Հատված «Կանթեղ» վեպից

Հովիկ-ՎարդումյանՄինչև մայիսի յոթը փոփոխական հաջողությամբ մարտեր էին ընթանում: Ան­ընդհատ հրետածությունից զոհեր և վիրավորներ կային: Թեժ մարտեր էին բռնկվում հատկապես կենտրոնում, որտեղ մի քանի անգամ դիրքերը թողնելով և ետ գրավելով՝ թուրքերին կատաղության էին հասցրել: Նրանք արդեն մեծ ուժեր էին կենտրոնացրել և կենտրոնի թույլ դիմադրությունից ոգևորված՝ աշխատում էին ճեղքել պաշտպանու­թյունը, մտնել Ստեփանակերտ:
Մայիսի յոթին հսկայական ուժերով հարձակման անցան: Արսենն անհանգստացած էր: Անցած երեք օրվա ընթացքում զգալի կորուստներ էին կրել, ուժերը բավարար չէին նման հուժկու գրոհը ետ մղելու համար: Դեռ կեսօրից առաջ ստիպված թողեցին առաջին գիծը: Մինչև այդ պահը մի քանի անգամ դուրս էին եկել առաջին գծից, բայց դա ռազմական խորամանկություն էր: Սակայն այս անգամ թուրքերի ճնշմանը պարզապես չկարողացան դիմանալ: Հապճեպորեն տեղափոխվեցին պահեստային ամրությունների մեջ և սկսեցին կրակով փակել առաջացող թուրքերի ճանապարհը: Իսկ թուրքերը, ոգևորված գրոհի հաջողությունից, համառորեն, օգտագործելով բնական դիրքերը, առաջ էին մղվում: Նույնիսկ Աֆղանստանում դաժան կռիվների միջով անցած Արսենի ներսում անհանգստություն առաջացավ: Պատասխանատվությունը չափազանց մեծ էր. թիկունքում Ստեփանակերտն էր, առջևում՝ ռազմագործողության հաջողությունը: Ինքը պատրաստ էր կյանքի գնով կատարել առաջադրանքը, իր զինվորների վրա էլ էր վստահ: Բայց մյուսները, որոնց ընդամենը երեք-չորս օր էր ճանաչում, կկանգնեի՞ն մինչև վերջ, թե՞ խուճապ կառաջանար:
Իսկ թուրքերն առաջանում էին: Արդեն մի քանի հարյուր մետր էր մնացել: Չորս կողմը որոտ էր: Մարտեր էին ընթանում նաև աջ և ձախ թևերում: Արսենը մտածում էր օգնություն կանչելու մասին, բայց գիտեր, որ նրանք նույնպես նեղ դրության մեջ են:
Ծանր մտքերն ընդհատեց կապավորը: Յուրա Հովհաննիսյանը խնդրում էր դիմանալ: Օգնություն չէր կարող ուղարկել, բայց հրամայում էր դիմանալ մինչև վերջ, կանգնել մինչև մահ: Ծայրահեղ դեպքում պայթեցնել շտաբը, զինամթերքը, ոչինչ չթողնել թուրքերին…
Այլևս չկարողացան կապվել Յուրա Հովհաննիսյանի հետ: Թուրքերը մտնում էին պահեստային դիրքերի տարածք: Զինվորները զոհվում էին, բայց ոչ մեկը չէր լքում խրամատը: Կողքին մարտ մղող կապավորին հրամայեց.
