Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրական դաշտն այսօր ընդլայնվելու մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունի: Որքան շատ բան է արվում, այնքան ավելի տեսանելի են դառնում անելիքները: Իսկ որ բարձրարժեք գրականություն է ստեղծվում, երկու կարծիք լինել չի կարող:
Այսօր հրաշալի թարգմանություններ են կատարվում համաշխարհային դասական ու ժամանակակից գրողներից: Մերոնք են թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով: Տպագրվում են գրքեր, որոնք, ցավոք, միայն նեղ շրջանակներում են գնահատվում և արժևորվում: Մինչդեռ, եթե հնարավորություն լիներ լավագույն գրքերը տպագրել մեծ տպաքանակով և հասցնել նաև երկրի ծայրամասային բնակավայրեր, այ, դա իրոք կլիներ պետության կողմից վարվող մշակութային քաղաքականություն: Այս գաղափարի և էլի ուրիշ գաղափարների իրագործման համար միջոցներ են անհրաժեշտ: Միջոցներ, որոնք պետությունն այսօր չունի: Բայց մեր երկրում, բնականաբար, կան մարդիկ, ովքեր հնարավորություններ ունեն, նաև գիտակցում են, որ սերունդների կրթման ու դաստիարակման գործում նաև իրենք բաժին ու պարտականություններ ունեն:
Նախորդ գրական հեռուստամարաթոնները ցույց տվեցին, որ այդպիսի մարդիկ շատ են մեր երկրում: Իսկ միջմարաթոնյան ժամանակահատվածներն ապացուցեցին, որ հանգանակված գումարը ճիշտ նպատակին է ծառայում: Բնականաբար, կան նոր ու հետաքրքիր ծրագրեր: Դրանք կյանքի կոչելու հնարավորություն տվողները կհամարվեն նույնքան հայրենասեր, որքան սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին աջակցողները: Պատերազմ միայն Արցախում և սահմաններում չէ: Մեր պատերազմը նաև հոգևոր սահմաններն ընդլայնելու, մթամիտների ու խավարամիտների կողմից գրավյալ ոգեղեն տարածքները ետ նվաճելու, այնտեղ շքեղ գրական տաճարներ հիմնելու համար է նաև:
Ուրեմն հիշենք՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՛ւր ենք գնում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։