ ախտորոշումներ էին, մնում էր ճիշտ բուժումները գտնելը:
«Հարկավոր է, որ մենք ազատության պոզերից բռնենք, որ այլևս պոչը չթողնի մեր ձեռում ու փախչի»: «Մենք որտեղի՞ց իմանանք, օրինակ, թե ինչը ոնց կամ ոնցը ինչ են անում ընտրությունների ժամանակ, որ կեղծիքներ չեն թույլ տալիս: Օրինակ, մեզ շատ պիտի հուզի այս հարցը, թե ի՞նչ է պատահել մարդկանց, խելքները գուցե ե՞տ են տվել, որ կեղծիքներ չեն անում: Կեղծիքը երբեմն վեր է ածվում անկեղծության դաշտի»: Ասե՛ք խնդրեմ, երբևէ այնքան անկեղծ եղե՞լ էր մեր ընտրությունների կեղծիքը, քան այս տարի:
Սա, Հրաչօ՛ ջան, ի՜նչ քեզ հատուկ սարկազմով կհամեմեիր այսօր, երբ երեկ այսքան լավ էիր գրել:
«Գալիս են խրատ տալու (այսքան միջազգային դիտորդներն էլ այս տարի «մի քայլ առաջի» ռեկվիզիտից էին), բան սովորեցնելու, բայց մեզնից են սովորում, ամենակարևորը՝ ինչպե՞ս կեղծել ընտրությունների ժամանակ: Դա շատ կարևոր է քաղաքակիրթ երկրների պատմության համար… Մեզ դաս տվողները շատ դասեր ունեն քաղելու Հայաստանից: Ամեն հարցում: Թող հասկանան, որ ընտրությունները լոբի ցանել չէ, որ ցանեն, հավաքեն ու ուղարկեն, ողողեն աշխարհը»:
Ի՜նչ ժամանակին է հնչում այսօր 70 թ. ողբերգական մահով իր զարմանալի կյանքն ավարտած Վովա փղի մասին գրած էսսեն.«Դու ո՞վ ես, ա՛յ փիղ, որ փորձում ես»…
«Կենդանի վերցնել»… «Կրակ…Հարված… Կրակահարված….Կրակահերթ»…«Ո՛չ, կենդանի վերցնել: Հրամայված է»…«Խփել ոտքերին: Թող տապալվի»: «Թող տանկը բարձրանա վրան»… Տապալվեցիր, իմ սիրելի փիղ: Տանկը բարձրացավ քո ազատարար մարմնի վրա: Դու արտաշնչում ես, տանկը բարձրանում է: Դու ներշնչում ես՝ տանկը իջնում է»… «-Ես զոհվեցի, տղերք, որ դուք չզոհվեք: Ձեզ պահեք: Ամուր պահեք ձեր վանդակը և մի՛ թողեք, որ էնտեղ ներխուժեն ուրիշ գազաններ»… Իմ սիրելի Վովա փիղ: Երանի բոլորս քեզ նման մի քիչ մարդ լինեինք»… «Իհարկե հեղինակին չի հաջողվել կերտել իսկական մարտնչող փղի կերպարը. երբ բոլորը քնած էին ճահճացման ժամանակների քնաբեր անկողիններում, ոտքի ելավ փիղը՝ նախապես լուսավորելով հետագա սերունդների ճանապարհը»…
Եվ էլի դու էիր, Հրաչօ ջան, որ զանգերը հնչեցնելուց հետո խոսքդ ավարտում էիր «Պինդ կաց»-ով… Դե, մենք էլ էսպես…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Զարմանալի Հրաչօն
Հրաչօն, բացի տաղանդավոր գրող լինելուց, նաև բազմակողմանի բարեմասնություններով օժտված մարդ էր, իսկական պարզ ու շիտակ լոռեցի: Բայց ինձ համար նաև լավ ընկեր էր` շտապօգնություն: Ինքը նույնպես իմ մեջ լավ գծեր էր հայտնաբերել, բայց ամենից բարձր էր դասում մասնակցությունն արցախյան ազատամարտին: Երբ 93-ին հերթական անգամ վերադարձա Արցախից, զանգահարեց, եկավ և ասաց, որ ուզում է իմ մասին ակնարկ գրել: Նստեցինք, խոսեցինք, կատակեցինք և իր անգերազանցելի հումորով էլ գերեց. «Գրող Հովիկ Վարդումյանը Արցախից վերադարձել է մեծ ռազմավարով: Արցախի անտառներից հինգ հատ բուրդ չփխելու ճիպոտ է բերել»:
Հումորը հումոր, բայց նվիրական ընկեր էր, գթառատ, միշտ պատրաստ հասնելու, ինչ-որ բանով թեթևացնելու ընկերոջ հոգսը:
Այն մութ ու ցուրտ օրերին նաև ապրուստի միջոց չկար: Գնացել էի գյուղ` մորս տեսության, իսկ վերադառնալիս համարյա իմ ուժերից վեր բեռ էի շալակել: Գնացքից իջա, մի կերպ քարշ տվեցի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան, դուրս եկա «Բարեկամություն» կայարանում: Բայց ամենադժվարը նոր էր սկսվում: Պետք է այդ ամենը շալակած հասցնեի Աջափնյակի Շինարարների փողոցի իմ բնակարան: Ուսապարկը շալակեցի, պայուսակը բռնեցի մի ձեռքով, պարկը` մյուս, սկսեցի դանդաղ քայլել…
Հանկարծ, անսպասելի մի ձայն լսեցի. «Վա~յ, քոռանան իմ աչքերը…»: Ձայնից ճանաչեցի` Հրաչօյի հումորն էր: Մոտեցավ, պարկը զոռով խլեց ձեռքիցս, շալակեց ու առաջ ընկավ: Ես, իհարկե, շատ վատ զգացի, սկսեցի համոզել, խնդրել, որ ցած դնի, ասացի, որ դա ինձ համար հեչ բան է, բայց ոչինչ չօգնեց:
Ճանապարհ ընկանք: Գնում էինք կատակելով ու ծիծաղելով: Մտքիս դրել էի` երբ հասնենք տուն, մի լավ սեղան գցել տամ, Լոռվա հոնի օղին դնեմ մեջտեղում…
Սակայն ինչ արինք-չարինք, չսպասեց: Ասաց, որ գնում է Հանրապետական հիվանդանոց, ուշանում է: Ոտի վրա մի-մի բաժակ խմեցինք, մի պատառ արավ, ու` «Ես գնամ»: Ասել էի, որ մի տոպրակում գյուղից բերած մթերքից դնեն: Չէ՛ ու չէ՛, չվերցրեց.
– Այտա՛, ամոթ ա, բժշկի մոտ եմ գնում, ձեռքիս ո՞նց տանեմ…
Պատճառ բռնեց, որ չվերցնի: Բոլորս էլ այդ տարիներին աղքատ էինք: Այդպես կաներ միայն իսկական ընկերը: Չնայած բժշկի հետ պայմանավորվել էր և ուշանում էր, բայց այդ երկար ճանապարհն անցավ` ծանր պարկը շալակած, և դեռ կատակում էր:
Հրաչօն իմ սրտում է, ինչպես Հրանտ Մաթևոսյանը: Եվ ես ինձ հարուստ եմ զգում երկու մեծերի հետ ունեցած իմ ընկերությամբ:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
***
Ապրիլի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հրաչյա Մաթևոսյանին համարելով ժողովրդական կենսափիլիսոփայություն կրող մարդ, նրա արձակը բնութագրեց իբրև բարի, ժողովրդական մտածողությամբ, բանահյուսական ակունքներին միտված, նաև Լոռվա աշխարհի նիստուկացի նկատմամբ մի այլ հայացքով գրված գրականություն: Անդրադառնալով Հրաչօյի մարդկային կերպարին՝ հիշեց, որ նա իր պարտքն էր համարում մասնակցել յուրաքանչյուր ընկերոջ, գրողի, մտերիմին նվիրված գրական հանդիսությանը և իր խոսքը ասել: «Մեր գրական ընթացքի մշտական ոգևորողն էր»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Գրողն այնքան տարիք ունի, որքան իր գրվածքներով կմնա մեր հիշողության մեջ»:
Պետրոս Դեմիրճյանը ընդգծեց նրա սրտացավ վերաբերմունքը ժողովրդի հրատապ խնդիրների հանդեպ՝ որպես հրապարակախոս և արձակագիր: «Ամեն ինչ ապրում էր սրտով, հոգով և այդպես էլ կարողանում էր արտահայտել: Նրա սստեղծած գործերը կդառնան մեր ժողովրդի, գրականության պատմության մի մասը»,- վստահեցրեց Պ. Դեմիրճյանը:
Աելիտա Դոլուխանյանը նշեց, որ Հրաչյա Մաթևոսյանի գրականությունն ամբողջությամբ արտացոլում էր 1990- 2016 թթ. ընկած մեր կյանքը, իսկ նրա արձակը բնորոշեց իբրև ռեալիստական անվախ արձակ: «Ծմակուտում ծնված այդ երկու գրողները՝ Հրանտ և Հրաչյա Մաթևոսյանները, մեր գրականությանը, բերեցին մեծ, հոգևոր հարստություն»,- ամփոփեց Ա. Դոլուխանյանը:
«Հրաչօյի ողջ կյանքը եղել է մեր ժողովրդին իսկապես ծառայելու, գրական-մշակութային առողջ մթնոլորտ ստեղծելու, գեղարվեստական վերընթաց ճանապարհով գնալու օրինակ»,- ասաց Արևշատ Ավագյանը:
Կլարա Թերզյանը Հրաչօյին բնութագրեց իբրև հրաշալի գրող, հրաշալի մարդ, հրաշալի մտածող, միաժամանակ մեծ երեխա և փիլիսոփա:
Ըստ Վազգեն Գաբրիելյանի՝ Հ. Մաթևոսյանի գրականությունը, ըստ էության, ակնարկից գնաց դեպի գեղարվեստական գրականություն՝ միաձուլելով իրականությունն ու գեղարվեստականությունը:
Կորյուն Առաքելյանի հավաստմամբ՝ Հրաչօն ինչպես մտածում էր, այնպես էլ ստեղծագործում էր, և նրա ակնարկները գրական լուրջ ստեղծագործություններ էին:
«Այդքան անափ բարի, հասկացող, ներող, մարդկային վերաբերմունք ունենալով մարդ արարածի նկատմամբ, երբ տեղափոխվում էր հրապարակախոսության դաշտ, դառնում էր անզիջում ու սկզբունքային՝ մեծ ցավով, պատասխանատվությամբ գրելով իր երկրի և երկրի ցավի մասին: Նրա բարությունը ուշադրություն էր մարդու նկատմամբ»,- ասաց Կարինե Խոդիկյանը:
Ալիս Հովհաննիսյանի կարծիքով` Հրաչյա Մաթևոսյանի, ինչպես նաև Սասուն Թորոսյանի, Գրիգոր Ջանիկյանի, Մարգո Ղուկասյանի դասերը որպես ձեռնարկ, դասընթաց պետք է դասավանդել ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «Հրաչօյի լեզուն չնաշխարհիկ լեզու է, նա կարողացավ իր խոսքն այնպես մատուցել, որ այդ լեզվի մեջ զգում ենք Ահնիձորի բոլոր սարերը, կածանները»,- ասաց Ալիս Հովհաննիսյանը:
«Ոչ միայն ինքն էր համարձակ, այլև մեզ էր այդ պատասխանատվությունը ներարկում, որ մենք էլ լինենք համարձակ ու չհանդուրժող վատի նկատմամբ»,- նկատեց Կարինե Ռաֆայելյանը:
«Հրաչօն գուցե շատ մեծ ծավալի գործեր չի գրել, բայց իր փոքրիկ ակնարկում անգամ ավելի դիպուկ, խորը մտքեր կան, որ այսօր էլ ստիպում են մտածել, խորհել և լինել քաղաքացի, ինչպիսին ինքն էր»,- նշեց «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ Հրաչյա Մաթևոսյանը երբեք իր տեսակը դավող չէր:
Ելույթ ունեցան նաև Թորոս Թորանյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Գառնիկ Շախկյանը, Արտաշես Արամը, Դավիթ Մաթևոսյանը և ուրիշներ, Գայանե Սամվելյանն ընթերցեց հատվածներ Հրաչօյի ստեղծագործություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