– Կապվի՛ր Կոմանդոսի հետ, օգնություն խնդրիր: Ասա՝ վիճակն օրհասական է, Յուրայի հետ կապը կտրվել է:
Կապավորը, ավտոմատը թափահարելով, վազեց շտաբ: Բուժքույրերը, զգալով վիճակի լրջությունը, նույնպես մարտի մեջ էին մտել: Եթե Արսենն այս մարտը տանուլ տար, հետո իրեն չէր ների, ապրել չէր կարող: Չէր կարող նայել Կոմանդոսի աչքերին: Տղերքը դեռ կռվում էին: Թուրքերն արդեն մտովի վայելում էին մոտալուտ հաղթանակի, Ստեփանակերտը թալանելու հաճույքը: Սակայն յուրաքանչյուր քայլ առաջանալը կյանք էր խլում: Մի պահ կանգ առան. գրոհի թափը կոտրվել էր: Պաշտպանության թևերից, զգալով վիճակի լրջությունը, հեռահար կրակով օգնության էին հասել: Թուրքերը, հարված ստանալով թիկունքից և թևերից, հապաղում էին: Եվ այդ մի պահը բավական էր, որ հայերն ուշքի գան: Արսենը կարողացավ հակագրոհ կազմակերպել ու թուրքերին ետ շպրտել: Բայց ուժերը բավարար չէին առաջին գծի դիրքերը ետ գրավելու համար: Ստիպված էին նորից քաշվել շտաբի մոտակայքը: Այնուամենայնիվ, թուրքերի թափը կոտրված էր: Նրանք դադարեցրին գրոհը՝ ուժերը վերադասավորելու համար: Նորից Շուշիից սկսեց աշխատել թուրքերի հրետանին: Հույս ունեին կատաղի մարտում հյուծված, զոհեր ու վիրավորներ տված հայերին դուրս քշել խրամատներից և գնդակահարել թիկունքից:
Սակայն հայերը համառորեն պատսպ­արվում էին խրամատներում: Նոր զոհեր ու վիրավորներ էին ավելանում, բայց մտադրություն չունեին դեպի Ստեփանակերտ նահանջելու, ինչը կբերեր ընդհանրական աղետի:
Կապավորը վաղուց էր ինքնապաշտպանության շտաբին հայտնել պաշտպանների ծանր կացության մասին: Բոլորը համալրման էին սպասում:
Հրետանային պատրաստությունից հետո թուրքերը նորից վերսկսեցին ձախողված գրոհը: Գոռում-գոչյուններով, աղմուկ-աղաղակով, հայհոյելով առաջ նետվեցին: Պաշտպանական դիրքերի ողջ երկարությամբ մարտ սկսվեց: Սակայն հիմնական նպատակը դարձյալ կենտրոնն էր: Արսենը կարգադրել էր մոտիկ թողնել և կրակել նշանառությամբ: Թուրքերը, կարծելով, թե հայերի ոգին կոտրվել է, կրակելով համարձակորեն առաջ էին շարժվում: Դադարի ընթացքում լրացուցիչ ուժեր էին մոտեցրել: Արսենը, տեսնելով հեղեղի նման դիրքերի վրա եկող թուրքերին, մի պահ վախ զգաց այդ ամեհի ուժի առաջ: Սակայն դեռ չէր կրակում, թողնում էր՝ ավելի մոտենան, որ կրակը դիպուկ լինի: Վերջապես, երբ այնքան մոտեցան, որ արդեն պարզորոշ տարբերում էր դեմքերը, գնդացրից կրակ բացեց: Դիրքերի ողջ երկարությամբ սկսեցին կրակ տեղալ: Թուրքերն ընկնում էին, բայց նորերն էին հայտնվում նրանց տեղը: Թվում էր, թե սա վերջին գրոհն է լինելու: Հենց այդ պահին շնչակտուր մոտեցավ կապավորը և ուրախությամբ հայտնեց, որ Ստեփանակերտից եկող օգնությունը մի քանի հարյուր մետրի վրա է, ձորակով բարձրանալով՝ արդեն դուրս են եկել դիրքերի ուղղությամբ և վազքով մոտենում են:
– Ինչքա՞ն են,- առանց կրակը դադարեցնելու հարցրեց Արսենը:
– Շա՜տ են, երևի հիսունից ավելի կլինեն,- պատասխանեց կապավորը և ավտոմատն ուղղելով առաջացող թուրքերի կողմը՝ սկսեց կրակել:
– Ապրե՜ս,- ասաց Արսենը,- դա կլինի ոչ միայն մեր փրկությունը:
Համալրումը ճիշտ ժամանակին տեղ հասավ: Թուրքերն արդեն կիպ մոտեցել էին խրամատներին: Մոտ հիսունի չափ զինվորների՝ ընթացքից մարտի մեջ մտնելը փոխեց ուժերի հարաբերությունը: Թուրքերը, նման փոփոխության չսպասելով և հայտնվելով բաց դաշտում, խուճապի մատնվեցին ու սկսեցին փախչել, ինչն ավելի ամրապնդեց քիչ առաջվա հուսահատ հայ մարտիկներին: Դուրս եկան խրամատներից, սկսեցին հետապնդել խուճապահար փախչողներին: Եվ այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ աջ և ձախ թևերից հարձակվողները նույնպես սկսեցին նահանջել: Հարկավոր էր թուրքերին հնարավորություն չտալ ամրանալու առաջին գծի խրամատներում: Արսենը, վերցնելով իր տասնյակից ողջ մնացած ութ մարտիկներին, սկսեց հետապնդել: Խուճապը կատարյալ էր: Թուրքերը, թողնելով ամեն ինչ, նահանջում էին դեպի Շուշի՝ այնտեղ փրկություն գտնելու: Նրանց վերջնական պարտությունից փրկեց միայն վրա հասնող գիշերը: Եվ երկու կողմերը դիրքավորված սպասում էին լուսաբացին՝ վերջնականորեն լուծելու մեկ շաբաթ առաջ սկսված վեճը:
