Պոեզիայի փառատոնի խաղաղարար ղողանջները հարատևում են

Դանիել-ԵրաժիշտԴանիել ԵՐԱԺԻՇՏ

Ավարտվեց Պոեզիայի միջազգային փառատոնը: Երևանում այն անցկացվում էր առաջին անգամ: Անցյալ տարի նման փառատոն տեղի էր ունեցել Արցախում: Ըստ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի` փառատոնը «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» տարվա շրջանակի եզրափակիչ ակորդն էր: Այդ պատկառելի ֆորումի բնաբանն էր «Ի սկզբանէ էր Բանն»: Այն մի «ուխտագնացություն» էր պոեզիայի բնօրրան. դեռ Օսիպ Մանդելշտամն էր ասում, որ «Հայաստանի հրաշագեղ հողի մատյանով կրթվել են առաջին մարդիկ»:
Փառատոնին մասնակցում էր ավելի քան 50 պատվիրակ մոտ 30 երկրից, այդ թվում նաև` սփյուռքահայ պոետներ: Եվ պոետներից յուրաքանչյուրը եկել էր իր երգով, ավետիսով, ցավով ու հույզով:
Վաղուց ի վեր Հայաստանը «ավետյաց երկիր» է եղել արվեստագետների, ճանապարհորդների, այլազգի մտավորականների համար: Շատերը ցանկացել են ոչ միայն տեսնել բիբլիական Արարատը, այլև երազել են ապրել Հայաստանում, ապրել Հայաստանով: Մերօրյա արտագաղթի պայմաններում ո՞վ կհավատար, որ դեռ հին հռոմեացի պոետ Ալբիոս Տիբուլլոսը երազում էր ապրել մեր երկրում: Էլեգիաներից մեկում նա գովերգել է խաղողը, խնձորը, ցորենը ու գրել. «Երազներն իմ, ավաղ, քամիները տարածում են բուրումնավետ Հայաստանով մեկ»…
Իսկ 12-րդ դարի պարսիկ պոետ Խաքանիին հաջողվել է որոշ ժամանակ ապրել Հայաստանում: Նա գրել է. «Իմ Շիրվանից երբ որ եկա Հայոց հողը բարեբեր, ամեն մի հայ հյուրասեր էր ու բարության տեսք ուներ»…
Երբեմնի դրախտավայր երկիրը այսպես է տեսել 20-րդ դարում Օսիպ Մանդելշտամը.

Երկիր ներկագույն հրդեհների ու
Մեռյալ դաշտերի կավագործական,
Քար ու կրի մեջ դու շիկամորուս
Սարդարներին ես դիմացել անգամ:

Մեկ այլ տեղ գրում է. «Ախ, Երևան, Երևան… Բաբելոններն եմ սիրում փողոցներիդ ծուռումուռ ու մեծբերան», «Ոռնացող քարերի պետություն-Հայաստան, Հայաստան»…
Պոետը ցավով է նշում, որ այս նվիրական երկիրն էլ է սողոսկել չարը. «… բայց դեռ շատ պիտի հավաքենք դագաղ, մենք, սունկ հավաքող մի գեղջկուհու պես… Մարդ էինք կոչվում` դարձանք թափ­թփուկ»:
Սա ասվել է 1930 թվականին:
Տիբուլլոսից հետո, 2000 տարի անց, մեր բանաստեղծուհին պիտի հեգներ, թե «Կիրակի օրերը Հայաստանից սխտորի հոտ է փչում»: Անշուշտ, «բուրումնավետ Հայաստան» ասելով, հռոմեացի պոետը ուրիշ բան նկատի ուներ, իսկ մեր Սիլվա Կապուտիկյանը նշում էր խաշի «սրբազան» ծեսը: Ինչպես ասում են` օ, ժամանակնե՛ր, օ, բարքե՛ր:
Շատ ավանդույթներ են խախտվել մեզանում, և ամենացավալին` մեր լեզուն, մեր խոսքը:
Նկատի ունենալով ոսկեղենիկ հայերենի սրբությունը, հզորու­թյունը, նույն Մանդելշտամը ասում էր. «Մենք հայերենով խոսելու արժանի չենք» (О. Мандельштам, Стихотворения, проза, Е., 1989, стр. 34):
Այսօր մեր լեզուն աղավաղող ԶԼՄ-ներին, շոու-բիզնեսի երգավաճառներին, սերիալագործներին, հակամշակույթի գործակալներին պոետը կասեր. «Դուք արժանի չեք հայերենով խոսելու»… Լատիշ պոետ Յանիս Ռայնիսը ասում էր. «Եթե ցավդ ուզում ես թեթևացնել, վերցրու քո վրա նաև մարդկության ցավը»: Այդպես էր վարվել և փառատոնի պատվիրակ Ելենա Տամբովցևա-Շիրոկովան: «Ցավդ տանեմ» քերթվածում նա գրում է. «Ես թողել եմ սիրտս Հայոց լեռներում, այնտեղ, ուր Արցախն իր ցավն է պահում… Ցավդ տանեմ, Արցա՛խ, ցավդ տանեմ»: Ելենային ասես արձագանքում է Լյուբիցա Միլետիչը Սերբիայից. «…Ասացիր` հիշիր, ինչ որ կտեսնես Հայոց հնամյա վիրավոր հողում… Ասացիր` ճչա Եղեռնի մասին և ասա, որ այն անվիճելի է, /Ինչպես տառապյալ Յասենովացը, Կոսովոն, Բոսնիան»: Իսկ սա Ալան Ուայթհորնն է Կանադայից. «…Մի աղետալի իրադարձություն… Մի ազգ՝ գրեթե բնաջնջված… Մի կերպ ազգը գոյատևեց, մի գերդաստան նոր բողբոջ տվեց»… Ահա և մեր հայրենակից Յարվարդը Սիրիայից: Պարզվում է, որ պոեզիան էլ իր թեժ կետն ունի: Ահավասիկ. «Կէսգիշերին դուռը բացի, Կաղանդ պապն էր պաղ ու մերկ… Զինյալները առեր էին ամեն ինչ… Մտիր կենացը խմենք – ըսի – Հալէպի հիշատակին այս գիշեր – Տունէս միայն դուռն էր մնացեր»: Ի դեպ, այսօր էլ Սիրիայում շարունակվում են մարտերը` մարդկանց ու … մարդկանց միջև…
Գերմանացի փիլիսոփա Յոհան Հերդերը համայն մարդկությունը դիտում էր որպես «…մի մեծ տավիղ մեծ վարպետի ձեռքում, և յուրաքանչյուր ժողովուրդ նրան թվում էր այդ վիթխարի տավիղի լարված մի լար: Եվ նա ըմբռնում էր տարբեր հնչյունների համապարփակ ներդաշնակությունը»,- գրել է Հայնրիխ Հայնեն (Л.М. Кессель, Гете и «Западно–восточный диванե, М., 1973, стр. 27):
Եվ այդ բազմաձայն տավիղը շարունակում էր ղողանջել պոեզիայի երևանյան փառատոնին: Որքան էլ բազմալեզու և բազմազան հնչեր այն, ընդհանուր տոնայնությունը նույնն էր, պատկերավոր ասած` «լա մինոր», որում կա և՛ թախիծ, և՛ ցավ, և՛ հույս: Նույն տոնայնությունում է հնչում Էդուրդաս Մեժելայտիսի «Լա մինոր» բանաստեղծությունը: Ժամանակին լիտվացի պոետը այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. «Հուշարձանի մոտ ահա քարացել, հոգուս սպիտակ վարդերն եմ բացել:/ Ապրիլի 24, ողբալի դու օր, հոգուս ջութակն է լալիս լա մինոր»:
Փառատոնի հյուրերը ևս այցելեցին հուշահամալիր, ուր տեղի ունեցավ նաև Հիշատակի ծառատունկ: Պոեզիայի խաղաղության տոնը վկայեց, որ երգը, քնարը ավելի զորեղ են, քան որևէ յաթաղան կամ թնդանոթ: Ավետարանն ասում է. «Երանի՛ խաղաղարարներին»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։