Գագիկ ԴԱՎԹՅԱՆ / Իրավիճակի թելադրանքով

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ

Գրականության համար աննպաստ ժամանակներ ենք ապրում: Աննախադեպ աննպաստ: Մի տեսակ ընտելացել ենք այն իրողությանը, որ գրողի գործը աշխատանք չի համարվում՝ դրանից ածանցվող սոցիալական բաղադրիչներով: Հիմա էլ, ահա արդեն որերորդ ամիսն է, փորձում եմ գլուխ հանել Մշակույթի նախարարության գրահրատարակչական նոր քաղաքականությունից՝ բան չի ստացվում: Այն կարծիքին չեմ, թե գրական հարցերը չեն մտահոգում մեր նոր նախարարին, ում նշանակումը, շատերի հետ, ողջունեցինք նաև մենք: Ճիշտ հակառակը: Խնդիրը, իմ պատկերացմամբ, պետական սուղ միջոցները արդյունավետ օգտագործելու մեջ է: Մինչդեռ գրական խնդիրների լուծումներ են փնտրվում, մոդելներ են քննարկվում առանց գրողների ձայնը լսելու:
Այո՛, գրական դաշտը խեղդվում է «մոլախոտի» առատությունից: Եվ դրա համար պարարտ հող միշտ է եղել: Եղել է 100 տարի առաջ և լինելու է 100 տարի հետո: Լինելու է, որովհետև գրամոլություն կոչվող հիվանդության դեմ, «քաղհանից» բացի, ուրիշ դեղ ու ճար չկա: Բայց, ահա, այն տպավորությունն է, թե «քաղհան անող» զգուշավոր ու հոգատար մատների փոխարեն ասպարեզ է նետվել նորին մեծություն «գերանդին», որ սպառնում է ամայացնել գրական դաշտը:
Շատ կուզենայի, որ չափազանցված լիներ իմ այս տպավորությունը, բայց ահավասիկ առաջին գործնական քայլը. 2017-ի գրահրատարակչական ծրագրում, որքան գիտեմ, ապրող որևէ, քիչ թե շատ հայտնի, գրողի անուն չկա: Կարիք կա՞ ասելու, որ այսպիսի վերաբերմունքը խորացնում է չընթերցող խավի մեջ տարածված արատավոր այն մտայնությունը, թե մենք ժամանակակից գրականություն չունենք:
Ստեղծված իրավիճակն է, որ թելադրում է դեմքով շրջվել դեպի բարերարները, ինչպես այն խավար ժամանակներում, երբ պետություն չունեինք, բայց, փառք Աստծու, կային պայծառ մեկենասներ, առանց որոնց չէինք ունենա գրական այն արժեքները, որ մարդուն մարդ են դարձրել, մղել մեծագործությունների և սխրանքների: Այն արժեքները, որ բարձր են պահում մեր գլուխները քաղաքակիրթ աշխարհում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։