Առավոտյան սկսվելու էր ընդհանուր հարձակումը: Մարտական առաջադրանքը կատարված էր: Մայիսի ութի լույս իննի գիշերվա ժամը 02:30-ին «Գրադ» կայանքներից և թնդանոթներից հայերն սկսեցին հրթիռակոծել Շուշին: Գաղտնիքը քողազերծված էր: Զարմացած մարտիկներին Արսենը հայտնեց ուրախալի լուրը: Հրետանային նախապատրաստությունից հետո սկսվեց ընդհանուր գրոհը: Հայոց զինուժի ստորաբաժանումները չորս ուղղությունով հարձակման անցան: Հայտնվեց Յուրա Հովհաննիսյանը: Վերադասավորելով ուժերը՝ նույնպես միացավ հարձակվողներին: Թուրքերը բարոյապես ջարդված էին. այլևս դիմադրել չէին կարող: Շուշին տագնապի մեջ էր: Առանձին ջոկատներ աննկատ փախչում էին դեպի Լաչին:
Մայիսի ութի լույս իննի գիշերը Շուշիում այլևս ոչ մի թուրք չկար: Բոլորը՝ հրամանատար ու զինվոր, պաշտոնյա ու հասարակ քաղաքացի, փախել էին, անհամար սպառազինությունը, զինամթերքն ու մարտական տեխնիկան թողել հայերին: Համընդհանուր ցնծություն էր: Պարում էին բոլորը: Պապերի հեթանոս ոգին, ճեղքելով հազարամյակների անթափանց վարագույրը, արթնացել էր քաջ հայորդիների հոգիներում: Արսենը, բոլորը կարծես երազում լինեին: Այնքա՜ն անսպասելի էր, այնքա՜ն անիրական: Անառիկ համարվող Շուշին՝ մոտ երկուսուկես հազար պաշտպան ունեցող բերդաքաղաքը, չնչին ուժերով ազատագրվել էր ընդամենը երկու օրվա ընթացքում, փոքր կորուստներով: Թող չողբան նահատակների հարազատները: Մեծ, անչափ մեծ գործի համար զոհվածներն անմահ են… Արսենը նույնպես ցնծում էր, պարում՝ հեքիաթի դյուցազունների նմանվող հայ քաջերի հետ: Ուրախությունից բոլորը կորցրել էին ժամանակի զգացողությունը: Արսենը նույնպես մոռացել էր, որ ջոկատից երկու զոհ է տվել և պարտավոր է հոգալ նրանց մասին: Ու երբ մութը ծածկեց աշխարհը, կարծես սթափվելով գինարբուքից՝ մեկնեց ինքնապաշտպանության ուժերի շտաբ:
– Շնորհակալությո՜ւն,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը,- ես գիտեի, որ ինձ ամոթով չես թողնի:
– Երկու զոհ ունեմ, մեկ վիրավոր,- Արսենն արդեն զգաստացել էր ցնծության թմբիրից:- Ուղարկեցինք Ստեփանակերտի հիվանդանոց: Գնամ գտնեմ… Ամենածանր գործը նոր է սկսվելու…
Արկադի Տեր-Թադևոսյանը միանգամից տխրեց: Նա էլ ծանր էր տանում զինվորի մահը: Արսենը գիշերը գտավ ընկերների դիակները, երկու զինվորի ետ ուղարկեց Երևան և անմիջապես մեկնեց Շահումյան: Երբ հրաժեշտ էր տալիս Արկադի Տեր-Թադևոսյանին, հրամանատարը հարցրեց, թե ինչի՛ կարիք ունեն: Արսենը, որ ուրիշ անգամ անհարմար կզգար, մի քանի միավոր զենք, զինամթերք, ավտոմեքենայի համար բենզին խնդրեց և սլացավ դեպի Շահումյան:

2 thoughts on “Հատված «Կանթեղ» վեպից

  1. Վեպը, ցավոք, չեմ կարդացել: Հատվածի համար շնորհակալ եմ: Այն հեռավոր տարիներին, երբ աշխատում էինք սահմանամերձ գոտում, հնշում էին մի քանի անուններ, թերևս ամենաշատը Կոմանդոսինը`Արկադի Տեր-Թադևոսյանի: Այսոր այդ հերոսը, այդ հրաշալի մարդը կարծես մոռացության տրված լինի: Հաղթանակի օրը հոգնեցրին այս ամբողջ պատմության հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց դեմքերը, իսկ հիմնական գործող անձինք չկային.

  2. Գրքի վերնագիրը չակերտների մեջ վերցրեք:Կներեք, թոռնիկիս պահանջն եմ կատարում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.